Loading...

Articles

Հայ բարերար Զաւէն Խանճեանի շնորհիվ թվայնացվել են «Նոր Հայ» շաբաթաթերթի բոլոր համարները

12:15, Friday, 18 June, 2021
Հայ բարերար Զաւէն Խանճեանի շնորհիվ թվայնացվել են «Նոր Հայ» շաբաթաթերթի բոլոր համարները

«...Սիրելի հայ ընթերցող, Ահաւասիկ հայ թերթ մը եւս կեանքի կը կոչուի Լոս Անճելըսի մէջ։ Ահաւասիկ, հայ թերթ մը եւս մուտք կը գործէ ընտանեկան յարկէդ ներս։ Մեսրոպեան դարաւոր բայց միշտ նոր, միշտ ջահել բարբառով թերթ մը եւս կը սկսի թեւ առնել կեանքի թրթիռով։ «Նոր Հայ» է անոր անունը։ Այսինքն՝ ես, դու, ան։ Մենք, դուք, անոնք... Եթէ չսիրեցիր «Նոր Հայ» ը՝ քաջ գիտես, թե ուր կը գտնուի տանդ կամ գործիդ աղբանոցը... Եթե սիրեցիր «Նոր Հայ» ը, ձեռք առ հեռախօսը կամ գրիչը եւ յայտնէ մեզի։ Սիրես կամ ոչ, անտարբեր մի մնար։

1982-1984 թվականներին Գլենդելում լույս է տեսնում «Նոր Հայ» շաբաթաթերթը։ Շաբաթաթերթի հրատարակիչն էր Սարգիս Մաճառեանը։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, գրող, հրապարակախոս, սփյուռքահայ հասարակական, կրթական, եկեղեցական գործիչ Զավեն Խանճեանի շնորհիվ այսօր ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու պարբերականի լրակազմին։ Պարբերականի 4 կազմերը պրն Խանճեանի և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս պարոն Արմեն Բայբուրդյանի ջանքերով տեղափոխվել են Հայաստանի ազգային գրադարան և թվայնացվել։ Պարբերականի համարները տեղադրված են Հայաստանի ազգային գրադարանի Հայ մամուլ շտեմարանում։ Տե՛ս https://is.gd/xhrxn2։

Զավեն Խանճեանը երկար տարիներ բնակվելով Ամերիկայում զբաղվել է բարեգործությամբ։ Ծնվել է Հալեպում, 1967թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը` մասնագիտանալով բիզնեսի կառավարման ոլորտում, հետագայում ստեղծելով անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերություն: Համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Արաբական ծոցի երկրները, ուր 13 տարիների աշխատանքին զուգահեռ` հիմնել է հայկական համայնքներ։

1979թ. ընտանիքի հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ` Կալիֆորնիա նահանգ, որտեղ երեսուն տարիների ընթացքում վարել է ակտիվ գործունեություն՝ նվիրված կրթական, եկեղեցական, ազգային և հասակական կյանքին։ Ստանձնել է ղեկավար պաշտոններ տարբեր կազմակերպություններում` «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միություն, Մերտինյան Հայ Ավետարանական վարժարան, Միացյալ Հայ Ավետարանական եկեղեցի, Glendale Family YMCA, The Salvation Army Glendale CORP, Americans For Artsakh, Armenian American Real Estate Association: ԱՄՆ-ում հաստատվելուց անմիջապես հետո անդամակցել է Հոլիվուդում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցուն, որի անդամն է մինչև այսօր:

Հայրենիքից հեռու յուրաքանչյուր հայի համար առաջանային խնդիր է պահպանել ազգային ինքնությունը, արժեքները և փոխանցել դրանք հաջորդ սերունդներին, ինչն օտարության մեջ շատ դժվար է, հատկապես, երբ չկան հայկական վարժարաններ, որտեղ երեխաները կարող են հայկական կրթություն ստանալ: Ոգևորված Հայ Ավետարանական ընկերակցության գաղափարախոսությամբ և ծրագրերով՝ 1979թ. սկսած ներգրավվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեության մեջ, փորձելով իր ներդրումն ունենալ կազմակերպության հայապահպանությանն ուղղված ծրագրերում: 1991թ. Հայաստանի անկախացումից և ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երևանում բացվեց ընկերակցության կենտրոնական գրասենյակը: Որոշ ժամանակ անց Հայաստանում և Արցախում ձևավորվեցին ԱՀԱԸ գործունեության հիմնական ուղղությունները: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Արցախում գործում են ԱՀԱԸ՝ ավելի քան երկու տասնյակ գրասենյակներ:

Ընկերությունը հրատարակում է նաև կրոնական թեմայով գրականություն, Աստվածաշունչ, Մանկական Աստվածաշունչ, Նոր կտակարաններ, որոնցով համալրվում է նաև Ազգային գրադարանի ֆոնդը։

1998թ. ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արևմտյան ԱՄՆ-ի վարչության ատենապետությունը մինչև 2001թ.: Այդ շրջանում Զավեն Խանճեանը սերտ կապեր է հաստատել նորանկախ հայրենիքի հետ: Հայաստանն այդ ժամանակահատվածում օգնության, օժանդակության և ներդրումների կարիք է ունեցել: 1998-2001թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստան-Սփյուռք կապն ավելի ամրապնդվեց։

2014թվականից Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենն է։

Հայ Ավետարանական եկեղեցու ծառայությունները տարածվում են գրեթե ողջ աշխարհում, ունի մեծ աշխարհագրություն և հիմնականում ուղղված են կրթական ոլորտին: Դրա հիմքը դրվել է դեռևս 19-րդ դարում, երբ Ավետարանական եկեղեցին Օսմանյան կայսրության մեջ ուներ հայկական վարժարանների հսկայական ցանց, մանկապարտեզներից սկսած, մինչև քոլեջներ, աստվածաբանական ճեմարաններ, երկրորդական վարժարաններ, աղջիկների վարժարաններ: Իսկ հետագայում այդ ցանցը տարածվեց մինչև Միջին Արևելք` Սիրիա և Լիբանան։

Այդ տարիներին Հայ Ավետարանական համայնքն ԱՄՆ-ում չուներ ամենօրյա վարժարան, որի պակասը զգալի է եղել: Զավեն Խանճեանի անմիջական ջանքերով և նախաձեռնությամբ, մի խումբ նվիրյալներ կարողացան իրականացնել Հայ Ավետարանական վարժարանի կառուցման աշխատանքները: Մեծ ջանասիրությամբ 1982թ. հաջողվել է հիմնադրել Էլիզ և Շարլոտ Մերտինյան Հայ Ավետարանական վարժարանը Կալիֆորնիայում (Լոս Անջելես):

Երբ Սիրիայում սկսվեց պատերազմը և վտանգն արդեն մոտենում էր սիրիահայությանը, Հայ Ավետարանական համայնքն սկսեց համախմբել ԱՄՆ հայկական համայնքը, որպեսզի սիրիահայությանն օժանդակելուն ուղղված միասնականորեն ծրագիր իրականացնեն: Մինչև այսօր էլ շարունակվում է սիրիահայերին աջակցության ծրագիրը, որն ուղղված է Լիբանանում, Հայաստանում, Սիրիայում գտնվող սիրիահայությանը: Նրանք օգնում են հայրենիք վերադառնալ այն սիրիահայերին, որոնք նյութական միջոցներ չունեն իրենց ցանկությունն իրականացնելու համար: Համագործակցելով այլ կազմակերպությունների հետ՝ սիրիահայերին օգնում են վերադառնալով հայրենիք և մշտական բնակություն հաստատել Հայաստանում։

-Նրանք, որոնք մեզ մոտ են ապրում, այո, իսկ մյուսները մի քիչ թերանում են, սակայն իմ նպատակն է անպայմանորեն բոլորին հայերեն սովորեցնել, որը մեր ազգապահպանման ամենակարևոր բաղադրիչներից է։- Ասել է Զավեն Խանճեանը իր հարցազրույցներից մեկում։

Զավեն Խանճեան աշխատակցել է «Պատանեկան Արձագանգ» , «Ջանասէր» ամսագրերին և ամերիկահայ մի շարք թերթերի: Նշենք, որ պրն Խանճեանը նաև Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ է։

Զավեն Խանճեան բազմաթիվ հոդվածներ «Նամակ խմբագրութեան» խորագրով տպագրվել են ինչպես հայկական, ամերիկյան և արաբական մամուլում, նաև «Այս տունը քո՞ւկդ է, թէ՞ իմս» (2007) https://is.gd/RkpOgm, «Հալէպ առաջին կայարան» https://is.gd/AsttXE և «Սրտի եւ մտքի ցոլքեր» (2010) գրքեի հեղինակ է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1916 | 0 | 0
Facebook