***
Անհասցե ես դու, որ
Ծրարվում է անծանոթ տանիքին
Քեզ ուրիշ սիրո անվամբ են կարդում:
Իսկ ե՞ս, ես գնում եմ արագ, անմտածված,
Չեմ էլ հիշում, երբ եմ ստուգել փոստարկղս:
Բոլոր նամակներն անունով են.
Քո ձեռագիրը ուրիշի մոտ է:
Դու բոլորի մոտ ես
Մեկի գրպանում, կզանգես, կվերցնեն
Ու ոչինչ, ոչինչ չի փոխվի իրենց կյանքում:
Դրսում նույն աղմուկը, ներսում՝ ոչինչ, ոչինչ:
Իսկ ես գրպան չունեմ, այդպես լավ է, հարմար,
Ինչի՞ս է հարկավոր...
Դու խոստացար չբաժանվել երբեք-երբեք, հիշու՞մ ես
Նույն մոռացկոտն ես մնացել:
Արի, մի օր, ինձ տեսնելու, ո՞նց եմ,
Իսկ ես, ես ես չեմ գա հանդիպման...
Թե ծաղկավաճառ հանդիպի
Կալաներ գնիր ինձ համար, սպիտակ-սպիտակ,
Այդպես սպասելը գեղեցիկ է ու ապարդյուն,
Ծաղիկներն էլ կթառամեն, ինչպես որ ե՞ս...
***
Չեմ հավատում ծովին, իր խաղաղությանը,
Երբ նրան մոտենամ ուսերս ծածկելու չափ՝
Խաղաղությունը ինձ չի փրկի...
***
Երդվում եմ, սիրում եմ քեզ:
Աստված արգելել էր մարդկանց երդվել,
Նա ավելին գիտեր...
***
***
Քարի մեջ արյուն կա, -ասում են
Ասում են նաև, թե մարդ, սիրտդ քար է:
***
Կանայք ծերանում են,
Եվ նրանց ոչ ոք չի խղճում
***
Մաքուր անձրև կտեղա,
Իսկ հետո,
Հետո ոտքերիդ առաջ ցեխակույտ կլինի…
***
Շարունակիր ապրել, -ասում էր նա:
Նա, ում գլխում ինքնասպանության միտքն էր:
***'
Եկեղեցու բակում մի պառավ ինձ անիծեց
Շրջվեցի
Նրանից չորս մոմ գնեցի…
Հասմիկ Գևորգյան