Loading...

Articles

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ

16:35, Friday, 15 January, 2021
ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ


     Կատակերգություն երկու գործողությամբ
     .

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
     .

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ
     ՍՈՂՈՄՈՆ
     ՄԱՆԵ
     ԺԱԿ
     ԲԵՄԱԴՐԻՉ
     ԲԱՆԱՍՏԵՂԾ
     ԳՐՈՒՆԻ
     ԲԺՇԿՈՒՀԻ
     ԵՐԳՉՈՒՀԻ
     ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ
     ՄԱՐԿՈՍ ԱՂԱ
     ԾԱՌԱ
     ՄԵՐԱՆ
     ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
     ԵՎ
     ԴՐՎԱԳԱՅԻՆ ԱՅԼ
     ԿԵՐՊԱՐՆԵՐ
     .

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
     .
     Աշխատասենյակի նմանվող ընդարձակ սրահ: Երկու տղամարդ և երկու կին:
     .

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Այս ի՜նչ է կատարվում, Տե՛ր Աստված, այս ի՜նչ է կատարվում:
     ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Գժվե՜լ կարելի է, գժվե՜լ: (Մյուս կինը զանգում է):
     ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– Էդ՝ ո՞ւմ:
     ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ– Սադայելին:
     ԱՌԱՋԻՆ ԿԻՆ– Այստեղ քի՞չ կան:
     ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ– Դրա համար էլ զանգում եմ:
     ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ– Ինչո՞ւ:
     ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ– Որ գա, սովորի, Մանե՛: Սատանայությո՜ւն սովորի...
     ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՁԱՅՆԸ– Ստո՛պ, ստո՛պ, ստո՛պ: (Խոսողը, որը բեմադրիչն է, բարձրանում է բեմ): Չեղավ: Մի քիչ՝ այլ տոնայնությամբ: Ավելի բարձր: (Առաջին տղամարդուն) Մյուսնե՞րն ուր են: Ինչո՞ւ են ուշանում:
     ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Խցանման մեջ են: Բողոքի երթ է:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Փորձերը դանդաղում են: Չենք հասցնի: Նոր դերասանների պիտի փորձենք, նկարահանումներ անենք: (Մանեին) Ասացի՞ր, որ խաղալու համար հրավիրել ենք նաև Ժակին:
     ՄԱՆԵ– Հա՛, ասացի: Նա արդեն գալիս է: Հիմա օդում է:
     ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՄԱՐԴ– (Թղթի վրա ինչ-որ հատված բեմադրիչին ցույց տալով) Այս մասը գուցե վերանայե՞նք: Շա՛տ է միակողմանի: Սխալ է ամեն ինչում միայն իշխանությանը մեղադրելը: Ի վերջո՝ մենք էլ, իշխանությունն էլ այս ժողովրդի ծնունդն ենք:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Լավ: Կմտածեմ: Փորձում ենք նորից: Ուշադրությո՛ւն...
     ՄԱՆԵ– Այս ի՜նչ է կատարվում, Տե՛ր Աստված, այս ի՜նչ է կատարվում...

