Loading...

Articles

Զավեն Օհանյան.Արվեստ սիրող ու արարող մարդը

01:02, Saturday, 13 November, 2021
Զավեն Օհանյան.Արվեստ սիրող ու արարող մարդը
    
    
«Գրական Չորեքշաբթի» էջին ներկայացնելու համար՝ գրականագետ, բ.գ.թ. Նաիրա Համբարձումյանը, ծանոթացրեց մի շատ զարմանալի ու արվեստասեր, նրանով ապրող ու շնչող մի համեստ մարդու՝ Զավեն Օհանյանի հետ, որի հետ էլ կայացավ իմ զրույցը։

    
-Զավեն, ինքնակենսագրականում նշել եք, որ մասնագիտությամբ հաշվապահ եք, բայց աշխատած չկաք։ Դրա փոխարեն կատարել եք կահույքագործի, գարեջրագործի աշխատանք, մեկնում եք արտագնա աշխատանքների ու բանվորություն անում, դրան զուգահեռ լուսանկարում եք, ֆիլմեր նկարում, գրում, նկարներ ու ծաղրանկարներ ստեղծում։ Ի վերջո, ո՞րն է ձեր հիմնական զբաղմունքը։

    
- Միանգամից ասեմ, որ բոլոր գործերը մեծ սիրով եմ անում՝ մի տարբերությամբ, եթե աշխատանքը գոյատևման միջոց է, ապա արվեստն իմ կյանքի աղբյուրն է, ինքնաարտահայտման կերպը, որով շնչում ու ապրում եմ, գնահատում եմ կյանքը ու նայում առաջ։

    
-Ներեցեք, ապրուստի հայթայթման համար գնում եք խոպան, արտագնա աշխատանքը, ձեզ չի շեղու՞մ արվեստի հետ ունեցած կապից, ստեղծագործելուց։

    
- Ընդհակառակը, դրանք փոխկապակցված են՝ մեկը մյուսով։ Լիքը անելիք ունեմ, ցուցահանդեսներ, նոր նկարներ, կիսավարտ վիպակներ, դրանց տպագրումը, պիեսի բեմադրում, ֆիլմի նկարահանում, կոմիքսների շարք և այլն։ Ուղակի էդ ամենի համար ստիպված եմ մեկնում Ռուսաստան՝ բանվորություն անելու, որ այդ գումարը բերեմ ու նպատակներս իրականացնեմ։ ժամանակ է լինում, որ այնտեղ ինքս ինձ վրա բարկանում եմ, որ կտրված եմ տնից-տեղից, կարոտում եմ ու հետո նոր թափով ստեղծագործում։ Այսչափ զբաղվածությունը, սթրեսը, խթանում է, որ նոր նկարներ ծնվեն, կիսատ վիպակներս վերջացնեմ ու նորերը սկսեմ։ Կհավատա՞ք, ես բոլոր նկարներս ու վիպակներս խոպանում եմ արել...

    
-Հասցնում ե՞ք

    
-Չգիտեմ, միշտ եմ հասցրել։ Նույիսկ եղել է, որ առավոտ 10-18.00-ը աշխատեմ, հետո 22.00-ից մինչև առավոտ 8.00-ը՝ մի այլ տեղ լինեմ։ Այդպես էր, երբ գազանանոցում լուսանկարներ էի անում ու գիշերում պահեստում։

    
-Ավելի լավ չի՞ Հայաստանում գործ գտնեք, կամաց կամաց կճանաչեն, նոր աշխատանք կունենաք ու լավ կլինի։

    
- Ցանկացա այդպես անել, 2019-ին խոպանից եկա գործ դրեցի, քովիդի ու այնուհետև պատերազմի հետ պայմանավորված անհաջողություն ունեցա, մինուս գնացի։ Ուղակի կոնկրետ մեր քաղաքը՝ Ալավերդին մի քիչ աղքատ է ու լուսանկարչությամբ, ֆիլմ նկարելով, կամ նկար վաճառելով դժվար է գումար վաստակել, զինվորից ու պատերազմի մասնակցից երբեք գումար չեմ վերցնում։ Երևի վերջին անգամ Ռուսաստան գնալս լինի, արդեն պայմանագիր եմ կնքել ու մեկնելու եմ։ Ոչինչ, ես համբերատար եմ ու դիմացկուն։ Եկող տարվանից մեզ մոտ մեղվաբուծությամբ կզբաղվեմ, միգուցե արվեստս էլ կամաց-կամաց նյութականի վերածվի ու ընդմիշտ մոռանամ Ռուսաստանի ճամփան։

