Loading...
Ինսթագրամ

Articles

Հայրենասիրական բանաստեղծություններ

13:54, Friday, 11 June, 2021
Հայրենասիրական բանաստեղծություններ

Անահիտ ԱՐՓԵՆ

***
     Իմ երակները շատ հին ավշատուն,
     հողն են հայրենյաց,
     որ մաքառում է օրերում մեր խոլ
     ու դեռ դժնդակ…
     ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
     Հայոց Զինվորնե՛ր,
     դո՛ւք, որ ճրագն եք հայրենյաց հողի,
     դո՛ւք եք պաշտպանում կրակը ազգի
     սիրո, օջախի և միասնության:

Հայի Զավակնե՛ր,
     Դո՜ւք՝ քա՛ջ տղաներ,
     մեր նախնիք ձեզ պես որդի մեծացրել,
     իրենց մյուս ձեռքում թուր են շողացրել,
     որ կյանք ունենա, տունը շեն լինի
     ու անպարտ մնա ցեղն արիների:

Հա՛յ Զինվորական,
     դու այն մշակն ես, որի ձեռքով է
     հերկվում հողն հայի,
     որին են նայում օրհասի ժամին,
     և ում կյանքն է միշտ դրվում գրավի:

Ո՜վ Քաջեր հայոց,
     ձեր սիրտն է եղել ամենից անվախ,
     դո՛ւք եք սաստել ու սանձել անհապաղ,
     երբ որ աշխարհի Տանը մոտեցել
     ու հայրենիքին չարն է սպառնացել:

Հայոց Զինվորնե՛ր,
     ոսոխը չունի ժամ ու պատարագ
     և քայլ է անում ամեն տեղ անարգ,
     որ բնաջնջի մեզ հիմնահատակ:
     Իսկ աշխարհն այսօր պնդում է դարձյալ,
     թե սահման յուրյանց զենքն է հենց քաջաց:

Եվ ուրեմն առա՜ջ,
     Օն, անդր առաջ…

Սիրասուն տղե՛րք, այրե՛ր հայ ազգի,
     արդ անխուսափ է կրակվելը զենքի:
     Հարվածի թափը ձեր բարձր պահած`
     միշտ զարկե՛ք համառ, սրբությամբ լցված
     եղեք աչալուրջ, սիրով անհատակ,
     բայց և վրեժով, ցասումով պրկված՝
     պիտի խորտակենք նեռին այս անգամ:

Թշնամու գլխին հուր թափեք արժան՝
     մեր նախնյաց փառքով, նետերով հայկյան
     և բազկի ուժով, ձեր սրտի զարկով խոցեք սլացքով՝
     դո՛ւք եք փրկողը հայության համայն:

ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ
     Պատերազմ է, ցավ կա մեր մեջ, կյանքն է դժնի,
     Ու մեր առաջ փականքներ կան շատ ամեհի,
     Միշտ պատրաստ ենք ազգի համար ելնել կռվի,
     Մենք սիրասուն զավակներն ենք Հայ Ոստանի:

Ասա դու մեզ մենք ի՞նչ անենք, հրամանատա՛ր
     Ինչո՞վ խփենք, ի՞նչը թողենք, հրամանատա՛ր,
     Թշնամուն մենք պիտի պատժենք, հրամանատա՛ր,
     Եվ մեր կյա՛նքը պետք է պարզենք, հրամանատա՛ր:

Պաշտպանական բնագծեր պիտի քաշենք,
     Հայրենիքին որ տեր կանգնենք:

Զինվորն ենք քո, հրամա՛ն տուր մեզ, առաջնորդի՛ր,
     Անվախ, սրտոտ հոգիներ ենք մենք, իմացի՛ր,
     Մենք մեր կյանքը ընդմիշտ կտանք փառքին Հայքի,
     Որ հայկական հողագիծն է մեր սահմանի:

Առաջնորդի՛ր, մենք ի՞նչ անենք, հրամանատա՛ր
     Ինչի՞ն խփենք, ի՞նչը պահենք, հրամանատա՛ր,
     Ոսոխին մենք պիտի ջարդենք, հրամանատա՛ր,
     Հայ կյանքե՛րը պետք է փրկենք, հրամանատա՛ր:

