Loading...

Articles

Պետրոս Դուրյանի 170-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն

16:36, Tuesday, 22 June, 2021
Պետրոս Դուրյանի 170-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն

1872 թվականին, Պետրոս Դուրյանի մահվան հաջորդ տարում, Պոլսի Արամեան տպարանում Սկյուտարի Ընթերցասիրաց ընկերությունը, որը կազմակերպել էր Դուրյանի հուղարկավորությունը, հրատարակում է վաղամեռիկ գրողի «Տաղք եւ թատրերգութիւնք» գործը։ https://is.gd/R3E4LV ։ Գիրքը Պետրոս Դուրյանի ծննդյան 170-ամյակի առթիվ բացված գրականության ցուցադրության մաս էր կազմում։

Ցուցահանդեսը ներկայացրեց և բացման խոսք ասաց Սպասարկման բաժնի գիտական և մամուլի ընթերցասրահի վարիչ Արևիկ Զախարյանը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը ցուցադրության բացմանը զուգահեռ ներկայացրեց Դուրյանին որպես դրամատուրգ, և որպես քնարերգու։ Դուրյանի կյանքի և ստեղծագործությունների մասին խոսելով պրն Վարդանյանը նշեց, որ ԳԱԹ-ում պահվում են Դուրյանի ձեռագրերը, իր ձեռքով նկարազարդած տետրակները, որոնք հեղինակը երազել է ժողովածուների տեսքով տպագրված տեսնել։ Թանգարանում Դուրյանի ձեռագրերը ներկայացված են մշտական ցուցադրության։

Պարոն Վարդանյանը պատմեց, թե ինչպես է Գրականության և արվեստի թանգարանում 40 տարուց ավել պահվող Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ...

1957 թ. Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ Սկյուտար թաղամասի Ս. Խաչ եկեղեցու «Պաղլարպաշը» հայոց գերեզմանատան մի հատվածը հատկացվել է նոր ճանապարհի կառուցմանը: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը հոգացել է, որպեսզի անցկացվելիք ճանապարհի վրա ընկնող շիրիմները տեղափոխվեն գերեզմանատան խորքը: Նշյալ շիրիմների թվում է եղել նաեւ Պետրոս Դուրյանի շիրիմը` իր մահարձանով: Պատրիարք Գարեգին Խաչատուրյանի (ով ներկա էր նախկին շիրիմի քանդմանը) կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան և ավելի քան 10 տարի պահվել այնտեղ: 1960-ական թթ. վերջերին հաջորդ պատրիարքը` Շնորհք Գալուստյանը, մասունքը գաղտնի բերել և հանձնել է Վազգեն Ա կաթողիկոսին, ով էլ իր հերթին 1969 թ. այն ի պահ է հանձնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: 1970 թ. թանգարանի գիտական խորհուրդը որոշել է դիմել մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին` գանգի ոսկրերի միջոցով Պ. Դուրյանի դիմապատկերը վերականգնելու առաջարկով: Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ բանաստեղծը լուսանկար չի ունեցել: Ճաղարյանը վերականգնել է Դուրյանի դիմապատկերը, ստեղծել կրկնակ դիմաքանդակ (որը նույնպես պահպանվում է թանգարանում), այնուհետև գանգի ոսկորները վերադարձրել է թանգարան: Այս տարիներին պարբերաբար քննարկման առարկա է դարձել Դուրյանի մասունքը ամփոփելու հարցը: 2011 թ. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը առաջարկությամբ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` մասունքը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու համար:

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հուշապատի մեջ:

-Պանթեոնի ամենաավագը և ամենակրտսերն է Դուրյանը, - ասաց Կարո Վարդանյանը։

Ցուցադրությունը բաց կլինի մեկ շաբաթ։

Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները հասանելի են ընթերցողին ՀԱԳ «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում։ Տե՜ս

https://is.gd/uuz7BJ

#Պետրոս_Դուրյան_170

#Տարվա_հոբելյար

#Գրականության_ցուցադրություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1869 | 0 | 0
Facebook