Նոր պատկեր: Օդանավակայանի սպասասրահ: Մանեն ու բեմադրիչն սպասում են Ժակին: Լսվում է վայրէջք կատարող ինքնաթիռի ձայն: Բարձրախոսով հաղորդվում է.
     – Ուշադրությո՛ւն: Վայրէջք կատարեց Նյու Յորք-Երևան ինքնաթիռը:
     Ուղևորները գալիս են պայուսակներով ու ճամպրուկներով: Մանեն հեռախոսով խոսում և ինչ-որ մեկին հեռվից ձեռքով է անում: Քիչ անց գալիս է մի տղամարդ՝ Ժակը: Նրանք իրար բարևում են, համբուրվում, զրուցում, բայց ընդհանուր ժխորի մեջ խոսակցությունը չի լսվում:
     Մեկ այլ տղամարդ, որի ձեռքին կա տեսախցիկ, մոտենում է նրանց, և քիչ հետո բեմադրիչը նրա հետ գնում է:
     Ժամանած ուղևորներից երկուսը՝ Աբիսողոմ աղան ու Սողոմոնը, քայլում են դահլիճի կողմը, ճամպրուկները դնում ու կանգնում: Արտաքինից անմիջապես երևում է, որ հայր ու որդի են: Աբիսողոմ աղան մոտավորապես 60 տարեկան է, Սողոմոնը՝ 20-21:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– ...Այնպես որ, գրպանդ պինդ պահե, մա՛նչս: (Սողոմոնը, չհասկանալով խոսքի փոխաբերական իմաստը, գրպանը ամուր բռնում է):
     ՍՈՂՈՄՈՆ– Մենք հո՞ս պիտի աղջիկ ընտրենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հո՛ս պիտի ընտրենք, հո՛ս:
     ՍՈՂՈՄՈՆ– Աղջիկներն ինչպե՞ս պիտի գիտնան, որ զիրենք տեսնելու եկած ենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա դժվար բան մը չէ: Լրագրին մեջ ազդ մը տպել տալու ենք, որ իր մանչը՝ Սողոմոնը կարգելու նպատակով Երևան ժամանած է Աբիսողոմ աղա, և մեզ մոտ փութալու են...
     ՍՈՂՈՄՈՆ– Աղվորիկ աղջիկնե՞ր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ՛, մանչս: Ազգային տեր հայրը, ազգային բանաստեղծը, ազգային պատկերահանը: Ապա միջնորդ կնիկը գալու է, և ապա նոր...
     ՍՈՂՈՄՈՆ– Աղջիկնե՞ր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը տեսնեմ, որ դուն կը շտապես, բայց մենք նախ խմբագրին պիտի հանդիպենք:
     ՍՈՂՈՄՈՆ– Ան գիտե՞, որ մենք զինքը կը սպասենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ոչ թե մենք զինքը կը սպասենք, այլ ինքը հոս կը սպասե քաղաք ժամանած երևելի մարդերը: (Նայելով Ժակին ու Մանեին) Ինծի կը թվա, թե խմբագիրը այն մարդն է: Բայց ինչո՞ւ մեզ չի մոտենար: Ուրեմն ճիշդ կ’ըսեն, որ խմբագիրները հիմա քիթները վեր ցցած են: (Որդու ձեռքը բռնած՝ կամաց-կամաց մոտենում է Ժակին): Պարո՛ն, դուն խմբագիր չե՞ս:
     ԺԱԿ– (Նայելով ապուշների տպավորություն թողնող հայր ու որդուն, ոչ լուրջ տոնայնությամբ) Ոչ միայն խմբագիր եմ, այլև դերասա՜ն, նկարի՜չ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատանկ ալ կը կարծեի: Ես պատվավոր ազգային Աբիսողոմ աղան եմ:
     ԺԱԿ– (Զրույցի հետագա ընթացքում խոսում է արտիստական տոնայնությամբ): Ուրախ եմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Նյու Յորքեն նոր ժամանած եմ և կ’ուզեմ քու լրագրին բաժանորդը դառնալ:
     ԺԱԿ– Բարի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ կը խնդրեմ՝ հենց վաղը գրես, որ իր մանչը կարգելու նպատակով Երևան եկած է պատվավոր ազգային Աբիսողոմ աղա: Առաջին էջին մեջ հարկավ: Խոշոր տառերով: Եվ լավ կ’ըլլա, որ մեր պատկերներն ալ լրագրին մեջ քաշված ըլլան: Ու թող մակագրություն մըն ալ ըլլա, որ մենք արտերու, ագարակներու և «Ջիպ» -երու տեր ենք: Դուն ալ կը հասկնաս հարկավ, որ այս ամենը աղջիկները գրավելու անհրաժեշտ հանգամանքներ են:
     ՄԱՆԵ– Առաջին էջում մենք այդպիսի հայտարարություններ չենք տպագրում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մեկ ու կես ոսկին եթե չի բավեր, կրնամ ավելին վճարել, միայն թե...
     ԺԱԿ– Ի՞նչ ոսկի: Դուք կվճարեք ընդամենը մի քանի դոլար, և հայտարարությունը կտպագրվի:
     ՄԱՆԵ– Բայց ոչ, իհարկե, առաջին էջում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Որո՞ւն մեջ հապա:
     ՄԱՆԵ– Հայտարարությունները տպագրվում են վերջին էջում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ցտեսություն, ուրեմն: Ես չեմ ուզեր, որ մեր անունները լրագրին վերջին էջը զարդարեն:
     ԺԱԿ– Ի՞նչ տարբերություն, Աբիսողո՛մ աղա: Լրագիրը շրջելիս վերջին էջը չի՞ դառնում առաջին:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Փոքր-ինչ մտածելուց հետո) Աղեկ, թող ատանկ ըլլա, միայն թե ամեն բան տեղը տեղին ըլլա:
     ԺԱԿ– Տեղը տեղին կլինի: Ամեն բան՝ ok:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ ամենքը պիտի ըսես հարկավ, որ քու կամքովդ տպել համաձայներ ես: Որ Աբիսողոմ աղա ոչ դանակ քաշեր և ոչ ալ ատրճանակ ցցուցեր է:
     ԺԱԿ– Ի՞նչ ես ասում: Մի՞թե ուրիշ ազգայինները...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ընեն, պարո՛ն, կ’ընեն:
     ԺԱԿ– Համեցեք խմբագրություն: Արշակունյաց փողոց, թիվ 2:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Դժգոհությամբ) Նորե՞ն թիվ երկու:
     ՄԱՆԵ– Ճակատագիր է: Չես փախչի: Կասեք, որ երաշխավորել է Մանեն, իսկ ես նախապես կզանգեմ:

Գալիս է բեմադրիչը՝ նկարահանող խմբով:

ԲԵՄԱԴՐԻՉ– Լավ է... Լավ է... Լավ է... Երկրորդ խցիկ... Լավ է: Խոշոր պլան: Շարունակում ենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ կ’ընեն:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Առաջին խցիկ, համբուրվող զույգին... Երկրորդ խցիկ, օլիգարխին... Ընդհանուր պլան... Մուրացկանին... Լավ է: Ավարտում ենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Բեմադրիչին) Պարոն, Դուք ֆի՞լմ կը նկարահանեք:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Դե... մոտավորապես։
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սերիա՞լ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՜չ, Աստված կսիրեք... Կարելի է ասել՝ կինոնկար-ներկայացում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Տե, գոնե զգուշացնեիք, զիս կարգի բերեի, մազերս սանտրեի: Խնդրեմ, վերջին դրվագը անգամ մըն ալ նկարահանեցեք:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՛չ, ո՛չ, պարոն: Մեր սկզբունքին դա հակասում է: Այստեղ ոչ մի դրվագ երկրորդ անգամ չի խաղարկվում, և ամեն «դերասան» միայն մեկ անգամ հնարավորություն ունի խաղալու իր դերը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես երկրորդ անգամ ավելի լավ կը խաղամ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Ասացի, որ երկրորդ հնարավորություն չի տրվում...

