Loading...

Articles

«Հե՛տ բեր Տիգրանին իր մարտական ամենափառահեղ առաջադրանքից...» Տիգրան Ավետիսյան՝ փառքի ու հավերժության բանաձև

16:15, Thursday, 11 March, 2021
«Հե՛տ բեր Տիգրանին իր մարտական ամենափառահեղ առաջադրանքից...» Տիգրան Ավետիսյան՝ փառքի ու հավերժության բանաձև

Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Տիգրան Ավետիսյանն այսօր հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով» ։ Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ընտանիքի հարազատը։ Նա մասնավորապես գրում է․

«Ստացածդ ամենավերջին, ամենատխուր ու ամենացավոտ մեդալը, Տիգրան ջան...

《Արիության մեդալը》 այժմ համալրեց քո թանգարանն ու մեզ ևս մեկ անգամ ցավով հիշեցրեց՝ինչքան արի, խիզախ, ինչքան նվիրված ու անվախ Զինվոր ես Դու։ Այո, Զինվոր ես ու Կաս։ Հավերժ ներկա ես մեր կողքին։ Հավերժ պարտական ենք քեզ։ Մեր ամեն րոպեն այնքան լցված, այնքան լի է քեզնով, քո մասին զրույցներով, մանկությամբ, քո խենթություններով...

Դու, որ ինձ համար միշտ չարաճճի Տղա ես եղել՝վառ սև աչքերով ու խոսուն հայացքով, այսօր ինձ համար, հայրենիքի ու ընտանիքի համար զոհած կյանքիդ 《պարգևն ես ստանում》, հավերժ 20 տարեկան, հավերժ Զինվոր Տիգրան...

Աստված իմ, 《Արիության մեդալ》...ինչքան քիչ է չէ՞ Զինվորի կյանքի դիմաց։ Ոչինչ, ոչ մի նորություն չի ասում մեզ այդ մեդալը, փոխարենը փաստում է ևս մեկ անգամ, որ Տիգրան ունենք, որ հավերժություն ունենք մեր սրտերում, որ ամեն ինչ ունենք ու չունենք իրավունք թուլանալու...ամեն ինչ ունենք ու միաժամանակ ոչինչ չկա, չի երևում մեր աչքերին ոչինչ, երբ ոչ թե Տիգրանը՝ մեզ, այլ մենք ենք Տիգրանին այցի գնում...ինչ֊որ տխուր ու միայնակ վայրում։

Ինձ զանգում ու կարդում են տեքստը, որը անուղղակի ասում էր՝շնորհակալ ենք, որ Զինվոր եք տվել հայրենիքին, մենք ձեզ մեդալ ենք ուղարկում, որ սփոփվեք։ Չէ՜...Զինվոր կորցրած ծնողին ոչինչ այլևս չի սփոփում։ Մենք այն ազգն ենք, որ Տղա երեխա ունենալու առաջին իսկ պահից Զինվոր ենք կերտում, մենք կանգ ենք առնում մեր կյանքում ու ապրում ենք մեր Զինվորով, նրա ամեն օրով գոհանում Աստծուց, որ Զինվոր տվեց մեզ։ Մենք էլ Հայրենիքի համար ենք Աստծուն հավասար պարգև անում, երբ մեր Տիգրաններին բանակ ենք ճանապարհում...


    

Հե՜յ, պաշտելի՜դ՝իմ Հայրենիք, Տիգրանիս ուր տարար, որ հետ չեկավ, ու՞ր հրամայեցիր կրակել, որ կույր փամփուշտն իրեն դիպավ։ Չէ՞ որ մեր Տիգրանի սիրտը Հայրենիք էր հենց։ Ախր, Հայրենիք ջան, մենք քեզ այնքան֊այնքան ենք սիրում, որ Տիգրան ենք քեզ վստահել, քեզ էլ Տիգրանին ենք վստահել։ Ինչու՞ Տիգրանը քեզ պահեց, փառք բերեց, իսկ դու Տիգրանին տուն չբերեցիր...

Հե՛տ բեր Տիգրանին իր մարտական ամենափառահեղ առաջադրանքից...հետ բեր Ավետիսյանների տան լույսը, հետ տուր մեզնից տարած կյանքերը, որովհետև մենք անգամ հանուն ապագայի դժվարանում ենք ապրել։

#Տիգրանը_հանուն_Տիգրանի ոչինչ չէր խնայի, Հայրենիք ջան, բայց դու էլ հո գիտեի՞ր, որ մենք էլ հանուն իր կյանքի պատրաստ էինք կյանք տալ։ Ինչու՞...ինչու քեզ վստահված կյանքի փոխարեն մեզ մեդալ ուղարկեցիր։

Տիգրա՜ն, Տիգրան Մեծ ...


    

Ավետիսյան Տիգրան Գևորգի...փառք, հավերժ փառք» ․․․

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3738 | 0 | 0
Facebook