    
-Զավեն, ե՞րբ եք սկսել նկարել, ձեզ նկարիչ, կամ գրող համարում ե՞ք։

    
- Ինձ նկարիչ չեմ համարում, ոչ էլ առավել ևս գրող։ Ես արվեստասեր մարդ եմ, սիրում եմ կյանքը, սիրում եմ արարելը ու ինչքան ապրեմ պիտի նկարեմ գրեմ, չեմ ծխում, չեմ խմում, զբաղվում եմ սպորտով։ Շատ ու համով ուտելուց երբեք չեմ հրաժարվում։ Իմ մուսան կին էակն է, որոնց նկարների շարք եմ նվիրել։ Ինչ վերաբերվում է, թե ե՞րբ եմ սկսել նկարել, ապա կարող եմ ասել, որ չեմ հիշում, որ ես չեմ նկարել, հետաքրքիրն այն է, որ երբեք նկարչական պիտույքներ չեմ ունեցել, բայց նկարել եմ, որտեղ պատահի՝ տետրերի ու դասագրքերի վրա, ինչ ձեռքս ընկել է։ Մի անգամ քիմիայի դասագրքի կազմին Առնո Բաբաջանյան էի նկարել, որի համար դասատուն բարկացավ ու երկուս նշանակեց։ Երբ մի քանի տարեկան էի լուցկու հատիկներով պատկերներ էի նկարում, նաև Մասիս սարը։

    
-Պատմեք դրանից հետո, ինչպե՞ս դարձաք «ԶավՕՍ»

    
-Այդպես ես ստորագրում եմ իմ ծաղրանկարների տակ։ 2006թ. ունեցա առաջին անհատական ցուցահանդեսը։ Տարիներ շարունակ տպագրվել եմ Վաչագան Սարգսյանի «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում, 2007թ. իմ ծաղրանկարներն աննկատ չթողեց հանրապետության հայտնի ծաղրանկարիչ, վաստակավոր նկարիչ, Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ, երջանկահիշատակ Գեորգի Յարալյանը։ Նա երաշխավորեց, որ 250 հայտնի ծաղրանկարիչների գործերի թվում պետք է ներկայացվեն նաև իմ աշխատանքները, որից հետո ինձ ընդունեցին «Добрый юмор» ծաղրանկարիչների միջազգային ընկերակցության անդամ։ Այսպիսով «ԶավՕՍ ճանաչվեց», իսկ ես մնացի հասարակ ու ազատ մարդ։

    
-Այնուհանդերձ ձեր աշխատանքների հանդեպ հետաքրքրություն կա, ձեր գործերը ցուցադրում եք Ալավերդու մշակույթի պալատում ու լավ արձագանքներ կան, օրինակ այցելել են «Ազատություն» ռադիոկայանից, ռեպորտաժ պատրաստել ։ Պատմեք ինչպիսի՞ մասնակցություն ունեք Ալավերդու մշակութային կյանքին։

