Loading...

Articles

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ

15:06, Monday, 27 July, 2020
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ

ԱՄԵՐԻԿՅԱՆ
     ԽԱՌՆԱՇՓՈԹ*

Կատակերգություն
     երկու գործողությամբ
    
    

*Ինչո՞ւ ամերիկյան: Ինչո՞ւ ոչ թե Կարեն, Գրիգոր, Շահեն, այլ Ջեկ, Ջոնի, Մարկ...

Իհարկե՝ ոչ թե «ամերիկյան մակարդակ» ապահովելու համար, այլ որովհետև սա բնույթով, ոճով հայկական կատակերգություն չէ: Եթե այս ամենը ներկայացվի որպես մեր կողքին կատարվող, կթվա շինծու, կանցնի նույնիսկ թատերայնությանը հատուկ «արհեստա­կանության» սահմանը: Ընդ որում՝ խոսքն այստեղ բնավ էլ Ամերիկայի կամ ամերի­կա­ցու մասին չէ: Այն կարող էր կոչվել նաև ֆրանսիական, իտալական...

Իսկ եթե ասենք ուղղակի, սա կատակերգություն է ամենքիս մասին:


    

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ


    

Ջեկ Հարդի բանկերի միության նախագահ

Ջոնի Ջեքսոն Հարդիի նմանակը

Քիմ Հարդի Հարդիի կինը

Տիտո Հարդի Հարդիի որդին (6-7 տարեկան)

Քեթրին Հարդիի տան սպասուհին

Մարի Հադսոն Հարդիի սիրուհին

Էմմա Սմիթ Հարդիի քարտուղարուհին, բավական

տգեղ կին

Սառա Փիթ միության աշխատակցուհի

Էդի Մոմսեն միության աշխատակից

Սթիվ միության աշխատակից

Մարկ

Մայքլ


    

Գործողություն առաջին


    

Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Հարդին՝ միջին տարիքի սևամորթ տղամարդ, գրասեղանի մոտ նստած՝ աշխատում է: Գալիս է Սառա Փիթը՝ ձեռքին թղթապանակ:


    

ՍԱՌԱ– Օ՜, միստր Հարդի, որքա՜ն պայծառ տեսք ունեք այսօր, որքան լուսավո՜ր...

ՀԱՐԴԻ– (Շողոքորթությունն անմիջապես զգալով) Նկատի ունես «լուսավոր» հաստի՞քը, Փի՛թ:

ՍԱՌԱ– Ո՛չ, ո՛չ, միստր: Ձեր տեսքն այսօր իսկապես շքեղ է, լուս... (հասկանալով ասածի անհեթեթությունը) եղ... եղ... ե՜ն...

ՀԱՐԴԻ– (Սև ձեռքերին նայելով) Այո՛... Լուսեղեն... Ինչպես լուսնկա գիշերը...

ՍԱՌԱ– (Մոտենալով՝ փորձում է հնարավորինս գայթակղել): Ստորագրեք այստեղ, խնդրում եմ... Այստեղ... Այստեղ: (Բռնում է Հարդիի ձեռքը, նայում աչքերին): Դուք կատարյալ տղամարդ եք, մի՛ստր...

ՀԱՐԴԻ– (Կեղծ հնչերանգով) Իսկապե՞ս, Սառա՛...

ՍԱՌԱ– (Իբր ցանկությանը չդիմանալով՝ ընկնում է նրա գիրկը): Օ՜, Հարդի...


    

Ներս է մտնում Էմմա Սմիթը և այնպես հանգիստ մոտենում Հարդիի աշխատասեղանին, ձեռքի փաստաթղթերը դնում այնտեղ, կարծես սենյակում սովորական աշխատանքային մթնոլորտ է:


    

ԷՄՄԱ– Դիտարկման փաստաթղթերն են, մի՛ստր:

ՍԱՌԱ– (Հեգնանքով) Դիտարկման փաստաթղթերը...

ԷՄՄԱ – Այո՛, Սառա, դիտարկմա՛ն:

ՍԱՌԱ – Լավ բան չէ, Էմմա՛, դիտարկում անցկացնել դռան հետևից:

ԷՄՄԱ – Առավել ևս՝ նետվել թափուր հաստիքի վրա...

ՀԱՐԴԻ– Դե՛, դե՛...

ԷՄՄԱ– Այսուհանդերձ, Սառա Փիթ, համոզիչ չէր... (Դուրս է գալիս):

ՍԱՌԱ– (Նրա հետևից) Հրեղեն փերի, որ միշտ կպարծենա իր կուսությամբ... Դուք որտե՞ղ եք գտել այս գեղեցկուհուն, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Ե՛ս չեմ գտել: Քիմն է գտել, կի՛նս: Իմ քարտուղարուհիներին նա է ընտրում: Սա արդեն երրորդն է:

ՍԱՌԱ– Որքա՜ն մոլեգին խանդ: Ասում են՝ այսպիսիներին եթե աշխատանքի չեն ընդունում, ուրեմն պատճառն արտաքինն է: Իսկ եթե ընդունում են, ուրեմն... դարձյալ արտաքինն է, որովհետև ցանկանում են ինչ-որ բան թաքցնել: Ի դեպ, մի՛ստր, այսօր սենյակներում տարօրինակ լուրեր են շրջում: Հերթապահը տեսել է ուրվական:

ՀԱՐԴԻ– Հնարավոր է. հալյուցինացիա...

ՍԱՌԱ– Եվ պնդում է, որ նա եղել է ճիշտ ու ճիշտ... Ձեզ նման: «Տեսել եմ անձամբ, - ասում է, - դա ուրվականն էր միստր Հարդիի»:

ՀԱՐԴԻ– Ու նա կեսգիշերին Համլետի հանգուցյալ հոր պես դուրս է եկել գերեզմանից և ահազդու խորհրդավորությամբ քայլել:

ՍԱՌԱ– Ո՛չ: Դուրս է եկել զուգարանից ու փախել... (Հարդին խեթ նայում է Սառային): Երդվում է:

ՀԱՐԴԻ– Ա՜խ, ուրեմն նա արդեն մամուլի ասուլիս է տալիս:

ՍԱՌԱ– Նման մի բան, բայց հոգեբույժների մոտ... Վախից ցնորվել է:

ՀԱՐԴԻ– Պարզ է, պարզ է:

ՍԱՌԱ– Այդպիսի բաներ: (Բերած փաստաթղթերը վերցնելով) Դե՛, ես գնացի: Հիմա ոչ մի րոպե ազատ ժամանակ ես չունեմ, մի՛ստր, այդ թափուր հաստիքի պատճառով: Մտածե՛ք: Եվ նկատի ունեցեք, որ ես արդեն միայնակ կին եմ: Այլ կերպ ասած՝ նույնպես թափուր հաստիք... (Գնում է):

ՀԱՐԴԻ– (Աթոռի թիկնակին հոգնած հենվելով) Օ՜ֆ... Սառա՛, Էմմա՛, Մարի՛...


    

Սենյակի հետնամուտքից ներս են մտնում Էդին ու Սթիվը՝ բերելով անվավոր մի արկղ:


    

ԷԴԻ– Ձեզ համար մենք մեծ անակնկալ ունենք, մի՛ստր:

ՍԹԻՎ– Նվե՛ր:

ԷԴԻ– Տեսնեք իսկ, չեք հավատա:

ՀԱՐԴԻ– Այդ արկղի մե՞ջ:

ԷԴԻ– Այո՛, այստեղ:

ՍԹԻՎ– Ձեր երազանքն է: Գիշերն ենք բերել: Գաղտնի: Թաքցրել էինք, որ ոչ ոք չտեսնի: (Սկսում են արկղը բացել):

ԷԴԻ– Դուք հիմա պարզապես ապշելու եք:


    

Սթիվը կափարիչը դնում է մի կողմ, և բոլորն ուշադրությամբ նայում են արկղին... Մի քանի վայրկյան անց գլուխը դանդաղ բարձրացնում ու զարմացած, հետաքրքրական հայացքով շուրջբոլորն է նայում մի տղամարդ, որը շատ նման է Հարդիին: Մի պահ տիրում է լռություն:


    

ՍԹԻՎ– Դուրս եկ, Ջոնի՛: Մի՛ վախեցիր:

ՀԱՐԴԻ– (Ապշած) Ա՜խ, ուրեմն դա ճի՞շտ է... Ուրեմն դուք... բռնե՞լ եք նրան:

ԷԴԻ– Գտել ենք, մի՛ստր: Բոլորովին պատահաբար:

ՍԹԻՎ– Տեսանք թե չէ, անմիջապես մտածեցինք, որ Ձեզ համար կլինի լավ նվեր:

ԷԴԻ– Ընդամենը մի փոքր վրան աշխատել ենք, մշակել:

ՀԱՐԴԻ– (Ուշքի չեկած) Իսկ սա ի՞նչ է. խամաճի՞կ, ուրվակա՞ն...

ՍԹԻՎ– Սա Ձեր նմանակն է, մի՛ստր: (Ջեքսոնը արկղից դուրս է գալիս և դիմում Հարդիին: Խոսում է արագ-արագ):

ՋԵՔՍՈՆ– Մի՛ստր, մի՛ստր, օգնեցե՛ք ինձ: Սրանք գիժ են, ավազակ: Ինձ առևանգել են: Տեսեք, թե ինչ են հագցրել: (Տարօրինակ հայացքով նայում է Հարդիին, որն իրենից ոչնչով չի տարբերվում: Մատն ուղղում է նրա կողմը): Միստր...

ԷԴԻ– Հարդի՛:

ՋԵՔՍՈՆ– (Կրկնում է): Միստր Հարդի...

ՍԹԻՎ– (Մատնացույց է անում Ջեքսոնին): Միստր...

ՋԵՔՍՈՆ– Ջեքսոն:

ԷԴԻ– Ո՛չ: Ասացինք՝ դու այլևս Ջեքսոնը չես:

ՍԹԻՎ– Այսուհետև կոչվելու ես Հարդի: Միստր Հարդի:

ՋԵՔՍՈՆ– (Հարդիին) Մի՛ստր... Մի՛ստր... Փրկեք ինձ: Սրանք գիժ են: Կատարյալ գիժ: Բոլորը գիտեն, որ ես Ջեքսոնն եմ, Ջոնին, իսկ սրանք ասում են Հարդի: Ես շրջմոլիկ եմ: Զանգեք ոստիկանություն, խնդրում եմ:

ԷԴԻ– Մենք քեզանից, Ջոնի՛, սարքելու ենք Հարդի:

ՋԵՔՍՈՆ– (Վախեցած) Ի՞նչ... (Վազում, վերցնում է բազմաթիվ հեռախոսներից մեկի լսափողը, սեղմում կոճակներն ու արագ-արագ խոսում): Ալո՛, ալո՛, ոստիկանություն... Ինձ առևանգել են, ինձ սպառնում են: Ինձնից ուզում են Հարդի սարքել: Երդվում եմ, ես Ջոնին եմ: (Էդին ու Սթիվը նայում են Հարդիին՝ սպասելով հրահանգի):

ՀԱՐԴԻ– Այդ հեռախոսը չի աշխատում:

ՍԹԻՎ– Մի՛ անհանգստացիր, Ջոնի՛: Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Դու հիմա կապրես ավելի լավ, ավելի հետաքրքիր կյանքով:

ՋԵՔՍՈՆ– Չի սպառնում վտա՞նգ: Իսկ ինչի՞ համար էր (արկղը ցույց տալով) Նոյյան տապանով այս ուղևորությունը: (Վազում է դռան կողմը և բախում): Հե՜յ, օգնեցե՛ք... Հե՜յ...

ԷԴԻ– (Սթիվի հետ ջանում են թույլ չտալ): Հանգստացիր, Ջոնի: Ոչ ոք այստեղ քեզ չի լսի:

ՋԵՔՍՈՆ– Իսկ ինչո՞ւ չի լսի: Բոլորը խեղդվե՞լ են: Եվ որտե՞ղ է իմ տապանն իջել: Գուցե աղունի՞կ բաց թողնեմ:

ՍԹԻՎ– Ջոնի՛...


    

Սթիվը չի հասցնում խոսքն ավարտել, քանի որ Ջոնին ճարպիկ շարժումով նրա ու Էդիի ոտքերից քաշում, գցում է հատակին և գլուխները խփում իրար: Մինչ նրանք ուշքի կգան, հարձակվում է նաև Հարդիի վրա, գցում արկղը, կափարիչն ամրացնում և ընդունում նրա կեցվածքը:


    

ՋԵՔՍՈՆ– (Էդիին և Սթիվին) Հաց չե՞ք կերել, ինչ է: (Հարդին պոկում է կափարիչը և դուրս գալիս): Հապա կապոտեք սրան:

ԷԴԻ– (Ջեքսոնին) Ներեցե՛ք, միստր Հարդի:

ՀԱՐԴԻ– Տխմա՛ր, ե՛ս եմ Հարդին:

ՋԵՔՍՈՆ– Ստում է: Հարդին ես եմ: (Էդին և Սթիվը նայում են իրար՝ չկարողանալով կողմնորոշվել):

ՀԱՐԴԻ– Սա ապուշ ձևացող կատարյալ դերասան է, Էդի՛:

ՋԵՔՍՈՆ– (Նույն տոնայնությամբ կրկնում է): Սա ապուշ ձևացող կատարյալ դերասան է:

ԷԴԻ– (Հարդիին ճանաչելով՝ դիմում է նրան): Հոգեբանական մեթոդներով հնարավոր է մարդուն վերափոխել ամբողջովին, մի՛ստր: Ես խոստանում եմ:

Ջոնի՛, դու այսօրվանից լինելու ես ոչ թե Ջեքսոնը, այլ Հարդին: Միստր Հարդին:

ՍԹԻՎ– Որպես երբեմնի ոստիկան՝ կարող եմ ասել, մի՛ստր, որ ձեզ իրարից սատանան իսկ չի տարբերի:

ԷԴԻ– Հիշո՞ւմ եք՝ որքան էիք ցանկանում ունենալ նմանակ: Ահա՛, վերջապես գտնվեց:

ՍԹԻՎ– Բոլոր տվյալները հարմար են: Ճիշտ է, ուղեղը մի քիչ կաղում է, բայց «բուժել», թաքցնել հնարավոր է:

ԷԴԻ– Մեծացել է մանկատանը: Տուն չի ունեցել: Չի ամուսնացել: Մի ժամանակ աշխատել է ինչ-որ ընկերությունում, բայց հաստիքների կրճատման պատճառով ազատվել է և մնացել փողոցում:

ՋԵՔՍՈՆ– Մի գիշեր էլ՝ արկղում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե չկարողանայի կափարիչը բացել:

ԷԴԻ– Ի՞նչ: Ուրեմն դու...

ՋԵՔՍՈՆ– Այո՛: Ու քիչ մնաց, որ զուգարանում բռնեն: (Հարդիին) Բաց թողեք ինձ, մի՛ստր: Սրանք գիժ են, իսկական գիժ:

ՀԱՐԴԻ– Ո՛չ, Ջոնի: Դա արդեն անհնար է: Ես միշտ երազել եմ ունենալ քեզ նման մեկին: Դու այսուհետև կոչվելու ես Հարդի, Ջեկ Հարդի:


    

Նոր պատկեր:

Էդին և Սթիվը Ջեքսոնին սովորեցնում են, թե ինչպես պետք է նմանակի Հարդիին:


    

ՍԹԻՎ– Թե ի՛նչ և ինչպե՛ս ես խոսելու Մարիի հետ, երևի արդեն պարզ է:

ՋԵՔՍՈՆ– (Քունքը քորելով) Այո՛, սըր: Մի շաբաթ է՝ սերտում եմ:

ՍԹԻՎ– Միստրը ժամացույցին հաճախ նայելու սովորություն ունի: Դա նկատի ունեցիր:

ԷԴԻ– Երբեմն նա ոտքը գցում է ոտքին ու ճոճում: Փորձիր հապա: (Ջեքսոնը փորձում է): Վատ է: Անբնական: Շարժիր մի քիչ դանդաղ, հանգիստ...

ՍԹԻՎ– Լավ: Հետո էլի կփորձենք:

ԷԴԻ– Հարդին սովորություն ունի նաև սեղանի վրա մատներով տկտկացնելու:

ՋԵՔՍՈՆ– Պարզվում է, որ ձեր միստրը մենակ մի ամբողջ գնդի ժեստեր է անում:

ՍԹԻՎ– Նա հաճախ ասում է ապո՛ւշ, հիմա՛ր: Եվ դա շատ դեպքերում ոչ թե վիրավորելու համար, այլ պարզապես, որպես կոչական:

ԷԴԻ– Իբրև հոգեբան՝ քեզ ասեմ, Ջոնի՛, որ հիմա բոլորը կարծում են, թե իրենցից բացի բոլորն ապուշ են:

ՍԹԻՎ– Մարիին նա հաճախ ասում է փիսիկս, վագրիկս...

ՋԵՔՍՈՆ– Գրողը տանի, իսկ ո՞ւմ վրա ենք պարպելու դերասանական այս ամբողջ զինանոցը:

ԷԴԻ– Հարդին, հասկանո՞ւմ ես, չի կարող միաժամանակ լինել երկու տեղ: Բայց արի ու տես, որ դրա անհրաժեշտությունը խիստ է զգում: Եվ, ահա, նա որոշել է, որ այնտեղ, որտեղ իր ներկայությունն այնքան էլ կարևոր չէ, կարող է լինել նմանակը:

ՋԵՔՍՈՆ– («Դերի» մեջ մտած՝ ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում): Եվ որտե՞ղ նրա ներկայությունը այնքան էլ կարևոր չէ:

ՍԹԻՎ– Գիտե՞ս, Ջոնի՛, երբեմն լինում են պաշտոնական ոչ կարևոր գործեր: Բացի այդ՝ միստրն ունի և՛ կին, և՛ սիրուհի ու չի կարող նույն ժամին երկուսի մոտ էլ լինել: Ահա այս հարցում է, որ դու նրան պիտի օգնես:

ՋԵՔՍՈՆ– (Ապշած) Ի՜նչ...

ԷԴԻ– Այնպես որ, քո աշխատանքն այնքան էլ շատ չէ:

ՋԵՔՍՈՆ– («Դերը» փորձելով) Ապո՛ւշ... Ուրեմն միստրը որոշել է, որ կնոջ ու սիրուհու մոտ իր ներկայությունը այնքան էլ կարևոր չէ՞:

ՍԹԻՎ– Այո՛: Միստրը այդպես է կարծում:

ՋԵՔՍՈՆ– Մի խոսքով՝ ես լինելու եմ նրա սիրուհու սիրեկանը և կնոջ ամուսինը:

ԷԴԻ– Հիմնականում՝ այո՛, պահելով, սակայն, մի շարք սահմանափակումներ:

ՍԹԻՎ– Նրա կնոջ հետ դու երբեք չպիտի՛ քնես:

ԷԴԻ– Չպիտի՛ նայես այն ժամանակ, երբ կսկսի հանվել:

ՋԵՔՍՈՆ– Իսկ երբ կսկսի հագնվե՞լ:

ՍԹԻՎ– Եվ ա՛յն ժամանակ, երբ կսկսի հագնվել:

ԷԴԻ– Եթե նա ինքը կցանկանա սեր անել, պիտի որևէ պատրվակով հրաժարվես:

ՍԹԻՎ– Պլյուս-մինուս մի քիչ այս կողմ, այն կողմ՝ ոչինչ:

ՋԵՔՍՈՆ– (Դարձյալ ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում): Բայց ինչո՞ւ է միստրը համոզված, որ դա հնարավոր է:

ԷԴԻ– Հասկանո՞ւմ ես, Ջոնի՛, միստրը... ստիպված է:

ՍԹԻՎ– Նկատի ունեցիր, որ դու նրան փոխարինելու ես միայն ծայրահեղ դեպքերում: Այնպես որ, հիմնականում կլինես ազատ: Կսկսենք կարճ հանդիպումներից: Միստրը մեծ գումար է խոստանում: Շրջմոլիկից դու միանգամից դառնում ես միլիոնատեր:

ՋԵՔՍՈՆ– Միլիոնատե՜ր...

