Loading...

Articles

«Սապյոր»-ը «սակրավոր»-ը չէ

15:57, Wednesday, 26 May, 2021
«Սապյոր»-ը «սակրավոր»-ը չէ

Արարատ Ղարիբյանի ռուս-հայերեն բառարանն առ այսօր մեր իրականությունում առկա ռուս-հայերեն բառարանների մեջ ամենածանրակշիռն ու ամենահեղինակավորն է, և ես ամենևին կասկած չունեմ, որ այս բառարանը «секира» եզրույթի հայերեն համարժեքները (սակր, սակուր, տապար, երկսայր կացին) ճշգրիտ է ներկայացրել: Սակրը զենք է, կացնի տարատեսակ: Այն ունեցել է կիսաշրջանաձև շեղբ: Գոյություն են ունեցել տարբեր չափերի կրկնասակրեր՝ երկկողմանի շեղբով: Տարածված են եղել հատկապես կտցավոր սակրերը:

Իսկ այժմ «sapeur» -ի մասին: Այս մասնագիտության անվան հիմքում լատիներեն «sappa» եզրույթն է: Հին հռոմեացիները «sappa» անունն են տվել հողը փորող այն երկրագործական գործիքներին, որոնց ռուսները «моты'га» են անվանում, իսկ հայերս՝ «բրիչ», «թոխր», «մարկեղ», «թակուջակ», «քաղհանիչ», «քլունգ», «հողուրագ» և այլևս չգործածվող «փետատ»:

Հին Հռոմում քանի որ տների մեծ մասը փայտաշեն է եղել և դրանցից մեկում բռնկված հրդեհն ամբողջ թաղամասեր է ընդգրկել, պետությունը հատուկ հրշեջ ջոկատներ է ստեղծել, և այդ հրշեջների հիմնական գործիքներից մեկը եղել է «sappa» -ն, որի օգնությամբ այրվող տան հիմքը փորել են, որպեսզի տունն արագ փլուզեն և թույլ չտան կրակի արագ տարածումը: «Sappa» -ն հետագայում դարձել է բանակների ինժեներական աշխատանքներ կատարող ու հակառակորդների ամրոցների, պարիսպների հիմքերը քանդող հատուկ ստորաբաժանումների գլխավոր գործիքներից մեկը: Ահա թե ինչու են հետագայում ֆրանսիացիները բանակի ինժեներական աշխատանքները կատարող ստորաբաժանումների զինվորներին «սապյոր» անվանել:

Մի խոսքով, «Sappa» -ն ոչ թե «սակր» -ն է, այլ՝ «հողուրագ» -ը, և «սապյոր» -ին համարժեքն ամենևին էլ «սակրավոր» -ը չէ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2525 | 0 | 0
Facebook