    
-Ցուցահանդեսը որոշել եմ մշտական դարձնել, այցելուներն այն հետաքրրությամբ են դիտում։ Քանի որ ցուցանմուշները մշտապես թարմացվում են, գալիս կրկնակի են նայում, ավելի շատ կանգնում են ծաղրանկարների առջև, վերլուծում են դետալային մասերը։ Իմ ծաղրանկարների մեջ չեք գտնի մարմնի ընդգծված մասեր՝ մեծ քիթ, բերան և այլն, դրանք արդեն ընկերական շարժեր են՝ ծաղրանկարներ չեն, գաղտնիքը մանրուքների մեջ են։ Օրինակ պատգամավորին, կամ քաղաքական գործչին պատկերել եմ «բաց քամակով», թե ինչ է սա նշանակում, կարծում եմ բոլորն են հասկանում։ ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնել «Ազատություն» ռադիոկայանին՝ լուսաբանման համար։ Պիտի ասեմ, որ «Ազատության» հետ համագործակցության արդյունքում ծնվեց` «Ջիլիզայի իսկական Ձմեռ պապը» տեսաֆիլմը, այն բավական դիտումներ ունի, գլխավոր հերոսը իմ կերտած Ձմեռ պապն է, իմպրովիզացիաները իմն են։ Շնորհակալությունս պիտի հայտնեմ տեղական «Թումանյանական աշխարհ» թերթին, որն այս օրերին իմ կողքին եղավ և առաջին էջն ամբողջությամբ նվիրեց իմ անհատական ցուցահանդեսին։ Ալավերդու մշակութային կյանքն աշխույժ է։ Օրերս արդեն 20 տարուց ավելի գործող երգի, պարի թատրոնի ուժերով կազմակերպվեց «Աշնանային Ալավերդի» համերգային միջոցառումը։ Հենց միջոցառման ժամանակ սկսեցի և ավարտին հասցրեցի «Աշնան մեղեդի» աշխատանքը։ Այն խորհրդանշանական է` նվագող խխունջը դանդաղող, թախծոտ աշնան գույներն են, որին չես ուզում մոտեցող ձմռան շեմին հրաժեշտ տալ, խխունջը միշտ ինձ չգիտես ինչու հայտնվում է, երբ պատրաստվում եմ մեկնել արտագնա աշխատանքի, կից մյուս պատկերներն էլ համեմել եմ միջոցառման տրամադրությամբ։

    
-Ֆեյսբուքյան ձեր ծաղրանկարներից մեկի տակ օգտատերերից մեկն այսպես է արտահայտվել. «Ոտից գլուխ չարություն ա թափվում ձեր արվեստից։ Չի կարելի էդքան չար լինել», ինչպե՞ս եք ընդունում այս կարծիքը։

    
-Իմ ծաղրանկարի հերոսները իրական քաղաքական հայտնի դեմքեր են, որոնք անթերի չեն, ես էլ նրանց սովորեցնելու բան չունեմ։ Պարզապես դա խոսք է, քաղաքացիական դիրքորոշում։ Ծաղրանկարն էլ իր նպատակին չի ծառայի, եթե փշոտ չլինի և քննադատության խոսքը դուր գա ամենքին, ես ազատ մարդ եմ, սա ինքնաարտահայտման ձև է, եթե կան հավանողներ ու քննադատողներ ուրեմն ասելիքս տեղ է հասել, գոնե հաջողվել է ներկայացնել իրական հերոսի բացասական գիծերից մեկը։ Մենք պատգամավորին, քաղաքական գործչին անբասիր ենք պատկերացնում, նրանք, ովքեր շեղվել են ժողովրդին արդար ծառայելու գծից, այսուհետ իմ ծաղրանկարները նրանց պետք է հետապնդեն։ Ի դեպ սա միակ օգտատիրոջ կարծիք էր, որին շնորհակալություն եմ հայտնել ու այսպիսի գրություն թողել. «Թող բոլորը բարի լինեն Հայասատանիս հանդեպ, իմ արվեստն էլ ամենաչարը լինի» ։

    
Հարցազրույցը ՝ Hay Azian-ի
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր

    
Ծնվել եմ Հայաստանում, Ալավերդի քաղաքում 1979 հունիսի 15-ին։ Սովորել եմ Սանահինի Ա.Ի.Միկոյանի անվան դպրոցում, որից հետո` Ալավերդու Ինդուստրիալ Տեխնոլոգիական Տեխնիկումում, մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց աշխատած չկամ այդ մասնագիտությամբ։
Տարիներ շարունակ աշխատել եմ մեր քաղաքի մշակույթի կենտրոնում` որպես միջոցառումների կազմակերպիչ, թատրոնում` երաժշտական ձևավորող, ունեմ հեղինակային միջոցառումներ։
Կյանքի բերումով երկար տարիներ աշխատել եմ կահույքագործ, հետո մի տարի գարեջրագործ։ Պատրաստել եմ հայտնի "Ալավերդի" գարեջուրը։
Այս ամենին զուգահեռ 2006-ից զբաղվում եմ լուսանկարչությամբ, նաև նկարահանումներով։
2007-ից «Բարի կատակ» միջազգային ծաղրանկարիչների ասոսացիայի անդամ եմ, մասնակցում եմ ամենամյա ցուցահանդեսներին։ 2007, 2019 և 2021թթ-ին բացել եմ անհատական ցուցահանդեսներ, վերջինս մշտապես ցուցադրվելու և թարմացվելու է։ 2021թ. rafting.am armenia կայքի լուսանկարիչն եմ։
4 տարի աշխատել եմ Մոսկվայում, բանվորություն եմ արել, ինչպես նաև լուսանկարել։
Գրում եմ վիպակներ, որից առաջինը` «Թերեզան» արդեն տպարանում է։ «Աճպարարի մատանի» վիպակի հիման վրա գրել եմ պիես՝ մոնոդրամա, որը բեմադրվում է մեր քաղաքում, իմ ընկեր, ռեժիսոր, դերասան Արթուր Սիմոնյանի կողմից։

