Ինը ուրախությունների մահիճը
Այն ժամանակից ի վեր, երբ ես լքեցի ծառայությունը և հեռացա աշխարհիկ կյանքից, հաճախ մեկուսի նստում եմ մի որևէ խաղաղ ու անդորր վայրում: Եվ այդ մեկուսացումների ժամանակ էլ մտքովս անցավ, որ ինձ մի այնպիսի մահիճ է հարկավոր, որի վրա կարողանամ բուդդայական վանականի նման ծալապատիկ նստել: Ուրիշ ոչինչ ինձ հարկավոր չէ: Մի անգամ իմ մի ընկերոջ տանը ես մի հարմարավետ ու ամուր մահիճ տեսա, որն ինձ շատ դուր եկավ: Ընկերս այն ինձ նվիրեց: Ուրախացած այդ հաճելի ձեռքբերումով՝ ես այն տեղադրեցի Հանգուցյալ Սրտի Սրահի կենտրոնում: Երբ ես վառում եմ նրա առջև դրված հնամենի խնկամանը և իջեցնում եմ պատուհանների վարագույրները, սրահում այնպիսի խաղաղություն ու հանգստավետություն է հաստատվում, որ ես մոռանում եմ աշխարհիկ ամեն ինչ: Եվ ես մտաբերում եմ հին ժամանակների արժանապատիվ անձ Լայ Չժուդանին, որը Մեծ Ուղու ըմբռնմանը նվիրած բազում տարիներից հետո կարողացել էր իր սրտից վանել բոլոր հոգսերն ու անհանգստությունները: Այդպիսի անխռով սրտով նա ճանաչեց տագնապեցնող երազները: Նա հաշվեց իր ուրախությունները, որոնք, պարզվեց, ինն են, և դրանց անունը տվեց իր մահճին: Այժմ, նստած իմ մահճին, ես նույնպես հաշվեցի իմ ուրախությունները, և պարզվեց՝ իմ ուրախությունները նույնպես ինն են: Ահա՛ դրանք. -Ես գրքերի լավ հավաքածու ունեմ, և սա իմ առաջին ուրախությունն է, -Իմ կինը սիրում է կարդալ և նաև գրում է, և սա իմ երկրորդ ուրախությունն է, -Ես գինի բացարձակ չեմ խմում, և դա իմ երրորդ ուրախությունն է, -Ես շաշկի չեմ կարողանում խաղալ, և դա իմ չորրորդ ուրախությունն է, -Ոչ ոք ինձ չի անհանգստացնում, և սա իմ հինգերորդ ուրախությունն է, -Իմ ուսուցչը հանրահայտ է, և սա իմ վեցերորդ ուրախությունն է, -Ես գեղեցիկ վայրում ապրում եմ ընտանիքիս հետ, և դա իմ յոթերորդ ուրախությունն է, -Ես ոչ մի հիվանդություն չունեմ, և դա իմ ութերորդ ուրախությունն է, -Ես դեռ հիսունս չեմ բոլորել, բայց արդեն կարող եմ բոլոր գործերը հանձնել որդուս, և ապրում եմ անհոգ, ինչպես թռչունը, և դա իմ իններորդ ուրախությունն է: Ահա այսպես ես կարողացա նմանվել իմաստուն Լային, և այդ իսկ պատճառով սերունդներին եմ կտակում «Ինը ուրախությունների մահիճ» անվանյալ մահիճը: Իսկ պարոն Լայի ուրախություններն այսպիսին են եղել. -Նա ծնվել է Միջին թագավորության ժամանակաշրջանում. դա նրա առաջին ուրախությունն է, -Նա խաղաղ ժամանակաշրջանում է ապրել. դա նրա երկրորդ ուրախությունն է, -Նա Բարեպաշտ Ուղու մասին իմացող գիտուն մարդ է եղել. դա նրա երրորդ ուրախությունն է, -Նրա ծնողները երկար կյանք են ապրել. դա նրա չորրորդ ուրախությունն է, -Նրա երեխաները ժամանակին են ամուսնացել. դա նրա հինգերորդ ուրախությունն է, -Նա հարճեր չի ունեցել. դա նրա վեցերորդ ուրախությունն է, -Նա աշխարհում 60 տարուց ավելի է ապրել. դա նրա յոթերորդ ուրախությունն է, -Նա մեղմ ու բարի բնավորություն է ունեցել. դա նրա ութերորդ ուրախությունն է, -Նա այլանդակ ախտերից չի տառապել. դա նրա իններորդ ուրախությունն է: Դաոսական ուսուցիչ Չժան Սինգունն այս թվարկվածներին կցել է իր ինը ուրախությունները: Ահա՛ դրանք. -Ես գրեթե ոչ մի գիրք չունեմ. ահա՛ իմ առաջին ուրախությունը, -Իմ կինն իրեն չի տանջում կարդալով ու գրելով, ահա՛ իմ երկրորդ ուրախությունը, -Ես խմում եմ, երբ ուզում եմ ու գինարբուքի ժամանակ ազատ զրուցում եմ. ահա՛ իմ երրորդ ուրախությունը, -Ես սիրում եմ շաշկի խաղալ և նայել, թե ուրիշներն ինչպես են խաղում. ահա՛ իմ չորրորդ ուրախությունը, -Ես կարողացա հաղթահարել արգահատանքս հասարակ մարդկանց նկատմամբ. ահա՛ հինգերորդ ուրախությունս, -Ես ուսուցիչ ունեմ, բայց կարող եմ առանց ուսուցչի էլ ապրել. ահա՛ վեցերորդ ուրախությունս -Ես առանց ընտանիքի եմ ճանապարհորդում. ահա՛ յոթերորդ ուրախությունս, -Ես սիրում եմ հիվանդանալ, քանի որ այն խորը մտորորումների համար ժամանակ է տալիս. ահա՛ ութերորդ ուրախությունս, -Իմ զավակներից յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի, և ընտանեկան կյանքում նրանք երջանիկ են, ահա՛ իններորդ ուրախությունս: Դին Սյունֆեյ 16-րդ դարի չին գրող |