Նկարահանող խումբը գնում է:

ՍՈՂՈՄՈՆ– Հիմա՞ ինչի կը սպասենք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սնտուկները, մա՛նչս, սնտուկները կը սպասենք: (Որդու ձեռքը բռնելով) Եկո՛ւր, եկո՛ւր, տեսնենք՝ ինչո՞ւ չեն բերեր: (Գնում են):

Նկատելի է, որ Մանեն և Ժակը դեռևս ինչ-որ մեկին, ինչ-որ բանի սպասում են:
     Բարձրախոսով հաղորդվում է.
     – Ուշադրությո՛ւն: Սկսվել է Երևան-Դուբայ համար 1632 չվերթի ուղևորների գրանցումը: Խնդրում ենք մոտենալ 4-րդ սեկցիային:

ՄԱՆԵ– Սնտուկներուդ մեջ ատրճանակով ազգային հո չկա՞ր: Ինչո՞ւ են ուշացնում:
     ԺԱԿ– (Թեթևակի հումորով) Կյանքը սպասումների շղթա է, Մանե՛, անվերջանալի շղթա... (Նստում են): Քեզ այնպես կարոտել էի: Արդեն օրերն էի հաշվում:
     ՄԱՆԵ– Շատ կարոտելիս ժամե՛րն են հաշվում:
     ԺԱԿ– Դե... Օրերն էլ ժամեր չե՞ն: Որ իմանաս, թե այնտեղ կյանքի ի՛նչ խելագար ռիթմ է, ի՛նչ խելահեղ վա՜զք... Թե ո՞ւր ենք այդպես շտապում, վազում, չգիտեմ: Կարծես եթե չվազենք, մոլորակը ոտքներիս տակից կգնա, վրայից կընկնենք:
     ՄԱՆԵ– (Կատակով) Այդ դեպքում արի մեզ մոտ, գտիր մի խուլ գյուղ և... ձանձրացի՜ր, ինչքան կուզես: Ինչքան կուզես, խնդրի՛ր, աղաչի՛ր, որ կյանքի ընթացքը մի քիչ արագանա, մեկ է, նա կմնա տեղում մեխված:
     ԺԱԿ– Նկատի ունես երկու հազար տարի առաջ մեխա՞ծ ժամանակը:
     ՄԱՆԵ– Հա՛: Պատմիչների մեխած... (Քիչ անց) Այդ ի՞նչ ամսագիր է: Ձեզ մո՞տ ինչ են գրում: Ի դեպ, դու քեզ ինչո՞ւ դարձրեցիր խմբագիր:
     ԺԱԿ– Ձեր թերթում կտպեք: (Կատակով) Մարդու ուզածը մեծ բան չէր: Այնպես որ, շատ էլ չեմ խաբել:
     ՄԱՆԵ– (Ամսագրում ինչ-որ նկար տեսնելով, զարմացած) Սա ի՞նչ նկար է: Ո՞ւմ արձանն է: Կարծես ճանաչում եմ:
     ԺԱԿ– (Հեգնանքով) Չի կարող պատահել: Երևի երազում ես տեսել:
     ՄԱՆԵ– Չգիտեմ՝ երազում եմ տեսել, թե իրականում, բայց ճանաչում եմ:
     ԺԱԿ– Դու խելքդ գցել ես: Ախր սա հայտնի գրող Ֆրանցի կիսանդրին է:
     ՄԱՆԵ– Ֆրանցի՞: Մի՞թե նա մահացել է:
     ԺԱԿ– Ճիշտ որ գժվել կարելի է: Ի՞նչ է, այստեղ միայն մեռնելուց հետո՞ են արձան կանգնեցնում:
     ՄԱՆԵ– Դու տաղանդավոր կռահող ես:
     ԺԱԿ– Ինչո՞ւ: Դուք մեծերին չե՞ք գնահատում:
     ՄԱՆԵ– (Հեգնական տոնով) Դե, ինչպե՞ս կարող ենք չգնահատել: Պարզապես մեր ու ձեր տարբերությունն այն է, որ մենք երկար չարչարվում ենք՝ պարզելու համար մարդը մե՞ծ է, թե՞ ոչ: Եվ մինչև պարզում ենք, նա արդեն լինում է մյուս աշխարհում:
     ԺԱԿ– (Կատակով) Ուրեմն տեղը տեղին չարչարվում եք:
     ՄԱՆԵ– Հա՛, բա ո՞նց:
     ԺԱԿ– Իսկ այդ փորձաքննություն անցնող տաղանդին ինչպե՞ս եք պահում ա՛յս աշխարհում:
     ՄԱՆԵ– Օ՜: Այս աշխարհում մենք նրա համար ամեն խոչընդոտ ստեղծում ու հետևում ենք, թե ինչպես է հաղթահարում: Օրինակ՝ այնպես ենք անում, որ մնա հացի կարոտ:
     ԺԱԿ– Հետո՞:
     ՄԱՆԵ– Եթե առանց ուտելու կարողանում է ապրել, անցնում ենք հաջորդ փորձաքննությանը՝ հոգեկան ճնշման: Այլ կերպ ասած՝ համարում դասական...
     ԺԱԿ– Ի՞նչ:
     ՄԱՆԵ– Էլ ի՞նչ պիտի. միջակություն: Ու եթե դիմանում է նաև սրան, անցնում ենք մյուս՝ ամբողջովին ոչնչացնելու փուլին:
     ԺԱԿ– (Ծիծաղելով) Սպանո՞ւմ եք:
     ՄԱՆԵ– Չէ՛: Պարզապես հաշվի չենք առնում, գրածները չենք տպում, անունը չենք տալիս... Իհարկե, լինում է նաև, որ ուղարկում ենք...
     ԺԱԿ– (Հեգնանքով) Պարզ է, պարզ է. Սոչի՝ սանատորիա...
     ՄԱՆԵ– Այո՛: Բայց որպես բեռնակիր:
     ԺԱԿ– Եվ այդքանից հետո նա դեռ այնպես է ստեղծագործում, որ իր հուշարձա՞նը կանգնեցնեք:

Զրուցելով գալիս անցնում են Աբիսողոմ աղան ու Սողոմոնը:

ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ զիս մեծ քաղաքին մեջ ապրող աղջկա հետ կ’ուզես կարգիլ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Որովհետև մեծ քաղաքին մեջ ապրող աղջկա հետ կարգվելով՝ դուն ալ մեծ քաղաքացի պիտի ըլլաս:
     ՍՈՂՈՄՈՆ– Իսկ ո՞րն է ավելի լավ. ըլլալ մեծ քաղաքացի՞, թե՞ պատվավոր ազգային:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դրանք մեկզմեկու չեն խանգարեր: Դուն ազգայինին զավակ մըն ես: Ըսել է թե արդեն մեծ ազգային մըն ես, և հիմա կարևոր է, որ ըլլաս նաև մեծ քաղաքացի:
     ՍՈՂՈՄՈՆ– Մեծ քաղաքի աղջիկներ ամենքն ալ աղվո՞ր են:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ամենքն ալ:
     ՍՈՂՈՄՈՆ– (Նայում է սրահով անցնողներից մեկին): Աս ա՞լ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատ ալ:
     ՍՈՂՈՄՈՆ– (Նայում է մեկ ուրիշի): Աս ա՞լ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատ ալ:
     ՍՈՂՈՄՈՆ– (Ցույց է տալիս մեկ ուրիշի, որը չի երևում): Ան ա՞լ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անիկա պառավ կնիկ մըն է, մա՛նչս:
     ՍՈՂՈՄՈՆ– Պառավ կնիկներ չե՞ն կարգվեր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը կարգվեն, բայց քեզի համար աղվորիկ աղջիկ մը ուզելու ենք: (Գնում են):

Մանեն և Ժակը մոտենում են պատուհանին: Լսվում է սգո երաժշտություն: (Կարելի է ստեղծել նաև այն տպավորությունը, որ երաժշտությունը հնչում է ոչ թե օդանավակայանում, այլ բեմական էֆեկտ է՝ համապատասխան տրամադրություն առաջացնելու համար):

ԺԱԿ– Լավ են մտածել: Իսկ ո՞ւր է ռեժիսորը: (Մանեն զարմացած նայում է նրան): Ինչո՞ւ ես նայում: Ֆիլմի նկարահանում չէ՞:
     ՄԱՆԵ– Իհարկե՛ ֆիլմի նկարահանում է, իմ տառապյալ Դոն Կիխոտ: Ես էլ քո Դուլսինեան եմ:
     ԺԱԿ– Ինչո՞ւ ես ծաղրում:
     ՄԱՆԵ– Երևի մեզանից է, Ժա՛կ: Այստեղ եկողը կորցնում է իրականության զգացողությունը և հաճախ էլ դառնում...
     ԺԱԿ– Ի՞նչ:
     ՄԱՆԵ– Խաբեբա՛, գի՛ժ... Դու էլ արդեն սկսել ես: Սա ոչ թե ֆիլմի նկարահանում է, այլ իրական կյանք: Հայրենիք են բերում գողական աշխարհի՝ (այլ հնչերանգով) արյունալի վեճերում «զոհված» հայտնի հեղինակության դին:
     ԺԱԿ– Եվ նրան դիմավորում են այսպե՞ս: Հետաքրքիր է...
     ՄԱՆԵ– Թաղելու հարցում մենք հանճարեղ ենք: Մանավանդ, երբ թաղում ենք իրական մեծերին: Պատկերացրու, որ դրանից հետո նրանց նկատմամբ ունեցած մեր սերը հասնում է պաշտամունքի:
     ԺԱԿ– Չէ՛, ինչ կուզես, ասա. սա ֆիլմ է, խա՜ղ: Ահա՛, ռեժիսորն էլ եկավ:
     ՄԱՆԵ– Հիմա ավելի լավ խաղ են հորինել: Խաբոցի: Այն էլ՝ համազգային, համապետական: Եվ դա դեռ առաջին փուլն է...

Գալիս են նկարահանող խումբն ու դերասանները: Մանեն և Ժակը մոտենում են նրանց:

ԲԵՄԱԴՐԻՉ– Սա լինելու է լավագույն դրվագներից մեկը: Սցենար թեև չկա, բայց դա կարևոր չէ. ընթացքում ամեն բան կընկնի իր տեղը: Պատրա՜ստ... Առաջի՛ն խցիկ, ընդհանուր պլան... Անցում դերակատարներին... Լրագրող... (Խոսափողը ձեռքին՝ առաջ է գալիս լրագրող-դերասանուհին):
     ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ– Ըստ մեր վիճակագրության՝ գործազուրկ է ժողովրդի զգալի մասը: Շատերն էլ աշխատում են օրական 10-12 ժամ՝ մնալով ծայրահեղ չքավոր: Շահագործումը հասել է չլսված չափի: Այսպես. եթե ստրկատիրական ժամանակաշրջանում տերը հոգում էր ստրուկի կենսական պահանջմունքները, ասել է՝ նրա կարիքների համար ծախսում էր որոշակի գումար, ապա այսօր շատ գործատուներ չեն ձեռնարկում ոչինչ և չեն վճարում անգամ աշխատավարձ:
     ԲԵՄԱԴՐԻՉ– Լավ է... Լավ է... Շարունակում ենք...
    
