Loading...

Articles

COVID-19. Կարել Չապեկի մարգարեությունը՝ 1937 թ.-ին

ArzArt NEWS
Spokesperson:
ArzArt NEWS
20:10, Wednesday, 15 April, 2020
COVID-19. Կարել Չապեկի մարգարեությունը՝ 1937 թ.-ին
    
Ովքեր չեն էլ լսել Կարել Չապեկի մասին, հիմա, երբ անորոշ ժամանակով փակված ենք մեր տներում, կարող են ընթերցել: Չկա այսօրվա համար առավել բնորոշ ու գրեթե մարգարեական գործ, քան Չապեկի «Սպիտակ հիվանդություն» պիեսը
՝ գրված 1937-ին: Չինաստանից եկած այս անհասկանալի վարակի՝ Սպիտակ հիվանդության առաջ բժշկությունն անզոր է: Միակ բանը, որ հայտնի է՝ առավել խոցելի են 50-ին մոտ մարդիկ: Հիվանդությունը տարածվել է աշխարհով:
    
     Պիեսը հայերեն թարգմանված չէ: Ռուսերենից թարգմանել եմ կրճատումներով:
Լիլիենտալի անվան պետական կլինիկա: Լրագրողը հարցազրույց է վերցնում պրոֆեսոր Սիգելիուսից:
Լրագրող -Պարոն պրոֆեսոր, մեր թերթը կցանկանար լսել ամենահեղինակավոր մեկից...
Սիգելիուս - … Այսպես կոչված՝ սպիտակ հիվանդության կամ Պեկինյան բորոտության մասի՞ն: Ցավոք, դրա մասին չափազանց շատ են գրում: Եվ շատ դիլետանտաբար: Հիվանդություններով պետք է զբաղվեն միայն բժիշկները: Բավական է գրեք հիվանդության մասին թերթում, ու ընթերցողների մեծ մասը նույն պահին կսկսի իր վրա փնտրել ախտանշանները:
Լրագրող -Այո, բայց մեր թերթը հենց ցանկանում է հանգստացնել հանրությանը:
Սիգելիուս -Իսկ ինչու՞ հանգստացնել: Հիվանդությունը շատ ծանր է և տարածվում է ձնահյուսքի պես: Աշխարհի բոլոր կլինիկաները միջոց են փնտրում, բայց գիտությունն առայժմ անզոր է: Գրեք, որ հիվանդության առաջին նշաններից հետո յուրաքանչյուրը պետք է դիմի բժշկի, ահա և ամբողջը:
Լրագրող -Իսկ բժի՞շկը:
Սիգելիուս -Բժիշկը քսուք դուրս կգրի: Աղքատներին՝ մարգանցովկայի քսուկ, հարուստներին՝ պերուական բալզամ:
Լրագրող -Եվ դա օգնու՞մ է:
Սիգելիուս -Այո: Գարշահոտի դեմ, երբ կբացվեն վերքերը: Դա հիվանդության երկրորդ աստիճանն է:
Լրագրող -Իսկ երրորդը՞:
Սիգելիուս -Իսկ երրորդին արդեն օգնում է մորֆին: Միայն մորֆին: Գարշելի հիվանդություն:
Լրագրող -Վարակի՞չ է:
Սիգելիուս -Այն տարածվում է անհավանական արագությամբ: Ջանք չենք խնայում, պաքարում ենք, այսպես կոչված, պեկինյան բորոտության դեմ: Ես դրա մասին հայտնել եմ, երբ ոչ ոք դեռ չէր էլ մտածում, որ այն ինչ-որ ժամանակ անց պանդեմիայի կվերածվի:
Լրագրող -Ներեցեք, ինչի՞ կվերածվի:
Սիգելիուս -Պանդեմիայի: Հիվանդության, որը ձնահյուսքի պես կտարածվի ամբողջ երկրագնդով մեկ: Չինաստանում գրեթե ամեն տարի նոր հետաքրքիր հիվանդություն է հայտնվում՝ աղքատությամբ պայմանավորված: Բայց դրանցից և ոչ մեկը մինչ օրս այսքան ժողովուրդ չէր ոչնչացրել: Սա իսկապես մեր օրերի ժանտախտ է: Այն արդեն հնձել է հինգ միլիոն մարդ: Տասներկու միլիոնը հիվանդ է, երեք անգամ ավելին էլ ման է գալիս՝ չիմանալով, որ հիվանդ է… Մենք աշխատում ենք՝ առանց հանգստանալու: Առայժմ վստահաբար մի բան կարող ենք ասել՝ հիվանդությունը վարակում է միայն քառասունհինգ և բարձր տարիք ունեցողներին: Ակնհայտ է, դրա համար բարենպաստ պայմաններ են մարդու օրգանիզմում տեղի ունեցող այն բնական փոփոխությունները, որոնց մենք ծերացում ենք անվանում:
