Loading...

Articles

Ներքին զբոսաշրջություն․ վայրեր, ուր կարելի է այցելել այս ամառ

09:17, Tuesday, 19 May, 2020
Ներքին զբոսաշրջություն․ վայրեր, ուր կարելի է այցելել այս ամառ

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրների, Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6%-ով՝ հասնելով 1, 26 միլիոնի։ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 658.971 զբոսաշրջիկ։ Այդ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 63590-ով կամ 10, 2%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստանում աճել է 5, 2%-ով։ Մասնավորապես հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 364, 489 զբոսաշրջիկ։

Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։

Զբոսաշրջիկներին Հայաստանում հետաքրքրում է տուրիզմի գրեթե բոլոր տեսակները՝ ռեկրեացիոն, առողջարարական, ճանաչողական և այլն։

Այժմ փորձենք ավելի մանրամասն ներկայացնենք զբոսաշրջության հիմնական տեսակների զարգացման հեռանկարները մեր հանրապետությունում։


    
    

Ռեկրեացիոն զբոսաշրջություն

Զբոսաշրջության այս տեսակը շատ բազմազան է և իր մեջ ներառում է հանգստի, ազատ ժամանակի անցկացման և զվարճանքի տարբեր ձևեր։ Ըստ նպատակի առանձնացնում են ռեկրեացիայի հետևյալ տեսակները՝ բուժիչ-կուրորտային (օգտագործվում են հետևյալ ռեկրեացիոն ռեսուրսները՝ կլիմայաբուժական, բալնեոլոգիական, ցեխաբուժական), վերականգնողական ու սպոտային (ջրային սպորտ, լող, որս, ձկնորսություն, լեռնագնացություն և այլն), ճանաչողական (մշակույթ) ։

Ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնական ռեկրեացիոն ռեսուրսները շատ բազմազան են: Դրանց թվին են պատկանում մարդու հանգստի, առողջության համար նպաստավոր պայմաններ ունեցող ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, որոնց հիման վրա հնարավոր է կազմակերպել հանգստյան տներ, սպորտային և զբոսաշրջային բազաներ: Սակայն մարդը կարող է իր հանգիստը, ուժերն ու առողջությունը վերականգնել, ոչ միայն բնական նշված ռեկրեացիոն ռեսուրսները օգտագործելով, այլև հաճախելով թանգարաններ, թատրոններ, դիտելով պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող կոթողներ, հուշարձաններ, քաղաքներ, արգելոցներ և մարդու կողմից ստեղծված այլ օբյեկտներ։

Հայաստանի Հանրապետությունը ունի բնածին և մարդածին ռեկրեացիոն բազմաթիվ և բազմատեսակ ռեսուրսներ։

Հանրապետության բնական ռեկրեացիոն հանգստի, բուժման ռեսուրսներից գործնական

նշանակություն ունեն հանքային բուժիչ ջրի բազմազան աղբյուրները, ինչպես նաև տորֆի

որոշ պաշարները:

Հանրապետության տարածքում հայտնաբերված են հանքային ջրի հարյուրավոր աղբյուրներ, որոնցից վաղուց արդեն լայն Ճանաչում ունեն Ջերմուկի հանքային տաք աղբյուրների խումբը` ավելի քան 40ելքով, Արզնու, Հանքավանի, Դիլիջանի, Իջևանի, Բջնու, Արարատի աղբյուրները: Հանքային ջրի աղբյուրներ կան նաև Վայքի այլ վայրերում, Որոտան գետի ավազանում, Սևանի ավազանում և հանրապետության այլ տարածքներում: Բուժման համար օգտագործվող տորֆի պաշարներ կան Լոռու մարզում և Սևանի ավազանում:

Նշված վայրերում էլ հանքային ջրերից բացի առարկա են լեռնային մաքուր օդի, արևային ուլտրամանուշակագույն էներգիայի նախապայմանները սանատորիաների ու հանգստյան տների կազմակերպման համար: Իսկ Սևանա լճի ափերը դրանցից բացի անզուգական են զանգվածային հանգստի, սպորտային միջոցառումների, զբոսաշրջության համար:

Դիլիջանը իր հաքային ջրով, բազմազան կենդանական աշխարհով ու բուսատեսակներով հարուստ անտառներով, Պարզ լճով շատ նպաստավոր է առողջարանային բուժման համար շատ նպաստավոր են նաև Վանաձորի ու առհասարակ Դեբեդ գետի ավազանը, Լոռու սարահարթը, Կապանի անտառաշատ տարածաշրջանները, Արագածի զուլալ լճերը, մաքուր օդ ունեցող լեռնափեշերը:

Զբոսաշրջության համար համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր հազարամյակների պատմություն ունեցող պատմաճարտարապետական կոթողները, բերդավան- ները, եկեղեցական համալիրները:

ՀՀ բնական և մարդածին ռեկրեացիոն ռեսուրսները, որոնք մինչև հիմա աննշան չափով են օգտագործվել, կարող են դառնալ կարևոր բազա միջազգային նշանակություն ունեցող հանգստի ու զբոսաշրջության այնպիսի ինդուստրիա ստեղծելու համար, որը զգալի նշանակություն կունենա ՀՀ տնտեսության համար եկամտի կարևոր աղբյուր:

ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն գտնվում է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում` հանդիսանալով կամուրջ Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի ու Հարավի միջև, ճանապարհորդության, առևտրի, զբոսաշրջության համար նպաստավոր դիրք է զբաղեցրել դեռ վաղ անցյալում:

Ամերիկահայ հանրահայտ նկարիչ Ռոքուել Քենտը գրել է . «Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը»:

Հայաստանն ունի հազարավոր տարիների պատմություն, որի վկայություն են հանդիսանում երկրի տարբեր հատվածներում գոյություն ունեցող հայկական ճարտարապետական կոթողները, որոնք նույնպես գրավում են զբոսաշրջիկներին։

Հայկական ճարտարապետության են վերագրվում հելլենիստական կառույցները։ Ալեքսանդր Մակեոնացու արշավանքներից հետո Մերձավոր Արևելքում սկսված հելլենիզմի (հունականության) դարաշրջանին են վերագրվում սակավաթիվ հուշարձաններ, որոնցից առավել լավ պահպան- ված է Միհր աստծուն նվիրված Գառնու հեթանոսական տաճարը։ Այն կառուցվել է մ.թ.ա․ 77 թվականին և հասակակից է Հռոմի Կոլիզեումին։

Հայկական ճարտարապետության՝ մեզ հասած առավել պահպանված նմուշները վերագրվում են միջնադարին։ Հայաստանն առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն։ Վաղ շրջանի կառույցներից են Ամարասի վանքը, Երերույքի տաճարը, Ծիծեռնավանքը, Էջմիածնի Մայր Տաճարը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ Դրանցից Էջմիածնի մայր տաճարը 7-րդ դարում կառուցված երեք այլ եկեղեցիների հետ (Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Զվարթնոց) 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների հայաստանյան ցանկում։

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետության առավել հայտնի նմուշներից են Գեղարդի վանքը, Ամբերդը, Նորավանքը, Կաքավաբերդը, Ախթալայի ամրոցն ու եկեղեցին, Դադիվանքն ու Գանձասարը, Լոռու և Մեղրու բերդերը, Հաղարծինն ու Գոշավանքը, բազմաթիվ կամուրջներ ու ջրանցքներ, Տաթևի, Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները։ Վերջին երկուսը նույնպես, 1996 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Ճարտարապետական հուշարձաններից ոչ հեռու այժմ գտնվում են հանգստի գոտիներ ու հյուրանոցներ։


    

Առողջարարական զբոսաշրջություն

Առողջարարական զբոսաշրջությունը մարդկանց ճանապարհորդությունն է մի երկրից (տարածաշրջանից) մեկ այլ երկիր (տարածաշրջան)` բուժօգնություն ստանալու նպատակով: Ինքնին հասկանալի է, որ այս երևույթն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ ընդունող երկրում համապատասխան բժշկական ծառայության գին-որակ հարաբերակցությունը լավագույնն է: Առողջարարական տուրիզմի ավելի պատկերավոր սահմանումն այն է, երբ որևէ երկրի բնակիչ ցանկանում է բուժում ստանալ այլ երկրում, որտեղ առաջարկվում են ավելի մատչելի և բարձրորակ ու արագ բուժծառայություններ: Զբոսաշրջության այս տեսակի նպատակն է տարբեր տեսակի հիվանդություններից, սթրես-

ներից, հոգնածությունից ձերբազատվելն ու առողջության պահպանումն է։

Այսինքն, ստացվում է, որ առողջարարակն զբոսաշրջության շնորհիվ նույն գումարով անձը, ընտրելով այլ երկիր, ստանում է և՛ որակյալ բժշկական ծառայություններ, և՛ շրջագայության հնարավորություն: Իհարկե, այս երևույթն ունի իր բացասական կողմը. վատառողջ մարդն ունի աջակցության, հոգեկան ջերմության կարիք, այնինչ նա գտնվում է սեփական երկրից, հարազատներից հեռու: Չնայած այս ճյուղը դեռևս իր զարգացման սկզբնական շրջանում է, սակայն արդեն առկա են որոշակի վիճակագրական տվյալներ: Դրանք ներկայացնենք ստորև:

Եվ այսպես. համաշխարհային բժշկական զբոսաշրջության զգալի մասը բաժին է ընկնում հետևյալ ընդունող երկրներին` Կոստա Ռիկա, Իսրայել, Հնդկաստան, Մեքսիկա, Սինգապուր, Թայլանդ, Թայվան, Թուրքիա, Հարավային Կորեա, ԱՄՆ: Ուշագրավ են Բուլղարիայում այս ոլորտի զարգացման տեմպերը. շնորհիվ հստակ պետական ռազմավարության և արդյունավետ ներդրումային քաղաքականության՝ այս երկիրը բավականին կարճ ժամանակահատվածում արևմտաեվրոպական երկրների համար կարողացավ դառնալ բժշկական զբոսաշրջության «դրախտ» ` հրապուրիչ լինելով բժշկական ծառայությունների գին-որակ հարաբերակցությամբ: Արդյունքում, վերջին տարիներին Բուլղարիայի պետական բյուջեի մի մասը լրացվում է հենց այս ոլորտից ստացված եկամուտների հաշվին:

