Loading...

Articles

Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (3)

16:23, Tuesday, 14 September, 2021
Խաչափայտի գյուտից մինչև Խաչվերաց (Խաչի բարձրացում) տոն (3)

Բայց Խոսրովը Երուսաղեմով գոհանալու մտադրություն չի ունեցել: 616 թվականին նրա զորքերը ներխուժել են Աֆրիկա ու նվաճել են Եգիպտոսը, իսկ 617 թվականին պարսկական մեկ այլ բանակ նվաճումներով հասել է Բոսֆորի ասիական ափ ու գրավել է Կոստանդնուպոլսի դիմաց գտնվող հանրահայտ Քաղկեդոն քաղաքը: Այսպիսով, Խոսրով 2-րդ Փարվեզին հաջողվել է վերականգնել Աքեմենյան հարստության ժամանակների պարսկական մեծ տերությունը Նեղոսի ափերից մինչև Հնդկաստան: Նա հասել էր մի այնպիսի հզորության, որ կարող էր նույնիսկ երազել Բյուզանդիան վերջնականապես կործանելու մասին: Քաղկեդոնը կորցնելուց հետո Բյուզանդիայի Հերակլ Առաջին կայսրը նորից փորձել է հաշտություն կնքել ահեղ հակառակորդի հետ: Նա անձամբ գնացել պարսկական բանակ և համոզել է, որ ընդունեն իր առաջարկը: Սեբեոս պատմիչն այդ մասին հետևյալն է գրել.

«Արդ՝ երբ Հերակլ կայսրը տեսավ ելուզակին, որ եկավ կործանելու իր թագավորությունը, ակամա բարեկամացավ և մեծարեց նրանց՝ իբրև վաստակաշատ և սիրելի հյուրերի: Նվերներով ընդառաջ ելավ նրանց և զորավարին ու զորապետերին մեծամեծ ընծաներ տվեց: Եվ ողջ զորքին մինչև յոթերորդ օրը ճաշ և ընթրիք բաժանեց: Ինքը նստել էր նավ. ծովի մեջ էր և նրանց հետ խոսում էր այսպես. ի՞նչ եք կամենում անել, կամ ինչո՞ւ եկաք այստեղ. մի՞թե ծովը ցամաք եք կարծում՝ պատրաստվելով նաև ծովում մարտնչել մեր դեմ: Աստված կարող է, եթե կամենա, կցամաքեցնի սա ձեր առջև, բայց զգո՛ւյշ եղեք. Գուցե Աստված չհաճի և ծովի անդունդներով վրեժ լուծի ձեզանից: Քանզի ոչ թե ձեր աստվածապաշտության համար ձեզ հաղթություն տվեց, այլ մեր անօրինության. մեր մեղքերի պատճառով կատարվեց այս և ոչ թե ձեր քաջության: Եվ կամ ի՞նչ է ուզում ձեր թագավորն ինձնից, որ ինձ հետ հաշտություն չի կնքում. կամենում է վերացնե՞լ իմ թագավորությունը, թող չջանա, քանզի Աստված է հաստատել այս, և ոչ ոք չի կարող վերացնել, իսկ եթե Աստծուն այդպես հարմար թվա, Աստծու կամքը կկատարվի: Եվ կամ Խոսրովն ասում է. «Ես պետք է ձեզ թագավոր նստեցնեմ»: Թող կարգի՝ ում կամենում է, և մենք կընդունենք: Բայց եթե Մորիկի արյան վրեժն է լուծում, ապա Աստված քինախնդիր եղավ Փոկասից իմ հայր Հերակլի միջոցով, այլ տակավին ծարավի է արյունարբության: Մինչև ե՞րբ չպիտի հագենա արյամբ, մի՞թե հոռոմները չէին կարող սպանել նրան և վերացնել պարսից պետությունը, երբ Աստված նրան մեր ձեռքը հանձնեց. Բայց նրա հանդեպ ողորմություն ցուցաբերեց: Ես ևս նրանից նույնն եմ խնդրում՝ հաշտություն և սեր: Ես նաև ձեզնից երեք բան եմ խնդրում, և լսեցեք ինձ. հեռո՛ւ տարեք այս աշխարհից հուրը սուրն ու գերությունը, և այդ երեքից էլ օգուտ կքաղեք, քանզի ո՛չ դուք սովից կնվազեք, ո՛չ արքունի տուրքերը կորստյան կմատնվեն: Ահավասիկ ես ձեր թագավորին ուղարկում եմ հրովարտակ՝ ընծաներով՝ խնդրելու նրանից հաշտություն և ինձ խաղաղություն»:

