Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Սցիպիոն Աֆրիկացու վեհանձնությունը

20:33, Суббота, 12 Ноября, 2022 года
Սցիպիոն Աֆրիկացու վեհանձնությունը

Երկրորդ Պունիկյան պատերազմի հռոմեացի ամենանշանավոր զորահրամանատար, Կարթագենի մեծ զորավար Հաննիբալին հաղթող, մ.թ.ա. 199 թվականից ցենզոր և սենատի եռակի պրինցեպս, կոնսուլ Պուբլիոս Կորնելիուս Սցիպիոնը մ.թ.ա. 216 թվականին մասնակցել է Կաննի ճակատամարտին, որն ավարտվել է Հաննիբալի բանակի կողմից հռոմեական բանակի ջախջախմամբ: Սցիպիոնն այս ճակատամարտին մասնակցել է որպես ռազմական տրիբուն: Մ.թ.ա. 212 թվականին Սցիպիոնն իր թեկնածությունն առաջադրել է Իսպանիայում հռոմեական զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնում: Մ.թ.ա. 209 թվականին 30 հազար զինվորից բաղկացած զորքի հետ նա բանակել է Իբեր (այժմ՝ Էբրո) գետի գետաբերանին ու անսպասելիորեն հարձակվել է Իսպանիայում կարթագենացիների գլխավոր հենակետի՝ Նոր Կարթագենի վրա ու գրավել է քաղաքը: Հռոմեացիները մեծ ավարի են տիրացել ու գերել են բարձրաստիճան կարթագենացիների ու իսպանացի պատանդների: Սցիպիոնն առանց փրկագնի ազատ է արձակել պատանդներին:

Գերիների մեջ մի շատ գեղեցիկ և ազնվազարմ օրիորդ է եղել, որին զինվորները ներկայացրել են Սցիպիոնին, բայց հռոմեացիների այս զորավարն իմանալով, որ աղջիկը սիրում է իսպանացի առաջնորդ Ալուցիոսին, ոտնձգություն չի կատարել ու նրան վերադարձրել է իր նշանածին: Երբ աղջկա ծնողներն այդ մեծահոգության դիմաց փորձել են վարձահատույց լինել ոսկով՝ որպես նաև փրկագին, Սցիպիոնն այդ ոսկին տվել է Ալուցիոսին որպես օժիտ: Ի նշան երախտագիտության՝ Ալուցիոսն իր ցեղի 1400 զինվորի հետ միացել է Սցիպիոնի բանակին:

Հռոմեացի պատմագիր Տիտոս Լիվիոսն անդրադարձել է այս ազնվաբարո արաքի մանրամասներին.

«Զինվորները գերուհուն բերեցին Սցիպիոնի մոտ. Հազվագյուտ գեղեցկության տեր այդ հասուն աղջիկն ուր գնում էր, բոլորը նրա կողմն էին դառնում: Սցիպիոնը նրան հարցրեց իր հայրենիքի ու ծնողների մասին և իմացավ, որ նա նշանված է կելտական մեծատոհմիկ երիտասարդ Ալուցիոսի հետ: Նա անմիջապես հրավիրեց աղջկա ծնողներին ու երիտասարդին և, իմանալով, որ երիտասարդը խելագարի պես սիրում է հարսնացուին, դիմեց ոչ թե ծնողներին այլ երիտասարդին. «Ես քեզ հետ խոսում եմ՝ ինչպես երիտասարդը երիտասարդի հետ. մեկս մյուսից չամաչենք: Երբ մեր զինվորներն ինձ մոտ բերեցին քո գերեվարված հարսնացուին, և ես իմացա, որ նա քո սրտի սիրածն է (դրան հավատում ես, երբ նայում ես նրան), ապա, եթե ես կլանված չլինեի պետական գործերով, կարելի էր, որ ես ըմբոշխնեի ամուսնական և օրինական սիրո ուրախությունները, ինքս ինձ ազատություն տայի և ցանկանայի քո հարսնացուին երիտասասարդական ամբողջ կրքով, բայց այժմ ես, որքան որ կարողանամ, միայն հովանավորելու եմ քո սերը: Քո հարսնացուի հետ իմ զինվորները վարվել են նույնքան հարգալից, ինչպես նրա հետ կվարվեին իր ծնողների տանը: Ես պահպանել եմ նրան քեզ համար, որպեսզի նրան անձեռնմխելիորեն հանձնեմ քեզ որպես ընծա՝ արժանի ինձ և քեզ: Եվ այս նվերի համար ես միայն մի բան եմ խնդրում՝ եղիր հռոմեական ժողովրդի բարեկամը: Եթե դու ինձ լավ մարդ ես համարում (այս ժողովուրդներն ավելի վաղ իմ հորն ու պապին են այդպիսին համարել), ապա իմացիր, որ հռոմեական պետությունում շատ են ինձ նման մարդիկ, և երկրի վրա այժմ չկա թեկուզ մեկ ժողովուրդ, որին դու ավելի քիչ կցանկանայիր որպես թշնամի ունենալ և որի բարեկամությունն ավելի շատ կցանկանայիր քեզ ու քո ժողովրդին»:

Վախվորած, բայց ուրախացած երիտասարդը բռնեց Սցիպիոնի աջ ձեռքը և բոլոր աստվածներին աղաչեց պատշաճը հատուցել նրան, քանի որ ինքը հնարավորություն չունի նրան շնորհակալություն հայտնել այնպես, ինչպես ինքը կցանկանար այդ ամենի համար: Հրավիրեցին նաև աղջկա ծնողներին ու ազգականներին. նրանք իրենց հետ փրկագնման համար բավականին շատ ոսկի բերեցին…և Սցիպիոնին խնդրեցին ոսկին որպես ընծա ընդունել՝ ի նշան երախտագիտության այն բանի համար, ասացին նրանք, որ աղջկան անարատ կերպով վերադարձրել են: Սցիպիոնը զիջեց նրանց համառ խնդրանքներին, կարգադրեց իր ոտքերի մոտ դնել այդ ոսկին և հրավիրեց Ալուցիոսին: «Օժիտից բացի, որը դու կստանաս քո աներից, ահա քեզ իմ հարսանեկան նվերը», և հանձնարարեց վերցնել ոսկին: Ընծաներով և պատիվներով ուրախացած երիտասարդը վերադարձավ տուն և իր հայրենակիցների մոտ անդադար գովաբանեց Սցիպիոնին. «Աստվածանման երիտասարդը երկնքից է իջել, որը հաղթել է բոլորին ոչ միայն զենքով, այլև բարությամբ ու բարի գործերով: ... ռազմիկներ հավաքագրելով՝ նա 1400 մարդուց բաղկացած ընտիր հեծելազորով մի քանի օր անց վերադարձավ Սցիպիոնի մոտ» »:

«Սցիպիոնի վեհանձնությունը» թեմայով կտավներ են ստեղծել Վերածննդի ու ավելի ուշ դարաշրջանի նկարիչներ Բերնարդինո Ֆունգային, Ջովաննո Բելլինին, Ջիրոլամո Բատոնի Պոմպեոն, Նիկոլա Պուսսենը, Անտոնիս Վան Դեյկը և շատ ուրիշներ: Ներկայացվածը Ջիրոլամո Բատոնի Պոմպեոյի (1708 - 1787) ստեղծագործությունն է, որը նա անվանել է «Սցիպիոն Աֆրիկացու զսպվածությունը»: Նկարի չափսը՝ 227 X 298 սմ: Սցիպիոնի հագին կարմիր թիկնոց է (հաղթող հերոսի գույնը): Նա գերված աղջկան հանձնում է ծնկի եկած փեսացուին: Գերուհու սպիտակ զգեստը խորհրդանշում է նրա անարատությունը: Հրաշալի են նկարված առաջին պլանում ներկայացված անոթները: Բատոնին պատանեկան տարիքում ոսկերչությամբ է զբաղվել, այդ իսկ պատճառով սիրել է իր կոմպոզիցիաներում պատկերել նրբակերտ անոթներ ու առարկաներ:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1158 | 0 | 0
Facebook