Loading...

Articles

Շատ հետաքրքիր ու նաև զվարճալի

09:01, Thursday, 25 November, 2021
Շատ հետաքրքիր ու նաև զվարճալի

Մենք չգիտենք, թե ինչպես է կազմակերպվել աշխատանքը Ալեքսանդրիայի մուզեյոնում: Ենթադրվում է, որ այն ունեցել է չորս բաժին՝ խոսքի, մաթեմատիկայի, աստղագիտության և բժշկության: Մուսեյոնի ղեկավարն անպայման լեզվաբան է եղել: Իսկ սկզբում ջանացել են, որ նա լինի նաև բանաստեղծ, այսինքն՝ առանձնահատուկ նրբաճաշակ մարդ:

Գրադարանապահների առաջին հոգսը եղել է դասական գրողների գրվածքները ճշգրտելը: Բազմաթիվ ձեռագրերի սխալները պարզելուց բացի, անհրաժեշտ է եղել նաև, օրինակ, որոշել, թե ճշգրտված տեքստը պատշաճե՞լ է մեծ Հոմերոսին: Եվ այստեղ սկսվել է ճաշակների անվերջանալի վեճը:

Այդ ժամանակներից ի վեր Զոիլոս և Արիստարքոս անունները խստապահանջ քննադատներին բնութագրող հասարակ անուններ են դարձել: Զոիլոսը չար ու բծախնդիր քննադատ է եղել, իսկ Արիստարքոսը՝ խիստ, բայց արդարացի: Ալեքսանդր Պուշկինի մի բանաստեղծությունը սկսվում է «Հուսամ՝ իմ արհամարհանքի համար ալեհեր Զոիլոսն ինձ հայհոյեց…» խոսքով, իսկ մեկ ուրիշ բանաստեղծության մեջ ասում է. «Ներողամտաբար ընդունիր, զգաստ Արիստարքոս, իմ բաքոսական ուղերձները»: Զոիլոսն Արիստարքոսից շուտ է ապրել, բայց երկուսն էլ Հոմերոսի տողերը վերլուծելիս սեփական ճաշակն են առաջ մղել: Հոմերոսի «Իլիական» -ը սկսվում է նրանից, որ Ագամեմնոնը վիրավորում է Ապոլլոնի քուրմ Քրիսեսին, և Ապոլլոնը հույներին ժանտախտով է պատժում. («…նա գիշերվա պես քայլերթով անցավ ու սկսեց նրան խոցել անտեսանելի նետերով»):

Ապոլլոնն սկզբում ջորիներին գլխին է այդ պատուհասը տեղացել, որից հետո ժողովրդին է վարակել: Ապոլլոնը, կարելի է ասել, իրեն վատ է դրսևորել. ցանկացել է պատժել հույներին, մինչդեռ իր զայրույթի առաջին չափաբաժինը հեղել է բոլորովին անմեղ կենդանիների՝ ջորիների վրա: Եվ բանաստեղծը՝ Հոմերոսը, Ապոլլոնին լավ չի նկարագել, որովհետև արև-աստվածը չի կարող «գիշերվա նման լինել»: Ահա այս կարգի խայթոցներ է իր վերլուծության մեջ դրել մ.թ.ա. 4-րդ դարի վերջում և 3-րդ դարի սկզբում ապրած հույն հռետոր, փիլիսոփա և գրաքննադատ Զոիլոսը. Այդպիսի «խայթոցներն» այնքան շատ են եղել, որ նրա գրքին «Հոմերոսի խարազան» անունն է տրվել: Իսկ մեկ այլ հույն փիլիսոփա՝ Ալեքսանդրիայի գրադարանապահ Արիստարքոս Սամոթրակիացին, Հոմերոսին մոտավորապես այսպես է պաշտպանել: Նախ՝ հին հունարենում «մեսկաները» (Հոմերոսի երկում ջորիները «մեսկաներ» են անվանված), գուցե, ոչ միայն «ջորիներ», այլև, օրինակ, «ժամապահներ» է նշանակել: Երկրորդ՝ համաճարակի սկզբի համար դա շատ ճշմարտանման պատկեր է (արևը շիկացնում է երկիրը, երկրից թունավոր գոլորշի է բարձրանում, այդ գոլորշուց առաջինն անկում են չորքոտանի կենդանիները, իսկ դրանցից վարակվում են մարդիկ: Եվ երրորդը՝ ամենագլխավորը, այսպես աստիճանաբար աճում է դժբախտությունը. ահա՛ մոտենում է Ապոլլոնը, ահա՛, որպես նախազգուշացում, անկում են կենդանիները, և ահա՛, ի վերջո, ժանտախտը պատուհասում է մարդկանց: Իսկ «գիշերվա նման» խոսքը չի նշանակում «խավար, ինչպես գիշերը», այլ նշանակում է «սարսափելի, ինչպես գիշերը» և այդ իսկ պատճառով լիարժեք տեղին է: Այսպիսի բանավեճերը շատ օգտակար են եղել. դրանք հույներին սովորեցրել են ոչ միայն սիրել Հոմերոսին, այլև հասկանալ, թե ինչու են իրենք նրան սիրում: Բայց, իհարկե, ինչպես ցանկացած վեճում, այստել էլ շատ է եղել ավելորդ խոսքը և անտեղի ինքնահավանությունը: Ավելորդ խոսքերը սպրդել են բանաստեղծությունների մեկնություններում: «Իլիական» -ի մեկնաբանություններով հրատարակությունն այսպիսի տեսք է ունեցել. խոշոր ու գեղեցիկ տառերով գրվել է Հոմերոսի տեքստը, իսկ լուսանցքներում և տողերի միջակայքում մանր տառերով զետեղվել են ծանոթագրությունները: Մեկնաբանվել է ամեն մի բառը: Իսկ ինչը չի տեղավորվել տողերի միջակայքում, դրանց մասին առանձին գրքեր են գրվել: Մի բանասեր «Իլիական» -ի 60 տողի (այդ տողերում թվարկվել է տրոյական զորքը) վերաբերյալ 30 գիրք մեկնաբանություն է գրել: Ալեքսանդրիայի ամենաբեղուն գիտնականը եղել է Դիդիմոս Պղնձափորը. իր կյանքի ընթացքում նա մոտ 4000 գիրք է գրել, ընդ որում նա ինքն էլ չի հիշել, թե ինչի մասին է գրել, իսկ որոշ գրքեր էլ երկու անգամ է հորինել:

Այս առումով հատկապես մեծ ասպարեզ է բացել առասպելաբանությունը: Ի՞նչ է եղել Ագամեմնոն թագավորի դայակի անունը, Տրոյական պատերազմի նախօրեին Հեղինեն քանի՞ տարեկան է եղել, ճշգրի՞տ է արդյոք, որ Ապոլոնի «Սմինթևս» մականունը «մկնային» է նշանակում և ինչո՞ւ են այս ամենի մասին ուժասպառության աստիճանի վիճել: Թագավորներին այսպիսի վեճերը զվարճացրել են: Եգիպտոսի Պտղոմեոս թագավորն Ալեքսանդրիայի բանասերներին այսպես է գրգռել. «Աքիլլեսը Փթիայի միրմիդոնների Պելես թագավորի որդին է, իսկ Պելե՞սն ում որդին է...»: Բայց երբ նրանցից մեկն իր հարցին պատասխանել է, թե «Ահա դու Լագոսի որդին ես, իսկ Լագոսն ո՞ւմ որդին է», այդժամ Պտղոմեոսը լռել է, որովհետև նա մեծատոհմիկի զավակ չի եղել:

Այս գիտական խաղում հաղթող գրականագետները երեխաների պես պարծեցել են, իսկ մ.թ.ա. առաջին դարում ապրած քերական Ապիոնը չի բավարարվել հին գրքերից հազվագյուտ քաղվածքներ կատարելով ու սկսել է մարդկանց հավատացնել, թե ինքն ուսումնասիրել է կախարդության հիմունքները և այն աշխարհից կանչել է Հոմերոսի ստվերին, որպեսզի նրան հարցնի, թե որտեղ է նա ծնվել և ովքեր են նրա ծնողները: Երբ նրան հարցրել են, թե որտեղ է ծնվել Հոմերոսը, նա պատասխանել է, թե բանաստեղծն իրեն արգելել է բարձրաձայնել իր ծննդավայրի անունը:

Մեկ ուրիշ բանասեր «Կա, թե չկա» մականունն է ստացած եղել, և դա այն պատճառով, որ ընթրիքի ժամանակ նա բերանը նույնիսկ մի կտոր կերակուր չի դրել, եթե չի մտաբերել, թե հին հեղինակներից որևէ մեկը հիշատակել է այդ խորտիկը և ինչ է ասել դրա մասին: Իսկ մեկ ուրիշն էլ, որպեսզի շրջապատի մարդիկ իրեն կարդացած համարեն, անգիր է արել բազմաթիվ բանաստեղծությունների առաջին տողերը և զրույցների ժամանակ դրանք ցուցամոլաբար արտասանել է:

Նկարում՝ Էնգր. «Հոմերոսի ապոթեոզը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1449 | 0 | 0
Facebook