Loading...

Articles

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (5)

23:59, Monday, 11 January, 2021
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (5)

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Հանցանքը՝ պետական դավաճանություն:

Ռիոմ քաղաքում տեղի ունեցած դատավարությունը

Կապիտուլյացիայի ակտի ստորագրման պատասխանատվությունից խույս տալու, Ֆրանսիայի խայտառակության ու տարածքային կորուստների անպատվության մեղքն այլոց վրա բարդելու համար Պետենը դատավարություն է նախաձեռնել:

Նա Ֆրանսիայի պարտությունը նախկինների մեջ է քչփորել: 1936 թվականին ընտրություններում հաղթած «Ժողովրդական ճակատ» -ի վարած քաղաքականությունը, Պետենի կարծիքով, խանգարել է երկրին նախապատրաստվել Գերմանիայի դեմ պատերազմին: Նա նաև մեղավոր է համարել որոշ ռազմական գործիչների: Պետենը կարծել է, թե Ֆրանսիայի պարտության համար ենթադրյալ մեղավոր անձանց դատավարությունը բարձրացնելու է իր իշխանության օրինականությունը:

1940-ի հուլիսի 30-ին հայտարարվում է Ռիոմ փոքրիկ քաղաքում Գերագույն դատարանի ստեղծման մասին: Դատարանը պիտի հետաքններ 1936-ի մարտից 1939-ի սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցածը: 1940-ի սեպտեմբերին ձերբակալվում է հինգ մեղադրյալ (Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադիեն, Ֆրանսիայի վարչապետ, «Ժողովրդական ճակատ» -ի առաջնորդ Լեոն Բլյումը, ավիացիայի նախարար Գի լա Շամբրը, բանակի գեներալ-տեսուչ Ռոբեր Ժակոմեն, բանակի գերագույն հրամանատար Մորիս Գամելենը):

Մեղադրվում է նաև Պիեր Ժյուլ Կոտը, բայց նա ԱՄՆ է փախչում և նրան հնարավոր չի լինում ձերբակալել:

Դատավարությունը սկսվում է 1942-ի փետրվարի 19-ին, և դրան մեծ լեգիտիմություն տալու համար հրավիրվում են տարբեր երկրների բազում լրագրողներ: Դատավարության ընթացքում մեղադրյալները՝ հատկապես Բլյումն ու Դալադիեն, հաջողությամբ պաշտպանվել են և նույնիսկ կարողացել են մեղադրանք հնչեցնել Վիշիի ռեժիմի ու Պետենի հասցեին՝ դրանով իսկ դատավարությունը շրջելով նրանց դեմ: Բացի այդ Գերմանիային դուր չի եկել, որ դատավարության ընթացքում քննության առարկա չի դարձել «պատերազմի սանձազերծման գործում Ֆրանսիայի մեղքը», և այդ պատճառով Հիտլերը պահանջել է դադարեցնել դատավարությունը: 1942-ի ապրիլի 11-ին ընդունվում է օրենք, որն անորոշ ժամանակով առկախում է դատավարությունը:

Մեղադրյալները ազատ չեն արձակվում, ընդ որում Պետենը հավանություն է տալիս Բլյումի, Դալադիեի և Գամելենի ցմահ բանտարկությանը, որոնք հետագայում ուղարկվում են Գերմանիա և ազատագրվում են 1945-ի գարնանը: Լա Շամբրը և Ժակոմեն պիտի կալանավորված մնային մինչև դատավարության վերսկսումը և Ֆրանսիայում են գտնվել մինչև իրենց ազատագրումը, որը տեղի է ունեցել 1944-ի ամռանը:

Հիտլերը դժգոհ է եղել Պետենի վարած չափից ավելի ինքնուրույն քաղաքականությունից: Գերմանիայի ճնշմամբ ու երկրի լիակատար օկուպացման սպառնալիքի ներքո, 1942-ի ապրիլի 18-ին կազմվում է նոր կառավարություն: Լավալը զբաղեցնում է վարչապետի, արտաքին գործերի, ներքին գործերի և տեղեկատվության նախարարների պաշտոնները: Բազում այլ պաշտոններ զբաղեցնում են Գերմանիայի հետ համագործակցության առավել մեծ ցանկություն ունեցող անձինք: Պետենը մնում է Ֆրանսիական պետության գլուխ, չնայած նրա իշխանությունը անհամեմատ նվազում է: Ձևականորեն նա դեռ հնարավորություն ուներ ազատել Լավալին, բայց իրականում ակնառու էր, որ եթե այդպիսի քայլ աներ, գերմանական ներխուժումն անխուսափելի կդառնար:

Նկարում՝ թերթերի առաջին էջում հինգ սյունով հրապարակվել է Պետենի հրամանը Ֆրանսիայի պարտության պատասխանատուներին պատժելու մասին:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2844 | 0 | 0
Facebook