Loading...

Articles

Նրանք բոլորն իրենց «ֆրանկ» են անվանել

23:36, Wednesday, 17 March, 2021
Նրանք բոլորն իրենց «ֆրանկ» են անվանել

19-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունը եվրոպական մի քանի պետությունների կիսագաղութի էր վերածվել, և պարտատեր տերություններն ու Վատիկանը հնարավորություն էին ստացել կրոնական քարոզիչների միջոցով իրենց ազդեցությունը տարածել կայսրության հայ զանգվածների վրա: Ֆրանսիան կաթոլիկ քարոզիչների, ուսուցիչների բազմամարդ խմբեր է ուղարկել հատկապես Կոստանդնուպոլիս ու Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր և «քաղաքակրթություն տարածելու», քրիստոնեական եկեղեցու շահերը պաշտպանելու պատրվակով դավանափոխել է հազարավոր հայերի ու ծառայեցրել իր նվաճողական դիտավորություններին:

Կաթոլիկական քարոզչարանները, միսիոներները Կոստանդնուպոլսում սկսել են հաստատվել 16-րդ դարի վերջից, իսկ 19-րդ դարի առաջին քառորդում Կոստանդնուպոլսի հայ կաթոլիկների համայնքն ունեցել է 25 հազար անդամ: Այս համայնքը միշտ հակադրվել է հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին, դավանաբանական վեճեր է մղել Էջմիածնի կաթողիկոսության ու Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի դեմ:

Օսմանյան կառավարությանը ձեռնտու է եղել արևմտահայության պառակտումը, ուստի, մերթ պաշտպանելով համայնքներից մեկին, մերթ՝ մյուսին, հարմար առիթով երկուսին էլ վնասել է: 1828 թվականի հունվարի 27-ին սուլթան Մահմուդ 2-րդը, կաթոլիկների ու լուսավորչականների միջև մղվող պայքարը առիթ դարձնելով, 12 հազար հայ կաթոլիկների, այդ թվում 42 հոգևորականի, վտարում է Կոստանդնուպոլսից: Ցրտաշունչ ձմռանը նրանց քշում են Փոքր Ասիայի խորքերը, և ճանապարհին մահանում է շուրջ 400 երեխա, ծեր ու կին: Որոշ ժամանակ անց, Ֆրանսիայի միջամտությամբ, սուլթանը նորից արտոնում է կաթոլիկ հայերի վերադարձը մայրաքաղաք, որով, փաստորեն, խթանվում է հայերի կաթոլիկացման գործընթացը: 1840-ական թվականներին հայ կաթոլիկների թիվը 35 հազար էր: Նրանք ունեին քարոզչարաններ, բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոց: 1846 թվականին հայ կաթոլիկների համայնապետ է դառնում Անարզաբայի եպիսկոպոս Անտոն Հասունյանը: Նրանից առաջ կաթոլիկների առաջնորդը Գևորգ 8-րդն էր, որի նստավայրը եղել է Զմառի վանքը, իսկ նրա մահից հետո Թուրքիայում ստեղծվում է կաթոլիկների պատրիարքություն, և պատրիարքն իր նստավայրը տեղափոխում է Կոստանդնուպոլիս՝ իրեն ենթարկելով Ասորիքի, Միջագետքի, Փոքր Հայքի, Եգիպտոսի 40 հազար կաթոլիկներին:

Հասունյանը Հռոմից ստանում է «Կաթոլիկների կաթողիկոս-պատրիարք՝ պատրիարք տանն Կիլիկիո» տիտղոսը և եպիսկոպոսական աթոռներ է հաստատում Կոստանդնուպոլսում, Հալեպում, Մարաշում, Ադանայում, Դիարբեքիրում: 1856 թվականին Օսմանյան կայսրության հայ կաթոլիկների թիվը մոտեցել էր 100 հազարի:

Հասունյանները բացել են արական և իգական վարժարաններ, անվճար հագուստ և սննդամթերք են տվել հայ աղքատ երեխաներին, կաթոլիկացրել են նրանց և ուղարկել Հայաստանի տարբեր գավառներ: Կարիքն ու քաղցը հայ մայրերին ստիպել է ուծացման այդ ճանապարհով կորցնել իրենց զավակներին: Կոստանդնուպոլսից Ամենայն հայոց կաթողիկոսին բողոք են գրել, որտեղ ասված էր. «...կաթոլիկ որսորդները խիստ հաջող դեր կխաղան, անհնարին է մրցել նոցա հետ, վասնզի Եվրոպայեն ահագին գումարներ են թափում հոն»:

Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին խիստ զայրացրել է կաթոլիկների գործունեությունը, և նրանք կազմակերպել են «Հակահասունյան կուսակցություն»: Բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը գրել է «Հանելուկ» բանստեղծությունը, որտեղ Անտոն Հասունյանի մասին ասվում է.

«Անունով՝ մեծ ճգնավոր

Ու եմ հովիվ պաշտոնով:

Գործով գիտնաս ինչ ըլլալս,

Պիտի դողաս սարսափով»:

Ժամանակի ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Կ. Փանոսյանը, գումարներ է հանգանակել, Սամաթիայում աղջիկների վարժարան է բացել և ձրի ուսում է տվել հայ մանուկներին, որպեսզի նրանք չընկնեն կաթոլիկների թակարդը: Հարություն Սվաճյանն իր «Մեղու» թերթը վերածել է Հասունյանների դեմ պայքարի ամբիոնի: Հռոմի պապի ծավալած գործունեությունը Թուրքիայում Րաֆֆին «հայակործան» է որակել, իսկ Հասունյանականների ամբողջ խմբին՝ «պապի ծանր լծի տակ պատսպարվածներ»:

Զեյթունի հայերի 1862 թվականի ապստամբությունից հետո «Հասունյան-հակահասունյան» պայքարն ավելի է սրվել: Անտոն Հասունյանը Զեյթունի հայ իշխաններին Ֆրանսիայի կառավարության անունից հովանավորություն է խոստացել՝ փոխարենը պահանջելով կաթոլիկություն ընդունել: Միջամտել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանը: Սարգիս Ջալալյանց եպիսկոպոսը 1868 թվականի նոյեմբերի 30-ին Էջմիածնի կաթողիկոսին գրել է. «Հասունն ամենայն զորությամբ ջանում է մեր ազգը կաթոլիկ դարձնել և պրոպագանդ է մղում, որին տրամադրվում է 25 հազար մանեթ, որով այս և այն տեղերը կառուցում է դպրոցներ մեր ազգը հեշտությամբ որսալու համար: Պողոս բեյ Մսրլին ցանկանում է սուլթանի անվանբ դպրոց կառուցել Զեյթունում: Տեսեք, թե ինչպիսի խորամանկությամբ են գործում...»:

Էջմիածնի միջամտությամբ Զեյթունում բացվում են լուսավորչական դպրոցներ, սակայն կաթոլիկներն իրենց նպատակներն իրականացրել են Կիլիկիայում և մասամբ էլ Զեյթունում:

1863 թվականին այստեղ 285 տուն կաթոլիկ էր դարձել, իսկ 1864 թվականին Հասունի կոնդակով Զեյթունի կաթոլիկների առաջնորդ է հռչակվել Կղեմոս Միքայելյանը:

1860-ականներին արևմտահայ կաթոլիկների թիվը հասել է շուրջ 150 հազարի: Նրանք բոլորն իրենց «ֆրանկ» են անվանել: Ոչ կաթոլիկ հայերը նույնպես նրանց «ֆրանկ» են անվանել, որովհետև կաթոլիկությունը հայության մեջ տարածողները հիմնականում ֆրանսիացիները կամ Ֆրանսիայի հովանավորությունը վայելող կաթոլիկացած հայերն են եղել:

Նկարում՝ Անտոն Հասունյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2915 | 0 | 0
Facebook