Loading...

Articles

Հին Հռոմում և միջնադարյան Եվրոպայում ինչպես են պատժել հայրասպաններին

21:24, Wednesday, 03 November, 2021
Հին Հռոմում և միջնադարյան Եվրոպայում ինչպես են պատժել հայրասպաններին

Լատիներեն «Poena cullei» -ը ( «մահապատիժ պարկում» ) հռոմեական քրեական իրավունքի որակավորված մահապատժի տեսակ է եղել: Մահապատժի դատապարտված մարդուն կենդանի օձի, կապիկի, շան և աքաղաղի հետ գցել են կաշվե պարկի մեջ, պարկի բերանը կարել են ու նետել են ծովը կամ այլ ջրավազանի մեջ:

Այս մահապատիժը կիրառվել է հայրասպանության (patricidium) կամ մերձավոր ազգականին սպանելու դեպքում: Այն խորհրդանշական-սրբազան ծեսի բնույթ է կրել, քանի որ «poena cullei» -ի դատապարտված հանցագործը նույնացվել է հիշյալ կենդանիներին, որոնք համարվել են ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորողի օրինակ:

Հռոմեացի ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Կիկերոնն ասում է, թե այս նույն պատժին են ենթարկվել նաև սրբապղծություն կատարողները:

Հռոմեական կայսրությունում քրիստոնեության ընդունումից հետո հիշյալ մահապատիժը հաստատվել է Կոստանդիանոս Մեծ կայսրի կողմից, որն այս մահապատիժը տարածել է նաև սեփական զավակներին սպանող ծնողների վրա:

«Poena cullei» - ը պահպանվել է նաև Բյուզանդիայում, մասնավորապես, Հուստինիանոս Առաջինի օրենսգրքում: Ընդ որում Դիգեստորիումներում (օրենքներից և իրավաբանների դասական երկերից քաղվածաբար կազմված ժողովածուներ) ճշգրտվել են տվյալ մահապատժի գործադրման որոշ արարողակարգային առանձնահատկությունները (մահապատժի դատապարտվածին նախապես մահակով ծեծել են, իսկ կենդանիների հետ պարկի մեջ բանտված վիճակում ծովը նետելուն նա ենթակա է եղել միայն այն դեպքում, եթե ծովը մոտակայքում է եղել. եթե ծովը մոտ չի եղել, հանցագործին նետել են գազանների առաջ, որպեսզի պատառոտեն):

Հռոմեական իրավունքի դրույթները մարդուն մահապատժի ենթարկելու պարագայում միջնադարյան Եվրոպայի մի շարք երկրներում կիրառվել են որոշակի փոփոխություններով:

Սովորական իրավունքի ֆրանսիական օրենսգրքում (1260 թ.) որը կազմվել է Հուստինիանոսի Դիգեստորիումների հիման վրա, հիշատակվում է աքաղաղի, շան և օձի հետ պարկում մարդու մահապատժի մասին:

13-րդ դարի վերջերին «poena cullei» - ի վրա հիմնված մահապատիժը, որոշակի փոփոխություններով, կիրառվել է նաև Գերմանիայում: Այստեղ գողին կախել են գլխիվայր՝ մեկ կամ երկու շան հետ՝ շներից մեկը մահապատժի ենթարկվածի աջ, մյուսը՝ ձախ կողմում:

Միջնադարյան իրավաբանները, մեկնաբանելով հռոմեական իրավունքի համապատասխան դրույթները, այսպես են բացատրել «poena cullei» - ի սիմվոլիզմը.

-շունը խորհրդանշում է, որ հանցագործը պատշաճորեն չի վերաբերվում իր ծնողներին, քանի որ շունն իր կյանքի առաջին ինը օրերին կույր է,

-աքաղաղն ինքնին հանցագործություն է,

-օձը խորհրդանշում է մահապատժի ենթարկվողի ծնողներին պատճառվող ցավը,

-կապիկը խորհրդանշում է հանցագործին (մարդու հետ արտաքուստ նմանություն, բայց մարդ կոչվելու իրավունքի բացակայություն, քանի որ հրեշավոր հանցանք է գործել):

Շունը հավելյալ սիմվոլիկ նշանակություն է ձեռք բերել «հրեական մահապատժի» համատեքստում, քանի որ և՛ հրեական, և՛ քրիստոնեական ավանդություներում շունը նախանձության մեղքը մարմնավորող պիղծ կենդանի է համարվել: Բացի այդ, միջնադարյան աստվածաբանները շանը, էշին, կատվին և խոզին համարել են սատանայի օգնականները երկրի վրա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1304 | 0 | 0
Facebook