ԷԴԻ– Գուցե արդեն մի հատված փորձե՞նք:

ՍԹԻՎ– Զանգիր Մարիին: Ասա, որ մի քանի օրից կարճ ժամանակով, ասենք՝ կես ժամով կլինես իր մոտ:

ՋԵՔՍՈՆ– Կես ժամո՞վ... Այսինքն՝ կես ժամ... (Սիրահետելու շարժումներ է անում):

ՍԹԻՎ– Այո՛, այո՛: Դու ե՞րբ ես վերջին անգամ կին սիրել: (Ջոնին առյուծի պես մռնչում է, բայց զգացվում է, որ չի համարձակվում զանգել):

ԷԴԻ– Մի՛ վախեցիր, դե՛... (Համար է հավաքում և հեռախոսը մեկնում Ջոնիին): Համարձակ խոսիր: Ինչպես միստրը:

ՍԹԻՎ– (Հուշում է, թե ինչ պիտի ասի): Փիսիկս... վագրիկս... (Լսվում է Մարիի ձայնը):

ՄԱՐԻ– Ալո... (Ջեքսոնը շփոթմունքից մնում է լուռ): Դե՛, խոսի՛ր, շլդիկս:

ՋԵՔՍՈՆ– (Էդիին և Սթիվին) Ասում է՝ շլդիկս:

ԷԴԻ– Ասա՝ փիսիկս:

ՋԵՔՍՈՆ– Դու... դու... Դո՞ւ ես, փիսի՛կս:

ՄԱՐԻ– Դե էլ ո՞վ պիտի լինի, նապաստա՛կս: Իսկ դու, ինչ է, ի՞նձ չես զանգել:

ՋԵՔՍՈՆ– Ես... Ես Մարիին եմ զանգել:

ՄԱՐԻ– Է՜, Հարդի՛, ճագարի՛կ, քո թեժ կրակից սև ծուխ է միայն մնացել:

ՋԵՔՍՈՆ– Ի՞նչ:

ՄԱՐԻ– Դու ոնց որ էլի նստել ես, հա՞, Ջե՛կ:

ՋԵՔՍՈՆ– Ո՛չ: Ես կանգնած եմ:

ՄԱՐԻ– Իսկ մինչ ա՞յդ... Ասեղի ծայրի՞ն...

ՋԵՔՍՈՆ– Ես... (սկսում է իրեն տիրապետել) պարզապես զանգեցի, Մարի՛, որ խոսեմ քեզ հետ:

ՄԱՐԻ– Ընդամենը՝ խոսե՞ս: Իսկ ե՞րբ ես գալու:

ՋԵՔՍՈՆ– Քո ձայնը լսելուց հետո ուզում եմ հենց հիմա վազել:

ԷԴԻ– Հիմա չէ: Հետո:

ՄԱՐԻ– Օ՜, վերջապե՞ս, Ջե՛կ:

ՍԹԻՎ– Ասա, որ հետո ես գնալու: Մի քանի օրից:

ՄԱՐԻ– Դու, ինչ է, մենակ չե՞ս:

ՋԵՔՍՈՆ– Չէ՛, փիսի՛կս, մենակ չեմ, և ինձ ասում են, որ հիմա քեզ մոտ գալ չեմ կարող: Մի քանի օրից:

ՄԱՐԻ– Այդ ո՞վ է սկսել քեզ կարգադրություններ անել:

ԷԴԻ– Ապո՛ւշ... Հիմա՛ր...

ՋԵՔՍՈՆ– (Մեքենաբար կրկնում է): Ապո՛ւշ... Հիմա՛ր... (Զգալով, որ սխալվեց): Թո՛ւ... Ես դա հենց այնպես, Մարի՛, որպես կոչական ասացի: Այդպիսի սովորություն ունեմ:

ՍԹԻՎ– Ասա, որ մի քանի օրից կգնաս, և վերջացրու:

ՄԱՐԻ– Այդ ո՞վ է քեզ ցուցումներ տալիս, Ջե՛կ: Ինչո՞ւ ես մի տեսակ: Ինչո՞ւ մի քանի օրից և ոչ թե հիմա: (Էդին և Սթիվը կրկին փորձում են ինչ-որ բան հուշել, բայց Ջոնին հասկացնում է, որ չմիջամտեն, և զրույցի թելը վերցնում է իր ձեռքը):

ՋԵՔՍՈՆ– Գիտե՞ս՝ բանն ինչ է, Մարի՛: Նրանք ինձ հետ պարապում են: Ասում են, որ դեռևս տարբերվում եմ իսկական Հարդիից: Ես փորձեր եմ անում, որ դառնամ իսկական Հարդին: Լսո՞ւմ ես...

ՄԱՐԻ– Ի՞նչ... (Ծիծաղում է): Օ՜, իմ հանգած հրաբուխ: Ուրեմն դու նորից ուզում ես դառնալ իսկական Հարդի՞ն:

ՋԵՔՍՈՆ– Հա՛, գժի պես: (Կրկին մռնչում է):

ՄԱՐԻ– Ջե՛կ, նապաստակս, դու այսօր հաբեր հո չե՞ս ընդունել:

ՋԵՔՍՈՆ– Հաբե՞ր: Ո՛չ: Ես ամեն օր արդեն ցնցուղ եմ ընդունում ու վարժություններ անում:

ՄԱՐԻ– Ի՞նչ վարժություններ, խենթո՛ւկ:

ՍԹԻՎ– Դասական գիժ:

ԷԴԻ– Ապո՛ւշ:

ՋԵՔՍՈՆ– Դասական, գժական:

ՄԱՐԻ– Եվ ի՞նչ. հաջողվո՞ւմ է: Դու երևի հատուկ սարքերի վրա ես պարապում, հա՞: Ոտնիվեր, գլխիվայր...

ՋԵՔՍՈՆ– Չէ՛, դեռևս ինչ-որ բառեր եմ կրկնում, ոտքս գցում ոտքիս ու մատներով տկտկացնում: (Մարին ծիծաղում է): Ուրեմն դեռ պիտի սովորեմ նաև գլխիվայր շրջվե՞լ: (Սթիվին և Էդիին նայելով) Բանից պարզվում է, որ ես ոչ թե ֆինանսիստ եմ, այլ կրկեսի արտի՞ստ:

ՍԹԻՎ– Այսօր բավական է: Վերջացրո՛ւ:

ՋԵՔՍՈՆ– Այսօր բավական է: Հետո էլի կզանգեմ:

ԷԴԻ– (Հուշում է): Գուդբայ:

ՋԵՔՍՈՆ– Գուդբայ, վագրի՛կս:

ՄԱՐԻ– Ցտեսություն, նապաստա՛կ: Բայց այսօր դու մի տեսակ ավելի լավն էիր, Ջե՛կ: Համբուրում եմ:


    

Ջեքսոնը խոսակցությունն ավարտում է: Էդին և Սթիվը, լարվածությունից թուլանալով, ազատ շունչ են քաշում:


    

ՋԵՔՍՈՆ– Ես միշտ ասել եմ, որ ճշմարտությունը հաճախ լինում է անհավատալի, իսկ սուտը՝ ավելի քան համոզիչ... (Անդրավարտիքի փողքը բարձրացնում է ու ոտքը քորում):

ՍԹԻՎ– Որպես սկիզբ՝ տանելի էր:

ԷԴԻ– Եթե նկատի ունենանք վերջնական արդյունքը, նույնիսկ լավ էր, բայց դու քեզ պիտի լուրջ պահես, Ջոնի՛: Միստրը նման կատակներ չի անում:

ՍԹԻՎ– Վաղը կարճ ժամանակով քեզ ուզում ենք, այսպես ասած, ներկայացնել նրա ընտանիքին: Ի՞նչ կասես:

ՋԵՔՍՈՆ– (Վախեցած) Ի՞նձ...

ԷԴԻ– Մի՛ վախեցիր, Ջոնի՛: Մենք լինելու ենք քեզ հետ: Մտնելու ենք տուն ու անմիջապես դուրս գանք: Որպես փորձ, քննություն: Հիշիր, որ դու արդեն ոչ թե Ջեքսոնն ես, այլ Հարդին: Քեզ ամենուր պիտի պահես այնպես, ինչպես իրեն պահում է նա:

ՍԹԻՎ– Նկատի կունենաս, որ նրա կինը՝ Քիմ Հարդին, տնօրենն է օծանելիքի հայտնի ֆիրմայի:

ԷԴԻ– Միշտ հիշիր, թե ինչպես է Հարդին շարժվում, ինչ ժեստեր է անում, ինչ բառեր գործածում: (Ջեքսոնը Հարդիի նման նայում է ժամացույցին...)


    

Նոր պատկեր:

Ջեկ Հարդիի բնակարանը: Ներս է մտնում սպասուհին՝ Քեթրինը:


    

ՔԵԹՐԻՆ– Տի-տո՛... Տիտո՛, որտե՞ղ ես... (Նայում է չորս կողմը): Ա՛յ թե չարաճճին ես: Ես արդեն հայրիկիդ կբողոքեմ:


    

Լսվում է դռան զանգի ձայն: Քեթրինը գնում է բացելու: Տիտոն՝ ավտոմատը ձեռքին, բազկաթոռի հետևից դուրս է գալիս, աթոռը շրջելով՝ նրա հետևում դիրք բռնում և փողն ուղղում դռան կողմը: Լսվում է Քեթրինի ձայնը:


    

ՔԵԹՐԻՆ– Օ՜, մի՛ստր Էդի, մի՛ստր Սթիվ, համեցե՛ք: (Հենց երևում են Էդին, Սթիվն ու Ջեքսոնը, Տիտոն ճայթռուկներ է նետում):

ԷԴԻ– (Փորձելով կատակի տալ) Տիտո՛... Տիտո՛... Տե՛ս, մենք արդեն զոհվեցինք: Հերիք է, Տիտո՛...

ՏԻՏՈ– Չէ՛, դուք դեռ չեք մեռել: (Կրակում է ավտոմատով: Ջեքսոնը սարսափահար ուզում է հետ դառնալ, բայց Սթիվը չի թողնում):

ՔԵԹՐԻՆ– Ինչպե՞ս չես ամաչում, Տիտո՛: Արդեն մեծ տղա ես:

ՏԻՏՈ– Պառկե՛լ: (Նետում է «նռնակ»: Ջեքսոնն անմիջապես պառկում է):

ՍԹԻՎ– Տեսնո՞ւմ ես, հայրիկդ արդեն սպանված է:

ՏԻՏՈ– Ձեռքներդ վե՛ր:

ԷԴԻ– Լավ, լավ, հանձնվում ենք: (Ջեքսոնին հասկացնում է, որ «դերի» մեջ մտնելու ժամանակն է: Վերջինս ցույց է տալիս, որ չգիտի ինչ անել: Քեթրինը փորձում է Տիտոյին համոզել, որ խաղը դադարեցնի):

ՔԵԹՐԻՆ– Ինչ լավ տղա է, չէ՞, Տիտոն: (Ջեքսոնը նստում է աթոռին, ոտքը գցում ոտքին ու սեղանի վրա տկտկացնում):

ՏԻՏՈ– Ասում եմ՝ ձեռքներդ վե՛ր:

ՋԵՔՍՈՆ– Ապո՛ւշ... Հիմա՛ր... (Մի պահ բոլորը զարմացած նայում են իրար: Ջեքսոնը ձայնն ավելի է բարձրացնում): Հիմա՛ր... (Ներս է մտնում Ջեկի կինը՝ Քիմ Հարդին):

ՔԻՄ– Ի՞նչ է այստեղ կատարվում:

ՍԹԻՎ– Տիկին Հարդի... Մենք պարզապես Տիտոյի հետ զվարճացանք: Բայց դու մեզ լավ վախեցրիր, չէ՞, Տիտո՛: (Ջեքսոնը դարձյալ չկողմնորոշվելով, թե ինչ պետք է անի, ավելի ցուցադրաբար է նայում ժամացույցին):

ՔԻՄ– Ջե՞կ... Քեզ ի՞նչ է պատահել: Դու քեզ նման չես:

ՋԵՔՍՈՆ– (Անակնկալի գալով) Ի՞նչ... (Էդիին ու Սթիվին) Ասում էի, չէ՞: (Քիմին) Այդ մասին դու ասա ոչ թե ինձ, այլ սրանց:

ԷԴԻ– Տիկին Հարդի, պարզապես միստրն այսօր անտրամադիր է:

ՋԵՔՍՈՆ– (Էդիին) Տեսա՞ք... Համոզվեցի՞ք... Ես ասում էի, իսկ դուք... (Նրանց նմանողությամբ) Փիսի՜կս, վագրի՜կս...

ՔԻՄ– (Զարմացած) Չեմ հասկանում:

ՍԹԻՎ– Միստրն այսօր մի քիչ ընկճված է:

ՏԻՏՈ– Հայրի՛կ, ինչո՞ւ ես ընկճված:

ՋԵՔՍՈՆ– (Տիտոյի գլխին թեթևակի խփելով) Որովհետև դու տխմար ու խելառ լակոտ ես: (Տիտոն լացելով վազում է մոր մոտ):

ԷԴԻ– Տիկին Հարդի, մենք միայն մի քանի րոպեով... Պարզապես... Արդեն գնալու ժամն է: Միստրն ուշանում է: (Ջեքսոնին) Երևի արդեն գնա՞նք, միստր Հարդի:

ՋԵՔՍՈՆ– Միստր Հարդի՞... (Հասկանալով, որ վիճակն այնքան էլ անհուսալի չէ): Այո՛, Էդի՛, գնանք: (Կրկին նայում է ժամացույցին): Ես այսօր իրոք անտրամադիր եմ: Ինձ կներես, չէ՞, Տիտո:

ՔԻՄ– Դու խմա՞ծ ես, Ջե՛կ:

ՋԵՔՍՈՆ– Խմա՞ծ: Այո՛, մի քիչ: Բայց դա ոչինչ: Կարևորն այն է, որ դու ինձ Ջեկ կոչեցիր: Կարևորն այն է, որ ես Ջեկն եմ, Ջեկ Հարդին: (Լսվում է հեռախոսազանգ: Ջեքսոնը, որ արդեն ձեռք է բերել ինքնավստահություն, լսափողը վերցնում է): Ջեկ Հարդին լսում է: (Հանդիսատեսների համար լսելի է դառնում նաև զրուցակցի՝ Հարդիի ձայնը):

ՀԱՐԴԻ– Ապո՛ւշ, ես եմ խոսում՝ Ջեկ Հարդին:

ՋԵՔՍՈՆ– (Ներկաներին) Լսո՞ւմ եք: Ասում է. «Ես եմ խոսում՝ Ջեկ Հարդին»: Եթե դու Ջեկ Հարդին ես, այդ դեպքում ո՞վ է օծանելիքների հանրահայտ ֆիրմայի տնօրեն Մարի Հարդիի ամուսինը:

ՀԱՐԴԻ– Դու կատարյալ գիժ ես: Դու վաղուց այդտեղ չպիտի լինեիր: Ինչո՞ւ ես այդտեղ:

ՋԵՔՍՈՆ– Որովհետև դուռն ականապատ է: Չեմ կարող դուրս գալ:

ՀԱՐԴԻ– Ես քեզ հետ դեռ կխոսեմ, տխմա՛ր: Ասա Էդիին ու Սթիվին, որ գան ինձ մոտ:

ՋԵՔՍՈՆ– Լսում եմ, մի՛ստր... (Անմիջապես զգալով, որ սխալվել է): Միստր... Հար... հիմա՛ր... (Լսափողը դնում է):

ՍԹԻՎ– (Դադարից անմիջապես օգտվելով) Դե ի՞նչ, գնա՞նք, Ջե... Ջե... Մի՛ստր Հարդի:

ՋԵՔՍՈՆ– Գնանք, Սթի՛վ: (Հրամանատարի դեր ստանձնելով) Հառա՜ջ...

ՏԻՏՈ– (Կրակելով) Հառա՜ջ...


    

Նոր պատկեր:

Հարդիի մոտ են Էդին ու Սթիվը:


    

ՍԹԻՎ– Չնայած որոշ անախորժություններին, որպես նախկին ոստիկան՝ կարող եմ ասել, որ փորձերն անցան հաջող:

ԷԴԻ– Կարևորն այն է, որ այդ ապուշն ընդունվեց իբրև միստր Հարդի: (Հարդին խեթ նայում է Էդիին, և վերջինս անմիջապես զգում է սխալը): Նկատի ունեմ, որ ֆիզիկապես դուք ընկալվեցիք որպես նույնը, մի՛ստր:

ՍԹԻՎ– Եվ քանի որ նա՝ որպես առարկա, նյութ, ընդունվել է, ուստի այդ նյութի վրա աշխատանքը պետք է շարունակել:

ԷԴԻ– Եվ, բացի այդ, մի՛ստր, գուցե իմ առաջարկը թվա անհեթեթ, այսուհանդերձ... (Նայում է Հարդիին): Այսուհանդերձ պիտի ասեմ, որ մենք արդյունքի չենք հասնի, եթե չգնանք նաև հակառակ ուղղությամբ... Բանն այն է, որ որոշ հարցերում Ջոնիին անհնար է վերափոխել... Հասկանո՞ւմ եք, հարցն այն է, որ նա որոշ չափով... Դե, Դուք էլ գիտեք... Նա մի քիչ տարօրինակ է: Այլ կերպ ասած՝ նա իրեն երբեմն պահում է, այսպես ասած, ոչ խելացի:

ՀԱՐԴԻ– Եվ ի՞նչ, Էդի՛:

ԷԴԻ– Ասել կուզեմ, մի՛ստր, քանի որ անհնար է նրան դարձնել այնքան խելացի, այսինքն՝ այնպես չափած-ձևած, ուղիղ գծերով, ինչպիսին Դուք եք, ուստի ճիշտ կլինի, եթե... եթե մի փոքր էլ մենք աշխատենք Ձեզ վրա: Այսինքն՝ մի քիչ, մի փոքր ծռենք այդ գծերը... Չափ ու ձևը դարձնենք... դարձյալ չափ ու ձև, բայց մի քիչ շեղումներով, աններդաշնակ:

Մի խոսքով՝ մի՛ստր Հարդի, եթե մի փոքր էլ Դուք փորձեք դառնալ Ջեքսոն, այսինքն... Ներեցեք, մի նոր միստր, նոր միստր Հարդի, ամեն բան կլինի կատարյալ:

ՍԹԻՎ– Այո՛, միստր: Որպես նախկին ոստիկան՝ ասեմ, որ Մարին ավելի շատ հավանեց այդ նոր միստր Հարդիին:

ԷԴԻ– Հավատացեք, մի՛ստր, որ ձեր շրջապատը նույնպես կցանկանա տեսնել նոր Հարդի: Նույն անձից, հատկապես ուղիղ գծածից, չափած-ձևածից մարդիկ հոգնում են, ձանձրանում։ Ժամանակն է, որ Դուք նույնպես վերափոխվեք, վերածնվեք։

ՀԱՐԴԻ– Լավ: Եվ ի՞նչ պիտի անեմ:

ՍԹԻՎ– Նմանվեք նրան՝ միստր Ջեքսոնին...

