Loading...

Articles

ԹԻԹԵՂՅԱ ՏԱՆԻՔ

news.em
Spokesperson:
news.em
13:37, Thursday, 10 February, 2022
ԹԻԹԵՂՅԱ ՏԱՆԻՔ

Ծաթերեցի Սերյոժան շատ կարեւոր գործով էր զբաղված: Գյուղի չոբանի օգնականն էր: Մեկ-մեկ ինքն ու գամփռ Չաչոն լուռ նայում էին իրար՝ պարզելու, թե ով է ավագ օգնականը: Չաչոն գելին չէր հանձնվում, բայց Սերյոժային հարգում էր: Գյուղում հայտնի Սարիբեկյան տոհմից էր: Պապը՝ էլի Սերյոժա Սարիբեկյանը, աշխարհահռչակ ծաթերեցի էր համարվում, քանի որ Բաղաբեկի, Հայկանուշի, Արմենակի եւ Զարղալամի հետ կոմունիստի թվին պարգեւատրվել էր Լենինի շքանշանով՝ քրտնաջան աշխատանքի համար:


     Առհասարակ, Ծաթերն աշխարհահռչակ գյուղ է: Սովետի ժամանակ կառավարությունն այնքան գոհ է եղել տեղի կոլտնտեսությունից, որ միանգամյա օգտագործման հատուկ գնացք է կազմակերպել՝ Ծաթերից դեպի Մոսկվա: Գնացքն էլ, ի դեպ, անուն է ունեցել՝ Ծաթերից դեպի կոմունա:

Ձմռանը Սերյոժան ուրիշ կարեւոր աշխատանք էր անում: Քանի որ ծաթերեցի տղերքը սկսել էին բարձրագույն կրթություն ստանալ, ու քաղաքներից ջահել աղջիկներ էին հարս գալիս գյուղ, գյուղացիք Սերյոժային էին առաջարկել իրենց գոմերից թրիքը հավաքի՝ աթար սարքի: Սերյոժան սիրով ու գոմը՝ 500 դրամով համաձայնել էր: Առավոտը շուտ՝ ծեգին, տնից դուրս էր գալիս, գիշերվա կեսին մտնում տուն: Մենակ երեք անգամ էր Սերյոժան խոսում. երբ մարդ էր տեսնում լուսադեմին, ասում էր՝ բարի լույս, երբ տուն էր մտնում գիշերը, ասում էր՝ բարի իրիգուն, երբ կնիկը հացի սեղանը հավաքում էր, ասում էր՝ բարի: Սերյոժան խոսելու ժամանակ չուներ. կա՛մ աշխատում էր, կա՛մ քնած էր, կա՛մ հաց էր ուտում: Հա, հաց ուտելիս աչքը գցում էր լեգենդար պապի լենինյան շքանշանին ու ճակատի քրտինքը սրբելով՝ շարունակում ուտել տաք ճաշը:

Ջահել ժամանակ ավելի ուշ էր քնում: Մի երեխա ուներ, մի մեր, մի կնիկ, մի ավերակ տուն, հազար գործ: Նույնիսկ Աստծուն հավատալու ժամանակ չուներ, չնայած գյուղում երկու եկեղեցի կար՝ Սուրբ Աստվածածինն ու հենց Սերյոժայի ավերակի մոտ՝ Ճգնավորի վանքը: Իր գործից վատ չէր զգում: Գյուղում գլուխը բարձր էր քայլում, մենակ թե տանը ամաչում էր: Որդին արդեն դպրոց պիտի գնար, երջանկահիշատակ հերն ամեն օր մոր երազին գալիս էր՝ կանչում, կնիկն էլ ամեն գիշեր լացում էր, ինչպես բոլոր բարի տղամարդկանց կանայք: Անունը Հերիք էր՝ Հերիքնազ, բայց «հերիք» բառը կյանքում չէր ասել՝ ո՛չ խոհանոցում, ո՛չ հյուրասենյակում, ո՛չ մարդու ծոցը: Առիթ չէր ունեցել: Կանաչի էր ծախում: Ճգնավորի վանքի մոտ պարարտ հող էր, կանաչի էր աճում՝ սիբեխ, փիփերթ, բանջար… Քաղում էր ու գնում քաղաք տանող ճանապարհ: Մութն ընկնելուն պես տուն էր գալիս, եթե բախտը բերում էր՝ դատարկ տոպրակներով: Չնայած ինքը երազում էր ոչ թե դատարկ տոպրակի, այլ քաղաքի մասին, որդուն լավ ուսման տալու մասին, թրիք մաքրողի կնիկ չկոչվելու մասին, գյուղապետի կնոջ կանաչ շորի կարմիրից ունենալու մասին, ու չնայած Սերյոժայի մայրը ընտիր հաց էր թխում, մենակ մարդո՛ւ հետ ապրելու մասին:

Սերյոժայի մայրը չնայած 73 տարեկան էր, բայց այդպես էլ չհասկացավ, թե ինչու են իր սկեսրայրին պարգեւատրել քրտաջան աշխատանքի համար: Ինքը հո հիշո՞ւմ էր, որ ավագ Սերյոժան գարնանը թախտին քնած էր, աշնանը՝ նույնպես, առավոտյան իրենց՝ դեռ ավերակ չդարձած տան բակում փայտե նստարանին նստած ծխում էր, երեկոյան՝ նույնպես: Գուցե այս անպատասխան հարցից, գուցե պարզապես հոգու կանչով, Սերյոժայի մայրը՝ Սաթիկ տատը, ամեն օր քնելուց առաջ Ավետարան էր կարդում ու նույնիսկ Սովետում միայն Աստծուն էր հավատում, մեկ էլ Թումանյանի «Մարո» պոեմի իսկությանը: Կյանքում երեք անգամ էր իսկապես ուրախացել, երբ մարդը մեռավ, երբ որդին ծնվեց, ու երբ թոռը ծնվեց: Հաց թխելն իր տատուց էր սովորել: Մի անգամ եվրոպացի տուրիստներ եկան Ծաթեր ու Սաթիկի հացը փորձելով՝ հայտարարեցին, թե ֆրանսիական լավագույն ռեստորանների շեֆ խոհարարները թրիք են կերել, թե կարող են նման հաց թխել: Երբ թարգմանիչը՝ մի տարեց տղամարդ, Սաթիկին ասել էր, թե ինչ ասացին տուրիստները, Սաթիկն արձագանքել էր՝ հենց թրի՞ք ասեցին… Անհամբեր սպասում էր մահին: Վստահ էր, որ էն աշխարհում մարդուն չի հանդիպելու: Հույս ուներ, որ առհասարակ մարդու չի հանդիպելու: Տուրիստների սեզոնին օրական 20-30 հաց էր թխում, որ ապրեն: Ձմռանը՝ օրական երեք հաց, որ չմեռնեն: Մեկը՝ որդուն, մեկը՝ թոռանը, մյուսը՝ հարսին: Ինքը՝ ջհանդամը: Տնից դուրս էր գալիս՝ միայն հաց ծախելու կամ էլ Ճգնավորի վանքում մոմ վառելու:

Ձմռանն ընդհանրապես դուրս չէր գալիս: Թոռանը հեքիաթներ էր պատմում, իսկ երբ մի քիչ մեծացավ, սկսեց պատմել, թե ինչպես իրենց մեծ տունն ավերակ դարձավ: Եթե սկեսրայրն ամբողջ օրը տանն էր կամ Լենինի շքանշանը դոշին՝ բակում ծխում էր, մարդը նույնիսկ գիշերները տուն չէր գալիս: Սկեսուրը լավ կնիկ էր. տունն ինքն էր պահում: Բայց երբ տղամարդիկ թամբալ են լինում, տան մաքրությունն ու թարմ հացը պատերն ամուր չեն պահում: Տեսնելով, որ ընտանիքի տղամարդկանց կողմից քրտնաջան աշխատելու ցանկությունը, ավելի ճիշտ՝ տղամարդկային բնազդն իսպառ բացակայում է, Սաթիկը կարողացավ այնպես անել, որ իր որդին աշխատի: Կապ չունի՝ ինչ, բացատրեց, որ ինչ էլ անում է, ամենակարեւոր գործը հենց դա է: Հիմա էլ թոռան հերթն է: Մեկ-մեկ պատմությունն ընդմիջում էր ու թոռանն ուղարկում մի բաժակ ջրի: Թոռն էլ ասում էր. «Տա՛տ, էս ինչքա՞ն ես ծարավում, է՜»: Ինքն էլ պատասխանում էր՝ կմեծանաս, կիմանաս:

Սարիբեկյանների հանրահայտ գերդաստանից մնացած այս փոքրիկ ընտանիքի երջանկությունը երկար կտեւեր, եթե մի օր այս տուն չմտներ հինգերորդ հոգին: Առաջինը նկատեց փոքրիկը: Հենց տեսավ, ցատկեց եռոտանի բազմոցի վրա: Բայց հետո ընկերացավ ընտանիքի նոր անդամի հետ, նույնիսկ անուն դրեց՝ Միկի, Սարիբեկյան Միկի: Փոքրիկի ամենասիրած մուլտհերոսը Միկի մաուսն էր, դրա համար էլ տուն մտած մկանը կոչեց Միկի: Հերիքը ոչինչ չասաց, այսինքն՝ բարձրաձայն: Չնայած երազում էր քաղաքի մասին, բայց գիտեր, որ կինը տանը իրավունք չունի բարձր խոսել, դրա համար երազում էր նաեւ տանը բարձր խոսելու մասին: Միայն ինքն իր համար շշնջաց. հա, դե բա մուկն էլ գիտի՝ ում տուն ա մտնում: Սաթիկ մայրիկը մկան հայտնվելն ամենեւին էլ չկապեց որդու աշխատանքի հետ, բայց անհանգստացավ, քանի որ մուկը սովորական կենդանի չէ. կրծող է, իսկ կրծողների հետ հարեւանությունը, առավել եւս՝ մի տանիքի տակ ապրելը, կարող է կործանարար լինել: Դրա համար էլ, երբ հարսը ավել-սավոկը վերցրած ընկել էր մկան հետեւից, որ տնից դուրս հանի, ինքը խրախուսող հայացքով էր նայում, ոչ թե խեթ-խեթ, նույնիսկ այն դեպքում, երբ իր հույսն ու հավատը, ինչպես առաջ կոչում էր որդուն, հիմա՝ թոռանը, լացում էր՝ հասկանալով, որ մայրն ուզում է իր միակ ընկերոջը սատկացնել:

- Մամա՛, բա ես ո՞ւմ հետ կխաղամ, - գոռում էր փոքրիկը:

- Քո խաղալու տարիքն անցել է, հիմա պիտի սովորես, - ասում էր մայրիկը:

Տատը ոչինչ չէր խոսում: Սաթիկն էն եզակիներից էր, որոնց իմասնությունը գալիս է տարիքի հետ, ոչ թե անհետանում է: Գիտեր, որ եթե ուզում ես թոռդ քեզ լսի ու ասածդ հիշի, պիտի խոսես հետը մենակ, առանց նրա ծնողների, կապ չունի՝ աղջիկդ մայրն է, թե որդիդ՝ հայրը: Չնայած կոնկրետ այս պարագայում Սաթիկը, իհարկե, ուզում էր, որ իրենց կյանքում հայտնված հերթական կրծողը հնարավորինս շուտ գնա իրենց տնից: Ամենաշատն անհանգստանում էր, որ կենդանին կմտնի ալյուրի մեջ, ու մարդիկ իրենցից էլ հաց չեն առնի:

Երբ Սերյոժան իմացավ իրենց տան նորեկի մասին, իսկ իմացավ որդուց, ոչ մի բան չասաց: Լռեց նաեւ այն ժամանակ, երբ սկզբում մայրն ասաց, թե կրծողի գլուխը պետք է ուտել, ապա կինը նկատեց, որ տան պաշտպանությունը տղամարդու գործն է: Բայց լուսադեմին, երբ գործի էր գնում, մի պահ կանգ առավ ու ասաց իր կյանքի ամենաերկար նախադասությունը.

