Loading...

Articles

Ֆրանսիայի ամենափոքր գյուղապետարանը

09:50, Thursday, 13 August, 2020
Ֆրանսիայի ամենափոքր գյուղապետարանը

Այդ գյուղապետարանը Նորմանդիա երկրամասի՝ 2017 թվականին ընդամենը 127 բնակիչ ունեցող Սեն Ժերմեն դը Պասքիե գյուղի գյուղապետարանն է: Բարեկարգ խրճիթից գրեթե չտարբերվող այս շինության երկարությունը 3 մետր է, լայնությունը՝ 2, 7 մետր (այսինքն՝ ընդհանուր մակերեսն ընդամենը 8, 1 քառակուսի մետր): Շինությունն «ի զորու է» միաժամանակ ընդունել միայն մունիցիպալ խորհրդի 12 անդամներին և միակ քարտուղարին:

1080 թվականին Սեն Ժերմենի թեմերը հանձնվել են տարածաշրջանի աբբայությանը: Կալվածքը տնօրինող Տուրնեբու ընտանիքին փոխարինել են Բեք Թոմաս տոհմի բարոնները, որոնց իշխանության ներքո է եղել գյուղը մինչև Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը:

Սուրբ Քլոթիլդ աղբյուրը երկար ժամանակ ուխտագնացության վայր է եղել: Հատկապես ամեն տարվա հունիսի 3-ին այստեղ հազարավոր ուխտավորներ են հավաքվել: Նրանք բոլոր տեսակի հիվանդություններից բուժում են խնդրել վերոհիշյալ սրբից: Նրանք սրբից նաև խնդրել են, որ ուժ տա իրենց երեխաներին, որպեսզի կարողանան սուզվել աղբյուրի ակունքի շատ սառը ջրի մեջ: 1851 թվականին վերաարժևորելով պաշտամունքը՝ եկեղեցին և քաղաքապետարանը որոշում են աղբյուրի վրա 3 մետր երկարության և 2, 7 մետր լայնության մի փոքրիկ զանգակատուն կառուցել:

Այդ զանգակատունը, որ առաջներում էլ եկեղեցական ծեսերին չի ծառայել, դարձել է համայնքային սեփականության մաս՝ համաձայն պետությունից եկեղեցու անջատման մասին 1905 թվականի օրենքի: 1910 թվականի հոկտեմբերի 19-ին Սեն Ժերմեն դը Պասքիեի գյուղապետը որոշում է շինությունը ծառայեցնել որպես գյուղապետարան, քանի որ գյուղական խորհրդի նիստերը մինչ այդ անցկացվել են գյուղապետի տանը: Ահա այդպես այս շինությունը դարձել է գյուղապետարան և կարող է պարծենալ, որ իր տեսակի մեջ Ֆրանսիայում ամենափոքրն է: Չնայած փոքրությանը, շինությունը կարող է ընդունել գյուղական խորհրդի բոլոր 12 անդամներին ու քարտուղարին: Ամուսնական արարողությունների ժամանակ ընտանիքների անդամներին խնդրվում է դրսում սպասել:

Սեն Ժերմեն գյուղը ռոմանական ոճի մի եկեղեցի էլ ունի, որը կառուցվել է 12-րդ դարում:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
3959 | 0 | 0
Facebook
COMMENT.am