Loading...

Articles

Հանրությունը մեծամասնությամբ մեջքով է շրջվել քաղաքական հրապարակը հայհոյանքով ու լուտանքով թունավորած գործիչներին ու խմբավորումներին

14:52, Monday, 08 March, 2021
Հանրությունը մեծամասնությամբ մեջքով է շրջվել քաղաքական հրապարակը հայհոյանքով ու լուտանքով թունավորած գործիչներին ու խմբավորումներին

Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը


    

Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Եվ ինչպիսի լուծում եք տեսնում։


    

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը խորը ճգնաժամային է, քաոսային ու անելանելի: Նախ թուրք-ադրբեջանական ռազմական հարձակումն ու ճնշման տակ հայկական կողմին պարտադրված զինադադարի խայտառակ համաձայնագիրը անդամալուծել է հայ ժողովրդի հավաքական կամքն ու պետական ուժը: Ռուսաստանն իր ռազմական ուժի խաղաղապահ տեղաբաշխումով ոչ միայն ուղղակի հակակշռի տակ է առել Հայաստանը և ընդհանրապես Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանը, այլև իր աշխարհաքաղաքական նկրտումների ի նպաստ կանաչ lույս է ապահովել միջազգային ընտանիքից՝ վերահսկող ոստիկանի իր դերը մեծացնելու հարցում:


    

Վերջապես հայկական քաղաքական ուժերը ամբողջովին կտրված են ոչ միայն մեր ժողովրդի կյանքից, ցավերից ու պահանջներից, այլև Հայաստանի քաղաքական իրականությունից: Հայաստանի միջոցները ամբողջովին հափշտակած ուժերը փորձում են իրենց օրակարգը պարտադրել հայ հանրային կարծիքին, որն իր մեծամասնությամբ ամբողջապես մեջքով է շրջվել քաղաքական հրապարակը հայհոյանքով ու լուտանքով թունավորած գործիչներին ու խմբավորումներին՝ առանց բացառության: Լուծումը պարզ ու որոշ է, բայց հեշտ չէ, եթե չասեմ անհնարին է: Մեր ժողովրդից խլել են իր ինքնավստահությունը, սեփական ուղին հարթելու ինքնավստահության կարիք ունի մեր ժողովուրդը, որը 2018-ի մայիսին կարողացավ կամք ցուցաբերել: Կգտնե՞նք քաղաքական մեր թերահավատությունը հաղթահարող և մեր ժողովրդի ազգային ինքնավստահությունը վերականգնող նոր ուժ, այն ժամանակ էլ ուժ կունենանք, որ հաղթահարենք փակուղային ու հուսահատական այս ճգնաժամը:

Առաջիկայում կգումարվի համահայկական ներկայացուցչական ֆորում, այդ մասին հայտարարել է դաշնակցության ներկայացուցիչը։ Մասնակցություն ունենալո՞ւ եք արդյոք, առհասարակ նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

Համահայկական որևէ ֆորումի մասնակցելու հրավեր ես չեմ ստացել և չեմ էլ կարողանում հասկանալ կամ ընդունել, թե ինչի համար պետք է հավաքվեն մեր ժողովրդին մասնատող ու պառակտող գործիչներն ու խմբավորումները: Սա նույն մարդիկ են, որոնք հավաքվում են Երևանի հրապարակներում: Եթե այս մարդիկ նահանջեն, հույս կստեղծվի, որ հայ ժողովուրդը նորմալ խոսելիք կգտնի: Սրանք, իրենց ամբողջ կենսագրությունը վկա, մարդիկ են, որոնք անընդհատ հայ ժողովրդին թելադրել են, թե ինքն ինչ պետք է ուզի կամ չուզի, և ինչ պետք է անի կամ չանի: Մեր ժողովուրդը մինչև կոկորդը տիղմի մեջ մխրճված վիճակում է և զզված է այս տեսակ քաղաքական հռետորաբանությունից, խոստումներից և այլն:

Ի՞նչ եք կարծում, որքանով Սփյուռքն այսօր պետք է ներգրավվի Հայաստանում իրավիճակի փոփոխությանը, ինչ նպաստ կարող է բերել։ Իշխանությունն արդյոք անում է բավարար քայլեր սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում։

