Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Լևոնի հոգսը եղել է ամրապնդել իր թագավորությունը և այնպիսի վիճակի հասցնել, որ կարողանա իր հարևան լատին սենյորներին, հույներին ու մուսուլմաններին պարտադրել, որ հաշվի նստեն իր հետ»

20:40, Понедельник, 03 Октября, 2022 года
«Լևոնի հոգսը եղել է ամրապնդել իր թագավորությունը և այնպիսի վիճակի հասցնել, որ կարողանա իր հարևան լատին սենյորներին, հույներին ու մուսուլմաններին պարտադրել, որ հաշվի նստեն իր հետ»

Ֆրանկների թագավորության շնորհած թագը, որ նա արդեն կրում էր իր գլխին, ոչ մի կերպ չի փոխել նոր թագավորի վերաբերմունքն Անտիոքի լատինական իշխանության նկատմամբ: 1203 թվականին Լևոնը ձեռնամուխ է լինում Անտիոքի գահի ժառանգության պայքարին, որին նա հավակնում էր 1201 թվականին Բոհեմունդի մահվանից հետո (Ռայմոնդ 3-րդի և Ալիսի որդի Ռուպեն-Ռայմոնդի համար): Մինչդեռ խաչակիր ասպետներն ու Անտիոքի վերնախավն իրենց իշխան էին ճանաչում Տրիպոլիի կոմս Բոհեմունդ 4-րդին՝ Բոհեմունդ 3-րդի կրտսեր որդուն: Անտիոքի մոտ տաճարականների հաղթանակից հետո Լևոնը ստիպված է եղել բավարարվել տաճարական միաբաններին պատկանող ամրոցի պաշարումով:

Հայերի և տաճարականների միաբանության միջև պատերազմը շարունակվել է բազում տարիներ, Ռոշ Ռուսսոլում՝ այն հրավանդանի հյուսիսում, որն արաբներն այսօր Ռաս էլ Խանզիր (Վարազի հրվանդան) են անվանում: Բոհեմունդ 4-րդը տաճարական ասպետներին հանձնարարել է պաշտպանել Անտիոքի դքսությունը, իսկ ինքը ձգտել է խելքի բերել իր երկու վասալներին, որոնք ապստամբել էին Տրիպոլիի կոմսությունում: Նա նրանցից մեկին պաշարել է Նեֆինա վայրում, բայց, այն բանից հետո, երբ Անտիոքը գրավելու նրա փորձերը բազմիցս անհաջողության են մատնվել, Լևոնը գրավել է այն սենեշալ Աքարիի մասնակցությամբ, և 1216 թվականին Պիեր 2-րդ դը Լոսեդիոն Ռայմոնդ- Ռուպենին թագադրել է Անտիոքի դուքս, այս քաղաքի սբ. Պետրոս եկեղեցում:

Տաճարականների թշնամի ու միաժամանակ դաշնակից Լևոնը, որին պապը հեռացրել էր եկեղեցուց տաճարական ասպետներին իրենց ունեցվածքը չվերադարձնելու համար, քայլ առ քայլ հասնում է նրան, որ վերացվում է եկեղեցուց իրեն վտարելու պապական որոշումը և 1217 թվականի օգոստոսի 5-ին, ի վերջո, Ոնորիոս 3-րդ պապը Ռուպեն-Ռայմոնդի ընտանիքն ու նրա դքսությունը Սուրբ Աթոռի հովանու տակ է առնում:

Մինչ տաճարականները կռվելիս են եղել Տրիպոլիի կոմսի դեմ, Լևոնը դաշինք է կնքել Նիկեայի կայսր Թեոդորոս Լասկարիսի հետ՝ նրան կնության տալով իր եղբայր Ռուպենի կրտսեր դուստր Ֆիլիպինին: Նա իրեն ապահովագրում է նաև իր երկրի արևմտյան հարևան մուսուլմաններից: Տավրոսից այն կողմ սելջուկները մի թագավորություն էին ստղծել Փոքր Ասիայում, որը շարունակ սպառնում էր Կիլիկիային՝ օգտվելով խաչակիրների նկատմամբ հռչակավոր Սալադինի տարած հաղթանակներից և հայերի ու լատինների միջև առկա տարաձայնություններից ու հակամարտությունից: Ռուստեմի տիրակալի բանդաները հասել էին նույնիսկ Սիսի պարիսպներին: Լևոնը մեկ հարվածով կարողացել է նրանց վտարել:

Հայ ժամանակագիրները շատ շփոթահար են եղել Լևոնի գործողություններից Երրորդ խաչակրաց արշավանքի սկզբից ի վեր. նրանցից ոմանք ասում են, թե Լևոնը եղել է Կիպրոսում՝ մասնակցելով Գի դը Լուսինյանի ամուսնությանը իշխանուհի Բերանժեր Նավարացու հետ, ուրիշներն էլ ասում են, թե այցելել է Պտղոմեան (Սուրբ Ժաննա դ՛ Արկ) պաշարող զորքերին. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսի և Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասրտի հետ, սակայն, համաձայն լատինական աղբյուրների, թեպետ հայ աղբյուրները հաստատում են դա, հազիվ թե Լևոն թագավորն անձամբ մասնակցել է երկու տարի տևած այդ պաշարմանը: Սակայն հայկական զորախմբերը մասնակցել են այդ պաշարմանը:

Լևոնը խորագետ քաղաքական գործիչ է եղել: 1187 թվականին բարոնի տիտղոս ստանալուց մինչև 12-րդ դարի վերջը արքայական թագ ստանալու համար ամեն ջանք գործադրելուց ու հաջողելուց հետո նրա միակ հոգսը եղել է ամրապնդել իր թագավորությունը և այնպիսի վիճակի հասցնել, որ կարողանա իր հարևան լատին սենյորներին, հույներին ու մուսուլմաններին պարտադրել, որ հաշվի նստեն իր հետ:

Նկարում՝ Լևոն 2-րդ արքայի ստորագրությունը:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
868 | 0 | 0
Facebook