Loading...

Articles

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

23:07, Wednesday, 14 October, 2020
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    
- Սոցիալական հեռավորություն պահած նստեք, - կատակեց ավագ դուստրը: - Ի՜նչ եք նայում: Տունը մեր երկիրն է, ընտանիքն էլ՝ բնակիչները:
- Տոն չտա՛ս, թող հաց ուտենք, - մայրիկին շշնջաց հայրիկը` իմանալով, որ նա պաշտպանելու է դստերը:
- Շատ ճիշտ դատողություններ է անում, և սոցիալականը շրջանցել հնարավոր չէ, - ասաց կինը:
- Մա՛մ, սոցիալական ի՞նչ է նշանակում, - հարցրեց միջնեկը՝ որդին:
- Ըհը, ստացա՞ր, - ասաց ամուսինը կնոջը, - ասացի՝ հետո կխոսենք:
- Չգիտե՛մ, - հանգիստ պատասխանեց կինը բոլորին:
- Երևի հեռավոր մի բան է, - բերանը լիքը խոսեց միջնեկը: - Կամ էլ՝ հեռացնելու բան: Չէ՞, մա՛մ …
- Գազ, էլեկտրականություն, տաք ջուր, - պատասխանեց մայրիկը:
- Հայրի՞կ…
- Աշխատավա՛րձ: - Կարճ կապեց հայրիկը:
- Պապի՛, «սոցիալական» ի՞նչ է նշանակում:
- Սոցիալական դրություն, սոցիալական վիճակ, սոցիալական խմբեր... մեծեր ու փոքրեր, հաշմանդամներ, հանցագործներ, ազատամարտիկներ, բռնադատվածներ…
- Հասկացա՝ հարուստ ու աղքատ: Տատի', սոցիալական ի՞նչ է նշանակում:
- Ես ու դուք, և թե ձեզնից ով ում գլխին ինչ օյին կդնի, - սիրով պատասխանեց տատն իր չարաճճի թոռներին:
- Լավ էլի, ա՛յ, տա՜… լո՛ւրջ ենք հարցնում:
- Հա՜…- Տատը երկար մտածեց: - Դե որ լուրջ եք հարցնում, բալա՛, ուրեմն՝ եե՜ս… դո՜ւք… պապի՛ն, մամա՛ն, պապա՛ն և… մեր բոլոր հարևանները:
- Բան հասկացա՞ք, երեխեք, - միջնեկը շրջվեց դեպի փոքրերը: Եվ միջնեկն ու փոքրերը սոցիալապես արագ տրամադրվեցին բոլոր մեծահասակների դեմ:
- Բառարանում նայեք, եթե, իհարկե, ուտելը վերջացրել եք, - սաստեց մայրիկը:
- Բառարա՜ն, - քմծիծաղեց ամենափոքրը, որը աղջիկ էր և անմիջապես հրահանգեց իրենից ավագին, - Դավո, Գուգըլվի՛:
Դավոն ճանկեց հոր բջջայինը:
- Ռուսերեն՝ «սոցիալնօյե՛», անգլերեն՝ «սոշը՛լ»: Էդ ցմփոր բառարա՞նն ինչ է ասում:
- «Социальный» ՝ սոցիալական, հասարակական, - հաստափոր բառարանում կարդաց ավագ քույրը:
- Հայերենի բացատրական բառարանը բացեք, այ, երեխեք, - ուղղորդեց հայրիկը:
- Չունե՛նք, - անմիջապես արդարացավ Դավոն:
- Կառնե՛մ, - խոստացավ հայրիկը:
- Էս ամիս փող ստանալո՞ւ ես, որ առնես, խոստումներ մի՛ տուր, - դժգոհեց կինը:
- Չէ: Տունը նստած՝ ի՞նչ փող: Չեն տալու, - նեղսրտվեց «ընտանիք» սոցիալական երևույթում երիտասարդ ամուսին ու զավակների հայր տղամարդը:
- Դե խելոք նստի տեղդ, թող գուգըլե՛ն, - կատակեց կինը:
- Համացանցում չկա՞, - հայրիկը որդուց վերցրեց իր բջջայինը: - Ահա, սա ձեզ «Արդի հայերենի բացատրական բառարան»: Չէ, սա չէ: Վերջին տարիների ընտրենք, որ մեջը սովետականը չլինի…- Հետո ինքն իրեն փնթփնթաց, - սոցիալականը պարզեցինք, մնաց սովետականը բացատրենք և՝ թե ինչու ենք մինչև հիմա ամեն ինչ սովետականով բացատրում:
- Չե՛ն հարցնի, - կիսատ խմած հյութը ամուսնու ձեռքը տալով, որպեսզի փոխի բոլորի համար ոչ միանշանակ թեման՝ ասաց կինը:
- Կհարցնե՛ն, - վստահ ասաց ամուսինը՝ դատարկելով բաժակը: - 1992… 2011… 2017…
- Ես դասի եմ, ներքև եկող չլինի, - նոտբուքն առած՝ ավագ դուստրը շտապեց դուրս:
- «Սոցիալական» չկա: Նոր բառարաններում բառը չգտա, բայց կայքերում կա: - Հայրիկը բացեց փնտրվող բառը: - Սա՛ նայեք, - ասաց զավակներին, բայց ինքը սկսեց կարդալ. «1. Հասարակության հատուկ, հասարակության մեջ մարդկանց հարաբերություններին ու կյանքին վերաբերող՝ հատուկ, հասարակական: Սոցիալական առաջադիմություն: Սոցիալական երևույթներ: 2. Հասարակության դասակարգային շերտավորման հետ կապված՝ դրանով պայմանավորված, հասարակության դասակարգերին հատուկ՝ վերաբերող: Սոցիալական ծագում՝ դրություն: Սոցիալական հակասություններ: 3. Այս կամ այն հասարակարգի՝ հասարակական խմբավորման…
- Էս մեկը գողականների մասով էր…- քթի տակ խնդմնդաց պապիկը:
- …միջավայրի՝ պայմանների հետ կապված՝ դրանցով պայմանավորված: Սոցիալական հիվանդություններ՝ բարոյականություն: 4. Հասարակության արտադրական հարաբերությունների փոփոխմանը՝ հասարակարգի վերակառուցմանը ձգտող՝ հետապնդող: Սոցիալական հեղաշրջում՝ հեղափոխություն»: - Տղամարդն ավարտեց ընթերցումը, շունչ առավ և հոնքը ծիծաղելի բարձրացնելով՝ արտաբերեց: - Հասանք: Իջե՛ք:
- Ամենալավը պապիկի ասածն էր…- եզրակացրին զավակները:
Դրությունն ավելի էր խճճվել:
- Երեխե՛ք, կերաք-վերջացրի՞ք, սեղանը հավաքում եմ, - անմիջապես ձայնեց «ընտանիք» սոցիալական երևույթում երիտասարդ կինն ու մայրիկը: - Գնացեք դուրս, օդափոխվեք, բայց չմոռանա՛ք, ուրիշներից հեռո՛ւ կկանգնեք: Դա է հիմա ձեր սոցիալականը:
Երեխաները, մոռանալով գիրք, հեռախոս ու համացանց, անսպասելի կրակված գնդակի արագությամբ դուրս թռան տնից, իսկ հայրիկը շոյանքով նայեց մայրիկին:
- Հա՛յր, - ձայնեց նա հորն ու իր ընտանիքի պապին, - ծառերի լվիճը տեղ-տեղ չի մաքրվել…- ապա ծանրութեթև արեց ասելիքի ազդեցիկությունը, հայացքը կնոջից դեռ չկտրելով՝ ավելացրեց, - դեղի՞ց է, թե՞…
- Ո՞նց թե չի մաքրվել, երեկ եմ նայել, - խրտնեց հայրը, - հենց հիմա նորից կսրսկեմ, ես դրանց… Աշխե՛ն, արի:
- Այ հալիվոր, ախր…- տարակուսեց նրա կինն ու սոցիալական երևույթ ընտանիքի տատը:
- Շո՛ւտ արա, քանի արևը չի բարձրացել, քամի էլ չկա:
Երիտասարդ ամուսինները տանը մնացին մենակ:
- Սոցիալական եմ ուզո՜ւմ…- տենչանքով ասաց ամուսինը:
- Արո ջա՛ն, հոգապահուստ չունեմ, ցավդ տանեմ, - մեղավոր քնքշանքով ասաց կինը:
- Փող չեմ ուզում, ցա՛վս տար:
- Տանե՞մ…- իբր չհասկացավ ամուսնու ակնարկը:
- Դե, տուր էլի…- մի կերպ արտասանելով չսիրած արտահայտությունը՝ ամուսինը կրկին սպասելիքով լի նայեց կնոջ աչքերին, - հը՞… հա՞…- ապա կնոջ հալվող հայացքում տեսնելով իր շիկնած պատկերը՝ սրտապինդ ու կատակախառն եզրափակեց, - ապրե՛ս: Կրասոսի մուտքը դիր, երեխեքը չլսեն մեր սոցիալականը…
- Մուտքը միանգամի՞ց, թե՞ նախաբանից…- խաղին միացավ կինը:
- Շուտ արա, նախաբաններիս հետ երեխեքն էլ չգան ու մեզ սոցիալական անեն:
Շուտով հնչեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը, և ամուսինները շտապեցին ննջասենյակ՝ վստահ, որ երեխաները դրսում են և չիմանալով, որ անսպասելի հնչած մարտական ռիթմերը ոգևորեցին նաև երեխաներին և պահեցին տան մոտերքում…
Ամուսինները լիցքաթափվեցին մինչև վերջ ու՝ միմյանցից գոհ. համավարակի պատճառով ինքնամեկուսանալու օրվանից ի վեր առաջին անգամ էին իրենց ազատ զգում: Նրանք մորե մերկ վազեցին լողասենյակ, այնտեղ էլ արագ հագնվեցին, դուրս եկան և միայն սրճելիս հիշեցին երեխաների գոյության մասին:
- Ձայն չի լսվում, ի՞նչ եղան:
Կինը նետվեց դեպի պատուհանը: Զավակները, փառք Աստծո, հարևանների երեխաներին էլ հետները իրար գլխի հավաքած, խաղաղ, անաղմուկ, առանց վիճելու, առանց իրար քաշքշելու… խելոք նստած զրուցում էին: Մոր սիրտը կասկած ընկավ, նա պորտալարային զգայարանով անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ: Բայց փաստեր չուներ, որ ամուսնուն էլ իրար խառներ:
- Հը՞… Էս ինչո՞ւ են քիթ քթի նստել, Արո՜…- տագնապեց:
Արոն, համի զգացողությունների վայելքն ընդհատած՝ հարցական նայեց կնոջը, ապա՝ պատուհանից դուրս հանգիստ զրուցող երեխաներին: Նրանց երբեք այդքան իմաստալից հայացքներով և բարեհամբույր չէր տեսել: Հենց այդ պահին էլ ճչոցով ներս ընկավ ավագ դուստրը.
- Մա՜մ, էս էլ ձեզ սոցիալական: Դավոն երեխեքին հավաքել գլխին, պատմում է, թե դուք ննջասենյակում ինչ և ինչպե՜ս եք արել: Էդ ինչքա՞ն եք շտապել, որ վարագույրները լավ չեք փակել:
Ամուսինները քար կտրեցին. կինը թաքնվելու տեղ չգտավ, թեքվեց դեպի ամուսինը:
- Արա դե, ճիշտ են ասում, էլի՜... Սոցիալական հեռավորություն է պետք պահպանել, - շփոթմունքը կատակով ծածկեց ամուսինը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2023 | 0 | 0
Facebook