Loading...

Articles

Հայատառ թուրքերեն հնատիպ ալիգատ Ազգային գրադարանում

20:41, Saturday, 22 May, 2021
Հայատառ թուրքերեն հնատիպ ալիգատ Ազգային գրադարանում
    
Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել 1786 տպագրված «ՄՏԱԾԱԿԱՆ ՏՈՒԱԼԷՐ ՄԱՆՈՒԿ ՅԻՍՈՒՍՈՒՆ։… ԽԱՉ ԵՕԼՈՒՆՈՒԶԻԱՐԵԹ ԻՏԷՃԷՔ ԹԱՐԻՔ ՏԻՐ» /Մտածական իննօրյա աղոթքներ հանուն մանուկ Յիսուսի/ հայատառ թուրքերեն արժեքավոր ալիգատ աղոթագիրք։ Գրքից օրինակներ Հայաստանի ազգային գրադարանը մինչ այս չի ունեցել։
Գրքի թարգմանությունը՝ Պետրոս Երեմյանի։
Վերնագրի թարգմանությունը և տիտղոսաթերթի նկարագրությունը վերցված է Հասմիկ Ստեփանյանի «Հայատառ թուրքերեն գրքերի եւ հայատառ թուրքերեն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1968)» գրքից։
    
    
Ալիգատի հատորներն առանձին վերնագրված են՝ «Մտածական տուալէր մանուկ Յնուն իզզէթինէ տօքուզ կիւն օլաճաք» հտ 1 /1-138 էջ/ և «Խաչ եօլունու զիարեք իտէճք թարիք» հտ 2 /139-178 էջ/։ Գիրքը ունի 178 զարդափակ էջեր, ութածալ, մամուլանիշերը հայատառ և լատինատառ են, շարվածքի չափը շրջանակով՝ 11X6 սմ, տիտղոսաթերթը զարդափակ է, դարձերեսները չտպագրված, առանձին էջեր ունեն գլխազարդեր և վերջազարդեր։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագիր է, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր:
    
    
Տիտղոսաթերթի վրա տպարանի հատվածում նշված է ՝ Թրեստ-Մխիթեարեանլարըն քէրհանասընտա։
Տրիեստում հայկական տպարան բացվում է 1775 թվականին, երբ Վենետիկի Մխիթարյան միաբանության մի հատվածը 1772 թվականին հեռանալով Սուրբ Ղազարից, հաստատվում է Տրիեստ քաղաքում և կառավարությունը թույլատրում է Մխիթարյաններին ունենալ իրենց եկեղեցին ու եկեղեցուն կից հիմնել տպարան: 1775 թ. հիմնում են տպարան և մինչև 1810 թ. տպագրում 30-ից ավել ինքնուրույն և թարգմանական հրատարակություններ՝ հայերեն և հայատառ թուրքերեն: Տրիեստի Մխիթարյանների հայկական տպարանում հրատարակված գրքերի ցանկին ծանոթացեք ՀԱԳ «Տպարաններ» էլեկտրոնային շտեմարաններում. https://is.gd/G5QlIu
    
Այս հրատարակությունների շարքում առանձնապես նշելի են Եզոպոսի «Առակք» ը (1784), Վիլհելմ Ռոբերտսոնի երկհատոր «Վիպասանութիւն Ամերիկոյ» (1784), «Պատմություն Մեծին Ճենկիզխանի» (1788)` մեկենաս Մարգար Շեհրիմանյանի թարգմանությամբ, «Յիշատակք և դիտողութիւնք... վերայ կայսրութեան Չինաց» (1788) և այլն: 1810 թ. Տրիեստի Մխիթարյանները տեղափոխվում են Վիեննա:
    
    
Հայատառ թուրքերենով տպագրվել են բազմաթիվ կրոնադավանաբանական, քարոզչական գրքեր, Մխիթարյանները Վիեննայում և Վենետիկում հրատարակել են մեծարժեք բառարաններ, պատմագիտական և փիլիսոփայական երկեր, գեղարվեստական գրքեր՝ Վոլտերի, Ռասինի, Լամարթինի, Հյուգոյի, Էժեն Սյուի և այլոց ստեղծագործությունները: Հայատառ թուրքերենը պայքարի միջոց էր արևմտահայության ինքնապահպանման համար և ուծացման դեմ, հաղորդակցության ձև ժողովրդի թրքախոս հատվածի՝ հայերեն չիմացողների, թրքալեզու դարձածների, մասամբ նաև հայերենին տիրապետողների համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2084 | 0 | 0
Facebook