Loading...

Articles

«Ես մինչև 19-րդ դարի վերջը չեմ ապրի: Անգլիացիները չեն դիմանա իմ հետագա ներկայությանը»

23:45, Monday, 04 October, 2021
«Ես մինչև 19-րդ դարի վերջը չեմ ապրի: Անգլիացիները չեն դիմանա իմ հետագա ներկայությանը»

Ուայլդի ու Դուգլասի միջև հարաբերությունների խզմանը նպաստել է նաև այն, որ, մի կողմից, Կոնստանցը սպառնացել է, թե եթե նա չբաժանվի Դուգլասից, ապա ինքն ամուսնուն կզրկի ապրուստից, իսկ մյուս կողմից էլ այն, որ մարքիզ Քուինսբերին խոստացել է, որ եթե նա խզի հարաբերությունները Դուգլասի հետ, ապա ինքը կվճարի նրա բոլոր պարտքերը:

Ֆրանսիայում Ուայլդն անունը փոխել է Սեբաստիան Մելմոթ անվամբ: Մելմոթ ազգանունը նա փոխառել է 18-րդ դարի անգլիացի գրող Չարլզ Մեթյուրինի (Ուայլդի ազգականի) «Աստանդական Մելմոթը» վեպից: Ուայլդը խույս է տվել հանդիպումներից այն մարդկանց հետ, որոնք կարող էին իրեն ճանաչել: Բայց նրա բախտը չի բերել, և նա շարունակ տեղից տեղ է փախել՝ մի տեսակ հիմնավորելով իր նոր («Աստանդական») անունը: Ֆրանսիայում Ուայլդը գրել է «Ռեդինյան բանտի բալլադը» պոեմը: Բալլադի հերոսը, որն ամբողջ կյանքում իրեն առանձնահատուկ անձնավորություն է համարել, հանկարծ գիտակցել է, որ ինքն ընդամենը մի սովորական մեղավոր է: Նրա մեղքը, որը նա «ընտրյալություն» է անվանում, եզակի երևույթ չէ, քանի որ մեղքերը շատ են: Մինչդեռ ապաշխարությունն ու կարեկցությունն են միավորում բոլորին: Բոլոր մարդիկ միավորված են մերձավորի նկատմամբ ընդհանուր մեղքի զգացումով, քանի որ չեն կարողացել պաշտպանել, չեն կարողացել օգնել իրենց նմանին ու իենց նմանին օգտագործել են սեփական հաճույքի կամ շահի համար: Մարդկային ցեղի միավորմանը կարելի է հասնել միասնական զգացմունքի և ոչ թե եզակի կրքի միջոցով:

Ուայլդը նաև մի քանի հոդված է հրապարակել՝ առաջարկելով բարելավել բանտարկյալների կյանքի պայմանները: 1988 թվականին պառլամենտի Համայնքների պալատը «Բանտերի մասին օրենք» է ընդունում, որում արտացոլվել էին Ուայլդի առաջարկություններից շատերը:

Բեռնարդ Շոուն գրողի կյանքի այդ ժամանակահատվածի մասին հետևյալն է գրել. «Ուայլդը հնարավորինս պարզեցրեց իր կյանքը՝ կարծես նախապես գիտեր, որ անհրաժեշտ է ազատվել ամեն մի ավելորդությունից, որպեսզի ընթերցողը լիովին զգա նախավերջին գործողության դրամատիզմը»:

Մահվանից մի քանի օր առաջ Ուայլդն իր մասին հետևյալն է ասել. «Ես մինչև 19-րդ դարի վերջը չեմ ապրի: Անգլիացիները չեն դիմանա իմ հետագա ներկայությանը»:

Օսկար Ուայլդը մահացել է Ֆրանսիայում, 1900-ի նոյեմբերի 30-ին, սուր մենինգիտից (ուղեղապարկի բորբոքում), որը հետևանք էր ականջում սկսված բորբոքումի: Հիվանդությունն Ուայլդին մեծ տառապանք է պատճառել: Մահվանից մեկ ամիս առաջ նա կաթոլիկություն է ընդունել, ապա, ըստ տարածված առասպելի, հանկարծ նկատել է կատարած ծառայությունների համար բժշկի ներկայացրած բավականին խոշոր հաշիվը և ասել է. «Բժիշկ, ես մեռնում եմ, ինչպես ապրեցի՝ ծախսելով իմ ունեցածից շատ ավելին»: Մահվանից մի քանի օր առաջ նա զրկվել է խոսելու ունակությունից և կարողացել է շփվել միայն շարժումներով: Հոգեվարքը սկսվել է նոյեմբերի 30-ի առավոտյան 5: 30-ին և շարունակվել է մինչև ժամը 13: 50-ը:

Նրան թաղել են Փարիզի «Բանյո» գերեզմանատանը, որտեղից 10 տարի անց նրա աճյունը տեղափոխել են «Պեր Լաշեզ» գերեզմանատուն: Նրա շիրիմին թևավոր սֆինքս (քարակերտ) է կանգնեցվել: Ժամանակի ընթացքում սֆինքսը, համբուրելու հետևանքով, պատվել է շրթներկի բազմաթիվ հետքերով, քանի որ ծնունդ է առել մի առասպել առ այն, թե սֆինքսին համբուրողը կգտնի իր սերը և այն երբեք չի կորցնի: Ավելի ուշ մասնագետները մտահոգություն են հայտնել, թե շրթներկը կարող է քայքայել հուշարձանը: Ահա թե ինչու 2011 թվականի նոյեմբերի 30-ին, Օսկար Ուայլդի մահվան 111 ամյակի օրը, որոշում է կայացվել սֆինքսն ապակյա ցանկապատով շրջապատել: Նախագծի հեղինակները՝ Իռլանդական մշակութային կենտրոնի մասնագետները, հույս ունեն, որ այս կերպ արձանը կպաշտպանեն շրթներկի կործանարար ազդեցությունից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1311 | 0 | 0
Facebook