ՀԱՐԴԻ– Ապո՛ւշ: Հիմա՛ր: (Վեր է կենում և զայրացած քայլում):

ԷԴԻ– Մի՛ստր... Դուք այդ բառերը ճիշտ նրա տոնայնությամբ ասացիք:

ՍԹԻՎ– Գիտե՞ք, Ջոնին սովորություն ունի նաև երբեմն-երբեմն քունքը և ոտքը քորելու...

ՀԱՐԴԻ– Դուք գժվել եք, Սթի՛վ: (Նստում է, ոտքը գցում ոտքին և սեղանին տկտկացնում: Լարվածության պատճառով դա անում է սովորականից ուժեղ: Այնպես, ինչպես Ջեքսոնը):

ՍԹԻՎ– (Զարմացած) Միստր Հարդի... Ինձ թվում է, որ դուք իրար նմանվում եք արդեն ինքնըստինքյան:


    

Ներս է մտնում Սառա Փիթը՝ ձեռքին սպիտակ ծաղիկներ:


    

ՍԱՌԱ– Մի՛ստր Հարդի, շնորհավորում եմ... (Ծաղիկները մեկնելով) Տեսեք, թե Ձեր արտաքինին որքա՛ն ներդաշնակ են:

ՀԱՐԴԻ– (Ծաղիկները վերցնում է): Այո՛, միսիս Փիթ... Ինչպես սև երկնքում՝ սպիտակ ասուպ... (Քունքը ցուցադրաբար քորելով) Բայց ես չեմ կարողանում կռահել, թե շնորհավորելու ի՛նչ առիթ ունեմ:

ՍԱՌԱ– Մի՛ստր Հարդի... Ինչպե՞ս եք մոռացել, որ ուղիղ հինգ տարի առաջ՝ այս օրը, երբ դեռ թափուր էր նախագահի հաստիքը, Դուք ստացաք Ձեզ նշանակելու հրամանը:


    

Գալիս է քարտուղարուհին՝ Էմմա Սմիթը, դարձյալ բերելով փաստաթղթերի տրցակ:


    

ԷՄՄԱ– Շտապ փաստաթղթեր են, մի՛ստր Հարդի, շատ շտապ... (Փաստաթղթերը դնում է Հարդիի առաջ):

ՍԱՌԱ– Դիտարկման փաստաթղթերը, մի՛ստր: Ներքի՛ն... դիտարկմա՛ն...

ՀԱՐԴԻ– Ի՞նչ ես կարծում, Էդի՛, ի՞նչ կաներ Ջոնին այսպիսի դեպքերում:

ԷԴԻ– Նա հաստատ կաներ այնպիսի բան, որ բոլորին կապշեցներ: Հարկավոր է փորձել, շարունակել աշխատանքը:

ՀԱՐԴԻ– (Ստորագրելով) Դե... ուրեմն... շարունակեք... Էդի...


    

Մթնում է և լուսավորվում բավական ուշ, որ նշանակում է, թե որոշ ժամանակ անցել է:

Էդի, Սթիվ և Ջոնի:


    

ՍԹԻՎ– Երեք շաբաթ է՝ պարապում ենք: Դու պիտի իմանաս նրա կյանքի ողջ պատմությունը:

ՋԵՔՍՈՆ– Ուզում ես ասել՝ պատմության այն մասը, որը գիտեն նաև ուրիշնե՞րը:

ՍԹԻՎ– Թեկուզ և՝ այդպես:

ԷԴԻ– Իսկ որոշ բաներ գիտեն միայն չորս հոգի. ինքը, մենք (ցույց է տալիս իրեն և Սթիվին) և դու: Եթե իմանա նաև հինգերորդը, մեզանից մեկը կպակասի, և կմնանք դարձյալ չորսով...

ՍԹԻՎ– Երեքով, Էդի՛, քանի որ այդ դեպքում չի մնա նաև հինգերորդը...

ՋԵՔՍՈՆ– Բայց սա ավելի շատ ինտրիգային գրքի նյութ է, քան կենսագրություն:

ԷԴԻ– Գրող դու չես դառնա, Ջոնի՛: Ուրեմն ավելի լավ է սերտես, թե ինչպե՛ս է պաշտոն ստացել միստր Հարդին: Ո՛վ է նրա համար Մարին: Ինչո՛ւ է ամուսնացել Քիմի հետ: Քանի՛ աշխատող կա միությունում և այլն, և այլն: Պա՞րզ է:

ՋԵՔՍՈՆ– Էդի՛... Էդի՛ Մոմսեն, բայց ես չեմ կարող դառնալ ուրիշի կյանքի հանրագիտարան:

ՍԹԻՎ– Դու չունես այլ ելք, Ջոնի՛:

ԷԴԻ– Ի դեպ, դու այսօր ունենալու ես սիրային հանդիպում Մարիի հետ... Նախանձելի՛ հանդիպում:

ՋԵՔՍՈՆ– (Ժամացույցին ցուցադրաբար նայելով) Գրողը տանի, բայց սա նաև հետաքրքիր է: Շա՛տ հետաքրքիր...


    

Նոր պատկեր:

Սառա Փիթը և Ջեկ Հարդին՝ վերջինիս աշխատասենյակում: Հարդին փաստաթղթեր է նայում, Սառան կանգնած է նրա մոտ:


    

ՍԱՌԱ– Հիշո՞ւմ ես, Ջե՛կ, երկու տարի առաջ մենք ի՛նչ ժամանակ անցկացրինք Լաս Վեգասում: Հրաշալի շաբաթ էր, չէ՞... (Լսվում է Տիտոյի ավտոմատի ձայնը):

ՏԻՏՈ– Ես ձեզ սպանելու եմ: Բոլորիդ սպանելու եմ: (Նորից է կրակում): Ձեռքերդ վե՛ր: Ասում եմ՝ ներս գնա: (Ձեռքերը վեր պարզած, գերու դեր խաղալով՝ ներս է մտնում Էմման, հետևից՝ Տիտոն):

ԷՄՄԱ– Ո՛չ, ո՛չ... Ինձ մի՛ սպանիր. մեղք եմ:

ՏԻՏՈ– Դու մեղք չես: Իմ գերին ես: Բոլորիդ խփելու եմ:

ԷՄՄԱ– Չէ՛, չէ՛, Տիտո, ինձ մի՛ խփիր:

ՍԱՌԱ– Օ՜, այս ինչ լավ բալիկ է:

ՏԻՏՈ– Ես բալիկ չեմ: Ես գեներալ եմ: Բոլորիդ սպանելու եմ:

ՍԱՌԱ– (Նույնպես՝ խաղալով) Օ՜, իմ գեներալ, ի՛նձ խփիր: (Զգացվում է, որ և՛ Սառան, և՛ Էմման այդ «դերը» խաղում են Հարդիին հաճոյանալու համար):

ՏԻՏՈ– Ես քեզ չե՛մ խփելու: Կախելու եմ:

ԷՄՄԱ– Ի՛նձ կախիր, Տիտո՛, ինձ:

ՍԱՌԱ– Չէ՛, ավելի լավ է՝ ինձ կախես:

ԷՄՄԱ– Դու մեջ մի՛ ընկիր: Տիտոն գիտի, թե ում կկախի: Չէ՞, Տիտո:

ՏԻՏՈ– Ես բոլորի՛դ եմ կախելու:

ՍԱՌԱ– Առաջինն ուրեմն ինձ կախիր, գեներա՛լ Հարդի:

ԷՄՄԱ– Ո՛չ: Գեներալ Հարդին որոշել է առաջինն ինձ կախել:

ՏԻՏՈ– Բոլորիդ միասին եմ կախելու: Ձեռքներդ վե՛ր: (Սառան ու Էմման ձեռքներն անմիջապես պարզում են վեր՝ նայելով Ջեկ Հարդիին): Իրար հետևից՝ դո՛ւրս: Մեկ-երկու, մեկ-երկու...

ԷՄՄԱ– (Փորձելով կրկին գրավել Հարդիի ուշադրությունը) Մնաս բարով, մի՛ստր Հարդի, մնաս բարով...

ՍԱՌԱ– (Հրաժեշտ է տալիս ձեռքով): Ջե՜կ...


    

Հարդին մնում է մենակ: Լսվում է հեռախոսազանգ: Լսափողը վերցնում է: Մի կողմում՝ լուսարձակի տակ, երևում է Մարին, մյուսում՝ Հարդին:


    

ՀԱՐԴԻ– Ալո՜, փիսիկս:

ՄԱՐԻ– Ինչպե՞ս ես, ցլի՛կ: Դեռ կարողանո՞ւմ ես:

ՀԱՐԴԻ– Ի՞նչը, սիրելի՛ս:

ՄԱՐԻ– Դե, էլ ո՞րն է քո գործը. ստորագրե՜լ, հաշվե՜լ... Ես քեզ չափից շատ ուժասպառ չե՞մ արել:

ՀԱՐԴԻ– Ի՞նչ ես ասում, աղունի՛կս:

ՄԱՐԻ– Օ՜, Ջե՛կ, դու վաղուց այսպիսին չէիր եղել: Կարծես դա դու չլինեիր:

ՀԱՐԴԻ– Ի՜նչ ես ասում:

ՄԱՐԻ– Դու վերջապես քեզ արդարացրիր: Այսօր ոնց որ առյուծ լինեիր: Գնացիր թե չէ, իսկույն կարոտեցի, ուզեցի հետդ խոսել: Կարծես ես մի նոր Ջեկ գտա ու նորից սիրահարվեցի:

ՀԱՐԴԻ– Ի՞նչ... Մի նոր Ջե՞կ... Դա՛ Էր պակաս... Ես արդեն սկսեցի խանդել այդ նոր Ջեկին:

ՄԱՐԻ– (Ծիծաղում է): Օ՜, իմ գիժ: Դու որքա՜ն լավն ես, երբ գիժ ես: Այսօրվա նման...

ՀԱՐԴԻ– Ես արդեն սկսեցի հասկանալ, որ հիմա ավելի շատ սիրում են գժերին։

ՄԱՐԻ– Վերջապես, Ջե՛կ։ Վերջապես սկսեցիր հասկանալ... Ե՞րբ ես նորից գալու: Միայն թե այս անգամ՝ մի ամբողջ գիշեր:

ՀԱՐԴԻ– (Կտրուկ) Վա՛ղը: Հենց վաղը գիշեր:

ՄԱՐԻ– Ուրեմն՝ մինչ վաղը, իմ գիժ: Ընդունիր համբույրս: (Համբուրում է լսափողը):


    

Նոր պատկեր:

Հարդիի բնակարանը: Տիտոն վազելով միջանցքից մտնում է սենյակ:


    

ՏԻՏՈ– Մայրի՛կ, մայրի՛կ, հայրիկը եկավ: Էլի խմած է: (Ներս է մտնում Ջեքսոնը և ատրճանակի փողն ուղղում Տիտոյի կողմը):

ՋԵՔՍՈՆ– Ձեռքերդ վե՛ր:

ՏԻՏՈ– Ես չեմ հանձնվի, հայրի՛կ: (Վազում, վերցնում է ավտոմատը և Ջեքսոնի վրա կրակում): Տեսա՞ր, ես քեզ ավելի շուտ խփեցի:

ՋԵՔՍՈՆ– Այո՛, շան լակոտ: Այսօր դու իմ գեղեցկուհիներին կախեցիր, քիչ էր, հիմա էլ ինձ սպանեցիր:

ՏԻՏՈ– (Դարձյալ կրակում է): Դե ընկիր, հայրի՛կ, դու սպանվել ես:

ՋԵՔՍՈՆ– Լավ-լավ: Հանձնվում եմ: (Ատրճանակը Տիտոյին տալով) Վերցրու, սա՛ էլ քեզ: Հարստացրու զինանոցդ: Առաջիկայում մեզ մեծ կռիվներ են սպասում, Տիտո՛:

ՏԻՏՈ– (Ուրախացած) Իսկապե՞ս, հայրիկ:


    

Գալիս է Քեթրինը:


    

ՔԵԹՐԻՆ– Օ՜, միստր Հարդի... (Նկատելով, որ խմած է, զարմացած) Միստր Հարդի՞...

ՋԵՔՍՈՆ– Այո՛, գեղեցկուհիս:

ՏԻՏՈ– (Դռներից մեկի կողմը նայելով) Մայրի՛կ, մայրի՛կ, հայրիկը Քեթրինին ասաց «գեղեցկուհիս»:

ՋԵՔՍՈՆ– Ձա՛յնդ, շան լակոտ:

ՔԵԹՐԻՆ– (Հաճոյախոսությունից շոյված) Մի՛ստր, Դուք այսօր Ձեզ ամենևին նման չեք:

ՋԵՔՍՈՆ– Մի փոքր ուղղում. ճիշտ կլիներ, եթե ասեիր, որ ես միստր Հարդին չեմ: Քեզ խորհուրդ, Քեթրի՛ն: Եթե ուզում ես՝ ասածդ իրողությանը չհավատան, բոլոր «խելոքներին» դիր ապուշի տեղ և ասա ճշմարտությունը:

ՔԵԹՐԻՆ– (Ծիծաղելով) Բայց Դուք այսպես ավելի հետաքրքիր եք, մի՛ստր: Խմածությունը Ձեզ սազում է:

ՋԵՔՍՈՆ– Եվ ճիշտ է անում... Տիտո՛, կոնյակ բեր: Այսօր դու ես մեզ սպասարկելու: (Քեթրինին) Իսկ դու նստիր, անուշի՛կս:

ՏԻՏՈ– Մայրի՛կ, մայրի՛կ, հայրիկը Քեթրինին ասաց «անուշիկս»:

ՋԵՔՍՈՆ– Դու կոնյակ բեր, շա՛ն լակոտ:

ՔԵԹՐԻՆ– Միստր Հարդի... Ես չեմ խմում:

ՋԵՔՍՈՆ– (Քեթրինի աչքերին նայելով) Քեթրի՛ն... (Շրջվում է Տիտոյի կողմը): Շան լակոտ, ես ի՞նչ պիտի ասեի Քեթրինին:

ՏԻՏՈ– Գեղեցկուհիս, անուշիկս:

ՋԵՔՍՈՆ– Հա՛, ճիշտ է: Իսկ այն տխմարներն ստիպում են, որ ամեն հինգերորդ րոպեին «ապուշ» կամ «հիմար» բղավեմ:

ՔԵԹՐԻՆ– Մի՛ստր, Դուք այսօր որքա՜ն լավն եք:

ՋԵՔՍՈՆ– Սրանից հետո այսպես հաճախ է պատահելու: (Իրենից ակախ) Ապո՛ւշ... Թո՛ւ...

ՔԵԹՐԻՆ– Ի՞նչ:

ՋԵՔՍՈՆ– Դա ես հենց այնպես ասացի, սիրելի՛ս: Որպես կոչական:

ՏԻՏՈ– (Դռներից մեկը բախելով) Մայրի՛կ, մայրի՛կ...

ՋԵՔՍՈՆ– Տիտո՛, շան լակոտ, օգնիր, որ ոտքս ոտքիս գցեմ... (Ժամացույցին նայելով) Ոնց որ արդեն ժամն է:

ՔԵԹՐԻՆ– Ինչի՞ ժամը, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Դե, ասում են, թե ես այդպիսի սովորություն ունեմ. ոտքս ոտքիս գցած՝ սեղանին պիտի տկտկացնեմ: (Տիտոյի օգնությամբ ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում):

ՔԵԹՐԻՆ– (Ծիծաղելով) Ասում եմ, չէ՞, Դուք այսօր շա՜տ հետաքրքիր եք, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Տիտո՛, լցրո՛ւ բաժակները: Մենք այսօր... խմելո՛ւ ենք:

ՏԻՏՈ– (Բաժակները լցնելով) Մայրի՜կ, մենք այսօր հարբելո՛ւ ենք:

ՔԵԹՐԻՆ– Ես չեմ խմում, մի՛ստր: (Ցույց տալով գլուխը) Իսկույն խփում է:

ՋԵՔՍՈՆ– Տիտո՛, քո կարծիքով՝ հիմա ես ի՞նչ պիտի ասեմ միսիս Քեթրինին:

ՏԻՏՈ– Գեղեցկուհի՛ս, անուշի՛կս, սիրելի՛ս...

ՔԵԹՐԻՆ– Օ՜... (Սիրալիր հայացքով նայում է Ջեքսոնին): Ձեր կենացը, մի՛ստր: (Խմում է):

ՋԵՔՍՈՆ– Ջե՛կ... Այսուհետև քեզ համար ես Ջեկ եմ: Այլևս՝ ոչ մի «միստր»:

ՔԵԹՐԻՆ– Լսում եմ... Ջե՛կ...

ՋԵՔՍՈՆ– Տիտո՛...

ՔԵԹՐԻՆ– Շա՛ն լակոտ...

ՋԵՔՍՈՆ– Բաժակնե՛րը... (Ձեռքը գցում է Քեթրինի ուսին):

ՏԻՏՈ– Մայրի՜կ...

ՋԵՔՍՈՆ– Ձա՛յնդ...

ՔԵԹՐԻՆ– Շան լակոտ:

ՋԵՔՍՈՆ– (Գլուխը ցույց տալով) Խփե՞ց:

ՔԵԹՐԻՆ– Տասին... Դու այսօր ինչ լավն ես, Ջե՛կ...

ՋԵՔՍՈՆ– (Տիտոյի բերանը փակում է և բղավում նրա փոխարեն) Մայրի՜կ...

ՔԵԹՐԻՆ– Տիտո՛... (Ցույց է տալիս, որ բաժակները լցնի):

ՋԵՔՍՈՆ– Փիսիկս... Վագրիկս...

ՔԵԹՐԻՆ– Ի՞նչ... (Եվս մի բաժակ խմելուց հետո) Ի՞նչ... Գիտե՞ս, այդպես ինձ նա՛ էր ասում:

ՋԵՔՍՈՆ– Նա՞, ով քեզ... (ձեռքերով պառկեցնելու շարժում է անում) իսկ ինքը թռավ...

ՔԵԹՐԻՆ– (Հուզված) Այո՛, Ջեկ: Ես դարձա մայր, իսկ նա թռավ՝ հայր չդարձած... Եվ ինձ ոչ ոք այլևս նրա պես չցանկացավ...

ՋԵՔՍՈՆ– Ապո՛ւշ... Հիմա՛ր... (Հուշերով տարված՝ Քեթրինը մի պահ հուզվում է: Նկատվում է, որ Ջեքսոնի մեջ ծնվում է կարեկցանք): Տիտո՛...