Բժշկական ծառայությունը համալիր փաթեթ է, որն ունի անհրաժեշտ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ, առողջապահական ոլորտում իրականացվող մասնավոր և պետական ներդրումները, միջազգային չափորոշիչներին հավատարիմ գործունեությունը` միտված որակի բարձր մակարդակի և թափանցիկության պահպանմանը, միջազգային այցելուների հոսքին, բուժծառայությունների մատչելիությանը, բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքին, տուրիստական զարգացած ենթակառուցվածքներին (մատչելի և հարմարավետ հյուրանոցներ, զարգացած քաղաքային և միջքաղաքային տրանսպորտային հանգույց և այլն), քաղաքական և սոցիալական կայունությանը, հիվանդանոցային ծառայությունների բարձր որակին, առողջապահական բնագավառում նորույթներին, գյուտերի առկայությանը և դեպի զբոսաշրջիկը կողմնորոշված բժշկական անձնակազմին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական տուրիզմի արդյունքում հիմնականում ակնկալվում է ստանալ կոսմետիկ վիրաբուժական, ատամնաբուժական, սրտանոթային, օրթոպեդիկ, ուռուցքաբանական, կանանց վերարտադրողական և բուժհետազոտման ծառայություններ: 2015 թ. բուժման նպատակով շրջագայողների թիվը կազմել է 14 մլն մարդ, որոնք ծախսել են 45.5-70 մլրդ ԱՄՆ դոլար: Մասնագետները կանխատեսում են այս ոլորտի տարեցտարի զարգացում և թվային տվյալների աճ:

Իսկ ինչքանո՞վ է Հայաստանը հրապուրիչ առողջարարակն տուրիզմի տեսանկյունից։

Առաջին հայացքից հայաստանցիների մի զգալի մասը վստահորեն կարող է պնդել, որ մենք ունենք առողջարարական զբոսաշրջություն. բոլորս էլ ունենք ծանոթ-բարեկամներ, որոնք ապրելով Հայաստանից դուրս երբեմն այցելում են հայրենիք և այցելությունների ժամանակ օգտվում են տարատեսակ բժշկական ծառայություններից` հետազոտություններ, պլաստիկ վիրաբուժություն, ատամնաբուժական ծառայություններ և այլն:

Մինչև 2013-2014 թթ. ոչ հաճախ, սակայն կարող էինք նկատել, ոչ հայազգի «զբոսաշրջիկների» (հիմնականում հարևան Վրաստանից և ՌԴ ոչ կենտրոնական մարզերից), որոնք այցելում էին մեր երկիր` սրտային և պլաստիկ վիրաբուժական ծառայություններ ստանալու նպատակով:

Ի՞նչ փոխվեց այս ընթացքում: Ի՞նչ խոչընդոտներ հանդես եկան, որոնք նպաստեցին ՀՀ-ում բժշկական զբոսաշրջության (տուրիզմի) հետընթացին: Ի՞նչ կատարվեց, որ նույնիսկ սփյուռքի մի ստվար զանգված արդեն նախընտրում է ատամնաբուժական ծառայություններ և սրտի վիրահատություն ստանալ հարևան Վրաստանում:

Իրականում առաջին հատվածում մեր կողմից թվարկված նախապայմաններից ՀՀ-ում առկա են ընդամենը 2-3-ը. այո, բուժծառայությունների գները բավականին մատչելի են, եթե համեմատենք Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ, ապա, այո՛, ունենք կրթական բարձր մակարդակ և որակավորում ունեցող բժիշկներ:

Սակայն այս ամենը, կարծում ենք, դեռ բավարար չէ, որպեսզի կարողանանք վստահաբար ասել, որ առողջարարական տուրիզմը ՀՀ-ում զարգացում է ապրում: Ընդհակառակը, չունենալով այս ոլորտին վերաբերող հստակ ռազմավարություն, չիրականացնելով ներդրումներ և համակարգված նպատակային ծրագրեր` պետական պատկան մարմինները նույնիսկ հույս էլ չպետք է ունենան, որ այս ճյուղն ինքնահոսի մատնված պետք է զարգացում ապրի:

Ազատականացված չէ բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերությունների գործունեության շուկան, կայացած չէ մասնավոր կլինիկաների ինստիտուտը, բացակայում են առողջապահական ոլորտում հարկային բեռի թեթևացմանը միտված օրենսդրական փոփոխությունները, արտերկրում Հայաստանի բժշկական հաստատությունները գովազդող մարքեթինգային արշավներ չեն իրականացվում (պետական մասշտաբով): Սրանք են, թերևս, այն անելիքները, որոնց միջոցով կարելի է հրապուրիչ դարձնել Հայաստանը` օտար երկրում բուժում փնտրող զբոսաշրջիկների աչքերում:

Կարևոր մի փաստ. 2013 թ. սկզբին կառավարությունը նախաձեռնեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, համաձայն որի ստոմատոլոգիական կաբինետներում յուրաքանչյուր բազկաթոռի համար վճար է սահմանվում 80, 000 ՀՀ դրամը: Կառավարության ղեկավարը, մեկնաբանելով նշված հարկային փոփոխությունը, հպարտորեն նշեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ատամնաբուժարաններով և ատամնաբույժներով Հայաստանն աշխարհի առաջատարներից է, և Հայաստան գալիս են տարբեր երկրներից այդ ծառայություններից օգտվելու, քանի որ դրանք էժան են, մասնագետներն էլ կարողանում են լավ ծառայություններ մատուցել: Այսինքն, ստացվում է, որ, եթե ունենք մի ոլորտ, որտեղ ծառայություններն ինչ-որ երկրների համեմատ ավելի հրապուրիչ են, պետք է մտածենք` ինչպես շտկել «սխալը»` մեծացնելով հարկային բեռը, ներկրողների համար անհավասար պայմաններ ստեղծելով…

Նույն տարվա ամռանը նախաձեռնվեց «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» ծրագիրը: Սա իր դրական ազդեցությունը ունեցավ երկրի տնտեսության վրա։

2016 թվականին հայաստանյան որոշ բժշկական կենտրոններ սրտի ստենդավորման գները նվազեցրեցին մոտ 2 անգամ:

Վերջին շրջանում զարգանում է նաև «վիրահատական զբոսաշրջությունը», երբ այցելուի համար կարևորը ոչ թե տեղանքն է, այլ կոնկրետ բուժհաստատությունն ու նրա մատուցած ծառայությունը: Այս հարցում էապես առաջադիմել է Իսրայելը՝ ստեղծելով ուռուցքաբանական մի քանի կենտրոն:

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 20 տարիների ընթացքում առողջարանային զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ամբողջ աշխարհում: Սա զգալի հեռանկարներ է բացում նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով և՛ ավանդույթները, և՛ առողջարանային բնական գոտիների առկայությունը: Համարվում է, որ միայն ԱՄՆ-ում 110 մլն-ից ավելի խրոնիկ հիվանդ կա, որոնց առողջապահական պոլիսը չի ծածկում բուժման բոլոր ծախսերը: Իսկ քանի որ ԱՄՆ-ում բուժումը շատ թանկ է, շատ ամերիկացիներ նախընտրում են բուժվել արտասահմանյան առողջարաններում: Հարավային Կորեայի իշխանությունները հատուկ սուբսիդիա են տրամադրում առողջապահական կենտրոններին՝ արտասահմացի հիվանդներին գնային ավելի մրցունակ առաջարկներ անելու համար:

Հայաստանում առողջապահական տուրիզմը զարգացած էր հատկապես խորհրդային շրջանում, երբ ստեղծվեցին Ջերմուկի ու Արզնու առողջարանային գոտիները: Ընդհանրապես, Խորհրդային Միությունը մեծ տեղ էր հատկացնում առողջարանային զբոսաշրջությանը՝ որպես առողջ ապրելակերպի միջոց:

Ջերմուկն այս պահին Հայաստանի ամենաթանկ հանգստյան գոտին է՝ շատ փոքր չափով օգտագործելով իր հսկայական առողջապահական ռեսուրսը: Սակայն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագիրը լուրջ խոչընդոտ է առողջարանային ծրագրի համար: Հայաստանում միայն 3 վայրերի համար են կազմված զբոսաշրջությա զարգացման ծրագրեր` Ջերմուկ, Ծաղկաձոր և Տաթեւ, ու դրանցից միայն Ջերմուկն ունի առողջարանային ուղղվածություն:

Առողջարանային զբոսաշրջության լուրջ պոտենցիալ ունեն նաև Արզնին եւ Աղվերանի գոտին: Արզնու նախկին ենթակառուցվածքները քայքայվել են, այնինչ այն շատ հարմար է Երևանին մոտ լինելու առումով: Աղվերանի գոտին զարգանում է ինքնաբերաբար ու որպես ոչ առողջարանային գոտի: Այնինչ Աղվերանի ձորն ունի եզակի միկրոկլիմա, ինչն անգնահատելի է նյարդային ու մի շարք հիվանդությունների դեպքում: Ցավոք, այս ռեսուրսը թերի է օգտագործվում, Աղվերանի ձորում տեղակայված հանգստյան տներից ու հյուրանոցներից ոչ մեկը չի առաջարկում թերապևտիկ ու առողջարանային ծառայություններ:

Հայաստան այցելում են նաև որոշ վիրահատությունների համար, հատկապես՝ պլաստիկ: Գալիս են և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ անգամ Ասիայից: Քչերը գիտեն, հավանաբար, որ Հարավային Կորեայի քաղաքացիները Հայաստանում նախընտրում են հասակի երկարացման վիրահատություն անցկացնել: Երևանի Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում նման վիրահատություններն արժեն 30-40 հազ. դոլար, այնինչ Եվրոպայում դրա համար հարկ կլինի մի քանի անգամ ավելի բարձր գին վճարել: Երևանը հայտնի է նաև որպես քթի պլաստիկ վիրահատման համեմատաբար էժան կենտրոն:

Սակայն, զբոսաշրջության առողջարանային ուղղվածությունը Հայաստանում առայժմ լուրջ բիզնես հետաքրքրություն չէ, իսկ պետական հատկացումներ չեն արվում (ինչպես Հարավային Կորեայում): Սակայն, ակնհայտորեն, առողջարանային բիզնեսը հայկական զբոսաշրջային համակարգի մրցունակության բարձրացման կարևոր գործոն կարող է դառնալ:


    
    
    

Ճանաչողական զբոսաշրջություն

Այս տեսակի հիմնական նպատակը հետաքրքրության բավարարումն է։

Ճանաչողական զբոսաշրջությունը կատարվում է այս կամ այն տեղանքի բնությունը, պատմամշակութային հուշարձաններն այցելելու, տեղի բնակչության կենցաղին և ավանդույթներին, գիտության բնագավառում կատարված ձեռքբերումներին, արվեստի ազգային ձևերին, արհեստներին ծանոթանալու նպատակով:

Պատահական չէ, որ մեր երկիրը անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ» ։ Մեր երկիրն, իրոք, հարուստ է գեղատեսիլ վայրերով` պատմական և մշակութային նշանակության հուշարձաններով: Հայաստանը զարդարում են ավելի քան չորս հազար ինքնատիպ հուշարձանները, որոնց թվում հարկ է նշել Տաթևի վանքը, հին Հայաստանի մայրաքաղաքներ Արտաշատի և Արմավիրի ավերակները, Գառնու հեթանոսական տաճարը, Էջմիածնի Մայր տաճարը: Հայաստան աշխարհի առանձնահատկությունն այն է, որ վերջինիս տարածքում տեղակայված են ինչպես մինչքրիստոնեական, այնպես էլ քրիստոնեական շրջանի մշակութային բացառիկ արժեքներ: ՈՒրարտական քաղաքներ Թեյշեբաինի և Էրեբունի քաղաքների կողքին գոյակցում են Գեղարդավանքը, Նորավանքն ու Սևանավանքը:

Հայաստանի Գեղարքունիքի մարզում է գտնվում Կովկասի ամենախոշոր լիճը՝ Սևանը, ինչպես նաև աշխարհի ամենաքաղցրահամ լճերից մեկը։ Գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 80 մ-ի: Սևանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Հրազդան և Սևան գետերի ջուրն օգտագործվում է Սևան կասկադի հիդրոէլեկտրակայանի (հէկ) համար: Սևանի ջրի մակարդակը բարձրացնելու նպատակով կառուցվել է 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Իսկ 1978 թ. ստեղծվել է Սևանի ազգային պարկը: Հնում Սևանա լիճը հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով։

Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ։

Երբևէ տեսել եք քաղաք կամ գյուղ, ուր կան հարյուրավոր տներ, և ոչ մի բնակիչ` «մեռած» քաղաք, վայր, որտեղ 50 տարի առաջ դեռ կար բնակչություն: Գորիս քաղաքից 8 կմ դեպի արևելք ընկած հեռավորության վրա` ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա` խորը ձորի լանջերին` ուշագրավ ժայռերի գրկում է գտնվում Հայաստանի հետաքրքրական վայրերից մեկը` Հին Խնձորեսկը: Անբացատրելի է այն տպավորությունը, երբ նայում ես Խնձորեսկի անմատչելի ժայռերի վրա գտնվող քարայրներին: Մարդիկ, դարեր շարունակ ապրելով աշխարհից ասես կտրված այս անկյունում` ժայռերի մեջ, բնության գրկում, մշտապես պաշտպանվել են թշնամիներից, սովից, տապից, անձրևից և գիշատիչներից: Հետաքրիր է, որ մարդիկ ապրել են այս քարայրներում մինչև 1958 թվականը, երբ Հայաստանն արդեն զարգացած արդյունաբերական երկիր էր: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Բնակելի շատ տներ կառուցվել են գետնից 20-30 մ բարձրության վրա` մեկը մյուսի վրա, երբ առաջինի տանիքը հիմք է հանդիսացել երկրորդի համար: Այստեղ գործել են եկեղեցի և դպրոց. Դա խոսում է մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև 18-րդ դարի առաջին քառորդում թուրքական և պարսկական նվաճողների դեմ պայքարող մեծ զորավար Մխիթար Սպարապետի գերեզմանը: Հին խնձորեսկը պատմական հուշարձան է, որը գտնվում է պետական պաշտպանության տակ:

Պատմական Հայաստանի ամեն մի անկյուն հռչակված է եզակի ճարտարապետությամբ: Դրա վառ վկայությունն են Արագածոտնի մարզում` Արագած լեռան մոտ` ժայռերոտ տեղանքում, գտնվող Ամբերդ միջնադարյան բերդաքաղաքը և ամրոցը: Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ ՈՒշագրավ է եկեղեցին, որն առաջիններից է, որ խաչաթևերի չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ: 10-րդ դարում շինություները պատկանել են Պահլավունիներին, իսկ 1236 թվականին դրանք ավերվել են մոնղոլների կողմից: Որոշ վկայությունների համաձայն` եկեղեցին և ամրոցը, ինչպես նաև հարակից մյուս հուշարձանները, հիմնադրվել են Աշոտ Երկաթի կողմից:

Հայաստան այցելելն ավելի հեշտ է, քան Դուք կարծում եք: Իսկ այդ ճանապարհորդության տպավորությունները Ձեզ կուղեկցեն Ձեր ողջ կյանքի ընթացքում: Հայաստանի գեղատեսիլ վայրերը պարզապես անքննելի են` Գառնիի ճարտարապետական համալիրը, Արփա գետը, ողջ աշխարհին հայտնի Այրիվանքը, և սա դեռ ամենը չէ: Ուշագրավ են նաև Հայաստանի բնական հուշարձանները` Խնձորեսկի քարայրները, քաղցրահամ Սևանա լիճը և գեղեցիկ լեռնային բնապատկերները, որոնք սպասում են իրենց այցելուներին:


    
    
    

Էթնիկ զբոսաշրջություն

Էթնիկ զբոսաշրջույը զբոսաշրջության երիտասարդ և քիչ ուսումնասիրված ճյուղերից մեկն է: Չնայած որ այն նոր առաջացած ճյուղ է, այնուամենայնիվ զարգանում է արագընթաց տեմպերով: Նման արագ զարգացումը կարելի է կապել տեխնիկական առաջընթացի և գլոբալիզացման տեմպերի հետ: Քանի որ ինչքան ավելանում են գիտատեխնիկական հայտնագործությունները, այնքան մարդկությունը ձգտում է դեպի ավանդական, էկզոտիկ մշակույթները: Հենց նման էկզոտիկ մշակույթների բացահայտմանն է ուղղված էթնիկ զբոսաշրջությունը։

Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում ստեղծել է մշակութային բազում արժեքներ, որոնք քաղաքակիրթ աշխարհում լայն ճանաչման ու գնահատանքի են արժանացել։ Քանի որ արդեն նշել ենք, որ էթնիկ տուրիզմի ժամանակ զբոսաշրջիկի հիմնա-կան նպատակը տվյալ էթնիկ խմբի մշակույթին և սովորույթներին անմիջապես առնչվելն է, հետևաբար Հայաստանի ներուժը այս ոլորտում բավականին մեծ է։ Նշենք մի քանի ռեսուրսներ, որոնք կարող են խթանել էթնիկ զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում․