Լրագրող -Դա արտակարգ հետաքրքիր է:
Սիգելիուս -Կարծու՞մ եք: Քանի՞ տարեկան եք:
Լրագրող -Երեսուն:
Սիգելիուս -Ավելի մեծ լինեիք, դա Ձեզ այդքան հետաքրքիր չէր թվա: Հիվանդության առաջին իսկ ախտանշաններից հետո կանխատեսումը բացարձակ անվրեպ է. մահը վրա է հասնում երեքից հինգ ամսվա ընթացքում: Սովորաբար՝ արյան վարակումից:
Լրագրող -Մեր ընթերցողներին, իհարկե, առավել հետաքրքրում է՝ ինչպե՞ս պաշտպանվել այս հիվանդությունից:
Սիգելիուս -Ոչ մի կերպ: Բացարձակ անհնար է: Յուրաքանչյուրը, ով քառասունից բարձր է, դատապարտված է: Ձեր ընթերցողներին հետաքրքրում է՝ ինչպե՞ս պաշտպանվել: Ասացեք խնդրեմ. ինձ էլ է հետաքրքիր: Աստված իմ, որքան անզոր է գիտությունը:
Լրագրող -Գուցե, որպես ամփոփում, մի քանի քաջալերող խո՞սք ասեք:
Սիգելիուս -Այո: Գրեք ձեր թերթում, որ սրա հետ պետք է հաշտվել:
Պրոֆեսոր Սիգելիուսի աշխատասենյակ: Ներս է մտնում Գալենը՝ աղքատների հիվանդանոցի բժիշկը:
Գալեն -Ես, պարոն պրոֆեսոր, բուժում եմ թշվառներին: Վերջին ժամանակներում, երբ տարածվել է սպիտակ հիվանդությունը, երբ տեսնում ես ՝ ինչպես է մարդը ողջ-ողջ քայքայվում ընտանիքի աչքի առաջ... Ու այդ անտանելի գարշահոտը…
Սիգելիուս -Պետք է օգտվել դեզոդորանտներից, կոլեգա:
Գալեն -Այո, բայց այնքան ուզում ես փրկել այդ մարդկանց: Ես հարյուրավոր սարսափելի դեպքեր եմ ունեցել: Եվ ես ասացի ինքս ինձ՝ պետք էինչ-որ բան անել: Փորձել: Կարդացի այս հիվանդության մասին եղած ամբողջ գրականությունը: Բայց, ներեցեք, պարոն խորհրդական…այնտեղ չկա: Չկա բուժման ճիշտ մեթոդը:
Սիգելիուս -Իսկ Դուք գիտե՞ք այդ մթոդը:
Գալեն -Այո՜, կարծում եմ՝ գիտեմ:
Սիգելիուս -Ախ, կարծու՛մ եք: Դուք, հավանաբար, ունեք սպիտակ հիվանդության Ձեր անձնական տեսությունը:
Գալեն -Այո:
Սիգելիուս -Դե բավական է: Երբ հիվանդության դեմ չի հաջողվում միջոց գտնել, դրա մասին տեսություն են հորինում: Ինչ վերաբերում է սպիտակ հիվանդությանը, առաջարկում եմ կիրառել դեզոդորանտներ: Հետո մորֆի, կոլեգա, ամենակարևորը մորֆին է: Վերջիվերջո, մենք նրա համար ենք, որ մեղմացնենք հիվանդների տանջանքները: Գոնե՝ վճարունակների: Ավելին ասել Ձեզ չեմ կարող: Հաճելի էր ծանոթանալը:
Գալեն -Բայց ես կարողանում եմ բուժել սպիտակ հիվանդությունը: Ես այն փորձարկել եմ մի քանի հարյուր հիվանդի վրա: Այն դրական արդյունքներ է տալիս:
Սիգելիուս -Ապաքինվողների տոկո՞սը:
Գալեն -Մոտավորապես վաթսուն: Եվ քսանն էլ դեռևս հաստատման փուլում է:
