Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«...Քո գործը լինելու է ուղղել սովորույթները և սանձահարել վայելքները...»

13:52, Четверг, 01 Декабря, 2022 года
«...Քո գործը լինելու է ուղղել սովորույթները և սանձահարել վայելքները...»

Մ.թ. մոտավորապես 200 թվականին Մարաստանի մայրաքաղաք Համադանում ապրելիս է եղել ծագումով Արշակունի մի պարթև իշխան՝ Պատիկ անունով: Նա ամուսնացած է եղել մի կնոջ հետ, որը թեպետ հուդայաքրիստոնեական Մարիամ անունն է ունեցել, բայց պարթևական Կամսարական տոհմից է եղել: Սա այն Կամսարական տոհմն է, որին վիճակվել է մեծ դեր խաղալ Հայաստանի պատմության մեջ և որը եղել է Արշակունիների տոհմի ճյուղերից մեկը: Այսպիսով, այն որդին, որին իր ամուսնու համար ծնել է Մարիամը, ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմով Արշակունինների արքայական տոհմին է պատկանել:

Պատիկը մեկնել է Բաբելոն և հաստատվել է Սելևկյանների պետության մայրաքաղաք Տիզբոնում: Հաճախ խոշոր ավատատերերը հերթով ապրել են մե՛րթ իրենց դաստակերտներում, մե՛րթ մայրաքաղաքի իրենց շքեղ պալատներում: Իսկ Պատիկը, ինչպես երևում է, ընդմիշտ հեռացել է իր հայրենիք Մարաստանից: Նրա միտքը համակված է եղել միայն կրոնով:

Մի անգամ, ասում է արաբական մի աղբյուր, երբ Պատիկը հերթական անգամ եղել է «աստվածային կերպարանքների տանը», լսել է սրբարանի խորքից հնչող մի ձայն, որը նրան ասել է. «Պատիկ, միս մի՛ կեր, գինի մի՛ խմիր և կանանց հետ մի հարաբերվիր»: Հաջորդ երեք օրերին նա լսել է նույն հրամանը կրկնող նույն ձայնը: Մտորելով այս երևույթի շուրջ՝ Պատիկը հիշել է իրեն շնորհված հայտնությունը և ի վերջո որոշել է միանալ Մեսենայում գործող կրոնական այն շարժմանը, որի անդամները «լվացվածներ» են անվանվել: Հնարավոր է, որ հիշյալ սրբարանը բուդդայական սրբավայր է եղել, քանի որ Միջագետքում դեռևս Հնդկաստանի Աշոկ կայսրի ժամանակներից սկսյալ բուդդայական տաճար է եղել: Նկարագրված իրադարձություններից շատ չանցած Մարիամը՝ Պատիկի կինը, որդի է ծնել, որին անունը նա Մանի է դրել: Դա տեղի է ունեցել 216 թվականի ապրիլի 14-ին:

Մանիքեական առասպելը, բնականաբար, այս ծնունդը գունազարդել է տարատեսակ հրաշապատում մանրամասներով: Օրինակ՝ պատմվել է, թե Մարիամը երազում հրեշտակից տեղեկացել է, թե որն է լինելու իր որդու կոչումը և թե ապագայում նա մեծ փառքի է արժանանալու: Մարիամը, ըստ առասպելի, երազում տեսել է, թե ինչպես է իր որդին երկինք բարձրանում ու երկնքից իջնում:

Մանին մեծացել է գնոստիկական, առավել ճշգրիտ՝ մանդեա բապտիստական համայնքում և հենց այդ համայնքում է ստացել այն առաջին գիտելիքներն ու տպավորությունները, որոնք կարևոր դեր են խաղացել նրա հետագա կյանքում:

Երբ Մանին դարձել է 12 տարեկան (ակամա հիշում ես, որ 12-ամյա Հիսուսը տաճարում քարոզել է), նրան առաջին հայտնությունն է շնորհվել: Դա տեղի է ունեցել 228/229 թվականին: Այդ և հետագա մյուս հայտնությունները նրան ուղարկել է «լուսավոր դրախտի արքան»: Հայտնությունները Մանիին փոխանցել է երկնային հրեշտակը: Այս հրեշտակը, որը Մանիի երկրորդ «Ես» -ը, «երկվորյակ» -ն է եղել, նաև նրան ասել է. «Լքի՛ր այդ համայնքը: Դու նրա նվիրյալներին չես պատկանում: Քո գործը լինելու է ուղղել սովորույթները և սանձահարել վայելքները: Բայց քանի որ դեռ փոքր ես, բացահայտ հանդես գալու քո ժամանակը դեռ չի եկել»:

Այդուհետ Մանին փաստորեն խզել է հարաբերությունը բապտիստների հետ, որին ինքը պատկանում էր հոր կամքով:

«Երկվորյակ» -ն այս պարագայում հանդիսացել է հայտնության ավետաբերի երկնային երկյակ էության անունը: Այդ երկնային «Ես» -ի էջքով պատգամաբերին հանձնարարվել է ձեռնամուխ լինել իր առաքելական ծառայությանը: Մտքի այսպիսի ընթացքը, որի արմատներն Իրանում են, լայնորեն տարածված է գնոստիցիզմում և ավելի ուշ նշանակալի դեր է կատարել իսլամում:

Ղպտիական տեքստերը Մանիին վերգրում են հետևյալ խոսքերը. «Այն նույն տարում, երբ Արտաշիր արքան պատրաստվում էր թագադրվել, այդ ժամանակ ինձ մոտ իջավ Կենդանի Պահապանը (Քրիստոսի խոստացած Մխիթարիչը) և խոսեց ինձ հետ: Նա բացեց գաղտնածիսությունը (միստերիա), խորության և բարձրության միստերիան: Նա ինձ համար բացահայտեց լույսի ու խավարի, ճակատամարտի ու պատերազմի և Մեծ պատերազմի միստերիան: Կենդանի Պահապանն այդպես ինձ համար բացահայտվեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել և ինչ տեղի էր ունենալու»:

Արևմտյան աղբյուրներն ասում են, թե Մանին իրեն Կենդանի Պահապան, Սուրբ Հոգի է անվանել, որի գալստյան մասին ասել է Հիսուսը Հովհաննեսի ավետարանում: Բայց ինչպե՞ս կարող է լինել, որ նա հանդիսանա «երկվորյակ», որը եկել է Մանիի մոտ որպես նրա բարձրագույն «Ես», որ է Կենդանի Մխիթարիչ կամ Պահապան, որն ինքը Սուրբ Հոգին է: Մանին, փաստորեն, ասել է, թե ինքը մի է իր երկվորյակի՝ Սուրբ Հոգու հետ: Սակայն, թեպետ Մանին 12 տարեկանում իրեն մի է համարել հայտնության երկնային բանբերի հետ, բայց նրա համար դեռ հասած չի եղել բացահայտվելու ժամանակը:

Նկարում՝ Մանիի ծնունդը (14-րդ դարի չինական նկար):

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
778 | 0 | 0
Facebook