Loading...

Articles

ԵՐԲ ԲԱՑՈՒՄ ԵՍ ԾԱԾԿՈՑԸ

11:28, Saturday, 20 June, 2020
ԵՐԲ ԲԱՑՈՒՄ ԵՍ ԾԱԾԿՈՑԸ

Ցայսօր ռուսական պետական քարոզչամեքենան խուսափում է Երկրորդ համաշխարհային պատերազմ արտահայտությունից՝ առաջին պլան մղելով Հայրենական մեծ պատերազմ բառամիությունը։ Հատուկ են ուշադրությունը շեղում 1939-ից՝ փոխադրելով 1941 թվական, այլապես ջրի երես են ելնում փաստեր, որոնք հաստատում են ուղղակի մեղսակցություն սանձազերծված համամոլորակային պատերազմին, որին ամենազուսպ հաշվարկներով զոհաբերվեց 60, այլ հաշվարկներով՝ 80 միլիոն մարդ, հաշմանդամ դարձավ 95 միլիոնը։ Նույնը մերոնք են կրկնում՝ Հայրենական էլ չէ, Մեծ հայրենական։ Ռուսը կարող է այդպես կոչել, քանի որ ունի նաև 1812-ի պատերազմ, որը մղել Նապոլեոնի բանակի դեմ։ Մեզ ի՞նչ։ Թե՞ դա էլ է մերը։ Ասում են՝ ԽՍՀՄ-ը մեր ընդհանուր հայրենիքն է եղել։ Եթե այդպես է, ստանձնեք նաև Մոլոով-Ռիբենտրոպ դաշինքի /23-ը օգոստոսի, 1939 թ․/ պատասխանտվությունն իր բոլոր հետևանքներով։

Մոսկվայում կնքված գործարքից օրեր անց Գերմանիան և Խորհրդային Միությունը բաժանեցին Լեհաստանը․ ԽՍՀՄ-ի տիրապետությանն անցավ 200 հազար քառ․ կմ տարածք։ Դա խաղաղ միացում չէր, այլ բռնակցում, որն ուղեկցվեց 1, 5 միլիոն մարդու արտաքսմամբ, լեհական բանակի սպայակազմից 25 հազարի գնդակահարմամբ։ Մինչ Գերմանիան նվաճում էր Նորվեգիան, Ֆրանսիան, «բարեկամության» պայմանագրով օգտվում ռուսաստանյան ցորենի, նավթի, ֆոսֆորի, քրոմի, նիկելի պաշարներից / Գերմանիան Ռուսաստանից էր ստանում գրեթե ողջ անասնակերը, ֆոսֆորի 74, ասբեստի 67, քրոմի 65, նիկելի 44, նավթի 34 տոկոսը/, Վյաչեսլավ Մոլոտովը հեռագրով շնորհավորում է Ադոլֆ Հիտլերին Փարիզի առման առթիվ, Կարմիր բանակի 120 հազարանոց զորամիավորումը հարձակվում է Ֆինլանդիայի վրա /1939-ի նոյեմբերի վերջ/, որի պատճառով հեռացվում է Ազգերի լիգայից, բռնազավթում Բալթյան երկրները, Ռումինիայից խլում Հյուսիսային Բուկովինան և Բեսարաբիան։ 1940-ի արդեն օգոստոսին Բեռլինում ԽՍՀՄ արտգործնախարարը հետաքրքրվում է Բուլղարիայի, Ոումինիայի, Հունաստանի, անգամ Շվեդիայի կարգավիճակով՝ ակնարկելով իր տարածքային նկրտումները։ Նրա հեռանալուց հետո է Հիտլերը վերջնական որոշում կայացնում զսպել Ստալինի ախորժակը՝ ընտրելով բոլշևիկյան կայսրությունը ծնկի բերելու ճանապարհը։