· Հայ ժողովրդի կենցաղը, ծեսերն ու տոները

· Պար ու երաժշտություն

· Արհեստներ՝ գորգագործությունը, մանրանկարչությունը, խաչքարագործությունը, փայտագործությունը

· Տարազ

· Ազգային յուրահատուկ երաժշտական գործիքները

· Խոհանոց

· Ազգային փոքրամասնություններ


    
    

Հաշվի առնելով հայկական մեծ սփյուռքի առկայությունը, կարող ենք ասել, որ այն ևս զգալի դեր կարող է խաղալ Հայաստանում էթնիկ տուրիզմի զարգացման համար: Ապագայում հայերի՝ իրենց ծննդավայր կատարվելիք այցելությունները կարող են մեծ բաժին կազմել Հայաստանում էթնիկ տուրիզմի սեգմենտում: Քանի որ էթնիկ տուրիզմը ներառում է նաև այցելություններ, որոնք ուղղված են դեպի ակունքներ, երբ զբոսաշրջիկը վերադառնում է իր ծննդավայր՝ ծանոթանալու իր ազգային մշակույթին և ավանդույթներին:

Էթնիկ տուրիզմի զարգացման կարևոր գործոն է համարվում նաև նոր էթնիկ ենթակառուցվածքների ստեղծումը: Այն չի ենթադրում նոր ազգային էթնիկ տարրերի ստեղծում, այլ էթնիկ մշակութային տարրերի համախմբումն է: Այն իրենից ենթադրում է ազգային էթնիկ պարկերի ստեղծումը: Ի՞նչ են իրենցից ներկայացնում ազգային էթնիկ պարկերը: Չնայած Հայաստանի հարուստ ավանդույթների և պատմության, այսօր հազվադեպ կարող ենք հանդիպել էթնիկ կենցաղով ապրող մարդկանց:

Նման էթնիկ-ազգային պարկը իրենից ենթադրում է բոլոր էթնիկ տարրերի միավորում, մի վայր որտեղ կարելի է հանդիպել բոլոր սովորույթները, կենցաղը, ծեսերը ինչպես նաև էթնիկ սիմվոլները: Էթնիկ-ազգային պարկ կարող է հանդիսանալ ցանկացած գյուղ կամ համայնք, որը ապրելով իր ավանդական կենցաղով և ավանդույթներով ինքնին կհանդիսանա որպես զբոսաշրջային գրավչություն էթնիկ տուրիզմի դեպքում: Էթնիկ գյուղում զբոսաշրջիկը ոչ միայն հետևում կամ ծանոթանում է կենցաղին, այլ նաև ինքն անձամբ մաս է կազմում այդ ամենի: Շնորհիվ զբոսաշրջիկների համար կազմակերպվող խաղերի, ծիսական արարողությունների և մի շարք անիմացիոն ծրագրերի զբոսաշրջիկը լիարժեք պատկերացում է կազմում տվյալ էթնիկ խմբի սովորույթների և ավանդույթների մասին: Եվ իհարկե նման էթնիկ-ազգային պարկերը կարելի է ստեղծել Հայաստանի տարբեր մարզերում: Նման ձևով մենք կկարողանանք ապահովել զբոսաշրջության կայուն և համաչափ զարգացում, ընդգրկելով ոչ միայն քաղաքները, այլ նաև գյուղերը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր մարզում ներկայացնել հայ էթնիկ մշակույթը համեմված տեղական բազմաթիվ սովորույթներով:

Նման էթնիկ-ազգային պարկերի ստեղծումը նաև կբարձրացնի բնակչության կենսամակարդակը գյուղական և մարզային համայնքներում: Այն մեծ հաշվով կլուծի նաև գործազրկության խնդիրը, քանի որ մարդիկ ապրելով իրենց կենցաղով, ավանդույթներով և ծեսերով հնարավորություն են ունենում զբոսաշրջիկներին ծանոթացնելու իրենց կենցաղին, որը բերում է զբոսաշրջային այցելությունների աճի, որից էլ հետևում են նոր եկամուտներ և զարգացած տնտեսություն:

Եվ իհարկե ամենամեծ ազդեցությունը, որ նման էթնիկ-ազգային պարկերի ստեղծումը կարող է ունենալ, թերևս, մարդկանց մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացնելն ու այն պահպանելն է:


    
    

Կրոնական զբոսաշրջություն

Այս տեսակը հիմնված է կրոնական պահանջմունքների վրա և ենթադրում է այցելություններ դեպի սուրբ վայրեր։ Անհիշելի ժամանակներից սկսած մարդիկ ճանապարհորդել են կրոնական նպատակներով և մասնակցել տարատեսակ կրոնական միջոցառումների և իրականացրել ուխտագնացություն։

Աշխարհում զբոսաշրջային գրավչության օբյեկտների շուրջ 90%-ը կապված են կրոնի հետ։ Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գնահատման յուրաքանչյուր տարի 300-330 մլն զբոսաշրջիկ այցելում է աշխարհի հիմնական կրոնական կենտրոնները։ Համաձայն ՄԱԿ ԶՀԿ կանխատեսումների՝ XXI դարում զբոսաշրջության առավել հեռանակարային ձևերից առաջին տեղում է լինելու կրոնական, այդ թվում՝ ուխտագնացության զբոսաշրջությունը։

Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացման համար կան զգալի ներուժ և նախադրյալներ, հարուստ պատմամշակութային ժառանգություն, այդ թվում՝ հուշարձաններ, որոնցից են․

