Loading...

Articles

Հպանցիկ անդրադարձ հայ-վրացական պառակտմանը, որը տեղի է ունեցել 7-րդ դարում (2)

17:11, Thursday, 20 January, 2022
Հպանցիկ անդրադարձ հայ-վրացական պառակտմանը, որը տեղի է ունեցել 7-րդ դարում (2)

Նոր կաթողիկոսի ընտրությունը Մովսես Եղիվարդեցու մահից հետո իսկույն տեղի չի ունեցել, և Դվինի աթոռին, տեղապահի կոչումով, նստել է Վրթանես եպիսկոպոսը, որը հայտնի է «Քերդող» մականունով: Վրթանես եպիսկոպոսը հունարենին լավ տիրապետող, համակողմանի զարգացած, մատենագրական խոշոր կարողությամբ օժտված, ազգային եկեղեցու շահերին մոլեռանդորեն նվիրված, շառ համառ և ուժեղ հակաքաղկեդոնական անձնավորություն է եղել: Վրթանեսը Բարգրատունյաց տոհմի նշանավոր գործիչ Քչիկ իշխանի որդին է եղել և այդ պատճառով էլ «Քչան որդի» է անվանվել: Վրթանեսի երկու նշանավոր եղբայրներից մեկը՝ Սմբատը, Պարսից Խոսրով շահնշահին ծառայելու ընթացքում իրեն փառքով է պսակել, որի համար ամբողջ Վրկանի մարզպան է նշանակվել: Նա ութ տարի վարել է այդ պաշտոնը և ցույց է տվել, որ ինքը ոչ միայն քաջ ու անխոնջ զորավար է եղել, որը կարողացել է զսպել պարսկական սահմանամերձ տարածքներում ապրող վաչկատուն և գիշատիչ ժողովուրդներին, այլև ընդունակ կառավարիչ ու հայրենասեր հայ է եղել: 607 թվականին Սմբատը Տիզբոնում մեծամեծ պարգևներ է ստացել Խոսրով շահնշահից, ապա Հայաստան մեկնելու և արձակուրդն այնտեղ անցկացնելու իրավունք է ստացել: Ապրելով Դվինում՝ նա իր ձեռքն է առել համարյա ամբողջ մարզպանական կառավարումը, շարունակելով կրել «Վրկան» կամ «Գուրկան մարզպան» անունը և « «Տերանց զինվոր» պատվանունը: Դվինում ժամանակավորապես նրա հետ է եղել նրա մյուս եղբայրը» ՝ Գիգ անունով: Ահա այս եղբայրական երրորդությունը մի կարճ ժամանակով իր ձեռքն է առել Հայաստանի գործերի տնօրինությունը: Հայրենիք հասնելուն պես Սմբատ Վրկան մարզպետը նոր կաթողիկոս ընտրելու համար շտապ եկեղեցական ժողով է գումարել: Դրանից մեկ տարի առաջ, 606 թվականին, այդպիսի մի ժողով տեղի էր ունեցել, որին մասնակցել էին 50 եպիսկոպոս և 390 վարդապետ ու քահանա: Այդ ժողովը, սակայն չէր կարողացել ընտրություն կատարել, բայց դրա փոխարեն մշակել և վավերացրել էր մի քանի կանոն՝ ուղղված այն հոգևորականների դեմ, որոնք գիտությամբ, թե անգիտությամբ հարել են որևէ աղանդի, մասնավորապես քաղկեդոնականությանը: Կանոնները սահմանել են խիստ վերաբերմունք այդպիսիների նկատմամբ, սահմանել են պատիժներ և հալածանքներ: Հանձնարարվել է հատկապես զգույշ լինել, որ այդպիսի հոգևորականները, նույնիսկ զղջալուց և Հայոց եկեղեցու գիրկը վերադռնալուց հետո հանկարծ պաշտոններ չստանան:

Մի խոսքով, անխնա պատերազմ է հայտարարվել քաղկեդոնականությանը; Դառնալով նորից պարսկական տարածք ու ազատվելով դավանաբանական ճնշումներից, Հայոց աշխարհն առավել ուժգին է փարվել իր ազգային ավանդույթներին և հայությանը նորանոր վտանգներից պաշտպանելու համար ձեռք է առել անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Եվ այդ վտանգները իրական են եղել: Ժամանակակիցներին արդեն հայտնի էր դարձել, որ Կյուրիոն կաթողիկոսը Վրաստանում քաղկեդոնականություն է ներմուծել, իսկ Աղվանից և Սյունյաց աշխարհներում շարունակ տեղի են ունեցել հերձվածողական խմորումներ քաղկեդոնականության հրահրմամբ: 606 թվականի Դվինի ժողովը նախանշել է, թե Հայոց եկեղեցին ինչ վերաբերմունք պիտի ունենա իր դավանակից և ուխտակից եկեղեցիների անջատողական ձգտումներին: Կյուրոնի հետ բանակցություններ վարելիս երեք եղբայրների կառավարությունն այս նախորոշման վրա է հենվել, և, անշուշտ, Դվինի այս ժողովի ոգին, ոգեշնչողը կաթողիկոսական տեղապահ Վրթանես Քերդողն է եղել:

Հայ-վրացական պառակտումն ու ընդհարումը սկիզբ է առել Թիֆլիս քաղաքից ոչ հեռու գտնվող Ցուրտավ քաղաքում, որն այն ժամանակներում ունեցել է հայերից ու վրացիներից կազմված ազգաբնակչություն: Ցուրտավը, որպես Գուգարքի մայրաքաղաք, եպիսկոպոսանիստ բնակավայր է եղել: Կյուրիոն կաթողիկոսի գահակալության տարիներին Ցուրտավի եպիսկոպոսական աթոռին տիրացել է Տաշիրք գավառից Մովսես անունով մի եպիսկոպոս: Այս հանդուգն կրոնավորը, քանի որ Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչն է եղել սահմանագլխի այս կարևոր քաղաքում, հավելյալ ինքնավստահություն է դրսևորել:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1861 | 0 | 0
Facebook