Սփյուռքը հայ ազգի Հայաստան աշխարհի անփոխարինելի և բաղկացուցիչ տարածքն է, միաժամանակ անփոխարինելի աղբյուր է հայ ազգային ներուժի համար: Հետևաբար, եթե կարողանանք Սփյուռքին տալ հնարավորություններ մեր պետականության կառավարման գործին լիարժեք մասնակցելու, նույնքանով մենք ի վիճակի կլինենք օգտվելու Սփյուռքի հնարավորություններից Հայաստանի այսօրվա քաոսային և անելանելի իրավիճակի հաղթահարման մեջ: Իմ ամբողջ տրամաբանությունը կառուցված է հետևյալ ճշմարտության վրա. Հայաստան պետությունը պահողը որևէ պետական իշխանություն չէ, որևէ քաղաքական ուժ չէ, պահողը Հայաստանում ապրող ժողովուրդն է, որ իր ընտանիքը քանդել է, իր ընտանիքի կարևոր մասերը ուղարկել է Ռուսաստան, Եվրոպա կամ Ամերիկա, մինչև Ավստրալիա, որպեսզի կարողանա նրանց նեցուկով երկիրը պահել, ինքն իրեն պահել: Սա ազգային այսօրվա իրավիճակի վերաբերյալ իմ տեսած ճշմարտությունն է, թեկուզ մի քիչ խտացված գույներով: Այսօր Հայաստանում ամեն մի ընտանիքից անդամներ գտնվում են դրսում, որպեսզի կարողանան ապրել ու ապրեցնել մեր երկիրը: Եկող ու գնացող իշխանությունները նույնիսկ չկարողացան դրսից եկող գումարները չփորձեն քերթել ու իրենց փայը վերցնել: Մարդիկ ակնկալիք չունեն պետությունից, միայն ակնկալում են, որ պետությունը չփորձի դոլարի փոխանակման կուրսի հետ խաղալով իրենց հոր, մոր կամ եղբոր ուղարկած գումարին մասնակից դառնալ այս կամ այն իշխանությունը, այս կամ այն պետական ծառայությունը, այս կամ այն թաղային հեղինակությունը:

Այսինքն Սփյուռքում հիասթափություն կա՞:

Անշուշտ կա, Սփյուռքը Հայաստանից տարբեր բան չէ: Անցան այդ ժամանակները, առաջ էր, որ Հայաստանի հանդեպ կարոտախտը, Հայաստանում ապրելը, Հայաստանը տեսնելը դժվարությունների հետ կապված խնդիր էր, ամեն մարդ չէր կարող դա իրականացնել: Հիմա այդպես չէ, հիմա սփյուռքահայերից շատերը Հայաստանում սեփականություն ունեն: Մենք հիմա ակամա, բարեբախտաբար, հայտնվել ենք նույն կաթսայի մեջ, մեկ ամբողջություն ենք: Ո՞վ է սփյուռքահայը. Ես մի ընկեր ունեմ Հայաստանում, որ եկավ Հունաստան աշխատելու, երբ ես «Դրոշակի» խմբագիրն էի: Իր ընկերներն իրեն կատակով ասում էին՝ հիմա, որ դու գնացիր Հունաստան, քեզ պետք է «ախպա՞ր» ասենք: Մեր ազգային իրականության արմատական փոփոխության գիտակցությունը կա այդ հարցադրման մեջ: Ամեն մի դրսում ապրող հայ, որ ժամանակ ու հնարավորություն գտնի, անմիջապես վազելու է իր տունը տեսնելու, իսկ ամուսնուն, իր կնոջը տեսնելու: Մեր ազգային գոյավիճակի եզրերը լրիվ փոխվել են: Հայաստան-Սփյուռք զգացողություններն անկախության շրջանի հասկացողություններ են և որպես այդպիսին պետք է գործածվեն:

Ես տարբեր ժամանակներում, տարբեր հանգրվաններում իշխանավորների հետ եմ առնչվել՝ մաքսատնից մինչև նախարարություններ՝ դեղորայք, բուսական աշխարհի համար պարարտանյութեր տանելու ժամանակ, երբ ապրանք ես մտցնում Հայաստան, պատասխանատու պաշտոնյան հարցնում է՝ ի՞նչ կա սրա մեջ: Եթե մեր իշխանությունները Սփյուռքից Հայաստանի համար օգնություն են ուզում ապահովել, նախ իրենք Հայաստանի ժողովրդին իրենց նպաստը թող բերեն: Որ ժողովուրդը Սփյուռքից իրեն դիմողին չասի՝ որևէ ֆոնդին մի տվեք ձեր օժանդակությունները, մեզ հետ կապվեք, մենք չենք ստանում այդ օգնությունները ֆոնդերից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3676 | 0 | 0
Facebook