- Տան դուռը բաց թողեք. ոնց եկել ա, տենց էլ կգնա:

Իրականում ոչ մի մուկ ոչ մի տուն չի մտնում դռնից, բայց քանի որ Հերիքը ստացել էր ամուսնու առաջին հանձնարարությունը, ինչից նույնիսկ հուզվեց մի պահ, հենց այդպես էլ արեց՝ տան դուռը բացել էին, որ Միկին գնա: Սաթիկն ալյուրի պարկի մոտ էր նստել, Հերիքը՝ հյուրասենյակի մի անկյունում՝ տան դռնից հեռու, որ մուկը չվախենա ու հանգիստ հեռանա, իսկ փոքրիկը, որի անունը, ի դեպ, ոչ մեկին չէր հետաքրքրում, սսկվել նստել էր իր տեղը, քանի որ իրեն բացատրել էին, որ դուռը բաց են թողել, որ Միկիի ընտանիքը նույնպես գա իրենց տուն, ու երկու ընտանիքով՝ մի տան մեջ երջանիկ ապրեն:

Միկին չէր երեւում: Ոչ թե այդ պահին, այդ օրը, այլ արդեն մեկ շաբաթ: Ոչ մի տեղ չկար: Տան բոլոր անկյունները քրքրեցին, չեղած պահարանների ներսով, տակով, չկա ու չկա:

- Ուրեմն գնացել է, - գիշերը Ավետարանը փակելով՝ ինքն իրեն ասաց Սաթիկն ու աչքերը փակեց:

- Երեւի մեր տան տեղը չեն գտնում, - մտածեց փոքրիկն ու իր աչքերը փակեց:

Հերիքն ու Սերյոժան վաղուց քնած էին: Բա ի՞նչ անեին:

Որքան մոտենում էր ձմեռը, այնքան ավելի էր մեծանում փոքրիկը: Որքան մեծանում էր փոքրիկը, այնքան ավելի պարզ էր հասկանում, որ Միկին իրականում ընտանիք չուներ, իրականում իրեն իր ընտանիքը խաբել է: Արդեն կարդում էր ու գիտեր, որ մուկը վնասատու կենդանի է, տարբեր հիվանդություններ է բերում, բայց նաեւ ամեն տուն չի տանում այդ հիվանդություններն ու վնասը: Փոքրիկը, որ արդեն մեծ տղա էր դառնում, երբեք չէր մտածում, թե ինչու Միկին հենց իրենց տուն եկավ: Երբ պատասխանները գիտես, հարցերը երբեք չեն ծնվում: Մտածում էր միայն կարմիր թիթեղյա տանիքի մասին: Գյուղապետն իր տան վրա դրա մուգ կանաչն էր տեղադրել, ինքը կարմիրն էր ուզում՝ իրենց տան համար: Գիտեր, որ ինքը պետք է անի. մի ձմեռ գյուղում՝ ոմանք իսկապես ցավով, շատերը՝ իմիջիայլոց, որոշներն էլ՝ ծիծաղելով, պատմում էին, թե ոնց են Սարիբեկյան Սերյոժայի մարմինը գտել գյուղի գոմերից մեկում՝ թրիքի մեջ: Բժիշկն ասել էր՝ սիրտը հիվանդ էր, ինքն էլ՝ քրտինքի մեջ կորած:
    
    
    
    
    
    


    
    

#Գասպարյան
     #ԹԻԹԵՂՅԱ ՏԱՆԻՔ
     #Ա ֆյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6414 | 0 | 0
Facebook