Loading...

Articles

«Կան լրատվամիջոցներ, որոնք տարիներով զբաղվել են սպայի կերպարը վարկաբեկելու գործով»

21:45, Monday, 03 May, 2021
«Կան լրատվամիջոցներ, որոնք տարիներով զբաղվել են սպայի կերպարը վարկաբեկելու գործով»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ զրույցում խոսել ենք լրատվամիջոցների կողմից կերտվող զինծառայողի կերպարի և հասարակության մոտ ձևավորվող կարծիքների մասին:


    

- Ինչպե՞ս մեր լրատվամիջոցները լուսաբանեցին 2020 թվականի հուլիսյան բախումները։ Որո՞նք էին հիմնական շեշտադրումներև և ինչպե՞ս էին ներկայացվում հայկական բանակի զինծառայողները։

-Ընդհանուր տպավորությունս այն էր, որ նորմալ էր լուսաբանվում, իհարկե, պաթոսը և չափազանցությունները շատ էին, ինչին միշտ էլ դեմ եմ եղել, բայց դա ավելի շատ ոչ թե լրատվամիջոցների, այլ հենց պաշտոնական ու մերձպաշտոնական աղբյուրների որդեգրած ոճն էր։ Ցանկացած դեպքում պետք է հիշել, որ հաղթական ռազմական գործողություններ լուսաբանելը միշտ էլ ավելի հեշտ է, քան պարտությունները։
    
    

-Արցախյան 44-օրյա (2020 թ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) օրերին ինչպե՞ս աշխատեցին մեր լրատվամիջոցները, ինչպե՞ս լուսաբանվեցին պատերազմն ու ռազմական գործողությունները։ Արդյո՞ք կային բացթողումներ հայկական լրատվամիջոցների աշխատանքներում, եթե այո, որո՞նք էին դրանք և ի՞նչ հետևանքներ ունեցան/կարող են ունենալ մեր հասարակության վրա։»

-Այստեղ կրկին հարցը ոչ այնքան լրատվամիջոցների աշխատանքն է, այլ իշխանությունների, լրատվական դաշտի հետ աշխատանքը, որը ես համարում եմ տապալված, այդ տապալման հետևանքով 44 օր ակնհայտ սուտ է ասվել մեր բնակչությանը, ընդ որում թե՛ հակառակորդը, թե՛ միջազգային լսարանները այդ ստերին չէին հավատում, իսկ պատերազմի վերջին 2 շաբաթում թշնամու հայտնած տեղեկություններին մարդիկ ավելի շատ էին հավատում, քան հայկական պաշտոնական աղբյուրների։Ըստ էության, իշխանությունները «մսխեցին» պաշտոնական տեղեկատվության հանդեպ վստահության պաշարը, որը տասնամյակներով էր ստեղծվել։ Մեկ խնդիր կարող եմ նշել, որն էլի լրատվամիջոցների հետ չի կապված այլ լուսաբանման. իշխանությունները արգելեցին հայկական լրագրողների մուտքը ռազմական գործողությունների գոտի, թեպետ, օրինակ՝ ռուսական ռազմական բլոգեր Պեգովին ներս թողել էին, մեղմ ասած, տարօրինակ մոտեցում էր։
    
    

-Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում, որոնք վերաբերում են բանակին և ռազմական թեմատիկային, հայ զինծառայողի ինչպիսի՞ կերպար է ներկայացվում հասարակությանը։ Արդյո՞ք նույնակերպ են ներկայացվում զինվորը և հրամանատարը:

-Այստեղ մեծ նշանակություն ունի, թե ինչ լրատվամիջոց է ներկայացնում, օրինակ կան լրատվամիջոցներ, որոնք տարիներով զբաղվել են սպայի կերպարը վարկաբեկելու գործով, էլ չասեմ գեներալներինը, բայց ընդհանուր առմամբ դաշտում խոսույթը հետևյալն է. Հերոս զինվորներ, կրտսեր ու միջին սպայական կազմ և վատ, վախկոտ, թալանչի ավագ սպաներ ու գեներալներ:
    
    