Զավեն Օհանյան


     Թերեզան (Հատված վիպակից)

Արդեն ընթերցողի սեղանին դրվեց Զավեն Օհանյանի «Թերեզան» գիրքը։ Թե ինչպիսին է Թերեզան, կարող եք գիրքը ձեռք բերել գրախանութներից


    
    
Մեր մոտ հարսանիքներին պատրաստվում են դեռ մի տարի առաջ, օղի են թորում, հատկապես մեր սալորի օղին ձորում տարբերվում է իր համով ու հոտով, սալորը շատ քաղցր է, ու երբ հասնելու պահին արևը շատ է լինում՝ քաղցրությունը անցնում է սահմաները։ Հետո թթու են դնում, վարունգի ու կաբաչկայի, ցուլիկ են պահում, խոզ չաղացնում, էլ չեմ ասում Լուդիկ ձալոյի թխած հացը: ՄԻ խոսքով մի ամբողջ արարողություն՝ դեռ հարսանքը չսկսած, արդեն օր են որոշում, կարծում եմ դա նրանից է, որ հայերիս մոտ ընտանիք կազմելը շատ լուրջ ու պատասխանատու բան է։

    
-Պալատկում են անելու, ասում են քաղաքից ու վերևներից շատ մարդա գալու.-աղբյուրի մոտի «բիբիսիներն» են զրուցում։
-Հանաք բան հոմ չի գյուղսովետի ախպոր տղու հարսանիքը։
-Էս ճամփեքին ավտոներ չեն գա, երևի գյուղի ներքևում կկանգնեն։
-Չէ, ի՞նչ ես ասում, երեկ ասին գետի ներքևից ավազ ու քար են բերել լցնեն փոսերը։
-Փոսերը ի՞նչ, անձրևն եկավ կքշի կտանի։
-Հա՛, դե էդ մի օրվա հըմարա էլի։
-Հա՛, բայց ասֆալտն էլ կերան, հետաքրքիրա ինչ եղավ էդ ասֆալտի գործը։
-Այ մա՛րդ դրա մասին մոռացի, դու ասա հասցնեն լցնեն մի երկու օր մենք էլ ճամփեքից կօգտվենք։
Սերոժ պապն էլ, թե.
-Դե ինձ էլ մի քանի նստարան էլ պատվիրել են ավելին սարքեմ, հետո ասին` են դուռ պատուհանն էլ նորոգեմ, հա մեկ էլ ասեցին` մատուռի դուռը սարքեմ։
-Ինչի՞ էդ տեռտեռ էլ են բերելու՞, էդ իրենց երեխեքը սուրբ են` մերը չէ՞։
- Հա՜, դե էդ նարկամանին ով կուզիՙ
-Հա ՛ դե էսքան տարի սպասել են գոնե սրտներով լինի, -մեջ ընկավ Վալոդ պապն, որը գյուղի վարսավիրն է։
-Աաա՜, քեզ ինչ կա, էդքանին կթրաշես, կխուզես
ՈՒ էսպես ամեն անգամ հարսանիքից ու առիթներից առաջ, գյուղը հավաքվում էր, քննարկում արածն ու չարածը։ Գնացի հարսանքատան խոհանոց, մեր գյուխսովետի շենքի կողքին էր, արդեն մեծ «կաստրոլկեքը» բերել էին, հարսները դես դեն էին վազվզում, ամաներն էին լվանում: Հարսանիքը գյուղում մի ամբո՜ղջ արարողություն էր, խոսակցության թեմա, նորություն, բամբասանք։
-Տեսնես սրանց գլխին երբ արև կբացվի, -Ռիտա տոտան էր, -խե՜ղճ աղջիկ ամբողջ կյանքում ուրիշի սեղան գցեց, ուրիշին պսակեց։
-Իիի՜ հա՛ էդ կաղին ո՞վ կուզի, տեր էլ չունի, հորը տարին տասներկու ամիս տանում բերում են։
-Կրակվածն էլ էնքա՜ն սիրունա։
-Դրա փեշին ձեռ տվող էլ չի եղել երևի։
-Ասում են` մոր նման ա, սիրուն կին ա եղել։
Իսկ ես գլուխս քաշ իմ գործն եմ անում՝ տոլմա փաթաթում, չլսելու տալիս, գյուղում ինձ բացի են, որ կաղ եմ, խուլ էլ գիտեն, որովհետև միշտ վիրավորանքները չլսելու եմ տվել:
ՈՒ հանկարծ աչքովս ընկավ Արթուրը, որը խմիչքն էր բերում ու աչքի տակով նայում։ Արթուրին փորձել էին ամուսնացնել մի երկու անգամ, առաջին կինը քաղաքից էր` թողեց գնաց, երկրորդը` կողքի Ծաղկաշատից, եկավ հետո... սարում բռնացրին դուրս արեցին:
Արթուրն ամուլ էր...