ՏԻՏՈ– (Հուշում է): Գեղեցկուհի՛ս, անուշի՛կս... (Ջեքսոնը նայում է Քեթրինի աչքերին):

ՔԵԹՐԻՆ– (Իրեն վերագտած) Քո աչքերը, Ջե՛կ, ավելի ուժեղ կրակ են ցայտում, քան այս շան լակոտի ավտոմատը: Ես վախենում եմ... (Ցուցադրաբար փախչում է):

ՋԵՔՍՈՆ– (Հետապնդելով) Կանգնի՛ր... Կանգնի՛ր... Մեկ է, քեզ վրա ես կրակահերթ եմ տեղալու: (Քեթրինը «փախչում է», Ջեքսոնը՝ «հետապնդում»):

ՔԵԹՐԻՆ– Օգնությո՜ւն... Օգնությո՜ւն... (Տիտոն դարձյալ ճայթռուկներ է պայթեցնում):


    

Կիսահագնված, մազերը՝ թաց, ներս է մտնում Քիմ Հարդին և զարմանքով նայում Ջեքսոնին ու Քեթրինին, որոնք, խաղով տարված, նրա ներկայությանը նշանակություն չեն տալիս:


    

ՋԵՔՍՈՆ– Տիտո՛... Ճանապարհը փակիր, Տիտո՛... (Քիմ Հարդին կանգնում է սենյակի մեջտեղում, իսկ մյուսները նրա շուրջը պտտվում են):

ՏԻՏՈ– Մայրի՛կ... Մեծ կռիվը սկսվե՜ց... (Կրակում է):

ՔԵԹՐԻՆ– Միսի՛ս Հարդի... Միսի՛ս Հարդի... Փրկե՛ք ինձ... (Ապաստանում է նրա թիկունքում):

ՋԵՔՍՈՆ– Մեկ է, քեզ վրա ես կրակահերթ... (Հայացքը հանդիպում է Քիմ Հարդիի հայացքին): Հերթ... կրակ... Տի-տո... մենք... ըն-կանք... ծու-ղա-կը... Տի-տո... (Գրպանից սպիտակավուն թաշկինակ հանելով՝ գլխավերևում ծածանում է...)


    

Նոր պատկեր:

Հարդիի աշխատասենյակը: Այստեղ են Ջեքսոնն ու Հարդին: Վերջինս խոսում է՝ վրդովված քայլելով:


    

ՀԱՐԴԻ– Իսկական անգլուխ... Ես քեզ վճարում եմ: Ընդ որում՝ շատ բարձր, իսկ դու սկանդալներ ես սարքում:

ՋԵՔՍՈՆ– Մի՛ստր Հարդի, ես...

ՀԱՐԴԻ– Ոչ մի ես: Քեզ համար «ես» այլևս չկա: Քո այդ ես-ը (ցույց է տալիս իրեն) ես եմ, և դու միայն պիտի անես այն, ինչ ի շահ է (կրկին իրեն ցույց տալով) այս ես-ին: Քեզ ասել էինք՝ կձևանաս հիվանդ, կխմես քնաբեր ու կքնես: Իսկ դու... հարբած...

ՋԵՔՍՈՆ– Մի՛ստր Հարդի, ախր ես... Չէ՛, ներեցեք, Դուք... Չէ՛, ես... (Չի իմանում ինչ ասել) Այսինքն (մե՛կ Հարդիին ցույց տալով, մե՛կ իրեն) Դուք-եսը հարբած չի եղել:

ՀԱՐԴԻ– Ինչպե՞ս չի եղել, եթե բոլորն ասում են, որ եղել է:

ՋԵՔՍՈՆ– Բոլորից ոչ ոք չի իմացել: Իմացել եմ միայն ես... Դուք, այսինքն... Չէ... Գրողը տանի, մի խոսքով՝ միայն Դուք-եսն է իմացել:

ՀԱՐԴԻ– Ի՞նչն ես դու իմացել, ապո՛ւշ: (Նայում է ժամացույցին):

ՋԵՔՍՈՆ– (Քունքը քորելով) Միայն ես եմ իմացել, որ խմած, հարբած չեմ: Ես ձևացրել եմ, մի՛ստր, որ ես, այսինքն՝ Դուք, մի խոսքով՝ մենք, կասկածելի չթվանք: Խմած Հարդին կարող էր տարբերվել չխմած Հարդիից, և ես, լինելով այդ խմած Հարդիի դերում, կարող էի այլևս կասկածելի չլինել: Մի խոսքով, մի՛ստր... (Ոտքը քորում է):

ՀԱՐԴԻ– Ես հենց առաջին պահից զգացի, որ դու տաղանդավոր սրիկա ես, Ջոնի՛: Հիմա լսիր: Դու այստեղ մեկ ժամով, ընդամենը մեկ ժամով պիտի փոխարինես ինձ: Ոչ մեկին չես ընդունում, ոչինչ չես ստորագրում և հեռախոսներն անջատում ես: Ինձ այստեղ պետք է միայն քո ներկայությունը: Պա՞րզ է:

ՋԵՔՍՈՆ– Պարզ է, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Կշփվես միայն քարտուղարուհու հետ՝ Էմմա Սմիթի: Հասկացա՞ր (Պատրաստվում է, որ դուրս գա սենյակի հետին դռնով):

ՋԵՔՍՈՆ– Հասկացա, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Մեկ ժամ, Ջոնի՛:

ՋԵՔՍՈՆ– Մեկ ժամ, մի՛ստր:


    

Հարդին գնում է: Ջեքսոնն անմիջապես նստում է նրա աթոռին: Լսվում է հեռախոսազանգ: Ջեքսոնը մի պահ մտածում է, ապա հեռախոսները գծերից անջատում:

Ներս է մտնում Էմման:


    

ԷՄՄԱ– Մի՛ստր Հարդի...

ՋԵՔՍՈՆ– (Անմիջապես ընդհատելով) Օ՜, սիրունի՛կս:

ԷՄՄԱ– (Անակնկալի գալով) Ի՞նչ:

ՋԵՔՍՈՆ– Դե... Ասում եմ... Իսկ, ինչ է, ընդունված չէ՞ր:

ԷՄՄԱ– Ի՞նչը, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– (Փոքր-ինչ շփոթված) Դե... Ասում եմ, ինչ է, այդպես ընդունված չէ՞ր...

ԷՄՄԱ– (Սեթևեթելով) Մի՛ստր... Չեմ հասկանում... Նույնիսկ մոռացա, թե ինչու ներս մտա... Գիտե՞ք, ինձ վաղուց... Ավելի ճիշտ՝ երբեք... Այդ բառով, այդպես... Ես Ձեզ իսկապե՞ս, մի՛ստր...

ՋԵՔՍՈՆ– Ինչպե՞ս թե՝ վաղուց... Քեզ, ինչ է, միստր Հարդին մինչև հիմա... Թո՛ւ, ուզում էի ասել...

ԷՄՄԱ– Մի՛ ասեք... Այլևս ոչինչ մի՛ ասեք...

ՋԵՔՍՈՆ– (Ժամացույցին ցուցադրաբար նայելով) Ես միստր Հարդի ասելով՝ նկատի ունեի...

ԷՄՄԱ– (Կրկին ընդհատում է): Գիտեմ, մի՛ստր... Նկատի ունեիք այն մյուս Հարդիին...

ՋԵՔՍՈՆ– (Ապշած) Ի՞նչ:

ԷՄՄԱ– Դուք որքա՜ն տարբեր եք իրարից:

ՋԵՔՍՈՆ– (Անակնկալի գալով) Ուրեմն... դու... զգացե՞լ ես...

ԷՄՄԱ– Ինչպե՞ս կարող էի չզգալ: Կույր պետք էր լինել՝ չզգալու համար:

ՋԵՔՍՈՆ– Եվ վաղո՞ւց գիտեիր:

ԷՄՄԱ– Շատ վաղուց: Ձեզ մոտ աշխատելու օրվանից: Շուրջ երկու տարի:

ՋԵՔՍՈՆ– (Թեթևություն զգալով, ինքը իրեն) Հիմա՛ր...

ԷՄՄԱ– Այդպես մի՛ ասեք, մի՛ստր: Հավատացեք, ես նույնիսկ ուրախ եմ, որ Դուք... երկուսն եք:

ՋԵՔՍՈՆ– (Կրկին՝ շփոթված) Ի՞նչ:

ԷՄՄԱ– Գիտե՞ք, այդպես ավելի հետաքրքիր է... Միօրինակ չէ...

ՋԵՔՍՈՆ– Իսկապե՞ս:

ԷՄՄԱ– Այո՛: Պատկերացրեք, որ ես Ձեր մեջ՝ որպես նախագահի, տեսնում եմ մի մարդու, իսկ այդ պաշտոնից դուրս, ինչպիսին հիմա եք, մեկի ուրիշի, մեկ ուրիշ Հարդիի:

ՋԵՔՍՈՆ– (Ուրախացած) Էմմա՛... Փիսի՛կս, վագրի՛կս...

ԷՄՄԱ– Ջե՛կ... (Նետվում է Ջեքսոնի գիրկը): Խոստանում ես, չէ՞, սիրելի՛ս... (Համբույրների տարափ տեղալով) Տեղակալի հաստիքը...


    

Գալիս է Սառան և սեղանին տկտկացնում այնպես, ինչպես կթակեր դուռը: Էմման համբույրների տարափն ընդհատում է, բայց մնում Ջեքսոնի ոտքերին նստած: Խոսում է հանգիստ:


    

ԷՄՄԱ– Եկա՞ր, Սառա՛:

ՍԱՌԱ– Ո՛չ, միսիս: Սա իմ ուրվականն է: Նմանակը:

ՋԵՔՍՈՆ– Ի՞նչ: (Էմմային հրում է, որը ոտքի է կանգնում): Ուրեմն՝ և դո՞ւ...

ՍԱՌԱ– Այո՛, միստր: Եվ ոչ միայն ես...

ՋԵՔՍՈՆ– (Ապշած, ցույց տալով Էմմային) Եվ... դո՞ւ...

ՍԱՌԱ– Այո՛, և՛ դա... Կարծում եմ՝ ժամանակն է ասելու, որ այստեղ բոլորն են երկու դեր խաղում: Ավելի ճիշտ՝ ամեն անվան տակ այստեղ երկու անձ է թաքնված: Նվազագույնը…

ՋԵՔՍՈՆ– Իսկապե՞ս...

ՍԱՌԱ– Այնպես որ, մի՛ստր Հարդի, ինձ թվում է՝ ճիշտ կլինի, եթե տեղակալի հաստիքը նույնպես երկուսը լինի: (Էմմային, հեգնանքով) Այդպես չէ՞, միսի՛ս: (Էմման, խեթ նայելով, ֆշշացնում է: Լսվում է Ջեքսոնի բջջային հեռախոսի ձայնը):

ՋԵՔՍՈՆ– Ալո՛... Ո՞վ... Սթի՞վը... Սթի՞վը, թե՞ նրա նմանակը: (Հանդիսատեսների համար լսելի է դառնում նաև Սթիվի ձայնը):

ՍԹԻՎ– Ի՞նչ նմանակ, ապո՛ւշ:

ՋԵՔՍՈՆ– Հենց նոր ես պարզեցի, Սթի՛վ, որ միությունում բոլորն ունեն իրենց նմանակը: Այստեղ կատարյալ շիլաշփոթ է:

ՍԹԻՎ– Ինչե՜ր ես դուրս տալիս:

ՋԵՔՍՈՆ– Դուրս չեմ տալիս: Այդ մասին շտապ պետք է ասել նաև միստր Հար... (Նայելով Էմմային և Սառային) Թո՛ւ... Ուզում էի ասել... Մի խոսքով՝ հասկացար, Սթիվ:

ՍԹԻՎ– (Ծաղրական տոնով) Հա, իսկույն հասկացա... Հիմա լսիր՝ ինչ եմ ասում: Հարդիին պիտի փոխարինես երկար ժամանակով: Լսո՞ւմ ես: Անորոշ ժամանակով:

ՋԵՔՍՈՆ– (Մի պահ լռելուց հետո) Միայնա՞կ, սըր:

ՍԹԻՎ– Այո՛, միայնակ:

ՋԵՔՍՈՆ– Ես դեմ եմ, սըր: Այս շիլաշփոթից դուրս գալու համար ինձ նույնպես նմանակ է պետք: Ես կխոսեմ միստր Հար... Թո՛ւ... Ուզում էի ասել... Մի խոսքով՝ հասկացար, Սթի՛վ:

ՍԹԻՎ– (Կրկին՝ ծաղրական հնչերանգով) Անմիջապե՛ս հասկացա, Ջոնի, բայց միստր Հարդիի հետ հիմա չի կարող խոսել նույնիսկ սատանան... Նրան առևանգել են...

ՋԵՔՍՈՆ– (Ապշած) Ի՞նչ...

ՍԹԻՎ– Այո՛, Ջոնի: Ինչպես ասում են, անհավատալի է, բայց փաստ: Եվ դա պիտի մնա գաղտնի: Լսո՞ւմ ես: Այլապես մեծ աղմուկ կբարձրանա, միությունը կդառնա ոչ վստահելի և կկրի ֆինանսական վնասներ: Այնպես որ, Ջոնի՛, դու չունես այլընտրանք, բայց ունես անհավատալի բախտ...


    
    

Գործողություն երկրորդ


    

Աշխատասենյակ: Էդի և Սթիվ:


    

ՍԹԻՎ– Ահա՛, թե ինչու էր Հարդիին հարկավոր նմանակ:

ԷԴԻ– Ուզում ես ասել, որ հիմա առևանգած պիտի լինեին Ջոնիի՞ն:

ՍԹԻՎ– Տարբերակ էր ապահովագրվելու: Զոհողություններ ֆինանսական, բարոյական, որ փրկես մորթիդ, բայց ի վերջո...

ԷԴԻ– Մյուս պատճառները փաստորեն ծխածածկո՞ւյթ էին:

ՍԹԻՎ– Չէի ասի, բայց, իմ կարծիքով, հիմնականը չէին:

ԷԴԻ– Է՛խ, Հարդի՛, Հարդի՛:

ՍԹԻՎ– Իսկ դու մտադիր չե՞ս փրկագինը վճարել:

ԷԴԻ– Գիտե՞ս, Սթի՛վ, բախտը ամեն օր չի ժպտում: Մեզ հարստանալու, միլիոնատեր դառնալու հնարավորություն է տրված:

ՍԹԻՎ– Ինչպե՞ս: Որպես նախկին ոստիկան՝ քեզ ասեմ, Էդի՛, որ եթե փրկագինը չտանք, նրան կսպանեն:

ԷԴԻ– (Հարդիին նմանակելով՝ ոտքը գցում է ոտքին և խոսում մեղմ, հանգիստ տոնով): Սթի՛վ, բարեկամս... Որպես նախկին ոստիկան՝ մի՞թե չես տեսնում, որ մենք արդեն ունենք մե՛ր Հարդին: Միության նախագահ Ջեքսոն Ջեկ Հարդին... Դու չե՞ս ձանձրացել գործակալ լինելուց: Չէի՞ր ուզի միությունում լինել երկրորդ դեմք:

ՍԹԻՎ– Դեմք համար մեկ՝ Ջեքսոն Ջեկ Հարդի։ Դեմք համար երկու՝ Սթիվ Կրուզ: Դեմք համար երեք...

ԷԴԻ– Ո՛չ։ Դեմք համար մեկ՝ Էդի Մոմսեն։ Դեմք համար երկու՝ Սթիվ Կրուզ...

ՍԹԻՎ– Իսկ Ջոնի՞ն։ Նրան նույնպե՞ս... (Ցույց է տալիս՝ պետք է գնդակահարել):

ԷԴԻ– Դե ո՜չ: Նա կլինի դեմք համար մեկ «Ա»: Որպես խորհրդանշական դեմք: Որպես Անգլիայի թագուհի:

ՍԹԻՎ– Փաստորեն մենք նրան հիմա էլ դարձնելու ենք թագուհի՞:

ԷԴԻ– Ստիպված ենք: Եվ այդ դեպքում նրա միլիոնները, միության միլիոնները կլինեն մերը: Զրկվել այդ ամենից հանուն ինչ-որ հիմար Հարդիի՞:

ՍԹԻՎ– Ուրեմն առաջարկում ես նրան զոհաբերել:

ԷԴԻ– Որպես հոգեբան՝ քեզ ասեմ, Սթի՛վ, որ... ստիպված ենք:

ՍԹԻՎ– Բայց ես չէի ուզի, որ մեր միլիոններին արյուն խառնվի:

ԷԴԻ– Իսկ ո՞վ ասաց, թե արյուն կլինի... (Հեգնանքով) Նրանք ասին, որ ամեն բան լինելու է քաղաքակիրթ ձևով. միստր Հարդիին... Հիմա արդեն այսպե՛ս ասած միստր Հարդիին... նստեցնելու են էլեկտրական աթոռի: Եվ, անկեղծ ասած, ես արդեն զզվել եմ Հարդիից, Սթի՛վ: Որքա՞ն ենք տանելու նրա նվաստացումները: (Նկատելով, որ հիմա էլ Սթիվն է մատներով տկտկացնում): Ես այլևս չեմ կարող լսել նրա այդ տկտկոցը... (Լսվում է հեռախոսազանգ: Էդին և Սթիվը նայում են հեռախոսին՝ զգալով, որ զանգահարում են Հարդիին առևանգողները):

ՍԹԻՎ– Դե ի՞նչ, Էդի՛:

ԷԴԻ– (Լսափողը վերցնելով) Ասացի, որ էլ չեմ կարող տանել այդ տկտկոցը...


    

Նոր պատկեր:

Ջեկ Հարդի, Մայքլ և Մարկ:


    

ՄԱՐԿ– (Խոսում է հեռախոսով): Ուրեմն այդպես... Դա ձեր վերջնակա՞ն որոշումն է... Այսուհանդերձ, մենք դեռ կսպասենք: Գործը դեռևս բաց է: (Հեռախոսն անջատում է և դառնում Հարդիի կողմը): Դե, ի՞նչ կասես, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– (Անհանգստացած) Ինչո՞ւ է բաց:

ՄԱՅՔԼ– Բանն այն է (հեգնանքով), հարազա՛տս, որ ի հայտ են եկել չնախատեսված հանգամանքներ:

ՀԱՐԴԻ– Այսի՞նքն:

ՄԱՐԿ– Ո՞վ կմտածեր, Հարդի՛, որ քո հարյուրավոր միլիոններից քո բարեկամները քո կյանքի փրկության համար չեն տա նույնիսկ կեսը:

ՀԱՐԴԻ– Ինչպե՞ս թե՝ չեն տա:

ՄԱՐԿ– Հենց այդպես: Չեն տալիս ու վերջ:

ՄԱՅՔԼ– Եվ, ինչպես երևում է, դու չես խուսափելու աթոռից:

ՀԱՐԴԻ– Չեմ հասկանում... Էդին չի վճարում փրկագի՞ն:

ՄԱՐԿ– Տեսնո՞ւմ ես, թե նույնիսկ այսքան ծայրահեղ վիճակում որքան հստակ է գործում քո միտքը:

ՀԱՐԴԻ– Չեմ հավատում: Բայց նա իր գումարը չէ, որ վճարում է, այլ իմ:

ՄԱՅՔԼ– Որքա՜ն առողջ տրամաբանություն...