     Կրկին գործողության առաջին պլան են գալիս Ժակը և Մանեն: Հետին պլանում երևում են Աբիսողոմ աղան ու Սողոմոնը:
    
     ԺԱԿ– Լսի՛ր, ապուշի դերում խաղալու համար ձեզ հարկավոր չէ՞ պատվավոր ազգային: Որդին էլ՝ վերադիր... ՄԱՆԵ– Չգիտեմ: Պետք է ասել բեմադրիչին: Առայժմ դերասաններ են պետք, որ խաղան քաղաքական գործիչների դերում:
     ԺԱԿ– Ձե՞ր գործիչների:
     ՄԱՆԵ– Ոչ միայն:
     ԺԱԿ– Իսկ որտե՞ղ պիտի խաղան. թատրոնո՞ւմ, թե՞...
     ՄԱՆԵ– Ճիշտն ասած՝ արդեն ես էլ չգիտեմ, թե որտեղ է իսկական ներկայացումը:
     ԺԱԿ– Մի՞թե չես տեսնում, որ ներկայացումն ամենուր է: Ա՛-մե՛-նո՛ւր:

Հնչում է երաժշտություն: Բեմ է գալիս պարախումբը: Սկսվում է դիմակահանդեսային պար:
     Պարախմբի գնալուց հետո բեմը ներկայացնում է այլ պատկեր՝ հյուրանոցի սենյակ, որտեղ Աբիսողոմ աղան ու Սողոմոնն են: Նկատելի է, որ մի քանի օր անցել է:

ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ հապա չեն գար ազգային տեր հայրը, ազգային բանաստեղծը, ազգային պատկերահանը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ գիտեր, մա՛նչս: Պոլսո մեջ անոնք զիրար հերթ չէին տար:
     ՍՈՂՈՄՈՆ– Իսկ չ’ըլլար, որ մեկեն կանչենք միջնորդ կնիկը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մի՛ շտապե, մանչս, մի՛ շտապե:
     ՍՈՂՈՄՈՆ– Լրագրին մեջ ամեն բան տեղը տեղի՞ն գրած են:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Տեղը տեղին գրած են, տեղը տեղին: (Կարդում է): «...Իր մանչը՝ Սողոմոնը կարգելու նպատակով Երևան ժամանած է պատվավոր ազգային մը՝ Աբիսողոմ աղա»: Հետգրություն ալ կա. «Տասնիններորդ դարեն եկած է...»: (Վերջին մտքի վրա մի պահ մտածում է և ուսերը թոթվում): Չեմ հասկնար:
     ՍՈՂՈՄՈՆ– Շվեյցարը կ’ըսեր. «Հոս լրագիրներու գրածներուն չեն հավատար: Չեն հավատար, թե Աբիսողոմ աղան Ամերիկան թողեր, եկեր է հոս: Կը կարծեն, որ ատիկա կատակ է, որովհետև լրագիրն ալ թատերական է»: Ինքը կ’ըսեր. «Ատոր համար ալ մեկը չայցելեր ձեզի»:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Ի՞նչ կ’ըսես:
     ՍՈՂՈՄՈՆ– Ան ըսավ. «Մինչև հիմա դեռ նման դեպք չէ եղած»:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Չկարողանալով սթափվել) Ի՞նչ կ’ըսես: Ի՞նչ ընենք հապա: Ուրեմն լրագիրներուն ա՞լ չենք կրնար վստահիլ:
     ՍՈՂՈՄՈՆ– Չ’ըլլա՞ր, որ մենք երթանք ազգային տեր հոր, ազգային բանաստեղծին կամ, մեկեն, ազգային միջնորդ կնկան մոտ: (Լսվում է դռան զանգի ձայն: Աբիսողոմ աղան գնում է, որ բացի):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բան մը կը խորհենք, մա՛նչս, բան մը կը խորհենք:

Գալիս են Ժակն ու Մանեն:

