Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Ծիսական զոհաբերություն չի եղել, բայց տեղի ունեցածին այդ որակումը տալու դիտավորություն եղել է (2)

08:51, Среда, 01 Февраля, 2023 года
Ծիսական զոհաբերություն չի եղել, բայց տեղի ունեցածին այդ որակումը տալու դիտավորություն եղել է (2)

Հետագա շաբաթներին ոստիկանական պաշտոնյաները գյուղում տեղեկություններ են հավաքել ուդմուրտների համայնքում գոյություն ունեցող հավատալիքների ու ծեսերի մասին: Հունիսի սկզբին բժիշկ է հայտնվել (այդ ժամանակ Պովոլժիեում տիֆի համաճարակն է «գրոհել», և բոլոր բժիշկները մոբիլիզացված են եղել դրա դեմ պայքարելու համար), որը պարզել է, որ անհետացած է սպանվածի ոչ միայն գլուխը, այլև սիրտն ու թոքերը, որոնք հանվել են՝ մարմնի կրծքամասը ճեղքելով: Դա վերջնականապես համոզել է քննիչներին, որ սպանությունը ծիսական բնույթ ունի, և Ստարի Մուլտանում ձերբակալություններ են սկսվել: Ձերբակալվել է 12 մարդ:

Տեղի բնակիչներին հարցումներ անելու արդյունքում պարզվել է, որ 40 տարին մեկ, հատկապես համաճարակների տարիներին, շամանները «մեծ զոհաբերություն» են կատարել, իսկ դրանց միջակայքերում ուդմուրտների աստվածները գոհացել են տնային կենդանիների ու թռչունների զոհաբերությամբ: Այդ խոսակցությունները հիմնված են եղել շրջակա բնակչության երևակայության վրա, իսկ երբեմն էլ՝ անձնական թշնամանքի: 29 ամիս տևած հետաքննության ընթացքում կասկածյալները ծեծի, ծաղրի ու ստորացման են ենթարկվել: Կազանի համալսարանի պրոֆեսոր Ի.Ն. Սմիրնովը, որին իշխանությունները ներգրավել են այս սպանության քննությանը որպես փորձագետ, թույլ է տվել, որ գործին կցված ազգագրական նյութը նենգափոխվի, որպեսզի հնարավոր լինի ապացուցել, որ ուդմուրտները հնուց ի վեր մարդ զոհաբերելու սովորություն են ունեցել: Ուդմուրտներին մարդկային արյունալի զոհաբերություններ կատարելու սովորույթ վերագրելը կառուցված է եղել Կերեմետ աստվածության կամ ոգու պաշտամունքին վերաբերող առասպելի հենքի վրա: Ուդմուրտների այս հեթանոսական աստվածությունը եղել է չարի արարիչը և Դեմիուրգի (քրիստոնեական աստվածաբանությանում Աստծու անուններից մեկը) հակառակորդը: Համաձայն առասպելի՝ Կերեմետը դիտմամբ խոսակցության է բռնվել մարիացիների և ուդմուրտների գերագույն առաջնորդի հետ, որպեսզի խանգարի նրան գնալ Երկրի բոլոր ցեղերին կրոններ բաժանող Աստծու մոտ: Չարի հետ խոսակցության բռնված առաջնորդը, բնականաբար, ուշ է հասել Աստծու մոտ, իսկ բարի գործեր կատարող աստվածություններն արդեն վերջացած են եղել, և նրա սերունդները ստիպված են լինում երկրպագել չար աստվածություն Կերեմետին:

Հանցանշանների հավաքումն «ակտիվացնելու» համար հետաքննության մեջ ընդգրկվել է շատ եռանդուն, բայց միջոցների մեջ խտրություն չդնող կատարածու Շմեյլովը: Նա զննություն է կատարել մի հյուղակում և «հայտնաբերել է» (հանցագործությունից երկու տարի անց) նախորդ զննությունների ժամանակ աննկատելի մնացած մեկ շեկ մազ, որը կպած է եղել հյուղակի վերին հեծանին (բալկա): Մեղադրող կողմն այդ մազը Մատյունինի մազն է համարել: Վկաների վրա կատարված ճնշման եղանակով Շմելյովին հաջողվել է մի քանի «մերկացնող» ցուցումներ ստանալ...