ՀԱՐԴԻ– Եվ ի՞նչ. ուզում է՝ ինձ նստեցնեք էլեկտրական աթոռի՞:

ՄԱՐԿ– Կարծում եմ՝ դեմ չի լինի նաև, եթե կախենք կամ (ատրճանակով կրակելու շարժում անելով) այսպես մի քանի անգամ...

ՀԱՐԴԻ– (Մտորելով) Ա՜խ... Ես արդեն հասկանում եմ, թե ինչ է կատարվում:

ՄԱՐԿ– Հարդի՛... Ինձ թվում է, դու արդեն չե՛ս հասկանում, թե ինչ է կատարվում:

ՀԱՐԴԻ– Գիտե՞ք՝ բանն ինչ է: Թյուրիմացության մեջ է նույնիսկ Էդին: Անգամ նա արդեն չի տարբերում: (Մարկն ու Մայքլը հարցական հայացքով նայում են իրար):

ՄԱՅՔԼ– Իսկ ինձ թվում է, որ նա շա՛տ լավ է տարբերում: (Լսվում է Մարկի բջջային հեռախոսի ձայնը: Նա խոսում է զգաստացած, վախեցած):

ՄԱՐԿ– Լսում եմ, սըր:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ եղավ գործը: Ո՞ւր է գումարը:

ՄԱՐԿ– Սըր, գործում ի հայտ է եկել անսպասելի հանգամանք:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ է նշանակում անսպասելի հանգամանք:

ՄԱՐԿ– Դե, սըր... Գումարը չեն տալիս:

ԽՈՍԱԿԻՑ– Ինչպե՞ս թե չեն տալիս:

ՄԱՐԿ– Նրանց համար միևնույն է, թե ինչպես կվարվենք:

ԽՈՍԱԿԻՑ– Այդպե՞ս ուրեմն: Այդ դեպքում գործեք՝ ըստ երկրորդ պլանի: Ազատվեք «ականից»: Եվ որքան շուտ, այնքան լավ: Լսո՞ւմ ես: Ազատվեք, քանի դեռ չի պայթել:

ՄԱՐԿ– Լսում եմ, սըր: (Հարդիին) Կարծում եմ՝ դու նաև մեր զրույցը հասկացար: Այնպես չէ՞, միստր:

ՀԱՐԴԻ– (Վախեցած) Այստեղ թյուրիմացություն կա: Կապվեք նորից Էդիի հետ և անհրաժեշտ գումարը կստանաք:

ՄԱՅՔԼ– Նրանք այդ գումարը գնահատում են ավելի, քան քո կյանքը, Ջե՛կ:

ՀԱՐԴԻ– (Վճռականորեն) Կապվե՛ք Էդի Մոմսենի հետ:

ՄԱՐԿ– Խնդրեմ: (Համար հավաքելով՝ հեռախոսը տալիս է Հարդիին: Լսվում է Էդիի ձայնը):

ԷԴԻ– Կարծեմ՝ բավական պարզ ասացի...

ՀԱՐԴԻ– Էդի՛, խոսում է Հարդին: Հարցը բավական լուրջ է: Հարկավոր է գումարը վճարել:

ԷԴԻ– (Անակնկալի գալով՝ չի իմանում ինչ ասել): Խոսում է Հարդի՞ն:

ՀԱՐԴԻ– Այո՛, ես եմ, Էդի՛... Ինչո՞ւ ես լռում... Ես իսկական Հարդին եմ, հասկանո՞ւմ ես:

ԷԴԻ– Իսկական Հարդի՞ն:

ՀԱՐԴԻ– Այո՛: Իսկական: (Մարկը և Մայքլը նայում են իրար):

ԷԴԻ– (Անելիքը հասկանալով) Ո՛չ, դու իսկական Հարդին չես: Դու կեղծ, սարքովի Հարդին ես: Մենք քեզ, շրջմոլի՛կ, նախապատրաստում էինք այսպիսի օրվա համար: Այնպես որ, քեզ վրա հարյուր միլիոն ծախսելու ցանկություն չունենք: Մեր խոսակցությունն էլ ավարտվեց: Վե՛րջ.. (Հեռախոսն անջատում է: Հարդին մնում է շվարած):

ՄԱՅՔԼ– Կեղծ Հարդի՞... Շրջմոլի՞կ...

ՄԱՐԿ– Ի՞նչ էր դա նշանակում, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Գիտե՞ս՝ հարցն ինչն է, սըր: Ես չէի ցանկանում ասել նույնիսկ հիմա՝ այսպիսի ծայրահեղ պահի, բայց աթոռն ստիպում է խոսել: Բանն այն է, որ դուք նրա՛ն չեք առևանգել, ում ցանկացել եք:

ՄԱՅՔԼ– Ես կարծում եմ, որ քո բանականությունը դեռևս սթափ է, Հարդի՛: Եվ ասեմ, որ մենք կատակելու ցանկություն չունենք:

ՀԱՐԴԻ– Հարցն էլ հենց այն է, որ ես... Հարդին չեմ: Զանգեք միություն, խնդրեմ: Հարցրեք, թե որտեղ է Հարդին:

ՄԱՐԿ– (Հարդիի շուրջը պտտվելով ու նրան ուշադրությամբ նայելով) Հարդին չե՞ս:

ՀԱՐԴԻ– Չէ՛:

ՄԱՅՔԼ– Ո՞վ ես հապա:

ՄԱՐԿ– Բայց հենց նոր դու համոզում էիր Էդիին, որ Հարդին ես: Այն էլ՝ իսկակա՛ն:

ՀԱՐԴԻ– Ես դա ասացի էդիին շփոթեցնելու համար: Իսկ ես Ջոնի Ջեքսոնն եմ: Շրջմոլիկ, ում ստիպեցին դառնալ Ջեկ Հարդի: Այսինքն՝ նրա նմանակը: (Սկսում է խաղալ շրջմոլիկի «դեր» ՝ փորձելով ընդօրինակել Ջեքսոնին):

ՄԱՐԿ– Փչում ես: Սա ֆիլմ չէ, Հարդի՛: Հեքիաթներիդ հավատացող չկա:

ՀԱՐԴԻ– (Հաստատակամորեն) Ես Ջոնի Ջեքսոնն եմ: (Քունքը քորում է):

ՄԱՅՔԼ– Վերջացրո՛ւ, Ջե՛կ:

ՀԱՐԴԻ– Դուք զանգեք: Ընդամենը զանգեք միություն և խնդրեք միստր Հարդիին: (Ինչպես կաներ շրջմոլիկը, մոխրամանից վերցնում է ծխախոտի մնացուկ և դնում շուրթերին): Միայն թե չտաք «Ջեքսոն» անունը, որովհետև այնտեղ ճանաչում են միայն մեկ անձի՝ միստր Հարդիին:

ՄԱՐԿ– Եվ ինչպե՞ս է, որ դուք իրար այդպես նման եք:

ՀԱՐԴԻ– Այդ մասին արդեն նրան հարցրեք՝ Արարչին:

ՄԱՅՔԼ– Փչում է, Մա՛րկ: Ուզում է կաշին փրկել:

ՀԱՐԴԻ– (Անդրավարտիքի փողքը բարձրացնելով՝ ոտքը քորում է): Լավ, սպանեք ինձ, բայց համոզված եղեք, որ շուտով դարձյալ կհանդիպենք... Բոլոր դեպքերում խորհուրդ եմ տալիս նախ խոսել Հարդիի հետ:

ՄԱՐԿ– (Մտածելով) Տո՛ւր հեռախոսը, Մայքլ... (Վերջինս հեռախոսը տալիս է նրան):


    

Նոր պատկեր:

Ջեքսոնը Հարդիի աշխատասենյակում՝ նրա աթոռին բազմած, հեռախոսով համար է հավաքում:


    

ՋԵՔՍՈՆ– Էդի՞:

ԷԴԻ– (Այնպես, ինչպես կխոսեր Հարդիի հետ) Այո՛, միստր:

ՋԵՔՍՈՆ– Լսիր, Էդի... Ապո՛ւշ... Սա հենց այնպես, որպես կոչական...

ԷԴԻ– Պարզ է, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Գիտե՞ս, Էդի՛, ես սովորում եմ միստր Հարդիի... Թո՛ւ... Իմ կյանքի պատմությունը ու հասել եմ մի հանգուցային կետի:

ԷԴԻ– Լսում եմ, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Շատ մութ ու հանելուկային է այդ հանգույցը: Ինչպե՞ս է եղել, որ Հարդին... Թո՛ւ... մի խոսքով՝ ես, միությունում համեստ դիրք ունեցող աշխատողից հասել եմ... Մի խոսքով՝ հասկացար... Եվ ինչպե՞ս է եղել, որ այդ թռիչքը զուգադիպել է իմ ամուսնության և Մարի Հադսոնին ծանոթանալու հետ: Ի՞նչ կասես, Էդի՛:

ԷԴԻ– Մի՛ստր, որպես հոգեբան՝ խորհուրդ կտամ այդ հանգույցի մեջ չխորանալ:

ՋԵՔՍՈՆ– (Փռշտում է): Սա որպես այդ հանգույցի վրա շեշտ: Իսկ դու բոլոր դեպքերում, որպես հոգեբան՝ մտածիր, Մոմսե՛ն: (Լսափողը դնում է):


    

Գալիս է Սառա Փիթը, ինչպես միշտ՝ փաստաթղթերով:


    

ՍԱՌԱ– Մի՛ստր Հարդի... Որքա՜ն սազում է Ձեզ այդ փողկապը: (Ջեքսոնը, մտքերով տարված, ուշադրություն չի դարձնում): Միստր Հար-դի՛... (Թղթերը դնում է սեղանին): Կարելի՞ է նստել:

ՋԵՔՍՈՆ– Նստե՞լ...

ՍԱՌԱ– Այո, նստե՛լ:

ՋԵՔՍՈՆ– Իսկ սովորաբար դու ի՞նչ էիր անում:

ՍԱՌԱ– Ե՞րբ:

ՋԵՔՍՈՆ– Դե... երբ բերում էիր այդ... զիբիլները:

ՍԱՌԱ– (Ծիծաղելով) Օ՜, Միստր... Ձեզ որքան սազում է կատակը։ Դուք այսօր իսկական Հարդին եք և ոչ թե նա...

ՋԵՔՍՈՆ– (Զարմանքով) Ո՞վ:

ՍԱՌԱ– Դե, Ձեր այն մյուս տեսակը... Պաշտոնականը: Ես Ձեզ հենց այսպիսին եմ սիրում: Այսպես Դուք ճիշտ Ձեզ նման եք:

ՋԵՔՍՈՆ– Իրո՞ք:

ՍԱՌԱ– Այո՛: Եվ այս դեպքերում ես սովորաբար... (Ջեքսոնի աչքերին նայելով) Նստե՞մ...

ՋԵՔՍՈՆ– Իսկ սովորաբար...

ՍԱՌԱ– (Նետվում է Ջեքսոնի գիրկը): Մի՛ստր... Սիրելի՛ս... (Սկսում է համբուրել): Քո շուրթերը... ոնց որ բոց լինեն... գիշերվա խավարում... (Հեռախոսը զանգում է) ։ Քո այտերը ոնց որ... գիշեր լինեն... (Լսափողը դժկամությամբ վերցնում է): Ալո... Միստր Հարդիի՞ն... Ո՛չ, միստր Հարդին տեղում չէ:


    

Գալիս է Էմման:


    

ԷՄՄԱ– Հրամանները պատրաստ են: Վաղվանից քաղաքի բոլոր շրջմոլիկները կարող են ստանալ տասնհազարական դոլար:

ՍԱՌԱ– (Զարմացած) Ի՞նչ:

ԷՄՄԱ– Միության բոլոր աշխատողները կպարգևատրվեն հարյուրհազարական դոլարով:

ՍԱՌԱ– (Ուրախացած) Ի՜նչ...

ԷՄՄԱ– Իսկ ես և... (Սառային նայելով) Մի խոսքով՝ նշանակված ենք տեղակալ:

ՍԱՌԱ– (Կրկին համբույրներ տեղալով) Մի՛ստր Հարդի... Մի՛ստր Հարդի... Այսուհետև դու իմն ես... միայն իմը:

ԷՄՄԱ– (Նույնպես հարձակվում է Ջոնիի վրա): Ո՛չ, միստր Հարդին իմն է... (Սկսում են նրան քաշքշել):

ՋԵՔՍՈՆ– Ես... (Համբույրների տարափից չի կարողանում խոսել):

ՍԱՌԱ– Իմն է...

ԷՄՄԱ– Ո՛չ... Իմն է...

ՋԵՔՍՈՆ– Ես... (Հեռախոսը կրկին զանգում է):

ԷՄՄԱ– (Լսափողը վերցնում է և խոսում անմիջապես): Միստր Հարդին չի վերադարձել...


    

Գալիս է Մարի Հադսոնը:


    

ՄԱՐԻ– Միստր Հար-դի՜...

ՍԱՌԱ– Իմն է...

ԷՄՄԱ– Ո՛չ, իմն է...

ՄԱՐԻ– (Մի պահ լուռ նայելուց հետո) Ա՛յ թե կնամոլն ես դու, մի՛ստր... Ո՛չ... Արդեն իմն է... (Առյուծի մռնչյուն արձակելով՝ նա նույնպես նետվում է Ջոնիի վրա):

Լսվում են խառը ձայներ.

– Փիսիկս....

– Վագրիկս...

– Շլդիկս...

ՄԱՐԻ– Ես քեզ կխեղդեմ հիմա... (Հեռախոսը նորից է զանգում: Լսափողը վերցնում է Մարին): Ո՛չ... Միստր Հարդին... այլևս... չկա...


    

Նոր պատկեր: Մարկ, Մայքլ և Հարդի:


    

ՄԱՐԿ– (Լսափողը դնելով) Ասաց, որ միստր Հարդին այլևս չկա:

ՀԱՐԴԻ– Ինչպե՞ս թե չկա:

ՄԱՅՔԼ– Երրորդ անգամ ասում են, որ այնտեղ Հարդի չկա, իսկ դու պատմում ես նույն հեքիաթը:

ՀԱՐԴԻ– (Նյարդայնացած) Ի՛նձ տվեք հեռախոսը: (Հարդիի հաստատակամությունից տարակուսանքի մեջ ընկած՝ Մայքլը համար է հավաքում և լսափողը մեկնում նրան: Հեռախոսից լսվում են կանանց ճիչեր, բղավոցներ... Բոլորը ապշած նայում են իրար: Խոսել սկսում է Հարդին): Ջե՞կ... Լսո՞ւմ ես, Հարդի՛... Ի՞նչ է այդտեղ կատարվում, մի՛ստր... (Լսվում է Ջեքսոնի ձայնը՝ տարօրինակ հնչերանգով):

ՋԵՔՍՈՆ– Ջեկ Հարդին... Ջեկ Հարդին լսում է...

ՀԱՐԴԻ– (Ուրախությունից ցնծում է) Ջեկ Հարդին է... Ջեկ Հարդին լսում է... Այնտեղ է Ջեկ Հարդին... (Մայքլը և Մարկը մնում են շփոթված): Ինչպե՞ս եք, մի՛ստր Հարդի... (Մարկին ու Մայքլին) Զվարճանում է միստր Հարդին... Ես մի քիչ ուշանում եմ, մի՛ստր, բայց կգամ: Շուտով կվերադառնամ: Առայժմ, մի՛ստր... (Հեռախոսն անջատելով) Ասում էի, չէ՞, որ ես Ջեքսոնն եմ, Ջոնի Ջեքսոնը: (Դարձյալ անդրավարտիքի փողքը բարձրացնում է, ոտքը քորում և մոխրամանից վերցնում ծխախոտի ևս մի մնացուկ):

ՄԱՐԿ– Հիմա ի՞նչ ենք անելու, Մա՛յքլ: (Լսվում է Մարկի բջջային հեռախոսի ձայնը: Նա պատասխանում է երկյուղած): Լսում եմ:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ արեցիք: Ավարտեցի՞ք:

ՄԱՐԿ– Ո... ո՛չ... սըր:

ԽՈՍԱԿԻՑ– Ո՞չ: Ի՞նչ է նշանակում՝ ո՛չ:

ՄԱՐԿ– Գիտե՞ք՝ բանն ինչ է, մի՛ստր... Ի հայտ են եկել անսպասելի, չնախատեսված հանգամանքներ:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ բան է «անսպասելի հանգամանք» -ը: Չլինի՞ նա փախել է:

ՄԱՐԿ– Ո՛չ, Հարդին այստեղ է... Ավելի ճիշտ՝ այստեղ է ոչ թե Հարդին, այլ... Ինչպե՞ս ասեմ... Եղել է թյուրիմացություն: Մենք Հարդիի՛ն չենք առևանգել:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ... Գլխի՞դ է խելքդ: Ի՞նչ է նշանակում՝ մենք Հարդիի՛ն չենք առևանգել:

ՄԱՐԿ– Այո՛, միստր: Այդպես է: Եղել է շփոթմունք:

ԽՈՍԱԿԻՑ– Իսկ ո՞ւմ եք առևանգել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՞ն, թե՞ Հռոմի պապին:

ՄԱՐԿ– Ինչ-որ... Ինչ-որ շրջմոլիկի...

