Loading...

Articles

Հպանցիկ անդրադարձ հայ-վրացական պառակտմանը, որը տեղի է ունեցել 7-րդ դարում

18:00, Wednesday, 19 January, 2022
Հպանցիկ անդրադարձ հայ-վրացական պառակտմանը, որը տեղի է ունեցել 7-րդ դարում

506 թվականին, երբ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Հայաստանը երկու տարով անցել էր Բյուզանդիային և Վահան Մամիկոնյան մարզպանի եղբայր Վարդ Մամիկոնյան Պատրիկին վստահվել էր նորանվաճ այդ Պարսկահայաստանի կառավարումը, մայրաքաղաք Դվինում Բաբգեն կաթողիկոսը եկեղեցական ժողով է գումարել: Քննարկվելիք զանազան հարցերից մեկն էլ եղել է Քաղկեդոնի ժողովին ցուցաբերվելիք վերաբերմունքը: Առաջին անգամն էր, որ Հայոց եկեղեցին այդպիսի անհրաժեշտության է բախվել: Անշուշտ, զուտ իր սեփական կամքով և ցանկությամբ չէր մեր եկեղեցին այդ ժամանակ անդրադարձել այդ խնդրին: Մինչ այդ էլ հայ եկեղեցին շատ թույլ մասնակցություն է ունեցել եկեղեցական մեծ վեճերին: Տիեզերական ժողովներից միայն մեկում է մեր եկեղեցին ունեցել իր ներկայացուցիչը, իսկ մյուս երկու ժողովներին առանց այլևայլության հպատակվել է: Թեպետ Քաղկեդոնի ժողովից հետո հիսունից ավելի տարի է անցած եղել, բայց հայ եկեղեցին կատարյալ անտարբերություն է ցուցաբերել այդ ժողովի որոշումների նկատմամբ: Այս առանձնացման, անտարբերության պատճառն այն է եղել, որ հայ եկեղեցու կենտրոնական իշխանությունը, ինչպես նաև հայ հոգևորականության մեծամասնությունը գտնվել է պարսից իշխանության ներքո, որը, բնականաբար, թույլ չի տվել, որ կայսրության եկեղեցական և մանավանդ քաղաքական իշխանությունները միջամտեն հայ եկեղեցու ներքին գործերին: Իսկ Դվինի եկեղեցական ժողովն հրավիրելու տարում, ինչպես արդեն նշվեց, դրությունը փոխված է եղել, ամբողջ Հայաստանն անցել էր Հռոմեական կայսրության տիրապետության տակ, և Անաստաս կայսրը, որը համոզված միաբնյա վարդապետության հետևորդ է եղել, շարունակել է հովանավորել և խրախուսել հակաքաղկեդոնական շարժումը: Այս կայսրը հասկացել էր, որ անհնար է տարբեր հոգեբանության, պատմական տարբեր ճանապարհ անցած ազգերին բռնությամբ պարտադրել մեկ աշխարհայացք, մեկ աշխարհընկալում, մեկ դավանանք: Ուստի նա ազատություն է տվել Քաղկեդոնի ժողովի ընդունած վարդապետությանը հակադիր վարդապետություններին, որպեսզի դրանք կարողանան հրապարակայնորեն պաշտպանել ու քարոզել իրենց սկզբունքները: Բնականաբար, Դվինի ժողովն էլ պիտի զբաղվեր նույն հարցով, գուցե հենց բյուզանդական իշխանությունների թելադրանքով:

Եվ 506 թվականին սկիզբ է դրվել մի ճակատագրական վեճի, որը, ժամանակի հանգամանքների բերումով, պիտի ձևավորեր մեր ազգային-դավանական ինքնորոշումը:

