Loading...

Articles

Հպանցիկ անդրադարձ հայ-վրացական պառակտմանը, որը տեղի է ունեցել 7-րդ դարում (3)

16:27, Friday, 21 January, 2022
Հպանցիկ անդրադարձ հայ-վրացական պառակտմանը, որը տեղի է ունեցել 7-րդ դարում (3)

Նրա և Կյուրիոն կաթողիկոսի միջև հարաբերությունները սրված են եղել: Նա Դվինի կաթողիկոսարանին գրել է, որ երբ ինքն իմացել է, թե Կյուրոնը քաղկեդոնականություն է տարածում, գնացել և հանդիմանել է նրան: Բնականաբար, այս արարքը բավական է եղել, որ բոլոր հանգամանքներին գումարվի նաև հանդիմանության հարուցած անձնական թշնամությունը: Այս սրված հարաբերությունների պայմաններում շատ սկզբունքային նշանակություն է ստացել Ցուրտավի եկեղեցում հայերեն և վրացերեն լեզուների գործածության հարցը: Մոտ 2, 5 դար առաջ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը հայերեն լեզվով ժամասացություն էր մտցրել Ցուրտավի եկեղեցում, բայց Կյուրիոն կաթողիկոսը պնդել է, թե քանի որ Ցուրտավը վրաց կաթողիկոսության թեմ է և քաղաքի վրացիները հայերեն ժամասացությունը չեն հասկանում, ուստի թույլ չի տվել, որ շարունակվի Շուշանիկի սահմանած կարգը: Իսկ Մովսես եպիսկոպոսը Հայոց կաթողիկոսին զեկուցել է, թե Կյուրոնն իսպառ արգելել է հայոց լեզուն: Սակայն Կյուրոնն արդարացել է, թե ինքը հայերենը չի արգելել, այլ հայերեն ժամասացությունը թարգմանել է վրացերենի, որպեսզի վրացիներն էլ նույն եկեղեցում ժամասացություն ունենան իրենց մայրենի լեզվով:

Մովսես եպիսկոպոսին Դվինի կաթողիկոսարանը հավատացել է, որովհետև Կյուրիոնն սկսել է սաստիկ հալածել նրան: Մովսեսը գնացել է նրա մոտ՝ բացատրություն տալու, բայց նրան Սիոնի մայր եկեղեցում ասել են, որ չհամարձակվի Կյուրիոնի աչքին երևալ: Մովսեսը մեկ շաբաթ ապրել է Հակոբ անունով մի քահանայի տանը, բայց տեսնելով, որ Կյուրիոնը չի ուզում ոչ մի զիջում անել և վախենալով նրա հալածանքից, ձյուն ձմեռ ժամանակ հեռացել է Թիֆլիսից և ապաստանել Արագածոտն գավառի Կարբի գյուղի մոտակա Հովհանավանքում: Կյուրիոնն այլ կերպ է բացատրել տեղի ունեցածը՝ ժխտելով հալածանքի դիտավորությունը, բայց երեք եղբայրների կառավարությունը չի հավատացել Վրաց կաթողիկոսին: Դվինի կառավարողները չեն հասկացել, որ Վրաստանում, Կյուրիոնի ղեկավարությամբ, տեղի է ունեցել եկեղեցու կատարյալ ազգայնացում ու հարկավոր էր տեղի ունեցող գործընթացին լրջորեն վերաբերվել, չլարել հարաբերությունները, վրացերենին տալ հավասար իրավունք այն բոլոր բնակավայրերում, որտեղ վրացիները հայերի հետ միասին են եկեղեցի հաճախել: Սկզբում Կյուրիոնին նամակներ է գրել Վրթանես Քերդողը իբրև կաթողիկոսական տեղապահ, բայց նամակներն անպատասխան են մնացել: Այնուհետև նամակ է գրել Սմբատ Վրկան մարզպանը: Կյուրիոնը նրան պատշաճ մեծարանքով պատասխանել է, բայց խուսափողական պատասխան է տվել քաղկեդոնականությանը հարելու վերաբերյալ հարցին:

Սմբատ մարզպանի նախաձեռնությամբ 607 թվականին եկեղեցական ժողով է գումարվել, և ժողովը կաթողիկոս է ընտրել Աբրահամ Աղբաթանցուն: Նոր կաթողիկոսը, գտնվելով Վրթանես Քերդողի ուժեղ ազդեցության տակ, նրա ոգով շարունակել է նամակագրությունը Կյուրիոն կաթողիկոսի հետ: Շուտով Սմբատ մարզպանը հայտարարել է, թե սուտ են Վրաց կաթողիկոսի բացատրությունները, բայց ժամանակ չի ունեցել պաշտպանելու հայ եկեղեցու իրավունքները, որովհետև 608 թվականին կանչվել է Պարսից արքունիք, ուր կարևոր հանձնարարություններ է ստացել ու մեկնել է Վրկան: Մինչև ճանապարհվելը նա կարողացել է մի ծառայություն էլ անել հայ եկեղեցուն. Խոսրովից ստանալով թույլտվություն, նա սկսել է վերաշինել Դվինի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը պարսիկները կործանել էին Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ: Իսկ վրաց հարցի վերաբերյալ նա Աբրահամ կաթողիկոսին հանձնարարել է շարունակել բանակցությունները Կյուրիոնի հետ, և եթե անհրաժեշտ լինի՝ գրել իրեն, որպեսզի ինքը հայտնի արքայից արքային և անհրաժեշտ հանձնարարություն ստանա:

Բայց շուտով Կյուրիոնը, առանց Հայոց կաթողիկոսի թույլտվությունն ստանալու, գլուխ է բերել իր եկեղեցու անկախությունն ու ազգայնացումը, իսկ Աբրահամ կաթողիկոսը, այլևս չունենալով այս ընթացքը խոչընդոտելու որևէ միջոց, դիմել է քաղաքական անհավատարմության ուրվականով վախեցնելու սպառնալիքին: Նա Կյուրիոնին գրել է, թե քանի որ Վրաստանը Պարսկաստանին հպատակ երկիր է, և արքայից արքան հոռոմների, հետևաբար նաև նրանց կրոնի թշնամին է, ուստի քաղկեդոնականություն ընդունելը կնշանակի անհավատարմություն արքայից արքայի նկատմամբ: Սակայն այս բացահայտ շանտաժն արդյունք չի տվել, որովհետև այն ժամանակ, երբ հայ-վրացական կրոնական վեճը խիստ բորբոքված է եղել, Պարսկաստանի շահնշահ Խոսրով Պարվեզն ընդարձակ նվաճումներ է կատարել Բյուզանդիայի ասիական մասում, այնպես որ քաղկեդոնականություն դավանող ազգաբնակչությունը Պարսկաստանի սեփականությունն է դարձել նվաճման իրավունքով:

Փաստորեն, զուր են եղել Հայոց հայրապետի հորդորներն ու խրատները, որոնք նպատակ են ունեցել Կյուրիոնին համոզել, որ դավանական բաժանումով երկու հարևան ազգերի սերն ու փոխադարձ բարեկամական հարաբերությունները վերանալու են: Բայց Կյուրիոնը անշեղորեն առաջ է մղել իր սկսած հեղաշրջումը: Նրա համար ավելի կարևոր է եղել քաղկեդոնականության գրկում վրացական եկեղեցին ազգային ինքնորոշման կարևոր գործոն դարձնել ը: Կյուրիոնը լիովին հաջողել է իր հետապնդած նպատակի մեջ և իրավունք է նվաճել կոչվելու իր ազգի մեծ գործիչներից մեկը:

Հայերի և վրացիների միջև վերջնական պաշտոնական բաժանումը տեղի է ունեցել 608 թվականի վերջերին, կամ 609-ի սկզբին:

Բոլորովին կորցնելով հաշտություն կայացնելու հույսը՝ Աբրահամ կաթողիկոսը դիմել է մի միջոցի, որը, բարեբախտաբար, հաճախ չի կրկնվել հայոց եկեղեցու պատմության մեջ: Նա մի շրջաբերական կոնդակով բոլոր հայերին պատվիրել է խզել հարաբերությունները վրացիների հետ:

Այս իրադարձություններից հետո, փաստորեն, թշնամություն է հաստատվել հայերի և վրացիների միջև, և պատճառն այն է եղել, որ երկու երկրների ազգերի առաջնորդները Հիսուս Քրիստոսի մեջ տարբեր քանակի բնություն են տեսել: Ահա այսպիսի ծիծաղելի պատճառով երկու ազգերը միմյանցից օտարացել ու նույնիսկ թշնամացել են: Ինչ խոսք, Աբրահամի և Կյուրիոնի ժամանակներից հետո եկեղեցական միությունը վերականգնելու փորձեր արվել են, բայց այդ փորձերն անհաջողության են մատնվել: Այսպես շարունակվել է մինչև այն ժամանակ, երբ վրացական եկեղեցին վերջնականապես հայտնվել է հունական եկեղեցու ազդեցության ներքո և սեփականել է այդ եկեղեցու անհաշտ թշնամությունը հայոց եկեղեցու նկատմամբ: Այդ վերաբերմունքի առաջին պաշտոնական արտահայտությունը 1103 թվականին տեղի ունեցած Րուիս-Ուրբնիսի եկեղեցական ժողովն է եղել, որտեղ վրաց հոգևորականությունը հայոց եկեղեցին հերետիկոսական է անվանել: Դրանից հետո վրաց եկեղեցին, իբրև հայ եկեղեցու անհաշտ թշնամի, ամեն ջանք ու միջոց գործադրել է ոչնչացնելու այն բոլոր հիշատակարանները, որոնք անհերքելի ապացույցն են, որ մի ժամանակ վրացիները հայերի դավանակիցն էին և նրանց հետ միատեսակ պաշտամունք ու ծես ունեին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1248 | 0 | 0
Facebook