Թե ինչե՞ր տեսա մարդկային հոգում
թվաց կլռեմ երկա՜ր ժամանակ,
սակայն լուռ սիրո՜ւմ են,
իսկ բարձր ատո՛ւմ,
լուռ տառապո՜ւմ են –
բարձր անիծո՛ւմ,
Ես ո՛չ լռում եմ ու ո՛չ էլ գոչում-
Լո՜ւռ մտորում եմ, թե այս ո՞նց եղավ,
որ մարդ արարածի հոգին անապակ
դարձավ անապատ…
*
«Նարեկ» կարդացի բորենիներին,
երբ բորենիները մագիլներն էին սրում
ժայռերիս վրա,
Բուսակերության դասեր տվեցի
սոված առյուծին,
երբ առյուծն իր ագահ սոված աչքերով
եղնիկ էր փնտրում քերծերիս վրա:
Շրթունքս հպա՜ծ օձի շւրթերին
կյա՛նքս պատմեցի իմ հազարամյա անաղարտ լեզվով,
երբ օձը սողո՜ւմ էր դեպի տունը իմ
ուր զավակնե՜րս էին քնած անվրդով:
Այս վերջի՜ն տարում
այնքա՜ն բան տեսա մարդկային հոգում, որ
… արտասուք դարձա երկնքի կրծքին՝
վերից նայելով թվաբանական պրոգրեսիայի
խղճուկ օրենքով աճող փոսերին:
Ու մեկը չկա՜ր ողջ մոլորակում, որ ձե՛ռքս բռներ
կամ էլ սո՛ւր դներ՝
ձեռքս զբաղեցներ,
որ չթերթեի իմ Սուրբ էջերը մարդկային թերմացք թշնամու առաջ…
Ո՜ւ …
Չկա՜ր բանաստեղծը, որ պիտի գրեր,
թե համայն աշխարհի ամբիոնին թառա՜ծ -
լեզվով հայերեն Բլբուլն էր երգում,
…ու երգերում մա՜հ,
…ու երգերում ցա՜վ
…ու երգերում դա՜վ,
երբ հազարավոր չղջիկներ սոված
վրա տվեցին ու
Բլբուլն ընկա՜վ…
*
Ես սո՛ւր ստեղծեցի-
Սուրն ինձ կործանեց,
Ես բա՛ր ստեղծեցի՝
Բարը ինձ խեղդեց,
Օ՜ձ տաքացրեցի գրկումս սեղմած
ու հենց ինձ խայթեց
Օ՜ձը… իր կապույտ աչքերով անթարթ:
Վե՛ր կկենամ ընկած տեղից,
Ոտքի՛ վրա կկանգնեմ,
Արյան ծարավ ծե՜ր, անհեռատե՜ս վայրագներին
Դեռ բլբուլի իմ երգե՜րը կերգեմ:
Ուժ տվողն ինձ իմ վերքե՜րն են՝
թա՜րմ, սպիացա՜ծ, դարավո՜ր,
Հույսս հմուտ իմ ձեռքե՜րն են,
Աստվածային իմ մտքե՜րն են՝
Աստղերից պայծառ,
Արևից հզոր…