ԽՈՍԱԿԻՑ– Ապո՛ւշ, դուք արդեն գժանոցո՞ւմ եք, թե՞ նոր եք պատրաստվում այնտեղ գնալու: Միլիոնատեր բանկիրին չեք տարբերում շրջմոլիկի՞ց:

ՄԱՐԿ– Գիտե՞ք՝ բանն ինչ է, մի՛ստր... Բանն այն է, որ այս ապուշը... այս շրջմոլիկը... նույն Հարդին է: Ուզում եմ ասել... Նրա նմանակն է: Սատանան էլ սրանց չի տարբերի: Հագնվում են նույն ձևով, խոսում նույն ձայնով:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ:

ՄԱՐԿ– Այո... Փաստորեն նա... ունեցել է նմանակ... (Մի պահ լռում են): Ի՞նչ անենք հիմա, մի՛ստր:

ԽՈՍԱԿԻՑ– Հագցրեք Հռոմի պապի հագուստները և ուղարկեք աղոթելու:

ՄԱՐԿ– Այսինքն, սըր:

ԽՈՍԱԿԻՑ– Բաց թողեք, գնա: Մեզ պետք չէ ավելորդ արյուն։

ՄԱՐԿ– Լսում եմ, մի՛ստր:

ԽՈՍԱԿԻՑ– Լավ կլինի, որ դու նաև տեսնե՛ս, ապո՛ւշ: (Հեռախոսն անջատում է):

ՄԱՐԿ– (Հարդիին) Եվ այս ամենը, տխմա՛ր, քո մռութի պատճառով:


    

Նոր պատկեր:

Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Էդի և Ջեքսոն: Էդին կարծում է, թե խոսում է Հարդիի հետ:


    

ՋԵՔՍՈՆ– Դու ճիշտ ես, Էդի՛: Հիմա բոլորը կարծում են, թե իրենցից բացի՝ բոլորն ապուշ են, ու կարելի է նրանց հիմարացնել:

ԷԴԻ– Որպես հոգեբան՝ մի՛ստր Հարդի, խորհուրդ եմ տալիս կատարվածն արագ մոռանալ: Դրա համար կան հատուկ մեթոդներ:

ՋԵՔՍՈՆ– Ինձ թվում է՝ ժամանակն է, Էդի՛, որ հոգեբանական այդ մեթոդներն սկսես կիրառել քեզ վրա: Եվ գուցե արագ մոռանաս միությունում անցկացրած քո անհոգ կյանքը:

ԷԴԻ– Այսինքն, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Ես քեզ ազատում եմ, ապո՛ւշ: Դու այլևս իմ գործակալը չես:

ԷԴԻ– Այդ դեպքում, ներեցեք, մի՛ստր, ես կբողոքեմ, քանի որ եթե Ձեր գործակալը չեմ, ուրեմն իրավունք չունեք ինձ անվանելու ապուշ:

ՋԵՔՍՈՆ– Հրաման ես դեռ չեմ տվել, Էդի՛:

ԷԴԻ– Բայց ինչի՞ համար, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Այն բանի համար, մե՛ծն հոգեբան, հատուկ մեթոդիստ, որ դու ապուշին չես կարողանում տարբերել ինձնից:

ԷԴԻ– Մի՛ստր, ախր այնքա՜ն նման են ձեր ձայները: Այդ ապուշն էլ արդեն այնպես է ձեզ նմանակում, որ տարբերելու համար հատուկ մեթոդ... միջոցներ են պետք:

ՋԵՔՍՈՆ– Ձեր այդ սխալի համար քիչ էր մնում, որ ես հատուցեմ կյանքով:

ԷԴԻ– Փառք Աստծո, ամեն բան ավարտվեց բարեհաջող:

ՋԵՔՍՈՆ– Եվ այսուհանդերձ դու ինչո՞ւ չէիր վճարում, Էդի՛, և ինչո՞ւ չէիր խորհրդակցում ինձ հետ: (Սովորականի պես ոտքը գցում է ոտքին և սեղանին տկտկացնում):

ԷԴԻ– Բանն այն է, մի՛ստր, որ Ձեր հեռախոսը չէր պատասխանում: Իսկ այդ շրջմոլիկի համար վճարելը կնշանակեր միլիոնները տալ քամուն:

ՋԵՔՍՈՆ– Ուրեմն դու այն կարծիքին ես, որ Ջոնիի համար... Ի դեպ, այսուհետև նա քեզ համար ոչ թե Ջոնի է, այլ միստր Հարդի: Պա՞րզ է, Էդի՛:

ԷԴԻ– Պարզ է, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Մի խոսքով՝ այդ հիմարի համար...

ԷԴԻ– Նկատի ունեք միստր Հարդիի՞ն, սըր:

ՋԵՔՍՈՆ– Նկատի ունեմ, Էդի՛... Մի խոսքով՝ դու այն կարծիքին ես, որ նրա համար չէր կարելի ինչ-որ թղթի կտորներ տալ քամո՞ւն:

ԷԴԻ– Նայած, թե այդ թղթի կտորները ոսկու համարժեքով ի՛նչ գին ունեն: Թուղթ կա, որ թանկ է ոսկուց, և կա ոսկի, որ թանկ է կյանքից: Սա հենց այդ դեպքն էր, մի՛ստր:

ՋԵՔՍՈՆ– Միստր Հարդի՛:

ԷԴԻ– (Ուշադիր նայելով) Այո՛, միստր Հարդ... Միստր Հարդ... Գրողը տանի, Ջեքսո՛ն...

ՋԵՔՍՈՆ– Մի՛ստր Ջեքսոն, Էդի՛:

ԷԴԻ– (Կարկամած) Ճիշտ է... Միստր... Ջեքսոն... (Դողացող ձեռքերով գրպանից դեղահաբ է հանում): Ջուր... Միստր Հար... Ջեք... Ջեքսոն... (Ձեռքը մեկնում է):

ՋԵՔՍՈՆ– Դա ծաղկաման է, ապո՛ւշ: Իսկ ջուրն այնտեղ է: (Ցույց է տալիս դռան կողմը):


    

Էդին դուրս է գալիս: Սենյակի հետնամուտքից ներս է մտնում Հարդին:


    

ՀԱՐԴԻ– Ա՛յ քեզ ցնդածներ: Պատկերացնո՞ւմ ես, Ջոնի՛, նրանց համոզեցի, որ ես ոչ թե ես եմ, այլ դու:

ՋԵՔՍՈՆ– Իսկ ես, մի՛ստր, ոչ մեկին չեմ կարողանում համոզել, որ ես ոչ թե դու եմ, այլ ես... (Տեղը զիջում է Հարդիին):

ՀԱՐԴԻ– Այսօր քեզ ազատություն եմ տալիս, Ջոնի՛: Գնա, ուր կուզես:

ՋԵՔՍՈՆ– Ես հոգնել եմ, մի՛ստր: Կուզեի պառկել մի նստարանի, պայուսակը դնել գլխիս տակ ու վայելել իմ անմեղ քունը: (Դուրս գալով) Գուդբայ, մի՛ստր:


    

Էդին վերադառնում է և նստում նույն տեղը:


    

ԷԴԻ– Բայց դու իզուր ես վիրավորվում, Ջեքսո՛ն: (Հարդին զարմացած նայում է նրան): Ես իրականում գիտեի, թե ում են առևանգել, և ունեի մի գաղափար, որ եթե իրականանար, առաջին հերթին շահող կլինեիր դու:

ՀԱՐԴԻ– Եվ ի՞նչ գաղափար էր դա:

ԷԴԻ– Չես պատկերացնի, թե ինչ կլիներ, եթե նրանք սպանեին Հարդիին:

ՀԱՐԴԻ– Դե, ի՞նչ պիտի լիներ: Միությունը կգլխատվեր: Բոլորը կմնային առանց հայրիկի:

ԷԴԻ– Ու քեզ թվում է, թե նա այստեղի հայրի՞կն է: Լավ հայրիկ է, ինչ խոսք: Ահա՛ քեզ ինչ կասեմ, Ջեքսո՛ն... (Մի պահ լռում է): Լավ, թողնենք դա: Ես որոշել էի, որ նրան սպանելու դեպքում միության նախագահը դառնաս դու:

ՀԱՐԴԻ– (Ապշած) Ե՞ս...

ԷԴԻ– Այո՛, միստր Ջեքսոն: Միանձնյա: Փոփոխությունը ոչ ոք չէր զգա, և մենք միանգամից կդառնայինք հարյուրավոր միլիոնների տեր: Այնպես, ինչպես ժամանակին դարձավ ինքը՝ Հարդին:

ՀԱՐԴԻ– Հետաքրքիր է... Իսկ ինչպե՞ս նա դարձավ:

ԷԴԻ– Ուզո՞ւմ ես՝ հանգույցը բացեմ: Հարդին, այո՛, միությունում ուներ համեստ դիրք և առաջընթաց ունեցավ այն պահից, երբ սկսեց սիրահետել ապագա կնոջը՝ միությունում վարչության պետ Քիմ Հոլին: Եվ կարծում ես՝ սիրելո՞վ նրան: Ո՛չ, Ջոնի: Այն պատճառով, որ նա միության նախագահի դուստրն էր: Միակ դուստրը: Իսկ հետո Հարդիի համար դեպքերը զարգացան գլխապտույտ արագությամբ:

ՀԱՐԴԻ– Հետաքրքիր է... (Սկսում է քայլել): Ապա՞, Էդի:

ԷԴԻ– Իմանալով, որ ինքը շուտով վախճանվելու է, Քիմի հայրը՝ Ալեքս Հոլը, ապահովեց Հարդիի առաջընթացը՝ նրան հանձնելով նախագահի պաշտոնը:

ՀԱՐԴԻ– (Զայրույթը զսպելով) Այո՜...

ԷԴԻ– Հարցնում ես՝ ինչպես է եղել, որ դա համընկել է Մարիի հետ նրա ծանոթանալո՞ւն: Այստեղ նույնպես շան գլուխ է թաղված: Եվ այդ թաղումը նույնպես եղել է հնարամիտ: Մարիի հայրը՝ Ջիմի Հադսոնը, բանկում ուներ և այժմ էլ ունի խոշոր բաժնեմաս: Առանց նրա՝ գործը գլուխ չէր գա, և Հարդին գտավ տարբերակ, այսպես ասած՝ միջնորդ, որն է՝ Մարին:

ՀԱՐԴԻ– Մարի Հադսո՞նը:

ԷԴԻ– Այո՛, Ջոնի: Բավական է, որ նրա հետ Հարդին կապերը խզի, և վերջ...

ՀԱՐԴԻ– Իսկապե՞ս:

ԷԴԻ– Մի գաղտնիք էլ բացեմ: Հարդին հիմա որպես տղամարդ էլ մի բան չէ: Որքան զգում եմ, դարձել է անկարող:

ՀԱՐԴԻ– Ի՞նչ ես ասում:

ԷԴԻ– Ու քեզ պահում է, որ փրկի իր տղամարդկային պատիվը:

ՀԱՐԴԻ– Ահա թե ինչ, Էդի՛:

ԷԴԻ– Եվ կնոջն էլ չի խանդում, նրա համար մեկ է, թե դու ինչպես կվարվես հետը, որովհետև չի սիրում: Իսկ որտեղ չկա սեր, այնտեղ չկա նաև խանդ: Միլիո՛ն, փո՛ղ. ահա թե ինչն է նրա պատիվը:

ՀԱՐԴԻ– Ու փաստորեն մեզ ձեռք էր տալիս նման սրիկայի մա՞հը:

ԷԴԻ– Այո՛, Ջոնի:

ՀԱՐԴԻ– Այո, մի՛ստր:

ԷԴԻ– Այո, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Միստր Հարդի՛:

ԷԴԻ– (Ուշադիր նայելով) Միստր Հարդ... Հարդ... Հարդի՞... Սա ի՞նչ բան է, գրողը տանի... (Ձեռքը կրկին մեկնում է): Ջու... Ջու... Ջուր... (Ուշագնա լինելով՝ ընկնում է սեղանին):


    

Գալիս է Էմման և դիմում Հարդիին՝ Էդի Մոմսենին ընդհանրապես ուշադրություն չդարձնելով:


    

ԷՄՄԱ– Մի՛ստր Հարդի, եթե իմանաք, թե Ձեզ միությունում արդեն ինչպես են սիրո՜ւմ... (Սեղանին թղթեր դնելով) Փողերն արդեն բաժանված են, փոխանցված: Ահա ստացականները: Բոլորը Ձեր խոսքերից մեջբերումներ են անում, Ձեզ ընդօրինակում: Որքա՜ն իմաստնացել եք Դուք, մի՛ստր, որքա՜ն բարիացել:

ՀԱՐԴԻ– (Հեգնանքով) Ճիշտ է, շատ եմ իմաստնացել, իսկ (Էդիին նայելով) օձը, ասում են իմաստնության խորհրդանիշն է: Նա միշտ դեպի իմաստնությունն է ձգտում:

ԷՄՄԱ– Ահա և՝ հավաստիքը խոսքերիս: (Դուրս գնալով) Ասում եմ, չէ՞, Դուք վերջերս ուրիշ եք դարձել, ուրի՜շ:

ՀԱՐԴԻ– (Բերած փաստաթղթերը կարդալով) Ինչ-ի՜նչ... հինգ միլիոն... Տասը միլիոն... (Աստիճանաբար ավելի ու ավելի զայրանալով) Քսան միլիոն... Պարգևատրություն... Նվեր... Աշխատակազմին... Էմմային, Քեթրինին... Շրջմոլիկներին... (Ձեռք սեղանին խփելով) Էդի՛...

ԷԴԻ– (Անմիջապես վեր է թռչում): Մի՛ստր...

ՀԱՐԴԻ– Կորա՛վ, Էդի...

ԷԴԻ– Ներողություն, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Ձախողվեցինք: Վե՛րջ: Ահա քո հոգեբանական հնարքները, հատուկ մեթոդները: Մեկ օրում քամուն տրվեցին տասնյակ միլիոններ:

ԷԴԻ– Միստր Հարդի...

ՀԱՐԴԻ– Վե՛րջ: Փորձը ավարտվեց սարսափելի ձախողմամբ: Հօդս ցնդեցին միլիոնները: (Թղթերը շպրտում է): Վերցրու քո Ջեքսոնին, և միասին չքվեք գրողի ծոցը: Մեկընդմի՛շտ:

ԷԴԻ– Մի՛ մոռացեք, մի՛ստր, որ Ձեր կյանքը փրկվեց փորձի շնորհիվ:

ՀԱՐԴԻ– Այս միլիոնների առաջ (կրկին փաստաթղթեր շպրտելով) գին չունի նույնիսկ իմ կյանքը...


    

Էդին գնում է: Հարդին, գլուխը բռնած, նստում է: Ներս է մտնում Քիմ Հարդին:


    

ՀԱՐԴԻ– (Անակնկալի գալով) Քի՞մ:

ՔԻՄ– Ինչպես տեսնում եմ, դու այստեղ մի ճակատամարտ արդեն ավարտել ես: Վե՛րջ, ես պահանջում եմ ապահարզան:

ՀԱՐԴԻ– Քեզ սխալ տեղեկություններ են հասել, Քի՛մ: Թյուրիմացություն է: Դա ես չեմ եղել:

ՔԻՄ– Անպատկա՛ռ, լպի՛րշ, կնամո՛լ:

ՀԱՐԴԻ– Դա ես չեմ եղել: Ցոփություն անել հենց աշխատասենյակո՞ւմ: Այն էլ՝ միանգամից երեքի հե՞տ...

ՔԻՄ– Ի՞նչ, ի՞նչ...

ՀԱՐԴԻ– Դու հավատո՞ւմ ես դրան:

ՔԻՄ– Ա՜խ, ուրեմն դու նաև...

ՀԱՐԴԻ– Դե, ո՛չ, ասում եմ: Դա ես չեմ եղել: Հիմա քեզ կասեմ...

ՔԻՄ– Հարկավոր չէ ոչինչ ասել, ցինի՛կ: Նախ՝ տանը, իմ աչքի առաջ, որը, պարզվում է, սրբագործություն է այն ամենի համեմատ, ինչ կատարվում է այստեղ: Այս մասին էլ նոր եմ իմանում:

ՀԱՐԴԻ– Նո՞ր ես իմանում... Թո՛ւ... (Ինքն իրեն) Հիմա՛ր: Ուզում էի ասել՝ սխալ ես իմանում:

ՔԻՄ– Հետաքրքիր է, շատ հետաքրքիր... Գնալով նորանոր դեպքեր են բացահայտվում:

ՀԱՐԴԻ– Չես թողնում խոսել: Ասում եմ՝ դա ես չեմ եղել:

ՔԻՄ– Ա՜խ, պարզվում է՝ դու նաև դու չես լինում: Ինչե՜ր եմ լսում: Եվ վաղո՞ւց է, որ փոխակերպվում ես նման լպիրշի:

ՀԱՐԴԻ– Ո՛չ, այնքան էլ վաղուց չէ: Չես թողնում խոսել:

ՔԻՄ– Ու ո՞նց ես թաքցրել, հը՞:

ՀԱՐԴԻ– Ստիպված էի: Այդ մասին գիտեն ընդամենը երկու հոգի:

ՔԻՄ– Ա՜խ, ընդամենը երկու հոգի: Եվ ամեն անգամ այդ երկուսի առա՞ջ ես անում:

ՀԱՐԴԻ– Ի՞նչը:

ՔԻՄ– Իսկ ի՞նչ են անում երեք լրբերը, որոնց գումարվում է մեկ կնամոլ:

ՀԱՐԴԻ– Ախր ես այդ մասին չեմ... Ես խոսում եմ իմ նման...

ՔԻՄ– Գիտե՛մ, գիտե՛մ. դու դա լավ թաքցրել ես: Ես կարծում էի, թե միայն մեկն է, բայց պարզվում է՝ այստեղ կան նաև երեքը:

ՀԱՐԴԻ– Դե ո՛չ: Երեքը չեն: Նույնիսկ մեկին չէինք կարողանում գտնել, ո՞ւր մնաց՝ երեքին: Ընդամենը մեկն է:

ՔԻՄ– Խոստովանեցիր, ուրեմն: Վերջապե՛ս:

ՀԱՐԴԻ– Իսկ ո՞վ է այդ մասին քեզ ասել:

ՔԻՄ– Դա բոլորը գիտեն:

ՀԱՐԴԻ– Չի կարող պատահել:

ՔԻՄ– Ինչո՞ւ: Այդպես վարպետորե՞ն էիր քողարկում:

ՀԱՐԴԻ– Փորձում էինք:

ՔԻՄ– Ա՜խ, դա դեռևս փորձն էր… Տակա՛նք: Տարիներ շարունակ պահել սիրուհի և սուրբ ձևանալ:

ՀԱՐԴԻ– Ի՞նչ...

ՔԻՄ– Մարի Հադսո՛ն. ահա՛ թե ինչ: Ահա քեզ փիսի՛կ, շնի՛կ, վագրի՛կ...

ՀԱՐԴԻ– Ի՞նչ է կատարվում, գրողը տանի: Ախր ես այդ մասին չեմ...

ՔԻՄ– Վե՛րջ: Ավարտված է:

ՀԱՐԴԻ– Չես թողնում խոսել...


    

Գալիս են Տիտոն, Էմման և Քեթրինը: Տիտոն ձեռքը բարձրացնում է, որ «նռնակ» նետի:


    

ՏԻՏՈ– Պառկե՛լ:

ՔԻՄ– Դու ուշացել ես, տղա՛ս: Այստեղի պառկողներն արդեն պառկել, վեր են կացել: (Տիտոն, սովորության համաձայն, սկսում է կրակել: Պահից օգտվելով՝ Հարդին զանգում է):

ՀԱՐԴԻ– Էդի... Էդի... Ո՛չ, մի՛ ուրախացիր. ինձ վրա չեն կրակում: Դա Տիտոն է: Վերադարձիր շտապ... Լսո՞ւմ ես... Այստեղ ուղարկիր Ջեքսոնին: Ասում եմ՝ անմիջապես իմ սենյակ ուղարկիր Ջեքսոնին:

ՔԵԹՐԻՆ– Ամեն անգամ այս կողմով անցնելիս հնարավոր չի լինում Տիտոյին զսպել, որ ներս չմտնի: Նա իրեն այստեղ գեներալի պես է զգում:

ԷՄՄԱ– (Թափված թղթերը հավաքելով) Պատուհանը երևի բացել եք, հա՞, մի՛ստր: Ամեն ինչ քամուն եք տվել:

ՀԱՐԴԻ– Այո՛, այստեղից հենց մի պահ բացակայես, ամեն ինչ քամին տանում է...

ՏԻՏՈ– Այսօր ո՞ւմ եմ գնդակահարելու, հայրի՛կ:

ՀԱՐԴԻ– Ցուցակներն արդեն պատրաստ են, տղա՛ս: (Էմմայի հավաքած փաստաթղթերը տալիս է նրան): Ահա՛, կարող ես բոլորին մեկ-մեկ կանգնեցնել պատի տակ:

ՏԻՏՈ– Ուռա՜...

