Loading...

Articles

Ուռճացված փառաբանական քծնագրով զարդարուն ալմաստե գահը՝ լավագույն կաշառք

23:29, Monday, 17 August, 2020
Ուռճացված փառաբանական քծնագրով զարդարուն ալմաստե գահը՝ լավագույն կաշառք

Ռոմանովների արքայատոհմի երկրորդ ցարի՝ Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ (1629 – 1676 թթ.) Մոսկովյան պետությունն էլ ավելի է հզորանում: Այն քաղաքական հարաբերություններ է հաստատում եվրոպական շատ պետությունների հետ, և ցարն անհրաժեշտ է համարում օտարներին ցույց տար իր երկրի ներքին բարեկարգությունն ու իր արքունիքի արտաքին ճոխությունը: Նրա մեծազորության մասին վկայող գանձերից մեկն էլ եղել է գոթական ոճի այն ալմաստազարդ գահը, որը պատրաստվել է 1659 թվականին, Սպահանում, պարսից շահի պալատական ոսկերիչների ձեռամբ և Ալեքսեյ Միխայլովիչ ցարին է մատուցվել Հայկական առևտրային ընկերության կողմից: Հայ վաճառականները շատ են շահագրգռված եղել, որ տարատեսակ արտոնություններ ստանան Մոսկովյան պետությունում առևտուր անելու համար: Նրանք ակնկալել են, որ այդպիսի կաշառքը կնպաստի իրենց բաղձալի նպատակին հասնելուն:

Պարսկաստանցիների ժամանելու մասին վկայող արխիվային փաստաթղթերից մեկում ասվում է, թե 1660 թվականին մեծ տիրակալ ցար Ալեքսեյ Միխայլովիչին այդ գահը մատուցել է հայ Զախարի (Զաքար) Սարադարովը, և որ այն արժեցել է 22, 591 ռուբլի: Ջուլֆայեցի այս Զաքարը եղել է պարսից Աբբաս 2-րդ շահի առևտրային ներկայացուցիչը Մոսկովյան պետությունում:

Գահը զարդարելու համար հայ առևտրականները Հնդկաստանից գնել են թանկարժեք քարեր, որոնց թվում եղել է 800 հրաշալի ալմաստ: Գահը երեսպատված է ոսկյա թիթեղներով և ցանցկեն պահպանակներով, որոնք զարդարված են թանկարժեք քարերով:

Նստատեղի հիմքը հանդիսացող չորս սյունիկներից հետնամասի երկու սյունիկներին դրվել են դեպի հետ թեքված ևս երկուսը, որոնք կազմավորել են թիկնակը:

Կողային սյունիկներից յուրաքանչյուրի արտաքին կողմերը զարդարված են 30-ական մարգարիտներով, իսկ մարգարտաշերտերի միջնամասում տեղադրված են երեսունական կարմիր ադամանդներ և նռնաքարեր:

Գահի վերնամասում փիրուզյա խաչ է, իսկ խաչի կենտրոնում՝ նռնաքար, որի շուրջբոլորը ոսկյա բնիկների մեջ չորս ալմաստ է ամրացված: Վերին և կողային ալմաստներն օվալաձև են, իսկ ստորինը՝ եռանկյունաձև: Խաչի երկու կողմում փիրուզայից պատրաստված աստղաձև խաչեր են, և դրանց միջև ամրացված է 54 մեծ ու 62 փոքր ադամանդ:

Ալմաստե գահի դիմային մասը նույնպես զարդարված է թանկարժեք քարերով. այստեղ ամրացված է 876 ալմաստ ու ևս 1224 թանկարժեք քար (նռնաքար, զմրուխտ, մարգարիտ): Գահի կողային մասերը զարդարված են պարսկական զարմանահրաշ մանրանկարներով (թռչուններ, կենդանիներ, բույսեր, որսի տեսարաններ):

Ալմաստե գահի ամենավերևում, սյունիկների վրա, տեղադրված են Պետրոս առաքյալի և Նիկողայոս Հրաշագործի ոսկյա քանդակները, իսկ թիկնակի կենտրոնի երկգլխանի արծիվը Ռուսաստանում է արվել:

Թիկնակին մետաքսաթելով ու ոսկեթելով հյուսված է երկու հրեշտակների պատկերը, որոնք իրենց ձեռքերին պահում են մարգարիտներով ու թանկարժեք այլ քարերով զարդարուն թագը: Թագի վրա կա 21 ադամանդ, 28 հակինթ, իսկ երեք թելերին՝ խոշոր չափի 105 մարգարիտ: Հակինթներով ու մարգարիտներով է զարդարված նաև հրեշտակների կուրծքը: Երկու հրեշտակների միջակայքում մանր մարգարիտներով հետևյալ քծնագիրն է լատիներենով շարադրված.

«Մոսկովայի հզորագույն ու ամենաանպարտելի կայսր Ալեքսեյին, երկրի վրա բախտավորությամբ թագավորողին՝ մեծագույն արվեստով պատրաստված այս գահը թող լինի երկնային արքայությունում հավերժական երանության բախտավոր նախանշանակ»:

Վերջին միապետը, որն այս գահին նստել է թագադրման առիթով, եղել է Նիկոլայ 2-րդը: Դա տեղի է ունեցել 1896 թվականի մայիսի 26-ին:

Խորհրդային իշխանության առաջին տարիներին գահի ալմաստների մի մասը գողացել են ու վաճառել արտասահմանում:

Գահը պահպանվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7655 | 0 | 0
Facebook