Գործի առաջին քննությունը տեղի է ունեցել 1894-ի դեկտեմբերի 10 – 11-ին, Մալմիժե քաղաքում գտնվող Սարապուլի օկրուգային դատարանում: Բոլոր տասը (12 կալանավորներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսը մահացել էր բանտում) ամբաստանյալների պաշտպանությունը ստանձնել է փորձառու փաստաբան Միխայիլ Դրյագինը: Նա վերլուծել է քննիչների սխալներն ու չարաշահումները, բայց չի կարողացել երդվյալներին պատշաճ ձևով ներկայացնել իր վերլուծության արդյունքները դատարանի նախագահի դիրքորոշման պատճառով, քանի որ նա բացահայտորեն մեղադրալի կողմնակիցն է դարձել: Երդվյալները, որոնց մեծ մասն ազգուցամբ ռուս գյուղացիներ են եղել, ընդունել են, որ ուդմուրտների միջավայրում գոյություն ունի մարդկանց զոհաբերության սովորույթ և Կոնան Մատյունինի սպանությունն այդ նպատակով է կատարվել: Ամբաստանյալներից յոթը դատապարտվել են ութից տասը տարի տաժանակրության Սիբիրում, իսկ երեքը, որոնց նկատմամբ մեղավորության ապացույցի նշույլ անգամ չի եղել, ազատ են արձակվել:

Մուլտանյան դատավարության վրա հասարակության ուշադրությունը սևեռելու գործում մեծ դեր են խաղացել առաջին դատավարությանը ներկա տեղի լրագրողներ Ալեքսանդր Բարանովն ու Օսիպ Ժիրնովը: Նրանք երկրամասային թերթերում մի շարք անաչառ նյութեր են հրապարակել դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին ու նաև կարողացել են դատավարության վրա հրավիրել հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Կորոլենկոյի ուշադրությունը:

Պաշտպանական կողմի բողոքարկման արդյունքում Սենատի Քրեական դեպարտամենտը չեղյալ է հայտարարել դատավճիռը՝ նշելով, որ ուդմուրտների կողմից մարդկային զոհաբերության փաստը, չնայած փորձագետների պնդումներին, ապացուցված չէ, որ հետաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ վրիպումներ, իսկ դատավարության ընթացքում էլ խախտվել է կողմերի իրավահավասարության սկզբունքը, այն է, պաշտպանական կողմից ոչ մի վկա չի հրավիրվել:

Սարապուլի դատարանը գործը երկրորդ անգամ քննելով (քննությունը դարձյալ օրենքի խախտումներով է ընթացել) ՝ վերահաստատել է իր նախկին վճիռը: Պաշտպանական կողմը նորից դիմել է Սենատին, որը քրեավճռաբեկ դեպարտամենտի օբեր-դատախազի եզրակացության հիման վրա 1895 թվականի դեկտեմբերին չեղյարկել է դատավճիռը և նկատողություն է հայտարարել դատարանի անդամներին: Շնորհիվ մամուլում Վլադիմիր Կորոլենկոյի մի քանի հրապարակումների՝ այս դատավարությունը հայտնվել է ռուսաստանյան և համաշխարհային հասարակայնության ուշադրության կենտրոնում: Միայն ռուսաստանյան մամուլում 220-ից ավելի հոդված է հրապարակվել: Երկրի հանրաճանաչ պատմաբաններն ու ժողովրդագիրները խիստ քննադատության են ենթարկել դատավարությունում ընդգրկված փորձագետներին, հերքել են հիշյալ համայնքում մարդկային զոհաբերության սովորության առկայության մասին նրանց պնդումները, իսկ հեղինակավոր բժիշկներն էլ ապացուցել են, որ ծիսական սպանության արտաքին նշանները կեղծվել են ոստիկանական հետաքննության ընթացքում: Հմուտ փաստաբանների մի խումբ էլ ապացուցել է մեղադրական եզրակացության իրավաբանորեն անհիմն լինելը:

Վերին նկարում՝ փայտածուխ պատրաստող ուդմուրտներն իրենց հողափոր խրճիթի մոտ:

(շարունակելի)

Վլադիմիր Կորոլենկո
Վլադիմիր Կորոլենկո
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
892 | 0 | 0
Facebook