Loading...

Articles

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

13:25, Tuesday, 24 November, 2020
Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
    
    

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ փորձագիտական խումբը նոյեմբերի 24-27-ն արտաքին գնահատում կիրականացնի ուսումնական հաստատությունում։

Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի կունենան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, ՄԿԾ-ների պատասխանատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշենք, որ մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների։

Գործընթացի ավարտին հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ՄՈՒՀ-ի՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը։ Խմբի մյուս անդամներն են Մասիսի գյուղատնտեսական քոլեջի Ճարտարագիտական ամբիոնի վարիչ Հակոբ Գալստյանը, Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Քրիստինա Մարտիրոսյանը և Արարատի պետական քոլեջի ուսանողուհի Ջուլյա Բադալյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Անահիտ Տերտերյանը։

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը 4 այլ քոլեջների հետ միասին հավատարմագրվում է պետական ֆինանսավորմամբ։ Մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ մշտադիտարկում է իրականացվել ուսումնական հաստատությունում, դուրս են բերվել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշվել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։


    
    
Source: www.anqa.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2439 | 0 | 0
Facebook