Բոլշևիկյան հոգով մեծացած տնօրենին դուր չէր գալիս իր ղեկավարած հիմարկը գործուղված, կիրթ, ազատամիտ և ազնիվ երիտասարդը: Նրան զայրացնում էր հատկապես երիտասարդի նորաձև, գունավոր հագուստները, երբ իրենք սովոր էին միայն սև գույնին: Յուրաքանչյուր թռուցկաժողովի ժամանակ (пятиминутка, որը կարող էր ժամեր տևել) առիթ էր փնտրում երիտասարդին «կպնելու» համար: Իսկ երիտասարդն իրեն հասցրած ցանկացած վիրավորանքի պատասխանում էր, վիճում, չէր հանդուրժում ցանկացած անարդարություն և քծնանք: Ի տարբերություն պահպանողական և զգուշավոր աշխատակիցների, նա տնօրենի ցանկացած սխալի մասին բարձրաձայնում էր բոլորի ներկայությամբ, որն ավելի էր գրգռում տնօրենին: Հերթական խորհրդակցության ժամանակ երիտասարդը կրկին պատասխանում է տնօրենի վիրավորանքներին: -Տեսնու՞մ եք, - ներկաներին դիմում է տնօրենը, -ամեն անգամ լեզվին է տալիս, ամեն մի խոսքիս խոսք է բերում, չեղավ մի անգամ, որ լուռ մնար: Երիտասարդն որոշում է մյուսների նման լռել և չարձագանքել: Հաջորդ խորհրդակցության ժամանակ տնօրենն էլ ավելի կոպիտ է խոսում երիտասարդի հետ, սակայն ի զարմանս տնօրենի, երիտասարդը ոչինչ չի պատասխանում, լուռ լսում է: -Ա՜յ տղա, -ես քեզ հետ եմ խոսում, -բղավում է տնօրենը, - դու չե՞ս լսում: Երիտասարդը շարունակում է լռել: -Տեսնու՞մ եք, հիմա էլ չի խոսում, չի պատասխանում, որ ես պայթեմ: Հիմա ես կպայթեմ, գոնե մի բան ասա, -գոռում է տնօրենը: -Այ, այդպես, պայթի: Երևում Է, արհամարհանքն աշխատեց, - ինքն իրեն շշնջում է երիտասարդը:
|