Loading...

Articles

ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22:46, Wednesday, 14 October, 2020
ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անարդար դատական համակարգը բարեփոխելու մասին ՀՀ Վարչապետը հայտարարեց, որ կարող ենք դատարանները ցրել, նորը հավաքել, բայց դրա անհրաժեշտությունը չկա: Ամիսներ առաջ էլ ասում էր, թե չեն ուղղորդելու, բայց հրապարակային հայտարարում էր, թե թող ոչ ոք իրեն իրավունք չվերապահի գուշակություն անելու մարդկանց կյանքի տևողության շուրջ և որ ինքը չի խառնվելու դատավորների գործերին: Շատ ախորժալուր խոսքեր վերևինների ցուցումներով աշխատելու սովոր դատավորների ականջների համար: Սա կարելի է հասկանալ նաև այսպես` «Փոփոխություն չի լինելու, ոնց աշխատել եք մինչև հիմա, դուխով շարունակեք այդպես էլ աշխատել: Չեմ խառնվելու, ինչ ուզում եք, արեք»: Դե, էլ ի՞նչ սպասես նախկին ռեժիմից «ընծա» ստացած դատավորներից ու ոստիկանապետից, պարզ չի՞, թե ինչը ինչպես են ուզենալու անել: Կամ ո՞վ կհավատա, որ առանց վարչապետի թույլտվության կարելի է երկրի, թեկուզև նախկին, նախագահ ձերբակալել:

Սասնա Ծռերի գործում զոհերի առկայությունը ապստամբության երևույթից դուրս դիտարկելով ու կանխամտածված սպանության մեղադրանքների սարքովի գործ հարուցելով՝ հանցագործ ռեժիմի դատարանի ապօրինությունները աչք են ծակում: Ու եթե արդար դատ լինի ու ապացուցվի, որ ոչ թե Ծռերը, այլ հանցագործ ռեժիմի պարագլուխների հրաման կատարողներն են սպանել երկու ոստիկաններին, կստացվի, որ մարդասպանը և՛ Մարտի 1-ի, և՛ ՊՊԾ գնդի գործերում նույն բռնատիրությո՛ւնն է: Կստացվի, որ Սասնա Ծռերի իրականացրած գործողությունների պատճառով չէ, այլ առիթո՛վ է, որ մարդիկ են զոհվել: Զոհվել, որովհետև ինչը ինչպես էլ որ կատարված լինի, անգամ այսօրվա անարդար դատավարությունը չի կարողանում թաքցնել, որ եղածը կանխամտածված սպանություններ չեն: ՊՊԾ գունդը գրավողները առիթ են տվել զանգվածային հավաքների, ծեծուջարդի, սադրանքների և, ցավոք, նաև զոհերի, ինչպես որ մարտի 1-ի անմարդակային դեպքերին, սահմանադրական կարգի տապալմանը, տասը հոգու սպանություններին էլ առիթ են տվել այդ օրերին խաղաղ հանրահավաք ու անհնազանդություն կազմակերպողները:

Արդյունքում, Մարտի 1-ին ավելի շատ մարդ է սպանվել, շատերը ծեծվել, խեղվել կամ ձերբակալվել են, բանտերն ընկել, հանցագործների մեջ տարիներով փակված են եղել: Իսկ Սասնա Ծռերն իրենք իրենց կյանքն են վտանգել, իրենք են դատվում: Երկու դեպքում էլ չկա կանխամտածված սպանություն, կան սպանություններ, որոնք կատարվել են նախկին ռեժիմի ձեռքով: Երկու դատավարություններն էլ ավարտված չեն, և դատավճիռները հրապարակված չեն: Հետևաբար որակավորումներ տալը և անմեղության կանխավարկածը երկու դատավարության մեղադրվողներին էլ վերաբերում են: Միակ բանը, որ անհասկանալի է և կամայականությամբ է բուրում, այն է, որ մեկը սահմանադրական կարգի տապալման, մյուսները այդ կարգը տապալողների դեմ պայքարելու համար են մեղադրվում: Երկու դեպքում էլ ազգաբնակչությունը ապստամբական գործողություններ իրականացնողներին է աջակցել կամ իր աջակցությունը հայտնել: Բայց հիմա հեղափոխական իշխանությունները խտրականություն են դնում: Ինչո՞ւ: Մեկն իրենց կռիվն էր, մյուսը՝ ո՞չ: Իսկ ժողովո՞ւրդը, հեղափոխություն իրականացնող ժողովրդի մեջ հենց Սասնա Ծռերի ու մյուս քաղբանտարկյալների ազատության և բոլորի արդար կյանքի համար պայքարողնե՞րը, իսկ ա՞զգը:

Հիմա ես` ժամանակին այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողս, 2018-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի երեսին հույս ու հավատով նայողս, քաղաքացիական անհնազանդությամբ ըմբոստացած հերթական ապստամբներին կարեցածիս չափ աջակցած (հայտնի չէր, թե ռեժիմն այս անգամ ինչ սադրանքներ կանի), բազմության մեջ թեկուզև գլխաքանակ ապահոված քաղաքացիս, հարց եմ տալիս: Եթե Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգ է տապալել, ժողովրդի իշխանություն է յուրացրել, ուրեմն ինչպե՞ս կարող է այդ ռեժիմի դեմ պայքարած ու հաղթած, հեղափոխություն իրականացրած վարչակարգը (իր իսկ որակավորմամբ) հանցավոր այդ նույն ռեժիմի դեմ ոտքի ելած, ոչ ոքի չսպանած և սպանության մեջ չկասկածվող մնացյալ Սասնա Ծռերի, հենց դատարանի կողմից առանձնացված գործերի վրա նույնպես համաներում չտարածել: Խտրականությունն ակնհայտ է, որ ստիպում է համոզվել, թե մեր երկրում միայն իշխանափոխություն է եղել, և ներկա վարչակարգը բոլորովին չի շտապում բռնատիրական ռեժիմը փոխել, հեղափոխական բարեփոխումներ անել:

Անահիտ Արփեն

Source: hraparak.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1788 | 0 | 0
Facebook