1) Խոր Վիրապ (Լուսառատ գյուղ, Արարատի մարզ)

Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, ինչպես նաև հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի՝ կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Սուրբ Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:

Խոր Վիրապը XVII դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է:

Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7, 8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը:

2) Էջմիածնի Մայր տաճար (Վաղարշապատ, Արմավիրի մարզ)

Մայր տաճարը, ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ։ Մայր տաճարն աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար: Այստեղ են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Գետարգելիսբ. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, Սուրբ Գևորգ Զորավարի, Սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգ- ության ցանկում է։


    

3) Գառնու հեթանոսական տաճար (Գառնի գյուղ, Կոտայքի մարզ)

Գառնու տաճարը՝ հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում։ Տրդատ Ա թագավորը 66 թվականին թագադրվելուց անմիջապես հետո իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցել է նաև Գառնու բերդը և կառուցել նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում պիտի կառուցեր Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավորաստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։


    

4) Գեղարդի վանք (Գողթ գյուղ, Կոտայքի մարզ)

Գեղարդի վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439) ։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։

Գեղարդի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

«Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվել է սուրբ Գեղարդը` այն նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Մայր Տաճարում։ Այժմ այն գտնվում Մայր Տաճարի թանգարանում։


    

5) Տաթևի վանական համալիր (Տաթև գյուղ, Սյունիքի մարզ)

Կարևորագույն հուշարձաններից է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրն իր ճարտարագիտական լուծումներով և դիրքով, որը հիմնադրվել է IV դարում։ 895 թ. Տաթևի վանքը եղել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենադարան:

Հայաստանում ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքներից է Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գործող «Տաթևեր» ճոպանուղին (5.7 կմ), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը։

Կրոնական զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

· Ամրապնդել, զարգացնել և համաշխարհային շուկայում խթանել Հայաստանի` որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր նկարագիրը,

· ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ կրոնական զբոսաշրջության զարգացմանը,

· ձևավորել նոր, մրցունակ կրոնական զբոսաշրջային արդյունքներ,

· որոշել հայկական կրոնական զբոսաշրջային արդյունքի շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,

· բարելավել և զարգացնել կրոնական զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները,

· ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,

· ապահովել կրոնական երթուղիներում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը,

· զարգացնել մարդկային ռեսուրսները,

· բարելավել կրոնական զբոսաշրջային կենտրոնների և երթուղիների կառավարումը,

· խթանել կրոնական զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն:


    

Արկածային զբոսաշրջություն

Արկածային զբոսաշրջությունը հանգստի հատուկ ձև է, որի պարտադիր պայմաններն են․

ա) այցելություն էկզոտիկ վայրեր,

բ) գործունեության անսովոր ձևերով զբաղվելը

Արկածային զբոսաշրջության տարրերից կարելի է համարել տրանսպորտի անսովոր ձևերով ճանապարհորդությունները, որոնցից են ձիերով, փղերով, օդապարիկներով, ուղտերով տեղափոխությունները։ Մեծ մասամբ արկածային տուրիզմը կապված է բարձր աստիճանի ռիսկայնության, զգալի ֆիզիկական ջանքեր գործադրելու հետ, ներառում է անորոշության տարրեր, ճանապարհորդության ընթացքում անակնկալներ, անսպասելի իրավիճակներ, որոնք զբոսաշրջիկների մոտ առաջացնում են հուզմունք, ոգևորություն, ադրենալին։ Հետևաբար արկածային զբոսաշրջությունը պահանջում է քաջություն, դիմացկունություն, հատուկ կարոություններ և հմտություններ։

Արկածային զբոսաշրջությունը վերջին տարիներին զարգանում է նաև Հայաստանում։ Հիմա ներկայաացնենք մի քանի վայրեր, որը կհետաքրքրի բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր սիրում են արկածներ․

1) Դժոխքի Ձոր (Արարատի մարզ)

Դժոխքի Ձորը գտնվում է Նախ-իջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։

Որպես արկածային զբոսաշրջության զանբաժանելի մաս պետք է նշել ժայռամագլցումը։ Հայաստանում մագլցման համար լավ մշակված մի շարք ժայռեր ունենք։ Դժոխքի ձորը ամենահայտնիներից մեկն է։ Տարածքում կարելի է կազմակերպել վրանային հանգիստ, ժայռամագլցում, highline, ինչպես նաև այն հիանալի վայր է արշավելու համար։


    

2) Խուստուփ լեռը (Սյունիքի մարզ)

Երկրի հարավային շրջանում է գտնվում Խուստուփ լեռը, որն ունի 3201 մ բարձրություն, ժայռոտ գագաթ և մոգական ձգողություն։ Շատ մարդիկ այն համարում են ամենագեղեցիկ լեռը Հայաստանում։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Սյունիք, Արցախ և Պարսկաստան: Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը։


    

3) Հին Խոտ (Սյունիքի մարզ)

Հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Տաթևի վանական համալիր, բայց քչերը գիտեն, թե ինչեր են թաքնված ներքևում՝ Որոտանի կիրճում։ Երբեմն այդ վայրերը անվանում են հայկական Մաչու Պիկչու․ լքված բնակավայրեր, ջրվեժներ, եկեղեցիներ։ Թերևս ամենահայտնին Հին Խոտ լքված բնակավայրն է։ Բնակավայրը գտնվում է Կապանից 67 կմ դեպի հյուսիս-արևելք, Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր սարավանդի՝ ծովի մակերևույթից մոտ 1500 մետր բարձրության վրա, շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ Հին գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբանադաշտեր, հին գերեզմանոցներ, որոնցից մեկի տարածքում պահպանվել են 12-րդ դարում կառուցված Կարմիր վանքի ավերակները։ Զբոսաշրջային գործակալություններն արդեն ներառել են Հին Խոտի, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Հին Շինուհայրի ու Հին Հալիձորի նմանատիպ հնավայրերը հետիոտնային երթուղիներում։