Դվինի ժողովին, ինչպես վերն ասվեց, առաջին անգամ մասնակցել են նաև Վրաց և Աղվանից կաթողիկոսները: Այս յուրօրինակ միության մեջ առաջնորդողը, անշուշտ, հայերն են եղել: Վրաց եկեղեցին առժամյա, իսկ աղվանիցը՝ մշտական կախում են ունեցել հայոց եկեղեցուց վարչական առումով: Այդ կախումը սկսվել է քրիստոնեության մուտքի օրերից և հիմնված է եղել Գրիգոր Լուսավորչի հեղինակության վրա, որը կովկասյան քրիստոնյա ազգությունների կողմից ճանաչված է եղել որպես առաջին առաքյալներից մեկը տարածաշրջանի բոլոր ազգերի համար: Կան 6-րդ դարի վկայություններ, որոնք ապացուցում են, որ վրաց կաթողիկոսներին հայոց կաթողիկոսներն են ձեռնադրել: Բայց վարչականը չի եղել գլխավորը Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի եկեղեցիների միջև: Գլխավորն այն է եղել, որ այս երեք ազգերը մի ընդհանուր եկեղեցական կյանք են ունեցել և այդ կյանքի մեջ Հայաստանը, աշակերտելով Արևմուտքին և իր յուրացրածը հաղորդելով իր հարևան և եղբայր ժողովուրդներին, կատարել է քրիստոներական քաղաքակրթության միջնորդի դեր: Այս ազգերին միմյանց սերտորեն միացրել է մեկ ընդհանուր պաշտամունքը, կրոնական միևնույն աշխարհայացքը: Հայ ուխտավորները գնացել են Մցխեթ՝ այնտեղի ազգային մեծ սրբությանը՝ Սուրբ Խաչին երկրպագելու, իսկ վրացի հավատացյալները եկել են հայկական ամենամեծ սրբավայրին՝ Վաղարշապատի կոթողիկեին ուխտ անելու: Ծեսերն ու սովորություններն էլ նույնն են եղել: Այն ժամանակ վրաց եկեղեցին ընդունել է մատաղի սովորությունը, պահել է «Առաջավորաց» պասը, հայոց եկեղեցու կարգերը: Ակադեմիկոս Մառը բազմաթիվ փաստերով ապացուցել է, որ վրաց հնագույն գրականության շատ հիշատակարաններ հայերենից են թարգմանված: Հայաստանն այն միջավայրն էր, որն ընդունել է արևմտյան հարևանների գրական գործերը և տվել է հյուսիաային ու արևելյան հարևաններին:

Սակայն, ավաղ, հայերի ու վրացիների միջև 6-րդ դարի առաջին տասնամայակից սկսած սուր հակասություններ են առաջացել: Հայոց լեզուն, հենվելով հայ եկեղեցու առաջնության ընձեռած իրավասության վրա, Վրաստանի մի շարք շրջաններում տիրապետող դառնալու ռեալ հավակնություններ է դրսևորել: Վրաց ազգայնականությունն այդ ձգտմանը հակադրել է իր իրավունքները, որոնք ձուլվել են վրացական եկեղեցին ազգայնացնելու գաղափարի մեջ, և որը իրագործվել է 7-րդ դարի սկզբում, իրար այնքան մոտեցած վրացիներին ու հայերին հեռացնելով իրարից:

Հայ-վրացական պառակտման մեջ գլխավոր դերակատարը վրացիների Կյուրիոն կաթողիկոսն է եղել՝ Ջավախքում ծնված եռանդոտ, լավ կրթություն ստացած և իր հայրենիքի շահերով տոգորված հոգևորականը: Նրա ծնողները երկար ապրել են Փոքր Ասիայի Կոլոնիա և Նիկոպոլիս հունական քաղաքներում, և, բնականաբար, ապագա կաթողիկոսն այս քաղաքներում ստացել է հունական դաստիարակություն, որը նույնն է, թե տոգորվել է հունական ուղղափառության ոգով: Բայց կարողանալով թաքրած պահել իր համոզմունքները, դավանանքը, նա 593 թվականին գնացել է Դվին, որտեղ նրան ընդունել է ժամանակի հայոց կաթողիկոս Մովսես Բ Եղիվարդեցին, որը համոզված ու անհաշտ հակաքաղկեդոնական է եղել: Կյուրիոնը Մովսես կաթողիկոսի վրա այնքան լավ տպավորություն է թողել իր վարք ու բարքով, որ նրա ամենամերձավորների շրջապատի մեջ է մտել և նույնիսկ կաթողիկոսական դիվանադպրի պաշտոն է ստացել: 598 կամ 599 թվականին մեռել է Վրաց կաթողիկոսը, և վրաց իշխանների մի ամբողջ պատվիրակություն, սովորության համաձայն, մեկնել է Հայոց կաթողիկոսի մոտ և նոր կաթողիկոս է խնդրել Վրաստանի համար: Մովսեսն իր աջակից և աշխատակից Կյուրիոն եպիսկոպոսից ավելի լավ թեկնածու չի գտել, և նրան Վրաց կաթողիկոս է ձեռնադրել և ուղարկել է Վրաստան:

Նորընծա կաթողիկոսը կարողացել է վերջ դնել իր հայրենիքի ներքին խռովություններին, հակամարտող իշխաններին միավորել ազգային գաղափարի շուրջ: Կյուրիոնը մեծ հարգանքով է վերաբերվել Մովսես կաթողիկոսին, ինչը բնական է, և քանի դեռ Մովսեսը կենդանի է եղել, Վրաց եկեղեցին չի հարուցել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին կասկած հարուցել, թե հայերի ու վրացիների միջև կարող են տարաձայնություններ ծագել: Բայց 604 թվականից սկսյալ, երբ մահացել է Մովսես Եղիվարդեցի կաթողիկոսը, 4 – 5 տարվա ընթացքում մի ամբողջ խորխորատ է գոյացել երկու եկեղեցիների միջև:

(շարունակելի)


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1831 | 0 | 0
Facebook