Այո՛, «ուխտադրուժ» էր Գերմանիայի հարձակումը, ինչը սերտել էին տալիս դպրոցում, բուհում՝ չասելով սակայն, ո՞ր պայմանագիրը խախտելու մասին է խոսքը, ինչպես չէր ասվում զանգվածային դասալքության, թիվ 270 հրամանի մասին, որով կարգադրվում էր շրջապատման մեջ ընկած զինվորական կազմավորումներին կռվել մինչև վերջին մարդը, գնդակահարել գերի հանձնվել կամեցողներին /300 հազար զինվոր սպանվեց իրենց իսկ հրամանատարների ձեռքով, որը շատ ավելի է բրիտանացիների տված զոհերի քանակից ողջ պատերազմի ընթացքում/։ Միայն Ստալինգրադի ճակատամարտում 13 հազար մարդ գնդակահարվեց դավաճանության և վախկոտության մեղադրանքով։ Չէր խոսվում 975 հազար «քաղհանցագործներից» և իրական հանցագործներից կարգապահական զորամիավորումներ կազմելով առաջին գիծ ուղարկելու մասին, որոնց մեղքը քավելու եղանակներից մեկը նռնակներով ձեռքերը վեր պարզած իբր հանձվելու, իրականում պայթեցնելու մտադրությամբ հակառակորդի խրամատներն ուղարկելն էր։ Թե չգնալն էր ստույգ մահ ու թե գնալը, որովհետև գլխի ընկնելով ինչն ինչոց է, գերմանացիներն սկսեցին հնձել բոլոր մոտեցողներին։ Չէր խոսվում այն մասին, որ Բալթյան երկրներում, ՈՒկրաինայում հարձակվող կողմին ընդունում էին որպես ազատարարի, քանզի խորհրդային ռեժիմը շատ ավելի անհանդուրժելի էր նացիզմից։ Նրանց մի մասը ծառայության անցավ գերմանացիներին, և շատերը, իհարկե, հատուցեցին մահվամբ /215 հազար են նացիստական համազգեստով ԽՍՀՄ քաղաքացիությամբ սպանվածները/։ Նրանք չէին ուզում կիսել Ռուսաստանի խորքերը քշված 1, 5 միլիոն լեհերի, ինչպես և ավելի ուշ աքսորված 3, 5 միլիոն թաթարների, չեչենների, էլի ուրիշ անբարեհույսների ճակատագիրը։

Գերմանական գերազանց պատրաստությամբ ռազմական մեքենային Խորհրդային Միությունը դիմակայել կարող էր հիմնականում մարդկային անվարժ ուժով․ 44 հազար էր օրական զոհվածների թիվը, ամեն գերմանական սպանված զինվորի դիմաց 20 խորհրդային զինվոր - այսպիսին էր ուժերի հարաբերակցությունը։ Պատկերացնելու համար մեկ թիվ՝ Լենինգրադի պաշտպանությանը զոհվեց այնքան խաղաղ բնակիչ ու զինվոր, որքան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միասին տվել են ողջ պատերազմի ընթացքում։ Միայն բռնապետական, միակուսակցական երկիրը կարող էր հարյուր հազարների, միլիոնների մահով կանգնեցնել հարձակումը, տարակարծություն չհանդուրժող համակարգում էր դա հնարավոր, որտեղ մարդուն սոսկ այն բանի համար, որ հանդգնել է ասել՝ նեմեցի զենքը մերից լավ է, անհայտություն էին ճամփում։ Անգամ 1943-1945 թվերին Կարմիր բանակի կորուստները յուրաքանչյուր ճակատամարտում անցնում էր մասնակիցների 25 տոկոսը։ Եվս մի ցցուն թիվ՝ պատերազմի ընթացքում տանկիստի մասնագիտություն յուրացրած 403 հազար 272 մարդուց զոհվել է 310 հազարը։ Եթե մարդն արժեք լիներ, Երկրորդ աշխարհամարտում ամենաշատ զոհ ԽՍՀՄ-ը չէր տա /զինվորագրվածները՝ 34, 5, ռազմաճակատում սպանվածները՝ 8-11, հաշմանդամները՝ 15, 5, գերի ընկածները՝ 4, 5-7, 5, սպանված խաղաղ բնակչությունը՝ 18 միլիոն/, այն դեպքում, երբ բազմաթիվ ճակատներում կռվող գերմանացիներից զոհվեց 6, 9 միլիոն /կորուստների քանակով 2-րդը Չինաստանն է, տարբեր հաշվարկներով՝ 15-20 միլիոն/։

