Loading...

Articles

Նոր ոչի՜նչ չկա՛ Այս հին աշխարհում

16:04, Saturday, 10 July, 2021
Նոր ոչի՜նչ չկա՛ Այս հին աշխարհում

Նոր ոչի՜նչ չկա՛

Այս հին աշխարհում՝

Նույն գիշե՜րն է լուսնկա,

Նույն ցերե՜կը խավարում:


    

Ո՞ւր է տանում

Ֆայտոնը մեր

Ձին այս անտո՜հմ, քառատրո՛փ

… Դեպի փայլող յաթաղաններ-

Ափերի մեջ թուլամորթ:


    

Տե՞րն է մեզնից երես թեքել,

Զայրացե՞լ է մեզ վրա,

Թե՞ ինչ-որ մի պահ է եղել

Ուրացե՜լ ենք մենք նրան:


    

Ուրացե՜լ ենք, վկա՛ն Աստված,

Երբ սուրբ հոգին անտեսվեց՝

Աստղը գլխին երախը բա՜ց

Մեզ մի հրե՛շ կուլ տվեց:


    

* * *

Մե՛րն է եղել նո՜ւրբ սիրելը,

Բան ստեղծելը ոչնչից,

Աստծո նման արարե՜լը

Անկախ տիրող վիճակից:


    

Բա՜յց ատամներ փշրե՛լ գիտենք,

Աչքեր հանել սառնասիրտ,

Թե փորձ կանեն մեզ տրորեն

Կամ հայհոյեն խոսքով բիրտ:


    

Կա՛նգ առ ֆայտոն, ժա՛մն է արդեն,

Ճանապարհն այս մե՜րը չէ,

Ո՞ւր եք, մեր հի՜ն սուրբ Աստվածներ՝

Դո՜ւք, որ լքե՜լ չգիտեք…


    

Ս. Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2281 | 0 | 0
Facebook