    
***
Հորս առաջին անգամ տարան, երբ ես փոքր էի. եկավ սև վոլգան, մի շեեե՜կ ու կանաչ զզզվելի հայացքով մարդ մտավ տուն, սարսափեցի էդ հայացքից։
-Ну красавица ты иди в другую комнату, а то сееем, -ու ի ցույց դրեց հսկա ժանիքներն ու ամբողջովին արծաթապատ ատամները. ի դեպ դրանք իմ հիշողության մոտ մնացին մինչև կյաքիս վերջ։
Ես չհասկացա ինչա ասում, բայց զզվեցի այդ բառերի երանգներից, ինձ գրկեց մյուս շեկ ու հաստավիզ տղամարդը, փակեցին «կլադովկում» ..հին ու կոտրած ունիտազին նստացրեց, մի հատ էլ մատով ցույց տվեց որ լուռ մնամ։ Ես ինչ որ ձայներ էի լսում, կարծես թե վերմակ են թափ տալիս, հետո տնքոցներ, ու էլի այդ զզվելիի ձայնը
֊скажи где этот проклтый архив, а то жизнь преврашу кашмаром.
Միայն կաշմար բառը ծանոթ թվաց, այն էլ ֆիլմերից էի լսել, առաջին ամերիկյան ֆիլմերից...լռություն տիրեց, հետո կարծես գետնին պարկ են քարշ տալիս, թրմփոց լսեցի... հետո բաժակների չխկոց...ծորակը բացեցին...ես կամաց-կամաց մոտեցա միջանցքի դռանը, որի վրա ներքևի հատվածում մեծ մեխերի հետքեր կար, նայեցի...դրանք գրեթե գետնին
հավասար էին... լիքը սապոգներ տեսա ու գետնին ինչ որ մեկը պառկած էր...
- ну, будеш или повторить?
Այդ պահին լսեցի ինձ շատ հարազատ ծխախոտից խռպոտացած հորս ձայնը.
-Ես վաղուց արխիվ չունեմ...
էլի հարված, թրմփոց։ Գետնին պառկած մարդը դեմքով շրջվեց ինձ.հորս անճանաչելի դարձած դեմքը տեսնելով մարմնովս սարսուռ անցավ ու ես թրջեցի տակս... փակեցի
բերանս, աչքերս... Արթնացա արդեն երեկո էր...
    
    
Զավեն Օհանյանի թեմատիկ աշխատանքներն այստեղ
    
    
  • Զավեն Օհանյանի «Մտահոգություններ կյանքի մասին» նկարների շարքը
  • Զավեն Օհանյանի «Կինը կաղապարի մեջ» նկարների շարքը
  • Զավեն Օհանյանի «Քաղաքական գործիչներ» ծաղրանկարների շարքը
  • Զավեն Օհանյանի լուսանկարչական աշխատանքներից
Զավեն Օհանյանի թեմատիկ աշխատանքներն այստեղ
    
     Подробнее здесь: https://nidoragir-grakan.webnode.ru/news/%d5%a6%d5%a1%d5%be%d5%a5%d5%b6-%d6%85%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d6%84-%d5%a1%d6%80%d5%be%d5%a5%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b6/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2576 | 0 | 0
Facebook