Loading...

Articles

«Մոսկվան նրան, ըստ էության, Խորհրդային Միության թշնամի է համարել»

16:30, Tuesday, 17 August, 2021
«Մոսկվան նրան, ըստ էության, Խորհրդային Միության թշնամի է համարել»

33 տարի առաջ, այս օրը, այս հոդվածը հրապարկվելու ժամին (1988 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 14;30-ին) ինքնաթիռի կործանումից զոհվել է Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, 1977 թվականից երկրի փաստական ղեկավար Մուհամեդ Զիա ուլ Հակը:

«C – 130 Hercules» ինքնաթիռով նա Բահավալպուրի ռազմական հանգրվանից վերադառնալիս է եղել Ռավալպինդի, որտեղ Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբն է: Ինքնաթիռում են եղել նաև 36 այլ ուղևորներ, այդ թվում Պակիստանում ԱՄՆ դեսպանը և ամերիկյան դեսպանատան ռազմական կցորդը: Զիա ուլ Հակի ինքնաթիռի հետևից ընթացել է պակիստանցի գեներալ Միրզա Ասլամ Բեգի ինքնաթիռը: Իսլամաբադին մոտենալիս «C – 130 Hercules» -ը հանկարծ կողաթեքվել է ու կտրուկ ցած է խոյացել: Կորցնելով բարձրությունը՝ ինքնաթիռը, ականատեսների վկայությամբ, մի պահ անհետացել է, ապա նորից հայտնվել է ու վեր է խոյացել, այնուհետև միանգամից մեծ արագությամբ իջել է ու բախվել գետնին: Ասլամ Բեգը շրջանց թռել է ինքնաթիռի կործանման վայրի վրայով և Իսլամաբադին ռադիոհեռագրել է երկրի հիսունչորսամյա փաստական ղեկավարի զոհվելու մասին:

Փորձագետների վարկածները շատ տարբեր են եղել. պակիստանցիները ենթադրել են, թե ինքնաթիռում թունավոր գազով լի տարա է եղել, և երբ աշխատել է պայթուցիչը, տարան բացվել է, գազը թունավորել է օդաչուներին, և ինքնաթիռը զրկվել է կառավարումից:

ԱՄՆ մասնագետներն օդանավի բեկորներում դիվերսիոն գործողություններում օգտագործվող տետրանիտրատի պենտարիտրիտոլ (պայթուցիկ նյութ է) են հայտնաբերել:

Կասկածել են Խորհրդային Միության հատուկ ծառայություններին. Աֆղանստանն օկուպացրած խորհրդային զորքերի դեմ պայքարում տեղի պարտիզաններին Զիա ուլ Հակի գլխավորած վարչախումբը ոչ միայն մեծապես օգնել է, այլև թույլ է տվել, որ ամերիկյան իշխանությունները Պակիստանի տարածքն օգտագործեն որպես նյութատեխնիկական բազա աֆղանական դիմադրության շարժմանն աջակցելու համար: Բայց և այնպես ահաբեկչական գործողության պատվիրատուներն ու կազմակերպիչները չեն հայտնաբերվել:

Հավելյալ տեղեկանք

Պակիստանի հետախուզության բազմաթիվ աշխատակիցներ զբաղված են եղել խորհրդային զորքերի դեմ կռվող մոջահեդներին զենք ու զինամթերք մատակարարելով: Պակիստանի տարածքում տեղաբաշխված մոջահեդների ճամբարներում պահվել են գերեվարված խորհրդային զինվորները, որոնց մի մասին սպանել են: Փորձագետների գնահատմամբ՝ եթե Պակիստանի աջակցությունը չլիներ, մոջահեդները հաջողության չէին հասնի: Ահա թե ինչու խորհրդային ղեկավարությունն ու մամուլը Զիա ուլ Հակին մեղադրել է մոջահեդներին հովանավորելու մեջ: Մոսկվան, ըստ էության, նրան Խորհրդային Միության թշնամի է համարել: Այնուամենայնիվ, 1982 թվականի նոյեմբերին, առանց խորհրդային կողմի հրավերի, նա ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Լեոնիդ Բրեժնևի թաղմանը: Յուրի Անդրոպովն ու Անդրեյ Գորմիկոն փորձել են նրան համոզել, որ ձեռնպահ մնա մոջահեդներին աջակցելուց, բայց ոչ մի արդյունքի չեն հասել: Զիա ուլ Հակի վարչակազմի դիրքերը Պակիստանում խարխլելու համար խորհրդային զորքերը միլիոնավոր աֆղանների ստիպել են հեռանալ Պակիստան, իսկ խորհրդային ինքնաթիռներն ավելի ու ավելի հաճախակի են հատել Պակիստանի սահմանը՝ այնտեղ գտնվող մոջահեդների բազաները ռմբահարելու համար: Սովետը նաև զենք ու զինամթերք է մատակարարել այն էթնիկ խմբերին ու ցեղերին, որոնք թեկուզ աննշան հակասություն են ունեցել Զիա ուլ Հակի հետ:

Խորհրդային մամուլում ընդամենը կարճ հաղորդագրություն է եղել ինքնաթիռի կործանման և Զիա ուլ Հակի զոհվելու մասին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2475 | 0 | 0
Facebook