Loading...

Articles

Նա կազմավորել է մի Իրան, որը գրեթե հավասար էր Աքեմենյան ժամանակների կայսրության ծավալին

23:17, Monday, 26 October, 2020
Նա կազմավորել է մի Իրան, որը գրեթե հավասար էր Աքեմենյան ժամանակների կայսրության ծավալին

Վերոհիշյալ ճակատամարտում փայլուն հաղթանակից հետո Նադիրը մոտ մեկ ամիս հանգստացել է Ծաղկաձորի բարձունքներում, ապա անցել է Ախուրյան գետը և պաշարել է Կարսի բերդը: Նա հանձնարարել է կտրել քաղաքին ջուր հասցնող խողովակը և փոխել Կարս գետի ընթացքն այնպես, որ քաղաքը մնա առանց ջրի: Նրա զորքերը միաժամանակ ասպատակել են մինչև Վան ու էրզրում ընկած բնակավայրերը, բնակիչների մի մասին իրենց կայքով և անասուններով քշել բերել են իր բանակատեղի, ապա նա նրանց ուղարկել է իր հայրենի Խորասան: Այդ գաղթականության մեծ մասը հայերից է բաղկացած եղել:

Օսմանյան իշխանություններն այնքան նեղ վիճակում են հայտնվել, որ սկսել են խնդրել ու աղաչել Նադիրին, որ խնայի երկիրը՝ փոխարենը խոստանալով նրան հանձնել Երևանը: Նադիրն ընդունել է առաջարկությունը, դադարեցրել է Կարսի պաշարումը և հաշտություն է կնքել, որով Պարսկաստանին են վերադարձվել Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ ընկած այն երկրամասերը, որոնք նվաճել էին օսմանները:

Ընդամենը հինգ-վեց տարում Նադիրն այնպիսի փայլուն հաջողություններ էր արձանագարել, որ նրա ռազմական հանճարի փառքը հասել էր անգամ Եվրոպա: Այստեղ հրաշքներ են պատմել Նադիրի մասին: Դեռ նրա կենդանության օրոք Հոլանդիայում և Փարիզում տպագրվել են նրա կենսագրականները: Եվրոպայում բազում պատմություններ են շրջել Նադիրի ծագման մասին: Եվրոպացիների մի մասն ասել է, թե Նադիրը շվեյցարացի է, մեկ ուրիշ մասը ՝ հոլանդացի, ոմանք՝ անգլիացի, ոմանք՝ ֆրանսիացի: Եղել են մարդկանց խմբեր, որոնք պնդել են, թե նա ծնվել է Բրաբանտում, որտեղ, իբր թե, ապրել է իր քույրը՝ իր երկու երեխաներով: Մեկ այլ պատմություն էլ հավատացրել է, թե նա, ընդհակառակը, կովկասյան լեռնաբնակներից է և ծնվել է Դերբենդի մոտ: Ուրիշներն էլ ասել են, թե նա զտարյուն պարսիկ է՝ սերված մի շատ հռչակավոր տոհմից: Հատկապես Հնդկաստանի նվաճումից հետո Նադիրի կյանքը վիպական կերպարանք է ստացել և վառ հետաքրքրություն է հարուցել: Նույնիսկ մեր Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմը մասամբ նվիրված է Նադիրին:

Կաո՞ղ էր Նադիրը գոհանալ տաղանդավոր զորավարի փառքով, իսկ ստեղծած վիթխարի կայսրության տնօրինությունը հանձնել մի կաթնակեր մանուկի: Հենց այն ժամանակ, երբ այս նվաճողը պիտի գահից զրկեր մանկանը, այդ մանուկը դայակների ձեռքին մահանում է: Աքսորավայրում էլ մահացել կամ սպանվել էր նաև Թահմազը: Եվ, ահա, 1736 թվականի ձմռանը Նադիրի հրամանով Մուղանի դաշտում հավաքվում են Պարսկաստանի բոլոր կառավարիչները, աշխարհիկ և հոգևոր պետերը: Կանչվել էին նաև Աբրահամ կաթողիկոսը, Արարատյան երկրի, Նախիջևանի և այլ կողմերի հայ մելիքները: Նադիրն հավաքի մասնակիցներին առաջարկել է Իրանի թագավոր ընտրել: Բոլորը, բնականաբար, միաձայն նրան են ընտրել: Ո՞վ կհամարձակվեր այլ կարծիք հայտնել: Մարտի 10-ին՝ պարսիկների ազգային մեծ տոնի՝ Նովրուզ բայրամի օրը, Նադիրը մեծ շուքով թագադրվել է: Գլխավոր արարողությունը՝ թուրը կապելը, կատարել է Աբրահամ կաթողիկոսը:

Այս թագադրումով վերջ է տրվել Սեֆեվիների գահակալությանը:

Նադիրի գահակալմամբ սկիզբ է դրվել թուրքմեն աֆշարների հարստությանը: Իրանի բոլոր դժբախտությունների պատճառ դարձած պարսիկ հոգևորականությանը Նադիրն այնպես էր սանձել, որ այն չի հանդգնել անգամ ծպտուն հանել, երբ նա հրամայել է շիա և սյուննի դավանությունները միավորել և վերացնել դրանց միջև առկա խտրությունները:

Նորընծա անխոնջ շահնշահը 1737 թվականին արշավում է դեպի Աֆղանստան ու գրավում է Ղանդահարը, ապա՝ Քաբուլն ու այլ քաղաքներ: Հնդկաստանի ճանապարհը բաց էր, և նա մի քանի փայլուն հաղթանակներից հետո նվաճում է Հնդկաստանի հյուսիսն ու մեծ հարստություններ է բերում Իրան որպես ավար: Դափնիների վրա նիրհելու սովորություն չունեցող այս նվաճողն այնուհետև ներխուժել է հին Թուրան, գրավել է Խիվան ու Բուխարան ու վերջնականապես կազմավորել է մի Իրան, որը գրեթե հավասար էր Աքեմենյան ժամանակների կայսրության ծավալին:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2586 | 0 | 0
Facebook