ՀԱՐԴԻ– (Էմմային) Ինչո՞ւ ներքին տեսացանցը չի աշխատում: Գոնե իմ սենյակ մտնողներին ես պիտի տեսնե՞մ, թե՞ չէ:

ԷՄՄԱ– Մոնիտորն է փչացել: Շուտով կսարքեն:

ՀԱՐԴԻ– Իսկ դո՞ւ ինչով ես զբաղված: Ով երբ ուզում, ներս է մտնում:

ՔԻՄ– Բացի ինձանից, Ջե՛կ, որովհետև ես ամեն անգամ սպասում եմ:

ՀԱՐԴԻ– Մի՞թե:

ՔԻՄ– Իհարկե՛: Ես ինձ հո թույլ չե՞մ տա քեզ շփոթեցնել... Չէ՞ որ ժամանակ է պետք, որ հասցնեք փոխվե՜լ... Մտնել աշխատանքային ռիթմի մե՜ջ:

ՏԻՏՈ– (Էմմային) Դե՛, առաջ ընկիր: Ես սկսելու եմ քեզնից: (Դռան մոտ երևում է Սառան):

ՍԱՌԱ– Ինձնի՛ց սկսիր, Տիտո: Մի՛ խանգարիր խորհրդակցությունը... Ներեցեք, մի՛ստր Հարդի, ես հետո կգամ:

ԷՄՄԱ– Ո՛չ, ինձնից է սկսելու Տիտոն... Դե, գնացինք: Մեկ-երկու, մեկ-երկու... (Սառան, Էմման և Տիտոն դուրս են գալիս: Լսվում է Տիտոյի ձայնը):

ՏԻՏՈ– Ձեռքներդ վե՛ր, ապուշներ...


    

Հետևի դռնից ներս է մտնում Ջեքսոնը և, Հարդիի կողմը չնայելով, դիմում Քիմին ու Քեթրինին:


    

ՋԵՔՍՈՆ– Օ՜, դուք այստեղ եք... (Քիմն ու Քեթրինը մնում են ապշած): Ես էլ ասում եմ՝ ինչո՛ւ են ինձ կանչել: Ուրախ եմ, որ դու այստեղ ես, միսիս Քեթրին: (Քիմին) Ինչ լավ է, որ դու էլ ես այստեղ, սիրելի՛ս: (Լսվում է Տիտոյի ավտոմատի ձայնը): Եվ տղաս է այստեղ... (Քիմի և Քեթրինի ապշած վիճակից սկսում է շփոթվել): Կրակում է... Էլի կրակում է... (Հետ է նայում և տեսնում Հարդիին): Ա՜խ, Դուք էլ... եք... այստեղ, միս... միս... միստր...

ՀԱՐԴԻ– Այո՛, ես էլ եմ այստեղ, Ջոնի՛: Դու ճիշտ ժամանակին եկար, եղբա՛յր:

ՔԵԹՐԻՆ– Եղբա՞յր:

ՔԻՄ– Ի՞նչ է սա նշանակում, Ջե՛կ:

ՀԱՐԴԻ– Սա նշանակում է, որ Ջոնին իմ եղբայրն է: Հարազատ եղբայրը: Մենք զույգ ենք...

ՔԻՄ– Ուրեմն...

ՀԱՐԴԻ­– Այո՛:

ՔԻՄ– Բայց դու ինչո՞ւ ինձ մինչև հիմա չես ասել:

ՀԱՐԴԻ– Որովհետև ես նույնպես չեմ իմացել:

ՋԵՔՍՈՆ– Այո՛, մենք միայն վերջերս... Բոլորովին վերջերս... (Իբր հուզվում է):

ՔԻՄ– Ուրեմն նույն մորի՞ց:

ՀԱՐԴԻ– Այո՛:

ՔԵԹՐԻՆ– Եվ՝ զույգ:

ՀԱՐԴԻ– Այո՛:

ՔԻՄ– Եվ ինչպե՞ս է եղել, որ... միայն վերջերս...

ՋԵՔՍՈՆ– Գիտե՞ս՝ բանն ինչ է, սիրելի՛ս... Թո՛ւ... Ներեցեք... Ներեցեք, միսի՛ս: Բանն այն է, որ ես ծնվել ու մեծացել եմ Վաշինգտոնում, իսկ միստր Հարդին... Թո՛ւ... Հարդին... Այսինքն՝ Ջեկը, Նյու Յորքում...

ՔԻՄ– Նույն մորից... Զույգ... Վաշինգտոնում... Նյու Յորքում...

ՋԵՔՍՈՆ– Այո՛, միսիս... Նույն մորից, զույգ... Վաշինգ... (Սխալն զգալով) Վաշինգ... Յորքում...

ՀԱՐԴԻ– Գիտե՞ս, սիրելի՛ս, պատահում է այդպես...

ՔԵԹՐԻՆ– Աստվա՜ծ իմ, ինչ ասես, որ աշխարհում չի պատահում...

ՀԱՐԴԻ– Այո՛, հետաքրքիր է, չէ՞: Եվ գիտե՞ք՝ դա ոնց է եղել: Երբ մայրս նստել է ինքնաթիռ, սկսվել են ցավերը: Այդպես Վաշինգտոնի երկնքում՝ հենց ինքնաթիռի մեջ, ծնվել եմ ես։ Իսկ երբ ինքնաթիռն անցել է Նյու Յորքի երկնքով... Արդեն պարզ է, լույս աշխարհ է եկել Ջոնին:

ՔԻՄ– Եվ հետո՞: Դու մեծացել ես Վաշինգտոնի երկնքում, Ջոնին՝ Նյու Յորքի՞:

ՋԵՔՍՈՆ– Դե իհարկե՝ ոչ: Այնպես է եղել, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վաշինգտոնում...

ՔԻՄ– Եվ քեզ թողնելով այնտեղ՝ Ջեկը իր մայրիկի հետ թռել է Նյու Յորք:

ՔԵԹՐԻՆ– Այո՜, ինչ ասես աշխարհում չի լինում...

ՀԱՐԴԻ– Պատկերացնո՞ւմ եք, Վաշինգտոնում կարծել են, թե ես մահացած եմ, և չեն իմացել, որ մայրս ունենալու է նաև երկրորդը: Քանի որ նրա ֆիզիկական վիճակն էլ վատ չի եղել, կրկին նստել է ինքնաթիռ և թռել:

ՔԻՄ– Ապա պարզվել է, որ դու ողջ ես:

ՀԱՐԴԻ– Այո՛:

ՔԻՄ– Բայց մայրիկիդ այլևս չեն գտել:

ՋԵՔՍՈՆ– Իսկ հետո մեկ այլ պատմություն է սկսվել: Իմանալով, որ ծննդատանը կա նման երեխա, բժիշկներին մեծ գումար են առաջարկել՝ վաճառելու համար:

ՔԻՄ– Եվ բժիշկները համաձայնել են:

ՋԵՔՍՈՆ– Այո՛:

ՔԵԹՐԻՆ– Տեր Աստվա՜ծ, ինչ ասես...

ՔԻՄ– Ապա վթարի են ենթարկվել նրանք, ովքեր գնել են Ջեկին:

ՋԵՔՍՈՆ– Ճիշտ է:

ՔԻՄ– Եվ փրկվել է միայն Ջեկը:

ՀԱՐԴԻ– Այո՛: Իսկ մնացածը արդեն գիտեք:

ՔԵԹՐԻՆ– Տեր Աստվա՜ծ...

ՔԻՄ– Եվ ի՞նչ ենք անելու հիմա:

ՀԱՐԴԻ– Գիտե՞ս, սիրելի՛ս, ես չեմ ուզում, որ այս մասին ուրիշներն իմանան: Այնքան անհավանական է այս ամենը, որ ուրիշները պարզապես չեն հավատա:

ՔԻՄ– Ինչի՞ն չեն հավատա:

ՋԵՔՍՈՆ– Որ այսպես... նման ենք:


    

Լույսերը մարում են...

Քիչ անց աջ և ձախ կողմերում վառվում է երկու լուսարձակ: Մի կողմում նստած է Հարդին, մյուսում՝ Մարին, որոնք իրար հետ խոսում են հեռախոսով:


    

ՄԱՐԻ– Երեկ ի՜նչ հրաշալի օր էր, չէ՞, Ջեկ: Ի՜նչ խելահեղ օր:

ՀԱՐԴԻ– Այո՛, երեկվա օրը ավելի քան խելահեղ էր...

ՄԱՐԻ– Իսկ հիմա որտե՞ղ ես, վագրի՛կս: Դեռ չե՞ս հասնում:

ՀԱՐԴԻ– (Ժամացույցին նայելով, ներքին բարկությամբ) Ես հասած պիտի լինեի վաղո՛ւց, սիրելիս:

ՄԱՐԻ– Բա որտե՞ղ ես, շլդի՛կս: Ես արդեն ուզում եմ քեզ պատառոտել:

ՀԱՐԴԻ– Աստված գիտի, թե որտեղ եմ մնացել՝ խցանման մե՞ջ, թե՞ մի այլ գրողի ծոցում:

ՄԱՐԻ– Օ՜, ինչպե՜ս եմ սիրում քո հումորը:

ՀԱՐԴԻ– Ո՞վ կմտածեր, թե ամեն ինչ կդառնա հումոր:

ՄԱՐԻ– Դե՛, դե՛, շլդո՛, դու բողոքելու տեղ չունես: Շտապի՛ր, սպասում եմ:

ՀԱՐԴԻ– Շտապելը՝ շտապում եմ, որովհետև այսօր պիտի հասցնեմ թռչել նաև Անգլիա: Ի դեպ, ես արդեն պիտի այնտեղ լինեի: Չգիտեմ, թե այս աշխարհում մարդ իր նման քանիսը պիտի ունենա, որ հասցնի ամեն տեղ լինել:

ՄԱՐԻ– Ջե՛կ, մի՞թե քեզ նման երկրորդը կարող է լինել: Տեսնեմ էլ, չեմ հավատա... Կկարծեմ, թե պատրանք է:

ՀԱՐԴԻ– Իսկ դու երբեք չե՞ս տեսնում պատրանքներ: Ասում են՝ այդպիսի վարակ է տարածվել: Ոմանք տեսնում են ինձ նման երկրորդին: Մեկը նույնիսկ ցնորվել է... (Լսվում է մյուս հեռախոսի զանգի ձայնը):

ՄԱՐԻ– Դե՛, շուտ արա, ցլի՛կ: Շտապիր, քանի ես էլ պատրանքների մեջ չեմ ընկել: Սպասում եմ, սևո՛ւկս: (Հեռախոսն անջատում է):

ՀԱՐԴԻ– Գրողը տանի, ո՞ւր կորավ այդ անիծյալ շրջմոլիկը: (Վերցնում է մյուս հեռախոսը): Հարդին լսում է: (Երկրորդ լուսարձակի տակ երևում է Սթիվը):

ՍԹԻՎ– Մի՛ստր Հարդի... Մի՛ստր Հարդի, Ջոնիի համար փրկագին են ուզում:

ՀԱՐԴԻ– (Անակնկալի եկած) Ի՞նչ... Ի՞նչ փրկագին:

ՍԹԻՎ– Մի՞թե դեռ չեն ասել: Նրան առևանգել են: Պահանջում են հարյուր միլիոն:

ՀԱՐԴԻ– (Բարկացած) Եվ ո՛չ մի սենթ: Այդ խելառի համար ես ոչինչ չեմ վճարի:

ՍԹԻՎ– Կսպանեն նրան, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Ու լավ էլ... Դա արդեն իմ գործը չէ: Վե՛րջ: (Հեռախոսն անջատում է): Փրկագի՜ն... երկու հարյո՜ւր... (Կրկին լսվում է հեռախոսազանգ: Հարդին չի իմանում ինչ անել: Ի վերջո՝ հեռախոսը վերցնում է և փորձում խոսել հանգիստ): Այո՛, փիսիկս: (Մյուս լուսարձակի տակ երևում է Քիմը):

ՔԻՄ– Վայրէջքը հաջո՞ղ էր, սիրելի՛ս:

ՀԱՐԴԻ– Պատկերացրու, որ նույնիսկ չեմ զգացել, թե ինչպես եմ երկնքում ճախրել ու իջել: Կարծես ողջ ընթացքում նստած եմ եղել իմ սենյակում:

ՔԻՄ– Եվ հիմա վայելում ես Ալբիոնի թարմ օդը:

ՀԱՐԴԻ– Վայելում եմ, սիրելի՛ս: Այնպե՜ս հանգիստ է այստեղ:

ՔԻՄ– Դե, գուդբայ, Ջե՛կ: Վերադարձիր շուտ: Ես արդեն կարոտում եմ:

ՀԱՐԴԻ– Գուդբայ, գուդբայ, սիրելի՛ս... (Հեռախոսն անջատելուց հետո) Իսկ ես հիմա ստիպված եմ անգամ իմ երկվորյակի փոխարեն գնալ ժամադրության...


    

Նոր պատկեր:

Ջեքսոն, Մայքլ և Մարկ:


    

ՋԵՔՍՈՆ– Ես Հարդին չեմ:

ՄԱՅՔԼ– Իսկ ո՞վ ես: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղա՞րը, թե՞ Հռոմի պապը:

ՋԵՔՍՈՆ– Ես Ջոնի Ջեքսոնն եմ: Նախկին շրջմոլիկ: (Անդրավարտիքի փողքը բարձրացնում է և ոտքը քորում է):

ՄԱՐԿ– Վե՛րջ տուր հիմարություններիդ, Ջե՛կ: Հարյուր միլիոն։ Ոչ մի սենթ պակաս:

ՋԵՔՍՈՆ– Հավատա, սըր, երբեք մտքովս չի անցել, թե իմ կյանքը կարող է գնահատվել այդքան թանկ: (Լսվում է Մայքլի բջջային հեռախոսի ձայնը):

ՄԱՅՔԼ– Լսում եմ, մի՛ստր:

ԽՈՍԱԿԻՑ– Ի՞նչ ընթացքում է գործը:

ՄԱՅՔԼ– Չի խոստովանում, սըր:

ԽՈՍԱԿԻՑ– Դու, ինչ է, խոստովանահա՞յր ես, տխմա՛ր: Գումարը վճարո՞ւմ են, թե՞ չէ:

ՄԱՅՔԼ– Չեն վճարում: Իսկ այս ցնդածը չի ուզում ընդունել, որ ինքը Հարդին է: Ես մտավախություն ունեմ, որ դարձյալ կարող են ի հայտ գալ չնախատեսված հանգամանքներ:

ԽՈՍԱԿԻՑ– Վերջացրո՛ւ, ապո՛ւշ: Այս անգամ արդեն դո՛ւք կնստեք աթոռին: Եթե անգամ դա Հարդին չէ, ուրեմն սարքեք Հարդի: Վե՛րջ: (Հեռախոսն անջատում է):

ՄԱՅՔԼ– Հասկացա՞ր, Ջե՛կ: Եթե անգամ դու Հարդին չես, մենք ստիպված ենք քեզ սարքել Հարդի:

ՋԵՔՍՈՆ– Գրո՛ղը տանի, բոլորն ուզում են ինձ Հարդի սարքել, բայց ես Ջեքսոնն եմ, Ջոնի Ջեքսոնը:

ՄԱՐԿ– Մտածիր, ուրեմն, Ջոնի՛: Խոստովանելու համար տալիս ենք քեզ ժա-մա-նակ...


    

Նոր պատկեր:

Հարդիի բնակարանը: Քիմ, Քեթրին և Ջեկ Հարդի, որն ստիպված է խաղալ Ջոնիի «դերը»: Ակնհայտ է, որ Քիմն ու Քեթրինը գիտեն, թե ով է իրենց մոտ:


    

ՔԻՄ– Պատկերացնո՞ւմ ես, Քեթրի՛ն: Կարծելով, թե Մարիի հետ սիրային կապի մեջ է Ջեկը, ես խուժեցի նրա սենյակ և պահանջեցի ապահարզան:

ՔԵԹՐԻՆ– Բայց պարզվեց, որ դա եղել է ոչ թե Ջեկը, այլ Ջոնին: (Հարդիին) Այդպես չէ՞, Ջոնի:

ՀԱՐԴԻ– (Շփոթված) Այո՛, միսիս:

ՔԻՄ– Դե ո՜չ: Դա հետո պարզվեց:

ՔԵԹՐԻՆ– (Կեղծ հետաքրքրությամբ) Իսկ ի՞նչ պարզվեց սկզբում:

ՔԻՄ– Սկզբում պարզվեց, որ Ջեկի սենյակում եղել է գինարբուք, որի մասին ես չեմ իմացել: Ճիշտ եմ հիշում, չէ՞, Ջոնի՛:

ՀԱՐԴԻ– Այո՛, միսիս:

ՔԻՄ– Եվ Ջոնին երեք կանանց հետ մի լավ զվարճացել է:

ՔԵԹՐԻՆ– Երեքի հե՞տ: Միաժամանա՞կ:

ՔԻՄ– Դե, Քեթրի՛ն, Ջոնիի համար ի՞նչ մեծ թիվ է երեքը... Բայց դու մի աչքով մի՛ նայիր նաև Ջեկին: Նրա հետ մենք այնպիսի՜ օրեր էինք անցկացնում... (Դիտավորյալ խաղում է Ջոնիի «դերի» մեջ մտած ամուսնու նյարդերի հետ:) Ես հարձակվում էի նրա վրա... (Սկսում է ցույց տալ): Այսպես բռնում էի... Ապա...

ՀԱՐԴԻ– (Շփոթմունքից կարկամած, մտածելով, որ այդ ամենը Ջոնիի մասին է) ։ Ի՞նչ... Չեմ հիշում։

ՔԻՄ– Քաշում էի...

ՀԱՐԴԻ– Ննջարա՞ն...

ՔԻՄ– Դե ոչ, Ջոնի՛... Նախ տանում էի լոգարան... Ցնցուղի տակ... Ապա... վաննայի մեջ...

ՀԱՐԴԻ– (Կարկամած) Ապա՞...

ՔԻՄ– Ապա հատակի վրա... Բազմոցի...

ՀԱՐԴԻ– Ապա՞...

ՔԻՄ– (Վերև ցույց տալով) Այնտեղ՝ առաստաղի...

ՀԱՐԴԻ– (Այլևս չկարողանալով իրեն զսպել՝ սկսում է քայլել): Ի՜նչ ես ասում...

ՔԻՄ– (Ժպտալով) Իսկ դու, Քեթրի՛ն, հիշո՞ւմ ես, որ մի անգամ էլ քեզ...

ՀԱՐԴԻ– (Անհամբերությունից) Ի՞նչ..

ՔԻՄ– Մեզ հետ միասին...

ՔԵԹՐԻՆ– Օ՜, միսիս...

ՀԱՐԴԻ– Ի՞նչ... Ի՞նչ...

ՔԵԹՐԻՆ– Եվ միստրն այդ օրը հազիվ փրկվեց կաթվածից: (Հարդին կատաղությամբ վերցնում է հեռախոսը և զանգում):

ՀԱՐԴԻ– Ալո... Սթի՛վ, հենց զանգեն, միացրու ինձ հետ... Լսո՞ւմ ես... Անմիջապե՛ս: Ասա, որ համաձայն եմ վճարելու գումարը:


    

Իբր թե ավտոմեքենա վարելով՝ ներս է մտնում Տիտոն և մոտենում Քիմին:


    

ՏԻՏՈ– Մայրի՛կ, ինչի՞ց է, որ ուրիշները մի հայրիկ էլ չունեն, իսկ ես ունեմ երկուսը:

ՔԻՄ– Այդպես լինում է, տղա՛ս: Նույնիսկ լինում է, որ սկզբում ունենում են երկուսը, իսկ հետո՝ ոչ մեկը...