Եվ ընդունելով ընծաները՝ պարսիկները համաձայնել են կատարել նրա խնդրանքը:

Հերակլ Առաջինին այնքան անհրաժեշտ է եղել հաշտությունը պարսիկների հետ, որ անմիջապես կատարել է իր խոստումը՝ 70 հոգուց բաղկացած մի դեսպանություն ուղարկելով Պարսկաստան: Կայսրն այն աստիճան է հուսահատված եղել, որ վճռել է մայրաքաղաքը տեղափոխել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող պատմական Կարթագեն ու նույնիսկ հանձնարարել է սկսել տեղափոխումը: Մի քանի նավ՝ բեռնավորված պալատական գանձերով, ուղևորվել են դեպի Կարթագեն:

Մինչդեռ Խոսրովը, հասած լինելով փառքի գագաթնակետին, բյուզանդացիներին իր խորին արհամարհանքը ցույց տալու համար, հրամայել է շղթայել դեսպանության բոլոր անդամներին և հսկողության ներքո, որպես կալանավորներ ներկայացնել իրեն: Ապա գոռոզ բռնակալն այսպես է պատասխանել Հերակլի խնդրանքին.

«… ամենայն երկրի տեր ու թագավոր և մեծ Արամազդի ծնունդ Խոսրովից մեր անմիտ ու անպիտան Հերակլ ծառայիդ:

Չկամեցար գալ մեր ծառայության, այլ քեզ տեր ու թագավոր ես կոչում և իմ հարստությունը, որ քեզ մոտ է, վատնում ես, իմ ծառաներին խաբում և ավազակների զորքերը ժողովելով՝ ինձ հանգիստ չես տալիս: Չէ՞ որ ոչնչացրի հույներին: Իսկ դու ասում ես՝ ապավինել ես քո Աստծուն. ինչո՞ւ Կեսարիան, Երուսաղեմն ու Մեծ Աղեքսանդրիան չփրկվեցին իմ ձեռքից: Մի՞թե նաև այժմ չգիտես, որ ծովն ու ցամաքը հնազանդեցրի ինձ և արդ՝ միայն Կոստանդնուպոլի՞սը չեմ կարողանա քանդել: Բայց արդ՝ ներում եմ քո բոլոր հանցանքները. վե՛ր կաց, վերցրո՛ւ քո կնոջն ու որդիներին և արի՛ այստեղ: Քեզ ագարակներ, այգիներ ու ձիթենիներ կտամ, որոնցով կապրես, իսկ մենք սիրով կվերաբերվենք քեզ: Թող քեզ չխաբի ձեր սնոտի հույսը, քանզի Քրիոտոսը, որ իրեն չկարողացավ փրկել հրեաներից, այլ սպանեցին՝ խաչափայտից կախելով, քեզ ինչպե՞ս կարող է փրկել իմ ձեռքից: Քանզի եթե ծովի անդունդներն էլ իջնես, ձեռքս կերկարեմ ու քեզ կբռնեմ, և ապա կտեսնես ինձ, ինչպես դու չէիր կամենա»:

Նկարում՝ Հերակլ Առաջին կայսրի ոսկեդրամը:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1965 | 0 | 0
Facebook