Սոսկալի էր ոչ միայն «խրոխտանալու» համար օրը 100 գրամ օղի ստացող /մարտից առաջ՝ կրկնակի/ վատ սնվող ու վատ զինված զինվորի վիճակը /սկզբում անգամ բավարար քանակով հրացան չունեին/, այլև թիկունքում գտնվողներինը։ Հազիվ 500 կալորիա էր ստանում գործարանում մեկ հերթափոխում 12 ժամ աշխատողը, մարդիկ՝ հիմնականում ծերեր, երեխաներ, կանայք, հաշմանդամներ, քաղցում էին բառի իսկական իմաստով՝ սննդի պակասը երբեմն լրացնելով անասսւնին տրվող քուսպով ու թեփով, տառապում լնդախտից, այլ հիվանդություններից, ուժից վեր աշխատանքից։ Հանրային դաշտից, պահեստից մի բուռ ցորեն, մի քանի կարտոֆիլ թռցրածին մինչև տասը տարի բանտ էր սպառնում։

Եթե չնչին արժեք ուներ իր զինվորը, քաղաքացին, պարզ է, ինչպիսի կլիներ վերաբերմունքը հանդեպ գերիները։ Մեջբերում բրիտանացի ռազմական պատմաբան Մաքս Հեյսթինգսի «Երկրորդ համաշխարհային պատերազմ․ դժոխք երկրի վրա» ստվարածավալ աշխատությունից․ «Երբ Կարմիր բանակը նահանջելիս հարկադրված թողեց հոսպիտալը, որտեղ կար 160 վիրավոր գերմանացի, բոլորին սպանեցին՝ նետելով պատուհանից և կամ փշրելով գանգը ուղղակի մահճակալին։ Հունիսի 23-ին Դուբիս գետի վրա հակահարձակման անցած ռուսներին հանձնված գերմանական ջոկատը հայտնաբերվեց հակառակորդի վերանահանջի հաջորդ օրը։ Հանել էին աչքերը, կտրել սեռական օրգանները, արել այլ վայրագություններ, -գրել է ցնցված գերմանացի սպան» ։ Սա՝ նահանջի առաջին օրերին։ Իսկ թե ինչպիսին էր այդ զինվորը «հանուն Ստալինի» երկիր «ազատագրելիս», տեղեկանանք ռումինաբնակ մեր հայրենակցի՝ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» ուշագրավ գրքից․ «Տիգրան Պետրոսյանը կարմրեց։ Նրանց մեջ միակն է եղել, որն ուրախացել է, երբ 44-ին ռուսները եկել էին։ Առաջինն է գնացել նրանց դիմավորելու։ Վրա է պրծել առաջին զինվորին ու նրա երկու թշերը համբուրել։ Փոքր ինչ շփոթված զինվորը թողել է, որ ողջագուրվի, ապա հանկարծ սթափվել, դաստակը ցույց տալով՝ հրացանի փողը դեմ է արել նրա կզակին։ Սկզբում Տիգրան Պետրոսյանը չի հավատացել, բայց պահունակի շրխկոցը քարացրել է նրան։ Ժամացույցը հանել է թևից ու պարզել նրան։ Սովետական զինվորը պիտի գոհ լիներ։ Տիգրան Պետրոսյանը ժամագործ էր, ճաշակ ուներ։ Զինվորը խլել է ժամացույցն ու Տիգրանին գլորել փոսը։ Այդպես բոլշևիզմի ջերմեռանդ երկրպագու Տիգրան Պետրոսյանը ցեխի մեջ կծկված ու մեկ դաստակը, մեկ կզակը շոյելով, մնացել է անշարժ ու դողալով՝ լինելով առաջինը, թեև անհարմար դիրքով դիմավորել էր սովետական փառապանծ բանակին» ։ Մեկ այլ տեղ․ «Ռուսները եկան, իրենց փոխանները կճաքեին կիներու կարոտեն և չոր կոկորդները՝ վոդկայի» ։ Բազմաթիվ են վկայությունները խորհրդային «ազատարար բանակի» կազմակերպած թալանի մասին․ ՆԿՎԴ-ի հսկողությամբ կողոպտվում էին բանկերը, թանգարանները, անհատների հավաքածուները, խանութները, բնակարանները, կազմաքանդվում և Ռուսաստան փոխադրվում գործարաններ, հոսքագծեր, հոտեր ու նախիրներ, այն ամենը, ինչ արժեք էր ներկայացնում։ Մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու ենթակայության բանակային ուժերում պատերազմի տարիներին հրետանավոր սպա Ալեքսանդր Սոլժենիցինն է սարկազմով գրել․

