Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Իր իսկ հպատակների կողմից սպանված Օսմանյան առաջին սուլթանը (2)

20:17, Среда, 18 Мая, 2022 года
Իր իսկ հպատակների կողմից սպանված Օսմանյան առաջին սուլթանը (2)

Օսմանը գահ է բարձրացել 1618 թվականի փետրվարի 26-ին, 14 տարեկան հասակում, երբ խելագար Մուսթաֆան երեք ամիս գահակալելուց հետո գահընկեց է արվել:

Թուրքական զորքերի մի քանի պարտությունից հետո սուլթան Օսմանը հաշտություն է կնքել Պարսից շահի հետ, որը հիմնականում կրկնել է 1612 թվականի պայմանագիրը և դրանով ավարտվել է դեռևս Ահմեդ 1-ինի ժամանակ սկսված պատերազմը Օսմանյան պետության և Իրանի միջև:

1618 թվականին սկսվել է 30-ամյա պատերազմը, որը Եվրոպայի պետությունները երկու խմբավորման (Հաբսբուրգների և Հաբսբուրգների հակառակորդների) է բաժանել: Հաբսբուրգների խմբավորման մեջ մտնող Ռեչ Պոսպոլիտան 1619 թվականին տեղի ունեցած վճռական ճակատամարտում ջախջախել է Օսմանյան կայսրության վասալ Տրանսիլվանիայի զորքերին: Սրա թագավորը դիմել է սուլթանի օգնությանը, և թուրքերը մտել են Երեսնամյա պատերազմի մեջ: Օսման 2-րդը մեծ բանակ է ուղարկել Տրանսիլվանիային օգնության: Այս բանակին պարտավոր են եղել միանալ Օսմանյան կայսրության վասալ մի քանի այլ իշխանություններ՝ Վալախիայի իշխանությունը, Մոլդովայի իշխանությունը և Ղրիմի խանությունը: Լեհական բանակը գլխավորող Մեծ հետման Ստանիսլավ Ժոլկեվսկին 1620 թվականի սեպտեմբերի 20-ին Յասսի քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթել է օսմաններին ու նրա վասալներին:

Այս պարտությունը սուլթանին մղել է պատասխան գործողությունների, և սկսվել է Խոտինյան պատերազմը: Օսմանն անձամբ է գլխավորել բանակը, բայց մինչ արշավանքը որոշել է մահապատժի ենթարկել Քյոսամի ավագ որդուն՝ Մեհմեդին՝ վախենալով, որ իր բացակայության ժամանակ իր այս խորթ եղբորը, որն իրենից ընդամենը չորս ամսով է փոքր եղել, սուլթան կհռչակեն: Որպեսզի մահապատիժն օրինական կերպարանք ստանա, պաշտոնական որոշում է հարկավոր եղել: Շեյխ ալ իսլամը հրաժարվել է այդպիսի ֆեթվա տալ: Այդժամ Օսմանը ֆեթվա է ստացել Ռումելիի քադիասքյարից: Մեհմեդը խեղդամահ է արվել, և Օսմանը մեկնել է Էդիրնե ու այնտեղից սկսել է հետապնդել լեհական զորքերին: Հետման Ժոլկևսկին իր հրամանատարության տակ ունեցել է 9 հազար զինվոր ու ազնվականների ջոկատ: Նա հույս է ունեցել, թե մոլդովական բանակը կդավաճանի թուրքերին ու կանցնի իրենց կողմը: Բայց ամբողջ բանակի փոխարեն Ժոլկևսկուն միացել է միայն Գասպար Գրացիանին իր շքախմբով, իսկ լեհ ազնվականների ջոկատը, տեսնելով ուժերի հարաբերակցությունը, լքել է Ժոլկևսկուն: Ճակատամարտում 73-ամյա Ժոլկևսկին զոհվել է, երկու բարձրաստիճան հետման գերի են ընկել, իսկ Գասպար Գրացիանուն սպանել են իր նախկին հպատակները: Լեհերի նկատմամբ տարած հաղթանակից մեկ տարի անց Օսման 2-րդը հարձակվել է Խատինում տեղաբաշխված լեհական ամրացված ճամբարի վրա: Պաշտպանությունը գլխավորել է հետման Խոդկևիչը: Պաշտպանությունը տևել է չորս շաբաթ: Լեհերին միացել են կոզակական ջոկատներ: Խոդկևիչի զոհվելուց հետո պաշտպանությունը գլխավորել է Ստանիսլավ Լյուբոմիրսկին: Շուտ սկսված ցրտաշունչ ձմռան պատճառով թուրքերը մեծ կորուստներ են կրել, և, չնայած թվական մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվել հաղթել: Օսմանը ստիպված է եղել կնքել Խոտինյան հաշտության պայմանագիրը, որից հետո իր փաստական պարտության համար մեղադրել է ենիչերիներին: Պարտության հիմնական պատճառները, սակայն, եղել են փաշաների միջև մրցակցությունն ու սուլթական վարչակազմի անձեռնահասությունը: Չնայած պարտությանը, երկրում հայտարարվել է, թե արշավանքը հաջողությամբ է պսակվել, քանի որ կայսրությունը պահպանել է վերահսկողությունը Մոլդովայի նկատմամբ:

Օսմանի կառավարումը հարուցել է ենիչերիների բողոքը, որը հմտորեն բորբոքել է Հալիմ-սուլթանի փեսա Կարա Դավուդ փաշան: Այս փաշան Մեհմեդ 3-րդ սուլթանի դստերից երկու որդի է ունեցել, և այն համոզմանն է եղել, որ եթե սուլթան Ահմեդի ողջ մնացած երկու որդիները վերացվեն, իր որդիները որոշակի պայմանների առկայության դեպքում կարող են սուլթան դառնալ: Նույն պատճառներով նա կազմակերպել է Օսմանի եղբոր՝ Քյոսամի որդի Մուրադի սպանությունը, բայց մահափորձը կանխվել է շնորհիվ այն բանի, որ Քյոսամը նախազգուշացվելով կամ կռահելով, կարողացելէ հասնել նրան, որ հարեմն ուժեղ պաշտպանությամբ ապահովվի:

Չլսելով վեզիրների խորհուրդը՝ Օսմանը հրամայել է ոստիկանական տեսչություն իրականացնել Ստամբուլում: Նա ինքը զգեստափոխվել է ու մասնակցել այս ստուգումներին: Ինչպես գրում է ժամանակագիր Թուգա Չելեբին. «Օսման սուլթանը ներխուժել է գինետներ, հրամայել է դուրս հանել սիփայներին ու ենիչերիներին ու ծեծել, որից հետո բոստանջի բաշիին հրամայել է նրանց սպանել»:

Խոտինից Ստամբուլ վերադառնալուց հետո Օսմանը մտադրվել է մի շարք ռեֆորմներ կատարել: Նա ցանկացել է Անատոլիայի և Հյուսիսային Սիրիայի թուրք բնակչությունից նոր բանակ ստեղծել, որպեսզի վերացնի խռովարար ենիչերիներին: Բացի այդ Օսմանը ծրագրած է եղել կայսրության մայրաքաղաքն Անատոլիա տեղափոխել: Հասարակության դժգոհությունն է հարուցել Օսմանի ամուսնությունները: Նա խախտել է բոլոր ավանդույթները՝ ամուսնանալով ազատ թրքուհիների հետ: 1622 թվականի փետրվարի 7-ին նրա առաջին կինն է դարձել Սուլեյման 1-ին և Սելիմ 2-րդ սուլթանների վեզիր Փերվետա փաշայի թոռնուհին: Նույն տարվա մարտի 19-ին նրա երկրորդ կինն է դարձել շեյխ ալ իսլամի դուստրը, որը դեմ է եղել, բայց ոչինչ չի կարողացել անել: Սուլթանի դեմ դավադրություն է կազմակերպվել, որին աջակցել են իսլամի խորագիտակ հեղինակությունները՝ ուլեմները:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1224 | 0 | 0
Facebook