Loading...

Articles

Վախճանը՝ թույնով

23:44, Thursday, 28 May, 2020
Վախճանը՝ թույնով

Զաքարիա 3-րդ կաթողիկոսն ու նրա ընտանիքը ներկայացել են որպես Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի սերունդ: Զաքարիան ձգտել է իր կաթողիկոսական իշխանությունը տարածել ամբողջ Հայաստանի վրա և իր նպատակին հասել է Ջահանշահի օժանդակությամբ: Այս փադիշահի կամոք Էջմիածնի կաթողիկոսությունը և Լուսավորչի աջը հանձնվել են «թագավորազն» Զաքարիային:

Դառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Զաքարիան սկսել է միջամտել նաև երկրի քաղաքական գործերին: Հասան Ալու ապստամբությունը ճնշելուց հետո Ջահանշահը զորք է ուղարկել Բաղեշի անհնազանդ ամիրա Շարաֆ բեկի դեմ: Պատերազմական գործողություններից հիմնականում տուժել են Բաղեշի ամիրայության գյուղերը: Զաքարիան հաշտարարի դեր է կատարել թուրքմեն գահակալի և քուրդ ամիրայի միջև: Նա համոզել է Շարաֆ բեկին վճարել «կայսերական հարկը» և հնազանդություն հայտնել Ջահանշահին: Համաձայնությունը կայացվել է, և Զաքարիայի ձեռքով հարկը մուծվել է պետական գանձարան, Խլաթի պաշարումը վերացվել է և, ինչպես հայ պատմիչն է գրում, «հայ ու տաճիկ ժողովուրդը ազատվել են դառն գերությունից»:

1461 թվականին Ջահանշահն արշավել է Շիրազ՝ իր որդի Փիր Բուդաղի ապստամբությունը ճնշելու: Անհնազանդ որդին պարտվել է: Օգտվելով հոր բացակայությունից՝ կրկին գլուխ է բարձրացրել մեկ անգամ ջախջախված որդին՝ Հասան Ալին: Հավանաբար Գրիգոր Մակվեցի կաթողիկոսի կուսակից խմբակցության սադրանքով՝ Հասան Ալին մտադրվել է ձերբակալել Զաքարիային և նրանից գանձեր և ունեցվածք պահանջել: Լուր ստանալով այդ մասին՝ Զաքարիան վերցրել է Գրիգոր Լուսավորչի աջը (առանց Գրիգոր Լուսավորչի աջի կաթողիկոսությունն օրինական չի համարվել), հայ եկեղեցու այլ սրբություններ և 1461 թվականի խստաշունչ ձմռանը հեռացել է Բագրևանդ գավառի Բագավան ավան: Այդ ավանից էլ նա մեկնել է Վասպուրական, այցելել է Վան քաղաք, որի կառավարիչը՝ Ջահանշահի եղբայր Մահմուդ բեկը, նրան մեծարանքով ընդունել է: 1461-ի դեկտեմբերի 1-ին Զաքարիան Վանից մեկնել է Աղթամար՝ ընդմիշտ հրաժարվելով Էջմիածին վերադառնալու մտքից:

Հասան Ալիի օժանդակությամբ Էջմիածնի գահաթոռին բազմել է Գրիգոր 5-րդը, որի օրոք Զաքարիա 3-րդը շարունակել է կրել «Հայոց կաթողիկոս» տիտղոսը, բայց նրա հոգևոր իրավազորությունը սահմանափակվել է Աղթամարի աթոռին ենթակա մի քանի գյուղերով:

1463 թվականին Զաքարիա կաթողիկոսը թունավորվել է, հավանաբար, յուրայինների կողմից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4088 | 0 | 0
Facebook