Loading...

Articles

«Մի՞թե մեր զինվորների ազնվագույն արյունը թափվել է, որպեսզի այդքան հոգնությունների, այդքան ցավերի և մի ամբողջ ժողովրդի հյուծման արդյունքը լինի մի անարգ ներքինու հարստացումը»

00:23, Monday, 26 April, 2021
«Մի՞թե մեր զինվորների ազնվագույն արյունը թափվել է, որպեսզի այդքան հոգնությունների, այդքան ցավերի և մի ամբողջ ժողովրդի հյուծման արդյունքը լինի մի անարգ ներքինու հարստացումը»

Չմշկիկը ծրագրած է եղել Կոստանդնուպոլսում մեծ տոնակատարություն կազմակերպել Քրիստոսի հողաթափերը և Հովհաննես Մկրտչի մազերը գտնելու կապակցությամբ: Բայց մայրաքաղաքին չհասած՝ նա ծանր հիվանդացել է, իսկ երբ Կոստանդնուպոլիս է մտել, հաղթանակի տոնակատարությունն արդեն սկսված է եղել, և նա, արդեն հոգեվարքի մեջ, մեռել է: Դա տեղի է ունեցել 976 թվականի հունվարի 11-ին: Բյուզանդացի պատմիչ Հովհաննես Սկիլիցեսը, սակայն, համոզված է եղել, թե նրան թունավորել են: Չմշկիկն իր ամբողջ կարողությունը կտակած է եղել աղքատներին, մասնավորապես՝ բորոտներին ու երկրի կառավարման գործում եղել է շատ խստապահանջ, չի շողոքորթվել նույնիսկ իր մերձավորների մատուցած ծառայություններով: Կիլիկիայից Կոստանդնուպոլիս վերադառնալու ժամանակ, գրում է պատմիչը, նա հրճվանքով դիտելիս է եղել ճանապարհի երկու կողմերում տարածված դաշտերն ու տեղեկացվել է, որ դրանք պատկանում են Վասիլ անունով ներքինուն, որը պետության առաջին պաշտոնյան է եղել: Կայսրը սաստիկ զայրացել է, որ այդքան հարստությունը մեկ մարդու է պատկանում ու անդադար իր վրդովմունքն է հայտնել: «Ավա՜ղ, - ասել է նա, - մի՞թե մեր զինվորների ազնվագույն արյունը թափվել է, մի՞թե Նիկեփորոս Փոկասը և ես, կայսրության ամենաքաջ զորավարների հետ, փառավոր պատերազմներ ենք մղել, որպեսզի այդքան հոգնությունների, այդքան ցավերի և մի ամբողջ ժողովրդի հյուծման արդյունքը լինի մի անարգ ներքինու հարստացումը»: Հիշյալ ներքինին, վախենալով կայսեր զայրույթից, որոշել է նրան սպանել: Հովհաննես Չմշկիկին թունավորված խմիչք են տվել: Հաջորդ օրը նրա ոտքերն ու ձեռքերը փայտացել են ու ամբողջ մարմինը թուլացել է: Չմշկիկը մայրաքաղաք է հասել արդեն ուժազրկված ու հազիվ է շնչել:

Լևոն Սարկավագը տվել է նրա ընդարձակ բնութագիրը.

«Երեսը՝ ճերմակ, մազերը՝ խորտյաշ, ճակատի վերևում՝ նոսր, աչքերը՝ երկնագույն, հայացքը՝ սուր, քիթը՝ բարակ, համաչափ, մորուքի վերևը՝ շեկ ու երկու կողմից նեղացած, իսկ ներքևում՝ կանոնավոր ու չխուզված: Նա կարճահասակ էր, բայց՝ լայնաթիկունք, նրա մեջ հզոր ուժ էր ծվարած, ձեռքերը ճկուն էին ու անհաղթահարելի ուժեղ: Նրա հերոսական ոգին անվախ էր, անպարտելի և աչքի էր ընկնում այդպիսի փոքր մարմնի համար ապշեցուցիչ խիզախությամբ: Նա առանց վախի միայնակ հարձակվել է մի ամբողջ ջոկատի վրա և, սպանելով բազում թշնամիների, թռչնի արագությամբ վերադարձել է իր զորքերի մոտ՝ ողջ ու անվնաս: Նա բոլորին գերազանցում էր առատաձեռնությամբ. Ցանկացածը, որ նրանից ինչ-որ բան է խնդրել, երբեք հուսախաբ չի եղել: Նա մարդասեր էր ու բոլորին սրտաբացորեն էր վերաբերվում, մարգարեի նման բոլորին բարեգործությամբ էր սփոփում. Եթե ներքինի Վասիլը չզսպեր համաքաղաքացիներին բարեգործություն անելու նրա անզուսպ մղումը, նա շատ շուտով կդատարկեր կայսերական ամբողջ գանձարանը՝ աղքատներին բաժանելով: Բայց Հովհաննեսի թերությունն այն էր, որ նա չափից ավելի էր խմում խնջուքների ժամանակ և անհագ էր մարմնական հաճույքների առումով»:
     Թե որքան ազդեցիկ է եղել Չմշկիկի հաղթանակների տպավորությունը, երևում է բյուզանդական մի տարեգրի հետևյալ խոսքերից.

«Եվ ազգերը մեծ ահի մեջ էին Չմշկիկի բարկության առջև: Եվ նա ընդարձակեց Հռոմեական կայսրության սահմանները: Հագարացիները (արաբները) և հայերը փախչում էին, պարսիկները դողում էին և ամեն կողմից նրան ընծաներ էին տանում, նրանից գթություն ու հաշտություն էին խնդրում: Նա անցավ Եդեսիայից մինչև Եփրատի ջրերը, և երկիրը պատված էր հռոմեացիների բանակներով: Հռոմեական ձիերի ոտների տակ տրորվեցին Սիրիան և Փյունիկիան: Նա ահագին հաղթություններ էր տանում, և քրիստոնյաների սուրը հնձում էր մանգաղի նման»:

Նախորդ դարասկզբի նշանավոր բյուզանդագետ Գյուստավ Շլյումբերժեն, ավարտելով Չմշկիկի կենսագրականը, գրել է.

«Վեց տարի և մեկ ամիս թագավորելով՝ այսպես մեռավ այն մեծ կայսրը՝ հերոսական ներուժ ունեցող, հանդուգն, անհաղթելի, վտանգի մեջ աներկյուղ, եզակի քաջության տեր այն փոքրահասակ մարդը: Իր հիշատակը պղծված է մի մեծ ոճրով: Առանց այդ ոճրի նա ամենայն իրավունքով կլիներ Արևելքի մեծագույն կայսրներից մեկը: Նրա քաջահաղթ բազուկը վերադարձրեց Հռոմեական կայսրության պատմության լավագույն օրերը: Հաղթո՛ղ ռուսների, բուլղարների, Բաղդադի և Կահիրեի խալիֆների, նվաճո՛ղ Սիրիայի, Պաղեստինի և Միջագետքի, հա՛շտ Գերմանիայի Օտտոն թագավորի հետ, նույնքան լավ վարչապետ, որքան փայլուն զորավար, մեծահոգի, վեհանձն, ասպետական, նա կարողացավ Բյուզանդիայի պատմությանընը փառքի մի դրություն պարգևել»:
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1688 | 0 | 0
Facebook