ԺԱԿ– Օ՜, Աբիսողոմ աղա: Ողջո՛ւյն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ողջո՛ւյն, պարոն Ժակ, ողջո՛ւյն:
     ԺԱԿ– Մանեն իմ ընկերուհին է: Հարկավ հիշեցիր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հիշեցի, հիշեցի: Ուրախ եմ տեսնել:
     ՄԱՆԵ– Գործերն ինչպե՞ս են: Հայտարարությունը կարդացի՞ք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կարդացինք, կարդացինք:
     ԺԱԿ– Հուսով եմ՝ դժգոհ չես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ձեզմե դժգոհելու բան մը չունիմ, սակայն...
     ԺԱԿ– Ի՞նչ է, անախորժությո՞ւն է եղել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ըսեն, թե հոս լրագիրներուն չեն հավատար: Չեն հավատար, թե ես ապրելու, մանչս կարգելու համար Երևան եկած եմ: (Նստում են):
     ԺԱԿ– (Կեղծ զարմանքով) Ի՞նչ ես ասում: Այստեղ ես նույնպես նորեկ եմ: Տեղի բարքերին ծանոթ չեմ:
     ՄԱՆԵ– Իսկ Ամերիկայում լա՞վ էր: Ամեն բան կարգի՞ն էր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՜... Խոսքը մեջերնիս, ինծի ան ալ դուր չեկավ:
     ԺԱԿ– Ինչո՞ւ, Աբիսողոմ աղա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ ըսեմ, պարոն Ժակ: Ժամանակ մը կար, որ ազգային վարժապետը, ազգային դերասանն ու ազգային բժիշկը Աբիսողոմ աղայի հետևեն կը վազեին, ազգային բանաստեղծն ու միջնորդ կնիկը կը վազեին, ազգային սափրիչն ու բեռնակիրները կը վազեին, բայց մենք Նյու Յորքի մեջ ալ տունը նստած մնացինք, և ոչ մեկը երեսներուս եկավ: Մանչիս համբերությունն ալ հատավ, և մե՛նք ստիպվեցանք իրենց ոտքը երթալու:
     ՄԱՆԵ– Հետո՞:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Համոզվեցա, որ հոն ալ ո՛չ ազգային հիվանդը կը գնահատեն, ո՛չ ազգային բարերարը կը գնահատեն, ո՛չ ազգային ունկնդիրը կը գնահատեն և ոչ ալ ազգային կարգվողի արժեքը կը գիտնան:
     ԺԱԿ– Եվ ոսկուդ քսա՞կն էլ չօգնեց:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չօգնեցավ, պարոն Ժակ, չօգնեցավ: Բանաստեղծն ըսավ, թե իր մուսան առանց ոսկու ալ կուգա. թե ինքը առանց ոսկու ալ կը գնահատվի: Դոքթրին գլուխը չմտավ, թե ինչ ըսել է ազգային հիվանդ: Պատկերահանն ալ երեսիս նայելով ըսավ, թե չի ուզեր ապարատը փչացնել:
     ՄԱՆԵ– Այսինքն՝ Նյու Յորքն էլ դուք չեք հավանել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հավնիլը՝ հավնած ենք, բայց այնտեղի մարդերը ազգայիններու հարգը չեն գիտնա:
     ԺԱԿ– Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեզ շահեկան առաջարկ անենք: (Աբիսողոմ աղան հետաքրքրությամբ նայում է): Ուզում ենք խնդրել, որ խաղաք... թատրոնում: Մեզ հետ...
     ՄԱՆԵ– Բեմադրիչի հետ արդեն խոսել ենք, ձեզ ներկայացրել: Շատ ուրախացավ: Առարկություն չունի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Թատրոնին մե՞ջ:
     ԺԱԿ– Այո՛: Միանգամից կդառնաք ճանաչված: Ոչ ոք այլևս չի կասկածի, որ Ամերիկան թողել, եկել եք Երևան:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Մեզմե ի՞նչ դերասան:
     ՄԱՆԵ– Համեստություն մի՛ արեք, Աբիսողոմ աղա: Դուք ծնվել եք հենց թատրոնի՛ համար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Իսկ հոս ազգային բժիշկները, ազգային վարժապետները, ազգային բանաստեղծները կը կգնահատե՞ն երևելի մարդերը:
     ՄԱՆԵ– Այն էլ ինչպե՜ս: Դեռ տուն չմտած՝ դուռդ կբախեն քաղցած բանաստեղծները, աղքատ խմբագիրները, միջնորդ կնիկները...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Իրա՞վ:
     ՄԱՆԵ– Բայց նրանց հերթ չեն տա շողոքորթ տնօրենները, ձեռներեց պատգամավորները, նախարարները...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է թե երեսփոխանն ու նախարարն ա՞լ իմ ոտքս պիտի գան:
     ՄԱՆԵ– Ոչ թե պիտի գան, այլ պիտի վազեն, եթե միայն քսակիդ ոսկիները զրնգացնես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եթե իմ կամքովս չտամ, չե՞ն կողոպտեր, ինչպես Պոլսո մեջ: (Սողոմոնը գրպանն ամուր բռնում է):
     ՄԱՆԵ– Քո կամքով եթե չտաս, չեն կողոպտի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է՝ թե չուզեմ, չեմ տա:
     ԺԱԿ– Թե չուզես, չես տա:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Փոքր-ինչ մտորելուց հետո) Աս քաղաքը պատվապա՞հ քաղաք է:
     ՄԱՆԵ– Դե... Այնքան էլ պատվապահ չէ, բայց ընդհանուր առմամբ պատվապահ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սիրո՞ւն քաղաք է:
     ՄԱՆԵ– Այնքան էլ սիրուն չէ, բայց ընդհանուր առմամբ սիրուն է:
     ՍՈՂՈՄՈՆ– Եվ շատ ալ, ընդհանուր առմամբ, միջնորդ կնիկնե՞ր կան:
     ՄԱՆԵ– Եվ շատ ալ, ընդհանուր առմամբ, միջնորդ կնիկներ կան:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս երկրին մեջ դերասանները հարգվա՞ծ մարդեր են: Անոնցմե կը պատկառի՞ ժողովուրդը:
     ՄԱՆԵ– Լավ «դերասանները» ամենից հարգված մարդիկ են, և ժողովուրդն էլ նրանց գլխի վրա է պահում:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դերասանություն ընելը արգելք չպիտի՞ ըլլա, եթե ես ալ ուզեմ իշխանավոր դառնալ:
     ԺԱԿ– Դու միայն քո քսակը զրնգացրու...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աղեկ: Պոլսո մեջ ես քիչ մը անխոհեմություն, ժլատություն ըրի և զրկվեցա մեծ քաղաքացի ըլլալու պատվեն: Բայց զավակիս համար ոչինչ չպիտի խնայեմ:
     ԺԱԿ– Ուրեմն դեմ չես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անկյունները ապրելեն հոգնեցա, պարո՛ն Ժակ: Ես ալ կ’ուզեմ նշանավոր դառնալ, պետական գործերուն միջամուխ ըլլալ, թատրո՛ն խաղալ:
     ՄԱՆԵ– Այսինքն՝ համաձայն եք:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եթե ատանկ է, ինչո՞ւ պիտի դեմ ըլլամ:
     ՄԱՆԵ– Ուրեմն պայմանավորվեցի՞նք: (Պատրաստվում են գնալու):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Պայմանավորվեցանք, պայմանավորվեցանք:

Բոլորը միասին դուրս են գալիս: Մթնում է և լուսավորվում:
     Բեմում Սողոմոնն ու Աբիսողոմ աղան են: Վերջինս, բազմոցին նստած, քաշում է տերողորմյա:

ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ հապա միջնորդ կնիկը չի գար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կուգա, մա՛նչս, կուգա: (Դուռը թակում են: Սողոմոնն անհամբեր սպասում է: Գալիս է ծառան):
     ԾԱՌԱ– Պարո՛ն, Ձեզ մի տղամարդ է այցելել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛: Անիկա՞ ինչի կը նմանի:
     ԾԱՌԱ– (Աբիսողոմ աղայի նմանողությամբ) Անիկա բանի մը չի նմանի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կանչե, տեսնենք: (Ծառան գնում է: Գալիս է այցելուն՝ բանաստեղծը):
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Օ՜հ, Աբիսողոմ աղա: Բարի եկած ես, բարի եկած ես... (Զգալով, որ Աբիսողոմ աղան իրեն չի հիշում): Զիս չե՞ս հիշեր: (Աբիսողոմը գլուխը պտտում է): Չե՞ս հիշեր ան երիտասարդ բանաստեղծը: Պոլսո մեջ...
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Հիշելով) Ա՜...
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Իսկ դուն չես փոխված, Աբիսողո՛մ աղա:
     Ասիկա մա՞նչդ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս է, մանչս:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Աղվոր մանչ մ’է: Վարազդատ թագավորին կը նմանի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը նմանի, անշուշտ կը նմանի:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ես զինքը իմ պոեմներուս մեջ գովերգեմ պիտի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչո՞ւ հապա կ’ուշացնես:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Չեմ ուշացներ, Աբիսողո՛մ աղա, չեմ ուշացներ: Մուսաս գալուն պես...
     ՍՈՂՈՄՈՆ– Մուսան ա՞լ միջնորդ կնիկ մ’է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ըսեն, թե անիկա հուշարար կնիկ մ’է:
     ՍՈՂՈՄՈՆ– Շուտ գալուն համար ի՞նչ կ’ուզե:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ոսկի կ’ուզե, մանչս, ոսկի՛:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Երկու ոսկիով կուգա՞, թե ան ալ գինը բարձրացուցեր է:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Է՜, Աբիսողոմ աղա, մուսային գինը այժմ ալ ինկած է: Երեսը նայող չկա: Հասարակաց կիները ավելի թանկ կ’արժեն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսենք թե մուսադ վազեցավ եկավ, և դուն ալ պոեմ մը գրեցիր: Ի՞նչ պիտի ընես ետքը:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Պոեմիս արժեքը հասկացող բարերար մը պիտի գտնեմ և զայն տպագրեմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսենք թե տպագրեցիր:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ապա գրախոս մը գտնելու և զայն գովաբանել տալու եմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛: Ետքը:
     ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ծանոթներս խնդրելու եմ, որ շնորհանդես կազմակերպեն: Ապա հեռատեսիլով ներկայացնել պիտի տամ: Ձայնասփյուռով ընթերցեմ պիտի: Ապա... (Բեմադրիչը բարձրանում է բեմ):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Գերազա՛նց է: Գերազա՛նց: Ասում էինք, չէ՞, որ տեքստի կարիք չկա: Միշտ այսպես, Աբիսողո՛մ աղա, մոռացեք, որ բեմում եք, որ սա ներկայացում է, և շարունակեք առօրյա կյանքը: Ձեր, այսպես ասած, «սցենարը» այնքան հանճարեղ է, որ կնախանձի ամեն հեղինակ:
     ՍՈՂՈՄՈՆ– (Աբիսողոմ աղային) Դուն ինչո՞ւ սա մարդը չես ըսեր, որ մենք միջնորդ կնիկը կը սպասենք և ոչ թե բանաստեղծը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ասիկա թատրոն է, մա՛նչս: Ան ինքը կը որոշե, թե մեզ ով այցի պիտի գա:
     ՍՈՂՈՄՈՆ– Իսկ եթե ան որոշե, որ միջնորդ կնիկը մեզ չպիտի այցելե, ես չպիտի՞ կարգվեմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կարգվես պիտի: Ամեն բան կարգով կ’ըլլա:
     ՍՈՂՈՄՈՆ– Իսկ չ’ըլլա՞ր, որ քանի մը ոսկի տանք, և ան միջնորդ կնիկը շուտ ղրկե:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ ըսեմ, մանչս: Օր մըն ալ սպասենք: Ան կ’ըսե, որ բանաստեղծն ալ երևելի և կարևոր մարդ մ’է:
     ՍՈՂՈՄՈՆ– Բանաստե՞ղծը:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բանաստեղծը:
     ՍՈՂՈՄՈՆ– Բանաստեղծի գործին անունն ընդհանուր առմամբ ի՞նչ է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բանաստեղծը քերթված կը գրե, պոեմ կը գրե, գի՛րք կը գրե:
     ՍՈՂՈՄՈՆ– Իսկ մուսա՞ն ինչ կ’ընե:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մուսան ալ կը հուշե, թե ան ինչ գրե: Մեկը կը թելադրե, մյուսը կը գրե:
     ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ հապա միշտ գրի առնողը կը գովեն:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ գիտեր, մա՛նչս:
     ՍՈՂՈՄՈՆ– Ես ալ կ’ուզեմ մուսա մը վարձել ու երևելի բանաստեղծ դառնալ: Միջնորդ կնիկը ըսե, թող աղվորիկ մուսա ալ գտնե:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ըսեմ, մա՛նչս, կ’ըսեմ:
     ՍՈՂՈՄՈՆ– Իսկ ան, որուն կ’ըսեն բեմադրիչ, արգելք չի՞ ըլլար:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ՛, մանչս: Ան միայն թատրոնին մեջ կը կարգադրե: Մեր գործերուն չի խառնվեր:

Բեմ ու դահլիճ են գալիս մարդիկ, որոնցից ամեն մեկը մի բան տանում է: Մեկը՝ շալակած, մեկը՝ քարշ տալով, մեկը՝ պարկով, մեկը՝ ճամպրուկով:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ կ’ընեք: Աս ի՞նչ կ’ընեք... (Շվարած նայում է և դիմում մի կնոջ): Աս ի՞նչ կը կատարվի: Աս ա՞լ ներկայացում է:
     ԿԻՆ– Չէ՛, ի՞նչ ներկայացում: (Գնում է):
     ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– Առուփախ է:
     ԱՅԼ ԿԻՆ– Սա մեր համազգային խաղի երկրորդ փուլն է: Կոչվում է ալան-թալան: Փախցնում-տանում է՝ ով ինչ կարող է:
     ՍՈՂՈՄՈՆ– Որտեղե՞ն:
     ԱՅԼ ՏՂԱՄԱՐԴ– Որտեղից պատահի: Ուր ձեռքը հասնում է. գործարանից, հիմնարկից, փողոցից... (Գնում է):
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ հասկնար: Աս երկիրը գրավա՞ծ են:
     ԱՅԼ ԿԻՆ– Ի՜նչ ես ասում: Մենք վերջապես ազատ ենք:
     ՍՈՂՈՄՈՆ– Ըսել է դուք կը թալանեք ձեզի:
     ԿԻՆ– Մոտավորապես՝ այդպես:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛... Տեր չունի՞ն այդ գործարանը, հիմնարկը, փողոցը:
     ԿԻՆ– Այդ ամենի տերը պետությունն է, իսկ խաղը համապետական է: Ըստ խաղի կանոնների՝ ում սուրը ինչքան կտրի, այդքանը իրենն է: Ճամպրուկներով ու պարկերով թալանողները հասարակության ցածր խավից են: Միջին խավը թալանում է բեռնատարներով, իսկ հզորները ձեռքները միանգամից դնում են մի ամբողջ հիմնարկի, փողոցի ու թաղամասի վրա: (Գնում է):
     ՍՈՂՈՄՈՆ– Ու ատոր համար չկա՞ դատ, դատաստան:
     ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– Ամեն բան կատարվում է օրենքի սահմաններում: Օրինախախտում չկա: (Երևում է նկարահանող խումբը):
     ԲԵՄԱԴՐԻՉ– Նույն ձևով շարունակում ենք... Լավ է... Լավ է...

Բոլորը գնում են: Մնում են Աբիսողոմ աղան, Սողոմոնը և ինչ-որ այցելու՝ Գրունին, որը նստում է բանաստեղծի տեղը: Աբիսողոմ աղան, որ չի նկատել այդ փոփոխությունը, ուզում է բանաստեղծի հետ զրույցը շարունակել:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դուն ծանոթ միջնորդ կնիկ... (Շրջվում է, տեսնում Գրունուն և անակնկալի գալիս: Վերջինս միանգամից մտնում է զրույցի մեջ):
     ԳՐՈՒՆԻ– Ունեմ, իհարկե՛ ունեմ: Ես գրականագետ, բանաստեղծ-գրականագետ Գրունին եմ: Սողոմոնը հենց ասաց, որ ուզում է դառնալ բանաստեղծ, շտապեցի այստեղ, որովհետև որտեղ իսկական բանաստեղծն է (ցույց է տալիս Սողոմոնին), այնտեղ էլ պետք է լինի իսկական գրականագետը: Իմացիր, Աբիսողո՛մ աղա, որ գրականագետն է բանաստեղծին դարձնում բանաստեղծ: Ես որոշել եմ մեր ամսագրի հաջորդ համարում Սողոմոնի քերթվածները տպել:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս կը փափագե, որ զինքն ալ մեծարեն: Կարգվիլ կ’ուզե:
     ԳՐՈՒՆԻ– Գինեձոնը՝ ինձ վրա: Ես նրան մեր պոեզիայի դրոշակակի՛րն եմ համարելու: Մեր ամենից տաղանդավոր բանաստե՛ղծը, փեսացո՛ւն եմ համարելու:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Գովեստը շատ կը սիրե:
     ԳՐՈՒՆԻ– Հարկավ կսիրի... Տաղանդավոր աչքեր ունի... Շա՞տ է գրում:
     ՍՈՂՈՄՈՆ– (Բութ հայացքով ժպտում է): Մուսա դեռ վարձած չենք:
     ԳՐՈՒՆԻ– Ի՜նչ անհարկի շռայլություն: Հիմա ո՞վ է մուսայով գրում: Ծաղրանքի առարկա կդառնաք: Կարևորն այն է, որ գրիչը ճիշտ բռնես, ձեռքից չգցես ու սահուն շարժես: (Գրիչ տալով) Հապա փորձիր: (Սողոմոնը գրիչը դնում է ճկույթի ու մատնեմատի արանքը): Ապրե՛ս, տղաս, ապրե՛ս: Անմիջապես երևում է, որ գրելու տաղանդ ունես: Ավա՜ղ, մեր շատ գրողներ գրիչն էլ չեն կարողանում ճիշտ բռնել. սուր ծայրը պահում են վեր:
     ՍՈՂՈՄՈՆ– Դուն ա՞լ առանց մուսայի կը գրես:
     ԳՐՈՒՆԻ– Ոչ միայն առանց մուսայի, այլև առանց չափի, առանց հանգի և անգամ առանց իմաստի: Իմ գործերը յուրատեսակ են, ինքնատիպ, նոր:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ուրեմն առանց գաղափարի՞ ալ քերթված կ’ըլլա:
     ԳՐՈՒՆԻ– Հիմա առանց գաղափարի քերթվածներն են գնահատվում: Եվ դա մեր գաղափարական նվաճումն է:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ խորհուրդ կու տաս մանչս:
     ԳՐՈՒՆԻ– Ամսագիրը կարիքի մեջ է: Հրատարակչությունը ազգային բարերարի կարիք ունի:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա իմ լուծելիք խնդիր է: (Հանում է քսակը):
     ԳՐՈՒՆԻ– Սողոմոնի համար բանաստեղծ-դասատուներ պիտի վարձեմ:
     ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ետքը: (Հաշվում է փողերը):
     ԳՐՈՒՆԻ– Մանչը խմբագրություն բեր: (Աբիսողոմ աղան տալիս է ամբողջ քսակը: Գրունին, որի դեմքն ուրախությունից փայլում է, պատրաստվում է գնալու: Աբիսողոմ աղան և Սողոմոնը ճանապարհում են: Դրսից լսվում է Գրունու ձայնը): Դեռ կհանդիպենք, Աբիսողոմ աղա, կհանդիպենք: Վարդանանց փողոց, թիվ 2...

.

(Շարունակությունը՝ հաջորդիվ)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4939 | 0 | 0
Facebook