Մոր արցունքը այրող հո՛ւր է,
Ջո՜ւր է, կյանքն իր մեջ առած,
Մայրը մեզ հետ ամենո՜ւր է,
Մայրը՝ մի մե՜ծ Առեղծված:
Սիրտը նրա անհանգիստ է
Որսորդ տեսած վիթի պես,
Մայրը ոտքից գլուխ խի՜ղճ է՝
Հոգին հանած-տված քեզ:
Մեկ –մեկ այնպես խե՜ղճ է թվում -
Կրակն ընկած գրքի պես,
Մե՛կ էլ վայրի գազան դառնում,
Երբ տագնապն է սպառնում քեզ:
Գիրկը նրա - խենթ մի ամառ,
Ձեռքերը ձեռք չեն՝ այլ թևեր,
Ու թվում է թե քեզ համար
Մի նոր աշխարհ է բացվել:
Որտեղի՞ց է այդքան ջերմը-
Մի բուռ մարմնում գտել բույն,
Ա՜խ, ինչո՞ւ մոր արցունքները
Երբե՜ք, երբեք չեն հատնում…
Ի՜նչ էլ տեսան մոր աչքերը
Նախամարդուց մինչ այսօր,
Նույնը մնաց նրանց սերը-
Անփոփո՜խ, անմնացորդ:
Միամի՜տ են մայրերը մեր
Ծաղկաթերթի նման նուրբ,
Չեն սովորել լացը պահել
Վշտից դաղված աչքերում:
Միշտ էլ բարձը թաց է եղել
Մոր անհանգիստ գլխի տակ,
Մայրն ի՞նչպես է գլուխ դրել,
Ի՞նչպես քնել բարձին այդ:
Միշտ մի բա՜ն է նրանց մտքո՜ւմ,
Շրթի՜ն, աչքի՜ն ու սրտո՜ւմ.
- Է՜հ, գիշերվա կե՜սն է արդեն,
Ո՜ւշ է, որդիս չեկավ տուն:
Հարցե՜ր, հարցե՜ր …մո՞րը ուղղված,
Թե՞ մայր ստեղծող Արարչին,
… Այս աշխարհում այլասերված
Միայն մայրն է պայծա՜ռ, ջի՜նջ:
Հնարել ենք հեծանիվ,
Սի՛րտը ճեղքել ատոմի,
Դեգերել ենք տիեզերքի
Անհուններում ամայի:
Ոչ մայրական լեզվի գա՜նձը՝
Տա՜ք, գուրգուրո՜ղ` ու քնքուշ,
Ոչ մոր սրտի առեղծվածը
Դեռ չե՛նք գտել այս կյանքում:
Մայրերը չե՜ն ծերանում -
Բերք չտվող ծառի պես,
Տարիքն առնո՜ւմ փոքրանո՜ւմ են,
Կծկվո՜ւմ՝ դառնում լո՜ւռ ու հեզ:
Մոր արցունքը այրող հո՛ւր է,
Ջո՜ւր է, կյանքն իր մեջ առած,
Մայրը մեզ հետ ամենո՜ւր է,
Մայրը՝ մի մե՜ծ Առեղծված:
Ս.Ումառ-Հարությունյան