Победители Европы,

Всюду русские снуют;

В кузова себе суют:

Пылесосы, свечи, вина,

Юбки, тряпки и картины,

Брошки, пряжки, бляшки, блузки,

Пишмашинки не на русском,

Сыр и круги колбасы,

Мелочь утвари домашней,

Рюмки, вилки, туфли, мебель,

Гобелены и весы․․․

Բանակի վերնախավը բացարձակ հոգ չէր տանում գրավյալ վայրերի բնակչության ապահովության մասին․ համատարած էին բռնաբարությունները, ինքնադատաստանները, «ազատարարը» դարձել էր վեներական հիվանդությունների տարածող /որոշ հաշվարկներով՝ 1, 9 միլիոն գերմանուհի են բռնաբարել Կարմիր բանակի զինվորները, նրանցից 10-ը հազարը ինքնասպան է եղել/։ «Ամենուր, որտեղ իշխանությունն անցել էր սովետական հաղթողներին, նրանք տրվում էին խրախճանքներին։ Բռնություններն ու ավերածություններն այնպիսի մասշտաբի էին, ինչպիսին Եվրոպան չէր տեսել 17-րդ դարից հետո», -վերոհիշյալ գրքի ռուսերեն օրինակի 600-րդ էջում գրում է Հեյստինգսը։

Խորհրդային պատմագրությունը միշտ նսեմացրել է այլոց, մասնավորապես անգլիացիների, ամերիկացիների դերը 2-րդ համաշխարհայինում՝ տպավորություն ստեղծելով, թե պատերազմը սոսկ Գերմանիայի և խորհրդային երկրի միջև էր՝ մոռանալով, որ այն իրականում սկսվել էր Գերմանիայի՝ Լեհաստան մուտքից ավելի վաղ /Ճապոնիան 1937-ին էր ներխուժել Չինաստան, Իտալիան 1935-ին՝ Եթովպիա/, որ աշխարհակործան կռվին մասնակցում էր 57 երկիր /այլ տվյալով՝ 61/, որից 30-ը՝ խոշոր, 1, 7 միլիարդ բնակչություն /միայն ռազմական ուժերում՝ 110 միլիոն/, ընդգրկել էր 22 միլիոն քառ․ կմ տարածք, որ դաշնակիցները կռվում էին Ճապոնիայի դեմ Խաղաղ օվկիանոսում, բռնազավթած Չինաստանում, Ֆիլիպիններում, Բիրմայում, գերմանացիների դեմ ճակատ էին բացել Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրականում, նացիստների կողմից պատերազմող կողմ էին Մուսոլինիի Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Անգլիան էր ռմբակոծության տակ, Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային ծովում ու այլուր գերմանական հածանավեր ո սուզանավեր կային, որոնք դժվարացնում էին մարդկային ուժի, տեխնիկայի փոխադրումը Հին մայրցամաք, երկրներ կային, որոնք միջնորդավորված էին մասնակցում պատերազմին։ Կկարողանա՞ր Խորհրդային Միությանը միայնակ հաղթել, եթե չլիներ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ոչ միայն ռազմական մասնակցությունը, այլև նյութական աջակցությունը միլիարդների տեսքով։ Թե որքան է 1941-ի հոկտեմբերի 1-ին կնքած և ամեն տարի թարմացվող փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի տրամադրածը Խորհրդային Միությանը, վկայում են թվերը․ 18 հազար 300 ինքնաթիռ, 11 հազար 900 տանկ, 1900 շոգեքարշ, 66 դիզելային էլեկտրաքարշ, 11 հազար վագոն, 422 հազար հեռախոսասարք, 1 միլիոն կմ հեռախոսալար, 35 հազար 800 ռադիոկայան, 4 միլիոն անվադող, 13 հազար հակաօդային հրանոթ, 44 հազար 500 հաստոց, 15 միլիոն զույգ կոշիկ, 69 միլիոն քառ․ մետր բրդյա գործվածք, 4, 3 միլիոն տոննա բարձրկալորիական մթերք /շաքար, խտացրած կաթ ու կաթի, ձվի փոշի, մսի պահածո, յուղ/, ռելսեր՝ երկաթուղու, ալյումին՝ ինքնաթիռաշինության համար, թերթավոր պողպատ՝ զրահամեքենաների, վառոդ, այլ ապրանքներ։ Պատերազմի ավարտին Կարմիր բանակի տրամադրության տակ կար 665 հազար ավտոմեքենա, որից 477 հազար 785-ը ամերիկյան էին /այդ թվում՝ 51 հազար 581 հրամանատարական ջիպ, 152 հազար 600 սուդերբեքեր/։ Միայն ԱՄՆ-ի հատկացրածը 11, 3 միլիարդ դոլար էր /այն տարիներին անպատկերացնելի մեծ թիվ/։ Առաքումը դադարեցվեց 1945-ի օգոստոսին։ ԱՄՆ-ը համաձայնել էր, որ վերադարձվի միայն պատերազմից հետո չվնասված տեխնիկայի գումարը, ըստ որում՝ 30 տարում, սակայն երախտամոռ «ժողովուրդների հայր» Ստալինը հրաժարվեց՝ ասելով․ «ԽՍՀՄ-ը արյամբ լիովին հատուցել է լենդ-լիզի պարտքը» ։ Հետագայում, ճիշտ է, մի քանի անգամ բարձրացեց խնդիրը, նույնիսկ որոշ գումար՝ 48 միլիոն դոլար, տասնամյակներ անց վերադարձվեց, բայց խորհրդային կայսրության քանդվելուց հետո անիմաստ դարձավ պահանջ ներկայացնելը։