    

4) Ծաղկաձոր (Կոտայքի մարզ)

Ձմեռային էքստրիմի սիրահարների համար լավագույն տարբերակը թերևս Ծաղկաձորն է։ Լեռնադահուկային սպորտի համար բավական զարգացած ենթակառուցվածքներ ունի քաղաքը։ Գործում է բազկաթոռային ճոպանուղի, որը գտնվում է ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա։ Ամեն տարի բացվում են նոր հարմարավետ հյուրանոցներ։

5) Yell Extreme Park (Տավուշի մարզ, Ենոքավան համայնք)

Յելլ Էքսթրիմ Պարկը Հայաստանի ամենամեծ արկածների այգին է, որը հնարավորություն է ընձեռում զբաղվել էքսթրեմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ լինելու անհրաժեշտության: Այն մեկ վայրում միավորում է 8-ից ավելի ծառայություն:

Յելլ Էքսթրիմ Պարկը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ Երևանից և Թբիլիսիից հավասար 142 կմ հեռավորության վրա: Տարածքում առկա է ռեստորան (գտնվում է Ապագա Ռեզորթում) և ֆուդկորտ:

Յելլ Էքսթրիմ Պարկի ծախայությունները են՝

1) Զիփլայն

Զիփլայնը թույլ է տալիս էքստրեմալ զգացողությունների սիրահարներին ճոպանի և ձգողականաթյան ուժի շնորհիվ ﬕ վայրից հասնել մյուս վայրը: Yell Extreme Park-ը առաջարկում է Զիփլայնի 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750մ երկարությամբ, իսկ բարձրությունը 200-300 մ է:

Մինչ թռիչքը տեղի է ունենում հատուկ թրեյնինգ՝ անվտանգության կանոնների վերաբերյալ: Տուրի տևողությունը մոտ 1.5 ժամ է:

2) Փորձությունների այգի

Փորձությունների այգին կատարյալ վայր է ընկերների և ընտանիքի հետ հիանալի ժամանակ անցկացնելու համար: Ընդհանուր առմամբ Rope Park-ում կան 9 տարբեր փորձություններ, որոնք իրենց մեջ ներառում են գերաններով և ճոպաններով տարբեր անցարաններ, ինչպես նաև ծառից ծառ փոքր զիփլայններով թռիչքներ: Պետք է պահել հավասարակշռությունը պարանների վրա, անցնել կամուրջների վրայով և մագլցել այլ խոչընդոտների միջով:

3) Ձիավարություն

Ձիավարությունը տևում է 20 րոպեից մինչև 3 ժամ։ Արշավներն իրականցվում են հարակից դաշտերում և լեռնրում։ Հնարավոր է կազմակերպել մինչև 7 օր տևողությամբ ձիարշավ-ներ։

4) Փեյնթբոլ

Փեյնթբոլը թիմային խաղ է, որի ժամանակ թիմերը պայքարում են տարածքում տեղակայված դրոշը գրավելու համար: Հաղթում է այն թիմը, որն ավելի շուտ է կարողանում դրոշը գրավել:

Զենքերը լիցքավորված են գունավոր հեղուկով լցված գնդակներով: Տարածքում առկա են նաև փոքրիկ խրամատներ և ապաստարաններ, որոնք օգնում են խաղացողներին և ավելի հետաքրքիր դարձնում պայքարը:

5) Off-road տուր

Արտաճանապարհային երթևեկություն Yell Truck-ով: Վերջինս իրենից ներկայացնում է քառանիվ մեքենայով բազմաթիվ խոչընդոտների, բարդությունների և արգելքների հաղթահարում: Ճանապարհորդության ընթացքում մեքենան շրջում է պարկի վերևի հատվածում գտնվող Ենոքավանի բարձրադիր սարերում:

6) Վիա ֆերատտա

Բարձրադիր ժայռի վրայով հորիզոնական ձգված է 250 մետր երկարությամբ ապահովագրական ճոպան:

Մասնակիցները քայլում են ժայռից ամրացված մետաղական հենարանների վրայով և հայտնվում հսկայական ժայռի կենտրոնում, որտեղից բացվում է հիանալի տեսարան: Ժայռի բարձրությունը 70 մ է։


    

7) Ժայռամագլցում

Ժայռամագլցման ուղիները երեքն են` 12-ից մինչև 25 մետր երկարությամբ:

Մագլցման ընթացքում մասնակիցներին ամրացվում է անվտանգության պարան, իսկ ամբողջ ընթացքը վերահսկվում է փորձառու մասնագետների կողմից:

8) Պարապլան

Պարագլայդինգը բարձունքից թռիչքներն են։ Թռիչքը իրականացվում է փորձառու օդաչուի հետ միասին, իսկ վայրէջքը ամբողջությամբ կառավարելի է: Ծառայությունը իր մեջ ներառում է վիդեո նկարահանում և Երևանից տեղափոխում:

Թռիչքներն իրականացվում են Սևանում, Ապարանում կամ Yell Extreme Park-ի հիմնական տարածքում:
    
     Հեղինակ՝ Եղիշ Մարուքյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6184 | 0 | 0
Facebook