Loading...

Articles

Նորընտիր նախագահն ընդամենը 102 օր է կառավարել

19:26, Thursday, 21 October, 2021
Նորընտիր նախագահն ընդամենը 102 օր է կառավարել

1993 թվականի հոկտեմբերի 21-ին սպանվել է Բուրունդիի Նախագահ Մելքիոր Նգեզի Նդադայեն՝ իր երկրում դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջին նախագահը:

Չնայած Բուրունդիում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելված է եղել դիկտատոր Ժան Բատիստ Բագազայի կառավարման տարիներին, այնուամենայնիվ, Նդադայեն իր կողմնակիցների հետ 1986 թվականին ընդհատակում հիմնադրել է «Դեմոկրատական ճակատ հանուն Բուրունդիի» կուսակցությունը, որն ընդհատակում գործել է մինչև 1992 թվականը, երբ երկրի նախագահ Պիեր Բույոյան 1993 թվականին նշանակված նախագահական ընտրությունների նախաշեմին սկսել է քաղաքական ազատականացման գործընթաց և թույլ է տվել Նդադայեի կուսակցության գրանցումը:

1993 թվականի ապրիլին վերոհիշյալ կուսակցությունը Նդադայեին նախագահի թեկնածու է առաջադրել: Նրա թեկնածությանն աջակցել է ուտու ժողովրդի ևս երեք կուսակցություն: 1993 թվականի հունիսի 1-ին Նդադայեն հաղթել է երկրի առաջին նախագահական ընտրություններում. Նա ստացել է ընտրողների ձայների շուրջ 65 տոկոսը, Պիեր Բույոյան՝ մոտ 33 տոկոսը, իսկ հունիսի 29-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը ստացել է խորհրդարանի 81 տեղից 65-ը:

Նդադայեն զգուշավոր ու չափավոր քայլեր է արել՝ փորձելով հաղթահարել բուրունդիական հասարակությունում առկա էթնիկ խորը պառակտումը, որում մեծամասնությունը (թութսիները) զբաղեցրած են եղել երկրի գրեթե բոլոր ղեկավար պաշտոնները և բանակի բոլոր հրամանատարական պոստերը: Նդադայեն Սիլվի Կինիգեին (թութսի ազգության կին) նշանակել է երկրի վարչապետ, նախարարական պաշտոնների մեկ երրորդը հանձնել է նախկին նախագահ Բույոյայի «Միություն հանուն ազգային առաջադիմության» կուսակցության ներկայացուցիչներին: Նա քաղաքական համաներում է հայտարարել, որի շրջանակներում արդարացվել է երկրի նախկին դիկտատոր Ժան Բատիստ Բագազան:

Չնայած նախագահական պարտականություններին զգուշավոր մոտեցմանը՝ նրա մի քանի գործողությունները, այնուամենայնիվ, հասարակության մեջ լարվածության են հանգեցրել: Նա կասկածի տակ է առել այն համաձայնություններն ու որոշումները, որոնք ընդունվել են թութսիների կառավարման տարիներին. դա սպառնալիք է պարունակել թութսի ժողովրդի օլիգարխիկ վերնախավի և բանակի նկատմամբ: Նա ռեֆորմներ է սկսել ռազմական և արդարադատության ոլորտներում, որպեսզի նվազեցնի ուժային կառույցներում թութսիների գերիշխող կարգավիճակը: Էթնիկ խնդիրները սրվել են նաև ազատ լրատվամիջոցների ջանքերով:

Նդադայեի կառավարումը շատ կարճ է տևել (102 օր): Նրան պաշտոնից հեռացրել են հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հեղաշրջման (թեպետ այն անհաջող է եղել) արդյունքում: Այդ օրվա ճշգրիտ իրադարձությունները թեպետ անհայտ են մնացել, բայց հաստատ է, որ գիշերվա ժամը մեկին խռովություն սկսած զրահատանկային գումարտակը, որին միացել է մայրաքաղաքի շուրջ 100 կոմանդոս, պարաշյուտիստ ու ժանդարմ (հիմնականում թութսի ազգությունից), շրջապատել է 38 զինվորով և 2 զրահամեքենայով պաշտպանվող նախագահական պալատը: Առավել հավանական է, որ Նդադայեին, որը կարողացել էր թաքնվել գրոհող զինվորներից, ինչպես նաև Ժողովրդական ժողովի նախագահ Պոնտեն Կարիբվամին և Ազգային ժողովի փոխխոսնակ Ժիլ Բիմազումբուտեին ու մի քանի նախարարների տեղափոխել են զորանոց՝ իբր պաշտպանելու համար: Նրանք, ինչպես նաև խորհրդարանի ու կառավարության բազմաթիվ այլ անդամներ այդ զորանոցում էլ սպանվել են: Նդադայեին սվինահարելով են սպանել (14 վերք): Նրա ընտանիքին հաջողվել է թաքնվել Ֆրանսիայի դեսպանատանը:

Խռովությունը գլխավորել են բանակի գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Ժան Բիկոմագուն, երկրի նախկին նախագահ Պիեր Բույոյան և ներքին գործերի նախկին նախարար Ֆրանսուա Նգեզեն:

Նախագահի սպանությունը երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել: Պետական հեղաշրջման այս փորձն արագ ձախողվել է, քանի որ Ֆրանսուա Նգազեն, որին առաջարկել են նոր կառավարություն կազմել, հրաժարվել է աջակցել խռովարարներին և երկրի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել այդ ժամանակվա վարչապետ Կինիգիին, որը նույնպես թաքնված էր Ֆրանսիայի դեսպանատանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սպանությունն ու հեղաշրջումը և տեղի ունեցածը ներկայացրել է Գլխավոր Ասսամբլեայի քննարկմանը:

Հեղաշրջման հաջորդած անկարգությունների ընթացքում զոհվել է շուրջ 100 հազար մարդ: Երկիրը մխրճվել է քաղաքացիական պատերազմի հորձանուտը, որի արդյունքում, ըստ ՄԱԿ-ի նախնական գնահատականի, 250-ից 300 հազար մարդ է զոհվել:

Նախագահի սպանության հետաքննությունը վարել է ՄԱԿ-ը, որի արդյունքները հրապարակվել են 1996 թվականին: Մեղավոր են ճանաչվել թութսի ազգության զինվորականները: Կոնկրետ թվեր և անուններ չեն հրապարակվել, բայց շատերը երկրի նախկին նախագահ Բույոյային համարել են գլխավոր մեղավորներից մեկը:

1999 թվականին, քաղաքացիական պատերազմը դադարեցնելու շրջանակներում, տեղի են ունեցել բազում ձերբակալություններ (կապված նախագահի սպանության կասկածյալների հայտնաբերման հետ): Հինգ հոգի դատապարտվել է մահապատժի: 74 մարդ մեկից քսան տարվա բանտարկության է արժանացել, բայց բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասն արդարացվել է, որը Նդադայեի կողմնակիցների դժգոհությունն է հարուցել:

2018 թվականին Պիեր Նկուրունզիզիի կառավարությունը ձերբակալել է բանակի մեկ գեներալի և երեք գնդապետի՝ նպատակ ունենալով նրանց մեղադրանք ներկայացնել Նդադայեի սպանության մեջ:

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Բուրունդիի Գերագույն դատարանը նախկին նախագահ Պիեր Բույոյային ցմահ բանտարկության է դատապարտել, դատապարտվել է ևս 18 մարդ նախագահի սպանությանը մասնակցելու համար:

2019 թվականի հուլիսի 1-ին Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայի օդանավակայանը սպանված նախագահի անունով է կոչվել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1080 | 0 | 0
Facebook