Ի վերջո, սկզբունքներից ելնելով պատերազմին մասնակցած և ԽՍՀՄ-ին ձեռք բեկնած ամերիկացիները և բիտանացիները, դաշնակից մյուս պետությունները մի բռնապետից ազատեցին Եվրոպան, բայց ի զորու չեղան փրկել Արևելյան Եվրոպայի բնակչությանն առավել ճզմիչ սովետական սապոգից, որը տևեց գրեթե կես դար։

Դիտարկումն ամփոփեմ հատկապես մեզ վերաբերող հարցի պատասխանի ճշտումով՝ հայերիս համար այն Երկրորդ աշխարհամարտ էր, թե՞ Մեծ հայրենական։ 600-650 հազար հայ է զինվորագրվել պատերազմին, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից /բնակչության թիվը՝ 1, 282 միլիոն/, 200 հազարը՝ մյուս հանրապետություններից, 100-150 հազարը՝ այլ պետություններից։ Մասնակիցներից 350 հազարը տուն չեկավ, վերադարձածներից շատերը հաշմանդամ էին։ Ափաչափ մեր հանրապետությունը կրեց պատերազմի ողջ ծանրությունը։ Կռվից տարածքային առումով ամենաշահածը դուրս եկած հսկայածավալ տերության մաս կազմող Հայաստանն ի՞նչ ակնկալիք ուներ և ի՞նչ ստացավ հաղթանակից հետո, բացի գերի ընկած հազարավոր անձանց ու նրանց ընտանիքների աքսորից, հետագայում՝ զոհվածների պատվին կառուցված հուշակոթողներից։ Ասում են՝ փրկվեց Թուրքիայի ներխուժումից։ Վերապահումով ընդունենք՝ չմոռանալով սակայն, որ մեր զգուշավոր հարևանը չեզոք երկիր էր, Գերմանիան հաղթության դեպքում ուներ այլ ծրագիր, որից ելնելով էլ տարբեր տվյալներով 26-30 հազար հայ ընդգրկվել էր Հայկական 1-ին և 2-րդ լեգեոնի, Կովկասյան հեծելազորային դիվիզիայում գործող «Հայաստան» գնդի, դիվերսիոն նպատակներով ձևավորված «Աբվեր-104» գերմանական միավորման հայկական «Դրոմեդար» առանձնակի խմբի կազմում /տվյալները պատմաբան Էդվարդ Աբրահամյանի «Մոռացված Լեգեոնը» գրքից են, Երևան, 2005/, որպեսզի Հյուսիսային Կովկասը գրաված ու Այսրկովկաս առաջացող գերմանական ուժերի հետ 1942-ի դեկտեմբերի 15-ին հիմնված Բեռլինի Հայոց ազգային խորհրդի ղեկավարությամբ /հետագայում՝ Կոմիտե/ տեր կանգնեին Հայաստանին։ Այդ կազմակերպությունն էր ներկայացնում եվրոպահայության շահերը Գերմանիայում և գրավյալ տարածքներում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Կարևոր է նշել, որ նացիստների իշխանության գալուց հետո անհրաժեշտ դարձավ նրանց հետ կապ հաստատելը և անվտանգության առումով համագործակցությունը: Երբ Թուրքիայի քարոզչության հետևանքով թափ առան հակահայկական տրամադրությունները` հիմքում ունենալով մեր, իբր, սեմիտական ակունքներից սերումը, Արտաքին քաղվարչության պետ, Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գաղափարախոսության և կրթության հարցերով ղեկավար Ալֆրեդ Ռոզենբերգի հանձնարարությամբ ստեղծվեց հայոց ծագումն ու պատմությունն ուսումնասիրող հանձնաժողով, որը 4 ամիս անց Հիտլերի սեղանին դրեց հակառակը փաստող գիտական ուսումնասիրություն, որում ներառված բազում վավերագրերը, սկսած Դարեհի արձանագրություններից, հաստատում էին հայերի արիացի լինելը: Այդ առումով դրվատանքի արժանի գործ կատարեցին Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը, Ալֆրեդ Մուրադյանը, հայագետ Նորմանը և հատկապես` Բեռլինի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Արտաշես Աբեղյանը /լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի եղբայրը/, որն էլ ընտրվեց Հայոց ազգային խորհրդի նախագահ:

Խորհրդի հիմնումով ու նրա հովանավորության ստանձնումով գերմանացիները մի քանի նպատակ էին հետապնդում, որոնցից գլխավորը ռազմագերիների և գրավյալ տարածքների հայ բնակչության շրջանում նացիզմի օգտին քարոզչության ապահովումն էր, ապա` ազգային երևելի, հեղինակավոր դեմքերի գործունեությունը վերահսկելը, հաղթության պարագայում` ապագա իշխանության նախապատրաստումը: Իսկ որ Այսրկովկասը, այնուհետ Թուրքիան, Պարսկաստանը գրավելու ծրագիր կար, փաստ է: «Գերտրուդ» անվանումով ռազմական գաղտնի պլանով հարձակումը Թուրքիայի վրա նախատեսված էր սկսել 1943-ի փետրվարին, որը, սակայն, Ստալինգրադից հետո մի կողմ դրվեց: Բանն այն է, որ Թուրքիայի երկակի խաղերը հիասթափեցրել էին նացիստներին, իսկ անգլիական ռազմանավերի ելումուտը Բոսֆոր-Դարդանելով չարգելելու վճիռը` զայրացրել, ու նրանք պատժելու հարմարագույն պահի էին սպասում: Բնական է, այդ դեպքում հայկական գործոնը աշխատելու էր: Վտարանդի քաղաքական դեմքերի համագործակցելը նացիստներին լիովին հասկանալի կդառնա, եթե նկատի ունենանք, թե այդ տարիներին ինչ հզոր, հաղթական տերություն էր Գերմանիան: Նախ` վտանգ էր սպառնում 20 հազարից ավելի հայ գերիներին, գրավյալ տարածքներում բնակվող հայերին, որոնց օգնել էր պետք, այնուհետ` իրական էր Այսրկովկասի գրավումը, որին մասնակցության համար շռայլ խոստումներ էին տրվել` Արցախ, Նախիջևան, Ջավախք, Արևմտյան Հայաստան։ Վրացիներին, ադրբեջանցիներին, որպես տարածքային փոխհատուցում, հանձնվելու էին, առաջինին` Սոչիի մարզը, երկրորդին` Իրանի Հյուսիսային Ադրբեջանը: Ասվածին հավելենք, որ 1942-ին Կովկասյան Ազգային կոմիտեներին նացիստները տվել էին Գերմանիային իրավահավասար դաշնակցի կարգավիճակ:

Պատառիկ Հայոց Ազգային Խորհրդի հայտարարությունից՝ հրապարակված Բեռլինում 1943-ի փետրվարի 15-ին գերմաներեն, հայերեն՝ «Ռազմիկ» թերթի հունվարի 23-ի համարում, որն էլ Գարեգին Նժդեհին նվիրված աշխատության մեջ զետեղել է պատմաբան, հրապարակագիր Ռաֆայել Համբարձումյանը. «Հայ Ազգային Խորհուրդը այն համոզումն ունի, որ իր ժողովրդի ճիգերը պետք է պսակվին անով, որ Հայաստան, գերմանական Ռայխի զորավոր օգնությամբ, ինքնավար երկիր մը պիտի դառնա ու որպես այդպիսին կառուցվի»: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե նրա անդամներն իշխանատենչներ էին, խորհրդային տերմինոլոգիայով` կարիերիստներ, ընթերցենք նաև հայտարարության վերջին կետը. «Հայ Ազգային Խորհուրդը ներկա փոխանցման շրջանի օղակ մըն է: Իր իրավասություններն ու գործունեությունը կդադրին այն վայրկեանին, երբ Գերմանիո ղեկավարության տակ Հայաստանին մեջ քաղաքական նոր վարչություն մը ստեղծված պիտի ըլլա»:

Հատուկենտ ողջ մնացածներից մեկի` Թութունջյանի ինքնախոստովանանքից. «Մենք հավատում էինք մեր հաղթանակին և մեր բազմաչարչար հայրենիքի ազատագրությանը, ոչ թե ֆաշիստական գաղափարախոսությանը: Մենք ուղղակի ուզում էինք կենդանի տուն վերադառնալ, փրկել մեր ընտանիքներն ու երկիրը ստալինյան դահիճներից և սովից»:

Միակողմանի չլինելու համար փաստենք, որ նացիստական Գերմանիայի պարտությունից հետո Պոտսդամում 1945-ի հուլիսի 22-ին սկզբում արտգործնախարար Մոլոտովը, ապա և հաջորդ օրը Ստալինը բարձրացրին Կարսի, Արդվինի, Արդահանի մարզերը Խորհրդային Միությանը վերադարձնելու խնդիրը, քանի որ լրացել էր 1925-ի դեկտեմբերի 7-ին Թուրքիայի հետ կնքած բարեկամության և չեզոքության պայմանագրի ժամկետը /Մեջբերում Ստալինի ելույթից՝ եթե Թուրքիան ուզում է մեզ հետ դաշինք կնքել, հարկավոր է շտկել սահմանը, եթե չի ուզում, վերանում է դաշինքի հարցը/, բայց Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒինստոն Չերչիլը և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Հարի Թրումենը հարցը հանեցին օրակարգից՝ նշելով, որ այն վերաբերում է միայն Թուրքիային և Խորհրդային Միությանը, ուստի պիտի լուծվի նրանց միջև։ Հետագայում ևս տարբեր տարիների տարբեր առիթներով խնդիրն արծարծվել է, բայց... արդեն քարոզչական նպատակներով: Ի վերջո, Խորհրդային կառավարությունը 1953-ի մայիսի 30-ին հայտարարեց, որ «բարիդրացիական հարաբերությունները պահպանելու և խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից» ։

Եվ այսպես, ծածկոցը մասամբ բացելուց հետո վերոգրյալն աչքի առաջ ունենալով, արդյո՞ք ճիշտ է, արդարացի 1939-ի սեպտեմբերին սկսված Մեծ աշխարհամարտի փուլերից մեկն առանձնացնելն ու կարևորելը՝ անտեսելով մեկմեկու դեմ ելած թե՛ Հակահիտլերյան դաշինքի ու թե՛ Առանցքի երկրների զորամիավորումների կազմում աշխարհասփյուռ հայության առկայության փաստը։ Ինձ համար հաստատապես ճիշտ ու արդարացի չէ՝ թեկուզև լինելով Հայկական հրաձգային դիվիզիաներից մեկի շարքերում Երկրորդ աշխարհամարտին մասնակցած կապավորի, պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի որդի։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10418 | 0 | 0
Facebook