Loading...

Articles

Անդրադարձ արարչագործության մասին ծիծաղելի պատումին

19:32, Monday, 12 October, 2020
Անդրադարձ արարչագործության մասին ծիծաղելի պատումին

Շարունակենք ընթերցել Ծննդոց գիրքը.

«Եվ Աստված ասաց. «Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով. և թռչունները թռչեն երկրի վրա երկնքի հաստատության երեսին»:

Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը, բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նրանցով նրանց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչուններն իրենց տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է:

Եվ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Աճեցեք և շատացեք և լցրեք ծովերի միջի ջրերը. և թռչունները շատանան երկրի վրա»:

Եվ իրիկուն և առավոտ եղավ՝ հինգերորդ օրը:

Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի հանե իր տեսակի պես, անասուններ և սողուններ և երկրի գազաններ իրենց տեսակի պես»: Եվ այդպես եղավ:

Եվ Աստված երկրի գազանները ստեղծեց նրանց տեսակի պես, և անասուններն իրենց տեսակի պես, և գետնի բոլոր սողուններն իրենց տեսակի պես: Եվ Աստված տեսավ որ բարի է» (Ծննդոց 1, 20 - 25):

Եվ ամենազոր վարպետը որոշում է էլ ավելի բարի արարում կատարել: Նա նկատել էր, որ իր ստեղծած արարածներից ոչ մեկն իրեն նման չէ: Միայն կապիկն է մի քիչ նման, բայց դա էլ շատ է տգեղ ու պոչ ունի: Եվ Աստված գետնից կարմիր կավ է վերցնում ու դրանով մարդ է ծեփում, կյանքի շունչ է փչում նրա երեսին, և կավաշեն արձանը կենդանանում է:

Բայց Ծննդոց գրքի առաջին գլխի համար 27-ը շատ հստակ չէ, և ընթերցողին կարող է թվալ, թե Աստված մարդուն սկզբում երկսեռ է շինել (ու կարծես թե ինքն էլ երկսեռ է եղել) և հետո միայն իր շինվածքը շտկումների է ենթարկել: «Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1, 27):

Կին ստեղծելու անհրաժեշտությունը Աստծո գլխում հետո է ծնվում, և դա արձանագրվում է Ծննդոց գրքի երկրորդ գլխի վերջում:

Մարդու արարումն ավարտելուց անմիջապես հետո Աստված նրան արարման պսակ է հռչակում ու անմիջապես էլ նրա համար բոլոր կենդանիների ստուգատես է կազմակերպում.

«Եվ Եհովա Աստվածը հողից շինեց դաշտի բոլոր կենդանիները և երկնքի բոլոր թռչունները, և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նրանց ինչ անունով կկոչի, և ամեն շնչավոր կենդանուն Ադամն ինչ անունով կոչեց, այդ եղավ նրա անունը: Եվ Ադամը բոլոր անասուններին և երկնքի թռչուններին և դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց» (Ծննդոց 2, 19 - 20):

Թեպետ Աստված մարդուն հանձնարարում է տիրել երկրի բոլոր արարածներին, բայց «բնության արքա» -ն առ այսօր ստիպված է լինում դժվարին պայքար մղել գոյատևման համար, իսկ հին դարերում առյուծները, վագրերը, արջերը, կոկորդիլոսները, գայլերը և այլ հզոր գիշատիչներ անհամար մարդկանց են խժռել, իսկ վարակիչ մանրէներն ու միջատները տասնյակ միլիոնավորներին են գերեզմանի բաժին դարձրել:

Մինչդեռ Աստված մարդուն հրամայում է լինել բուսակեր. «Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտը, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի» » (Ծննդոց 1, 29):

Արարչագործության վեցերորդ օրվա երեկոյան, երբ ամեն ինչ վերջնականապես, կամ գրեթե վերջնականապես պատրաստ էր, իր կատարած վիթխարածավալ աշխատանքից գոհ ու երջանիկ Աստված որոշում է հանգստանալ. «Եվ Աստված յոթերորոդ օրում հանգստացավ իր բոլոր գործերից, որ արավ: Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը, և սրբեց այն, որովհետև նրանում հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց և արավ» (Ծննդոց 2, 2 -3):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2034 | 0 | 0
Facebook