ՏԻՏՈ– Եթե ես ծնվել եմ երկու հայրիկից, ուրեմն հայրիկն էլ ծնվել է երկու մայրիկի՞ց։

ՔԻՄ– Չէ՛, տղաս։ Պարզապես քո տատիկը նրան մաս-մաս է ծննդաբերել. մի մասը՝ Վաշինգտոնում, մի մասը՝ Նյու Յորքում...


    

Նոր պատկեր:

Ջեքսոն, Մայքլ և Մարկ:


    

ՋԵՔՍՈՆ– Լավ: Խոստովանում եմ. ես Ջեկ Հարդին եմ:

ՄԱՐԿ– Վերջապե՜ս, Հարդի՛: Իսկ դու ուզում էիր մեզ դնել ապուշի տեղ:

ՄԱՅՔԼ– (Զանգահարում է): Խոստովանեց, մի՛ստր: Մեր ձեռքում իսկապես Ջեկ Հարդին է:

ԽՈՍԱԿԻՑ– Իսկ գումա՞րը:

ՄԱՅՔԼ– Այդ մասին դեռ չենք խոսել:

ԽՈՍԱԿԻՑ– Տխմա՛ր... Նախ պետք էր այդ մասին խոսել:

ՄԱՅՔԼ– Արդեն սկսում ենք, սըր:

ԽՈՍԱԿԻՑ– Շուտ արեք, արագացրեք: (Հեռախոսն անջատում է):

ՄԱՐԿ– Դե ինչ, Հարդի՛: Ընդամենը հարյուր միլիոն:

ՋԵՔՍՈՆ– (Գրպաններն ստուգելով) Բայց ինձ մոտ այդքան չկա:

ՄԱՐԿ– Հարդի՛, մենք ուզում ենք, որ ամեն բան լինի խաղաղ, բարեկամաբար... (Նրան հեռախոս տալով) Քո ընդամենը մի զանգն արժի հարյուր միլիոն:

ՋԵՔՍՈՆ– Մի՞թե:

ՄԱՅՔԼ– Այո՛, այո՛: Բավական է, որ դու ընդամենը զանգես:

ՋԵՔՍՈՆ– Իսկ ո՞ւր զանգեմ, որ իմ ձայնը գնահատեն այդքան թանկ:

ՄԱՐԿ– Հերի՛ք է բութ ձևանաս, Հարդի՛:

ՄԱՅՔԼ– Այդ դեպքում կզանգեմ ես: (Զանգում է): Սթի՞վ:

ՍԹԻՎ– Այո՛, սըր:

ՄԱՅՔԼ– Իզուր են ձեր խաղերը. նա խոստովանեց:

ՍԹԻՎ– Խոստովանե՞ց...

ՄԱՅՔԼ– Այո՛: Մեր ձեռքում Հարդին է: Իսկական Հարդին:

ՍԹԻՎ– (Զարմացած) Մի՞թե:

ՄԱՅՔԼ– Եվ նա արժի հարյուր միլիոն:

ՍԹԻՎ– Սըր, ձեզ հետ այդ մասին ուզում է խոսել անձամբ ինքը՝ Ջեկ Հարդին:

ՄԱՅՔԼ– Ի՞նչ...

ՍԹԻՎ– Այո՛: Ես հիմա կմիացնեմ: (Մի պահ տիրում է լռություն, ապա լսվում է Հարդիի ձայնը):

ՀԱՐԴԻ– Ալո... Խոսում է Հարդին...

ՄԱՅՔԼ– (Ապշած) Լսում եմ, մի՛ստր:

ՍԹԻՎ– Ես համաձայն եմ: Գումարը կվճարեմ:

ՄԱՅՔԼ– Այդ դեպքում մենք անմիջապես ազատ կարձակենք միստր... միստր... Հարդիին:

ՀԱՐԴԻ– Մի պայմանով միայն:

ՄԱՅՔԼ– Լսում եմ:

ՀԱՐԴԻ– Որ մեկ ժամից նա այլևս չլինի:

ՄԱՅՔԼ– (Զարմացած) Չլինի՞:

ՀԱՐԴԻ– Պարզ չե՞մ ասում, սըր:

ՋԵՔՍՈՆ– Ինչպես թե՝ չլինի: Դու ո՞ւմ հետ ես խոսում: Տո՛ւր ինձ հեռախոսը: (Հեռախոսը վերցնում է): Ո՞ւմ հետ պատիվ ունեմ, մի՛ստր...

ՀԱՐԴԻ– Խոսում է Հարդին, ապո՛ւշ:

ՋԵՔՍՈՆ– Ջեկ Հարդին, այնպես չէ՞: (Լսվում է Մարկի հեռախոսի ձայնը, և մի պահ զուգահեռ խոսում է նաև նա):

ՄԱՐԿ– Գործում դարձյալ ի հայտ եկան անսպասելի հանգամանքներ, սըր: Մեր ձեռքում հիմա երկու Հարդի է:

ԽՈՍԱԿԻՑ– Իսկ գումա՞րը:

ՄԱՐԿ– Նրանք իրար հետ հիմա այդ մասին են խոսում...

ՀԱՐԴԻ– Դրա համար ես նրանց կտամ անգամ մեկ միլիոն:

ՋԵՔՍՈՆ– (Մայքլին և Մարկին) Փչում է: Ուզում է ձեզ գցել ծուղակը: Իրականում իսկական Հարդին ո՛չ ես եմ, ո՛չ ինքը: Իսկական Հարդին թռել է Անգլիա...

ՄԱՐԿ– Ի՜նչ...

ՋԵՔՍՈՆ– (Կրկին՝ հեռախոսով) Լսո՞ւմ ես, Հար... Հար... Հիմա՛ր։ Եթե դու Հարդին ես, իսկ ո՞վ է Անգլիայում:

ՀԱՐԴԻ– Ես քեզ հետ այդ մասին դեռ կխոսեմ, Ջոնի՛, հանճարեղ սրիկա... (Հեռախոսն անջատում է):

ՋԵՔՍՈՆ– Ահա՛, լսեցի՞ք, որ ես Ջոնին եմ, Ջոնի Ջեքսոնը: Իսկ դուք զանգեք միություն, խնդրեմ, հարցրեք, թե որտեղ է Ջեկ Հարդին:

ՄԱՅՔԼ– (Զանգում է): Ուզում եմ խոսել միստր Ջեկ Հարդիի հետ, մի՛սիս:

ԽՈՍԱԿԻՑ– Ջեկ Հարդին, մի՛ստր, մեկնել է Անգլիա:

ՋԵՔՍՈՆ– Ահա՛, ասում էի, չէ՞: (Լսվում է Մարկի հեռախոսի ձայնը):

ՄԱՐԿ– Ալո, մի՛ստր:

ԽՈՍԱԿԻՑ– Ինչո՞ւ անջատեցիր հեռախոսը: Ի՞նչ որոշեցին ձեր հարդիները:

ՄԱՐԿ– Գործը կրկին ունեցավ անակնկալ շրջադարձ, սըր... Իսկական Հարդին քաղաքում չէ։ Նա մեկնել է Անգլիա...


    

Նոր պատկեր:

Հարդիի աշխատասենյակը: Էմման, սեղանին փաստաթղթեր դնելով, ուզում է դուրս գալ: Բարկացած ներս է մտնում Հարդին:


    

ԷՄՄԱ– (Անակնկալի գալով) Ա՜...

ՀԱՐԴԻ– (Խոսքը հեռակա կարգով ուղղելով Ջեքսոնին) Ապո՛ւշ... Ես հիմա քեզ ցույց կտամ Հարդի:

ԷՄՄԱ– Մի՛ստր... Դուք ո՞վ եք: Մի՛ստր...

ՀԱՐԴԻ– Ինչպե՞ս թե՝ ով եմ... Չե՞ս տեսնում, որ ես եմ՝ Հարդին:

ԷՄՄԱ– (Ձեռքը աչքերի առաջ շարժում է այնպես, կարծես ուզում է պատրանքը ցրել): Հարդին, մի՛ստր, մեկնել է Անգլիա...


    

Հետևի դռնից ներս է մտնում Ջեքսոնը և խոսում առանց Հարդիի կողմը նայելու:


    

ՋԵՔՍՈՆ– Հիմա՛ր... Ես քեզ հիմա ցույց կտամ, թե ինչ է նշանակում ներկայանալ որպես Հարդի...

ԷՄՄԱ– (Ճչալով) Ա՜... (Կրկին պատրանքը ցրելու շարժում է անում: Ջեքսոնը, իբր զարմացած, այնպես է նայում Հարդիին, կարծես առաջին անգամ է տեսնում):

ՋԵՔՍՈՆ– Դու ո՞վ ես, մի՛ստր:

ՀԱՐԴԻ– Վե՛րջ, Ջոնի, խաղն ավարտվեց:

ՋԵՔՍՈՆ– Ջոնի՞... Ես Հարդին եմ: Ջեկ Հարդին...

ԷՄՄԱ– (Մեքենաբար կրկնում է): Ջեկ Հարդին, մի՛ստր, մեկնել է Անգլիա... (Գալիս է Սառան: Ձայնը լսվում է դեռևս դռան հետևից):

ՍԱՌԱ– Էմմա՛... Էմմա՛... (Տեսնում է Ջեքսոնին ու Հարդիին և զարմանքից ճչում): Ա՜... (Հարդիին) Դուք ուրեմն վերադարձե՞լ եք, մի՛ստր Հարդի... (Ջեքսոնին) Եվ Դո՞ւք եք վերադարձել... մի՛ստր... նույնպես... Հարդի...

ՀԱՐԴԻ– Վե՛րջ տուր կատակիդ, Ջոնի՛: Խոստովանիր, որ դու Ջեքսոնն ես:

ՋԵՔՍՈՆ– Դա լինելիք բան չէ, որովհետև ես դեռ նոր եմ խոստովանել, որ Հարդին եմ: Եթե այսպես գնա, ստիպված կլինեմ խոստովանելու, որ միաժամանակ նաև Հռոմի պապն եմ: (Բաց դռնից լսվում է Մարիի ձայնը):

ՄԱՐԻ– Աու՜... Ցլի՜կ... (Ներս մտնելով՝ ճչում է): Ա՜... (Հարդիին, ապշած մարդու տոնայնությամբ) Շլդի՛կս... (Ջեքսոնին) Վագրի՛կս... (Լսվում է հեռախոսազանգ։ Էմման վերցնում է լսափողը):

ԷՄՄԱ– Ալո... Այո՛... Այո՛, միսի՛ս... Ի՜նչ-ի՜նչ... Ջեկ Հարդի՞ն... Օ՜, Աստված իմ... (Լսափողը դնում է: Բոլորը լարված նայում են նրան): Ջեկ Հարդին քիչ առաջ իր ողջ ունեցվածքը կտակել է ինչ-որ Ջեքսոնի ու եղել ինքնասպան...

ԲՈԼՈՐԸ՝ ՄԻԱՍԻՆ– Ա՜...

ՋԵՔՍՈՆ– Խոստովանում եմ, ես Ջեքսոնն եմ... (Հարդին զայրույթից ու շփոթմունքից չի իմանում ինչ անել):

ՀԱՐԴԻ– Ասում է՝ ես Ջեքսոնն եմ: Իսկ ո՞վ եմ այդ դեպքում ես:

ՋԵՔՍՈՆ– Ջեկ Հարդին, մի՛ստր: Դու Ջեկ Հարդին ես:

ՀԱՐԴԻ– Դու, ի՞նչ է, չլսեցի՞ր, որ Ջեկ Հարդին մեկնել է Անգլիա:

ՄԱՐԻ– Ու եղել ինքնասպան:

ՋԵՔՍՈՆ– Իսկապե՛ս... Ո՞վ ես այդ դեպքում դու:

ՍԱՌԱ– Ես հասկացա: Այս միստրը պարզապես Հարդիի ուրվականն է...

ՀԱՐԴԻ– Դե ո՛չ: (Իրենից անկախ) Ես հենց Հարդին եմ...

ՋԵՔՍՈՆ– Ի՞նչ... Բռնվեցի՞ր, Հարդի՛:

ԷՄՄԱ– (Դեռևս ուշքի չգալով) Հարդին մեկնել է Անգլիա...

ՄԱՐԻ– Եվ ինքնասպան եղել...

ՋԵՔՍՈՆ– Այդ դեպքում ո՞վ է այս միստրը:

ՍԱՌԱ– (Նույն ձևով) Ես կարծես կռահում եմ: Այս միստրը (ցույց է տալիս Ջեքսոնին) այս միստրի նմանակն է:

ՋԵՔՍՈՆ– Ի՞մ նմանակը... (Իրենից անկախ) Բայց մինչև հիմա ասում էին, թե ես եմ նրա նման... նման...

ՀԱՐԴԻ– Ա՜... Բռնվեցի՞ր:

ՄԱՐԻ– Այս ի՞նչ շիլաշփոթ է, Աստված իմ: (Հեռախոսը կրկին զանգում է):

ԷՄՄԱ– Ալո... Այո՛... Այո՛... Ի՞նչ... Սխալմո՞ւնք է... Դա եղել է ուրի՞շ Հարդի... (Լսափողը դնում է): Պարզվում է, որ եղել է նաև չորրորդը...

ՄԱՐԻ– Մեկը՝ ինքնասպան, մեկը՝ անգլիայում, երկուսը՝ այստեղ...

ՋԵՔՍՈՆ– (Հարդիի նայելով) Մեկն էլ՝ առևանգված։

ԷՄՄԱ– Ի՜նչ...

ՋԵՔՍՈՆ– Գրողը տանի, այս քանի՞ նմանակ եմ ունեցել ես:

ՄԱՐԻ– Կարելի է գժվել։


    

Գալիս են Քիմ Հարդին ու Քեթրինը:


    

ՔԻՄ– (Ջեքսոնին մոտենալով) Դու արդեն վերադարձե՞լ ես, Ջե՛կ: Հաջո՞ղ էր վայրէջքը:

ՀԱՐԴԻ– Քի՞մ... Այս ի՞նչ է կատարվում... Ջեկը ես եմ:

ՔԵԹՐԻՆ– Դո՞ւ... Դե ո՜չ, դու Ջոնին ես:

ՔԻՄ– Պարզապես Ջեկը այնքան է քեզ նման, որ շփոթում ես...

ՔԵԹՐԻՆ– Դու Ջոնին ես, իսկ սա՝ քո եղբայր Ջեկը: Դու Ջեքսոնն ես, իսկ սա՝ Հարդին, բանկերի միության նախագահը:

ԷՄՄԱ– Աստվա՛ծ իմ, այս որքա՜ն նման են:

ՔԻՄ– Դե իհարկե՛ պիտի նման լինեն: Չէ՞ որ զույգ են:

ՄԱՐԻ– Ուրեմն ծնվել են նույն մորի՞ց:

ՔԵԹՐԻՆ– Ոչ միայն նույն մորից, այլև նույն օրը, միասին: Մեկը՝ Վաշինգտոնում, մեկը՝ Նյու Յորքում... Դա այնքա՜ն հետաքրքիր պատմություն է...

ՔԻՄ– Երբ Ջեկի մայրը նստում է ինքնաթիռ, հենց երկնքում՝ ինքնաթիռի մեջ, սկսվում են ցավերը...

ՀԱՐԴԻ– Վերջացրե՛ք...

ՍԱՌԱ– (Հարդիին) Մի՛ստր Ջեքսոն, Ձեզ վա՞տ եք զգում:

ԷՄՄԱ– Ձեզ բա՞ն պատահեց...

ՀԱՐԴԻ– Ես Հարդին եմ...

ՄԱՐԻ– (Հարդիին նայելով) Ա՜...

ՔԻՄ– Ի՞նչ...

ՄԱՐԻ– Այո՛, պատահեց... (Կեղծ խորհրդավորությամբ) Միստր Ջեքսոնը խելագարվե՜ց...

ՀԱՐԴԻ– Ի՞նչ...

ՔԵԹՐԻՆ– Ոչինչ, մի՛ստր Ջեքսոն, ոչինչ, այդպես լինում է: Դա բուժելի է: Հիմա բժիշկ կկանչենք... (Ջեքսոնը զանգում է):

ՋԵՔՍՈՆ– Խոսում է Հարդին: Բանկերի միության նախագահ Ջեկ Հարդին:

ՀԱՐԴԻ– Վերջացրե՛ք...

ՋԵՔՍՈՆ– Մենք հիվանդ ունենք, մի՛ստր: Հարկավոր է տեղափոխել ձեզ մոտ՝ հոգեբուժարան... Խիստ տարօրինակ... Կարծում է, թե ինքը ես եմ... Ուզում է, որ իրենից Հարդի սարքենք... Սպասում ենք, մի՛ստր...

ՔԻՄ– Ի՞նչ... Ուրեմն քեզ տանելո՞ւ են, Ջոնի՛:

ՄԱՐԻ– Ո՛չ... Եթե նրան տանեն, ես... Կխելագարվեմ: Ախր արդեն այնպե՜ս էի սովոր ունենալ երկու Հարդի...

ԲՈԼՈՐԸ՝ ՄԻԱՍԻՆ– Ի՞նչ...

ՔԵԹՐԻՆ– Ուրեմն դու... իմացե՞լ ես:

ՀԱՐԴԻ– Դադարեցրե՛ք...

ՄԱՐԻ– (Հանցանքում բռնվածի մեղավորությամբ) Դե... Այն օրը, երբ Սառան ասաց, որ Հարդին այստեղ իր հետ...

ՔԻՄ– Ուրեմն՝ նաև Սառա՞ն...

ՍԱՌԱ– Գիտե՞ք, ես չէի ուզում ինքս գաղտնիքը բացել... Ախր, Միստր Ջեքսոնը այնպես հաճելի...

ԷՄՄԱ– Ի՜նչ... Ուրեմն Ջեքսոնը ոչ միայն ինձ... (Բոլորը նայում են Էմմային, որը շփոթվում է): Այո... Երբ իմացա, որ Քեթրինը... Տանը...

ՄԱՐԻ– (Քեթրինին նայելով) Քեթրի՞ն...

ՔԵԹՐԻՆ– Ես... Միսիս Հարդին... միասին... նույն օրը: Իսկ նա՝ Ջեքսոնը, այնպե՜ս տարբերվում էր Հարդիից...

ՋԵՔՍՈՆ– Ի՞նչ... Ուրեմն դուք բոլորդ... (Նույնպես ցնորվածի պես) Ա՜... (Կրկին զանգում է): Մի՛ստր... Շտապե՛ք, մի՛ստր: Այստեղ ամեն վայրկյան մեկը կարող է խելագարվել...

ՀԱՐԴԻ– Գրողը տանի, այս ի՞նչ ներկայացում է: Ո՞վ է բեմադրել:

ՔԻՄ– Ի՞նչ: Դու Ուզում ես իմանալ՝ ո՛վ է բեմադրե՞լ… (Քմծիծաղով ու ոչնչացնող հայացքով նայում է Հարդիին):


    

Ինչպես միշտ, ավտոմատը ձեռքին ներս է մտնում Տիտոն ու միանգամից բղավում:


    

ՏԻՏՈ– Ձեռքներդ վե՛ր...


    

Տիրում է լռություն: Բոլորը ձեռքները դանդաղ բարձրացնում են...

2013 թ.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4883 | 0 | 0
Facebook