Մեր կենսական սահմանները պիտի գծենք,
     Մեր հողերին պիտ տեր կանգնենք:
     Հայի զարմ ենք, որտեղ էլ որ ծնված լինենք,
     առաջնորդի՛ր,
     Մարտի դաշտում թե հույզերում մեզ սատարի՛ր,
     Մի կյանք ունենք, մի սիրտ ունենք՝ Հայի Ոստան,
     Պիտի փրկենք տունն Արցախի ու Հայաստան:

ՀԱՅՐԵՆԻՔ
     Ա՜խ, իմ հայրենիք,
     լոկ սրտի՛ս մեջ չես՝
     իմ զարկերակով հոսող արյո՛ւնն ես:
     Կծփաս՝ կապրեմ,
     կլռես՝
     ես էլ չեմ լինի արդեն:

Ինձ պետք չեն
     ո՛չ փառք, ո՛չ դատարկ հույսեր,
     ինձ քո մի շողն էլ բավ է,
     որ լինեմ ու քեզնով շնչեմ
     ու գրեմ երգեր:

Եվ քե՛զ գովերգեմ,
     ա՛զգ իմ հեռավոր:
     Քեզ եմ պարտական
     ավյունով իմ խենթ,
     իմ քնքուշ սրտով,
     հոգով արնակոփ,
     իմ վեհ գոյությամբ
     և անկոտրում, հեգ
     կամքով դարավոր:

Ո՜Վ ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐ
     Ո՜վ Հայոց Մայրեր, որ տվիք ազգին
     քաջեր բյուրընտիր՝
     սրբադասվելու հենց ռազմի բովում,
     փառք ձեզ, խոնարհում:

Եվ ողորմի տանք մենք ընկածներին
     այդ մարտադաշտում,
     իսկ ոսոխին՝ մահ,
     բյուր հազար անգամ:
     Բայց և գթա, Տե՛ր, պատերազմ
     բռնի քշված, սպանվածին՝
     ի սփոփանք իրենց խղճուկ մայրերի:
     Ողորմի նրան,
     ով իր կամքով չէր եկել մեզ վրա,
     բայց մատաղ արեց թշնամին նրանց
     ու ցավ էլ չզգաց…

Ո՜վ Հայոց Մայրեր,
     դուք, որ ծնել եք արի զավակներ,
     Անարգին ջարդող հզոր արծիվներ,
     նոր կորյուն ծնեք,
     ու տված կաթը ձեր հալալ լինի,
     իսկ փառքը՝ անշեջ,
     Ո՜վ Հայոց Մայրեր:

ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է
     (Նվիրվել է ՀՀ ՊՆ հատուկ
     նշանակության բրիգադի տղերքին)

Որդիս զինվոր է, զենք տվեք՝ կռվի,
     թշնամուն հաղթի:
     Զենք տվեք, որ մեր սարերը պահի,
     հողը պաշտպանի:
     Որդիս զինվոր է,
     կռիվ պիտի տա խրոխտ ու անահ,
     զենք տվեք կռվի` տոնենք հաղթանա՛կ:

Զենք տվեք հայոց պանծալի որդվոց,
     Եվ նրանք կելնեն նախնյաց քաջ ոգով,
     Նահատակների արյան հատուցմամբ
     Ու տուն կդառնան փառքով ու պատվով:

Թույլ տվեք կռվեն, ջարդեն վերջապես
     դուշմանին լկտի, անսիրտ, անասպետ`
     ո՛չ խրատ գիտեն, ո՛չ առակ ու ցեղ,
     անառակ ապրում, դավում են անսեր:

Զինվոր տղերքին թույլ տվեք կռվեն,
     հարամիներին աստ հեռու քշեն,
     իրենց որջերը ուղարկեն սրով,
     որ խաղաղ ապրենք մեր օջախներով:

Որդիս զինվոր է, զենք տվեք կռվի`
     թշնամին լռի:
     Զինվոր տղերքին
     զենք տվեք կռվեն խրոխտ ու անահ,
     թույլ տվեք կռվեն` տոնենք հաղթանա՛կ:

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
298 | 0 | 0
Facebook