-Ի՞նչ վտանգներ կարող է ունենալ հակաբանակային քարոզչությունը։ Արդյո՞ք որոշ լրատվամիջոցների կողմից տարիներ շարունակ վարած հակաբանակային քարոզչություն իր ազդեցությունը թողել է մեր հասարակության վրա, եթե այո, ինչպե՞ս է այն արտահայտվել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:

- Ամենաառաջնայինը վստահության քայքայումը առ բանակ, և ընդհանրապես առ պետություն բերում է այն բանին, որ երբ անհրաժեշտ է համընդհանուր մոբիլիզացիա, մարդիկ փորձում են ամեն գնով դրանից խուսափել, ընդհուպ մինչև երկրից փախնելը։ Զարմանալիորեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանություններն էլ էին զբաղվում բանակի վարկաբեկմամբ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, որում ասում էր, թե տնից սաղավարտներ ու զրահաբաճկոններ բերեք, սա շատ լուրջ անվստահություն և մտահոգություն առաջացրեց բնակչության շրջանում։

Այս հատվածի վերաբերյալ. «Արդյո՞ք որոշ լրատվամիջոցների կողմից տարիներ շարունակ վարած հակաբանակային քարոզչություն իր ազդեցությունը թողել է մեր հասարակության վրա» — ըստ իս, այո, թողել էր, նամանավանդ զորակոչիկների ընտանիքների վրա ու շատերը վախենում էին իրենց որդիներին բանակ ուղարկել։ Պատերազմի ժամանակ՝ սկզբնական էյֆորիայի ալիքին դա, իհարկե մեծ դեր չէր խաղում ցավոք իշխանությունների գործողությունները պատերազմի ժամանակ և պատերազմից հետո շատ ավելի լուրջ են խարխլել բանակի իմիջը, քան կարողացավ անել ամբողջ «սորոսական» ընդդիմադիր մամուլը 2000–2018 թվականներին։
    
    

-Ինչպե՞ս է անդրադառնում հակաբանակային քարոզչությունը հենց իրենց՝ զինծառայողների վրա:

Բավականին քիչ է անդրադառնում, իրենք նախ կտրվում են այդ տեղեկատվական հոսքերից, երկրորդը՝ իրենք շատ ավելի մոտ են իրականությանը, քան քարոզչիչները՝ իրենք ամեն օր իրենց աչքով են տեսնում բանակի ուժեղ և թույլ կողմերը, լավը և վատը։ Ինչպես վերևում նշեցի հակաբանակային քարոզչության հիմնական թիրախը զորակոչիկների ընտանիքներն են, ու նաև մոբիլիզացիոն պոտենցիալը խարխլելն է։
    
    

-Ըստ Ձեզ, զինծառայողի, մարտիկի ի՞նչ կերպար է պետք ձևավորել հասարակության մոտ և ինչպե՞ս է պետք դա անել:

-Ես, օրինակ, կփորձեի բացատրել, որ լավ մարտիկ չեն ծնվում, լավ մարտիկ դառնում են։ Ու դրան պետք է պատրաստվել մինչև երիտասարդին զորակոչելը, որ դժվարությունները, որոնց բախվում է զորակոչիկը բանակում դրանց մի զգալի մասը կարելի է հաղթահարել դեռ մինչև բանակ գնալը, պատանիների հետ համապատասխան աշխատանք տանելով։

Դա, իհարկե նաև քարոզչություն է ենթադրում, բայց միայն քարոզչությունը, և իրազեկումը քիչ է։ Պետությունը պետք է ունենա համակարգ, որը պատանիներին դպրոցում սովորելուն զուգահեռ, առանց ավելորդ էմոցիաների, պատրաստի ծառայության, դա պետք է բնական մի բան լինի և դրա համար լուրջ ենթակառուցվածք է պետք. զանգվածային սպորտային խմբակների համակարգ, տեխնիկական խմբակներ, տուրիստական խմբակներ, ճամբարներ, հավաքներ և այլն, և այլն: Պետք է հիմնովին փոխվի նախնական զինպատրաստության ծրագիրը և ձևը։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
353 | 0 | 0
Facebook
COMMENT.am