Սիգելիուս -Եթե ասեիք «Հարյուր տոկոս», Ձեզ դուրս կշպրտեի՝ որպես խելագարի կամ շառլատանի: Ինչպե՞ս վարվեմ Ձեզ հետ: Կոլեգա, ես Ձեզ հասկանում եմ. դա հրաշալի իլյուզիա է՝ գտնել միջոց՝ սպիտակ հիվանդության դեմ: Դա Ձեզ փառք կբերեր, հեքիաթային կլիենտուրա, Նոբելյան մրցանակ, համալսարանական ամբիոն: Կդառնայիք Պաստերից ու Կոխից հայտնի, Լիլիենտալից հայտնի… Նման հեռանկարը կարող է գլխապտույտ առաջացնել:
Գալեն -Ես կցանկանայի փորձարկել իմ մեթոդը Ձեր կլինիկայում, պարո՜ն պրոֆեսոր:
Սիգելիուս -Իմ կլինիկայու՞մ: Որպիսի՛ պարզամտություն: Դուք, կարծեմ, օտա՞ր ծագում ունեք:
Գալեն -Այո, ես ծնունդով Պերգամից եմ, Հունաստանից:
Սիգելիուս -Տեսնու՞մ եք: Ինչպե՞ս կարող եմ օտարազգի մեկին մոտ թողնել Լիլիենտալի անվան պետական կլինիկա:
Գալեն -Բայց ես տեղի քաղաքացիություն ունեմ: Ես մանկությունից…
Սիգելիուս -Բայց ծագու՛մը, կոլեա, ծագու՛մը:
Գալեն -Պարոն պրոֆեսոր, թույլ տվեք բուժման իմ մեթոդը կիրառեմ մի քանի հիվանդների վրա, որոնց անհույս եք համարում:
Սիգելիուս -Նրանք բոլորն անհույս են, Գալեն: Բայց Ձեր խնդրանքը կատարելն այնքան էլ հեշտ չէ: Բայց, լավ, ներկայացրեք Ձեր մեթոդը, մենք այն, առիթը ներկայանալուն պես, կստուգենք:
Գալեն -Ներեցեք, բայց քանի դեռ իմ մեթոդը կլինիկական փորձարկում չի անցել, ես այն ոչ մեկին չեմ բացի:
Սիգելիուս -Անգամ ի՞նձ:
Գալեն -Ներեցե՜ք: Ոչ մեկին:
Սիգելիուս -Ներեցեք, ոչնչով օգնել չեմ կարող:
Գալեն -Այնքան սարսափելի հիվանդություն է: Հնարավոր է, մի օր, Դուք էլ, պարոն խորհրդական…
Սիգելիուս -Ի-ի՞նչ:
Գալեն -Ոչինչ, ուղղակի… Հնարավոր է, պարոն խորհրդականին մի օր իմ դեղը հարկավոր լինի:
Սիգելիուս -Ինչու՞ եք դա ասում, Գալե՛ն, սոսկալի, ահավոր հիվանդություն: Չէի ցանկանա ողջ-ողջ քայքայվել: Սա չլսված ամբարտավանություն է: Ձեռքերս քոր են գալիս՝ գլորել Ձեզ աստիճաններից: Հասկանում եմ. յուրաքանչյուր բժիշկ ցանկանում է իր գիտելիքից առավելագույնս շահույթ ստանալ: Բայց բուժումը կոմերցիոն գաղտնիքի՞ վերածել, անպատվաբեր է բժշկի համար: Այդպես կարող են անել հեքիմները, շառլատաններն ու սպեկուլյանտները: Ես առաջնորդվում եմ բացառապես բժշկության շահերից, կոլեգա: Հանուն դրա՝ պետք է զոհաբերել ամեն ինչ, որքան էլ տհաճ լինի դա անելը: Եթե ցանկանում եք, կարող եք հենց այս պահին նայել հիվանդներին (վերցնում է խոսափողը): Ավագ բուժքույր, ուղեկցեք բժիշկ Գալենին տասներեքերորդ պալատ (13-րդ պալատում մեռնող աղքատներն են: Դնում է խոսափողը): Ձեզ՝ հաջողություն: (Գալենը դուրս է գալիս): Անիծյալ սպեկուլյանտնե՜ր: (Մոտենում է հայելուն ու մանրամասն ուսումնասիրում դեմքը): Ոչինչ չկա: Առա՜յժ չկա:
Միջին դասի ընտանիք՝ հավաքված երեկոյան սեղանի շուրջ: Հայրը թերթ է կարդում:
Հայր -Դարձյալ այդ հիվանդության մասին են գրում: Հանգիստ չունենք դրանից:
Մայր -Երրորդ հարկի այն տիկնոջ վիճակն անտանելի է: Նրա մոտ մտնել արդեն ոչ ոք չի էլ փորձում: Զգացի՞ր ինչ հոտ էր աստիճանների վրա:
Հայր -Ահա, հարցազրույց կա պալատական խորհրդական Սիգելիուսի հետ: Նա համաշխարհային մեծություն է, մամոչկա, նրան կարելի է վստահել: Դե, կտեսնես, նա կհաստատի իմ կարծիքը: Բոլոր վախերը սպիտակ հիվանդության շուրջ փչոց է: Ինչ-որ տեղ բորոտության դեպք է արձանագրվել, և թերթերն անմիջապես սենսացիա են դարձնում: Հայտնի է. բավական է՝ մեկը գրիպով պառկի, բոլորը գոռում են, որ նրա մոտ սպիտակ հիվանդություն է: Այս ամենը խուճապ է… Ահա, հետաքրքիր է… Սիգելիուսը հայտարարում է, որ այս հիվանդությունը եկել է Չինաստանից: Ես միշտ եմ ասել. Չինաստանը պետք է եվրոպական գաղութ դարձնել, կարգուկանոն հաստատել, ու ամեն բան իր տեղը կընկնի: Զուր ենք թույլ տալիս գույություն ունենալ նման հետամնաց երկրներին: Սով, կարիք, ոչ մի հիգիենա, ու, ահա, խնդրեմ, սպիտակ հիվանդություն: Սիգելիուսն ասում է, որ այն, այնուամենայնիվ, վարակիչ է: Պետք է միջոցներ ձեռնարկել:
Մայր (հույսով) -Ինչպիսի՞:
Հայր -Փակել բոլոր այդ հիվանդներին, մեկուսացնել նրանց առողջներից: Ում մոտ սպիտակ բիծ է հայտնվում, անմիջապե՜ս: Ինչ ահավոր է սա, մամոչկա, որ մեր շենքու՜մ են թույլ տալիս մեռնել այդ կնգան: Անգամ տուն գալն է վախենալու դառնում: Աստիճաններին այնպիսի գարշահոտություն է:
Մայր -Ես գոնե նրան ապուր տանեի: Նա, ախր, լրիվ մենակ է:
Հայր -Մտքովդ չանցնի: Այնտեղ վարակ կա: Դու քո այդ բարեսրտությամբ այդ հիվանդությունը տուն կբերես: Մեր այս միջանցքը պետք է դեզինֆեկցիա անել: Հլա սպասի…Ախ, ի՞նչ էշի մեկն է այս լրագրողը: Գրում է, թե…Զարմանալի է, ո՞նց է գրաքննությունը բաց թողել սա: Ախ, ապուշ: Նա գրում է, թե այդ հիվանդությունից պաշտպանվելն անհնար է, որ այն սպառնում է բոլորին, ով հիսունին մոտ է: Բթամի՜տ: Ինչպե՞ս է հանդգնում նման բաներ գրել: Սրանց թերթն այլևս չեմ գնելու: Ես սա էսպես չեմ թողնի:
Մայր (կարդում է) -Լսի՛ր, հայր, բայց սրանք հենց պրոֆեսոր Սիգելիուսի խոսքերն են:
Հայր -Անհեթեթություն: Չի կարող նման բան լինել գիտության ու քաղաքակրթության նման մակարդակում: Միջնադարու՞մ ենք ապրում, ի՞նչ է, որ մեզ ժանտախտը սպանի: Հիսուն տարին շատ է, հա՞: Մեզ մոտ մեկը հիվանդացել էր, ընդամենը քառասունհինգ տարեկան էր: Ու՞ր է արդարությունը, եթե այս զահրումարով պետք է հիվանդանան միայն նրանք, ովքեր հիսունին մոտ են:
Աղջիկ (բազմոցին պառկած՝ սիրավեպ է կարդում) -Ախ, պապ, պետք է, չէ՞, ինչ-որ պահի տեղը ջահելներին զիջել: Մեզ համար այնքան բարդ է տեղավորվելը:
Հայր -Հրաշալի՜ է: Լսու՞մ ես, մա՜յր: Դուրս է գալիս՝ ծնողները ձեզ կերակրում են, ծնողները ձեզ համար՝ առանց հանգստանալու, աշխատում են, ու նրանք էլ խանգարու՞մ են: Ձեզ ճանապա՜րհ չեն տալիս, հա՞: Թող մեռնեն բորոտությունից, միայն թե ձեզ համար տեղ ազատվի, հա՞:
Մայր -Նա դա նկատի չուներ, հա՜յր:
Հայր -Նկատի չուներ, բայց հենց դա էլ ասաց: Ուրեմն, աղջիկս, ճիշտ կլիներ, որ հայրդ մորդ հետ հիսուն տարեկանում այն աշխարհ գնան, հա՞:
Աղջիկ -Միանգամից անձնավորում ես: Ես առհասարա՜կ եմ ասում, պա՜պ: Մեր ժամանակներում երիտասարդներին շատ դժվար է աշխատանք գտնելը: Աշխարհում բոլորի համար պարզապես տեղ չկա: Պետք են ինչ-որ փոփոխություններ, որ երիտասարդները ևս, վերջիվերջո, կարողանան ինքնուրույն ապրել:
Հայր -Ուրեմն, ձեզ համար մենք ծաղկուն հասակում պիտի մեռնե՞նք: (Ներս է մտնում որդին):
Որդի -Ի՞նչ թեմայով է վեճը:
Մայր -Հայրդ փոքր-ինչ հուզված է, կարդացել է թերթում այդ հիվանդության մասին:
Աղջիկ -Ես միայն ասացի, որ պետք են ինչ-որ փոփոխություններ, որպեսզի ճանապարհ բացվի նոր սերնդի համար:
Որդի -Իհարկե, պա՜պ: Եթե այս սպիտակ հիվանդությունը չլիներ, չգիտեմ էլ՝ ի՞նչ կլիներ մեր հալը: Քույրս անգամ ամուսնանալ չի կարողանում, իսկ ես…Առաջ դիպլոմով էլ ոչ մի տեղ չէիր ընդունվի: Հիմա, երևի, ավելի հեշտ կլինի:
Հայր -Հենց սատկեն բոլոր հիսունամյաները, հա՞:
Որդի -Հենց այդպես: Միայն թե այս ժանտախտը չպետք է դադարի:
Չապեկի պիեսում տեղի է ունենում այն, որ Գալենի մեթոդն իրեն արդարացնում է 100 %-ով: Սիգելիուսի կլինիկա է շտապում մեծ ու հզոր եվրոպական պետության ղեկավարը՝ Մարշալը:
     Սիգելիուսը քծնանքով խոնարհվում է Մարշալի առաջ. «Ձերդ Գերազանցություն, խոսքեր չունեմ: Մենք՝ գիտության մարդիկս, հասկանում ենք, իհարկե, որքան աննշան են մեր արժանիքները այն մեկի արժանիքների հանդեպ, ով ազատեց մեր ազգային օրգանիզմը ավելի ահարկու հիվանդություններից՝ ամենաթողության խոցից, բարբարոսական ազատության համաճարակից, ծախվածության բորոտությունից ու սոցիալական քայքայվածության գանգրենայից, որոնք սպառնում էին մեր ողջ ժողովրդին (խրախուսական շշուկներ. «Սքանչելի է: Բրավո»): Ես, օգտվելով առիթից, ուզում եմ խոնարհվել ՝ որպես մի հասարակ բժիշկ մեկ այլ հզոր բժշկի առաջ, որը բժշկեց մեզ քաղաքական բորոտությունից, խոնարհվել նրա առաջ, ով ՝ ըստ անհրաժեշտության, կիրառեց վիրաբուժական, սակայն այնքան բուժիչ թերապիա:
* * *
Հավաքվել են լրագրողներ: Նրանց առաջ Սիգելիուսը Մարշալի մեծահոգության մասին խոսքեր է ասում ու արագ հեռանում: Հայտնվում է բժիշկ Գալենը:
Գալեն -Ներեցե՜ք, պարոնա՜յք: Խնդրում եմ փոխանցեք, որ ես բժիշկ Գալենն եմ, աղքատների բժիշկը
Լրագրող -Ու՞մ փոխանցենք:
Գալեն -Ու՞մ: Աշխարհի բոլոր կառավարություններին: Գրեք նրանց, որ ես խնդրում եմ…Հասկանու՞մ եք ինչն է խնդիրը. Ես մասնակցել եմ պատերազմին, բժիշկ էի: Եվ ես ուզում եմ, որ այլևս պատերազմ չլինի: Խնդրում եմ, գրեք նրանց այդ մասին:
Լրագրող-Դուք կարծում եք՝ նրանք Ձեզ կլսե՞ն:
Գալեն -Ասեք նրանց՝ հակառակ դեպքում նրանք կմեռնեն սպիտակ հիվանդությունից: Դեղը իմ գաղտնիքն է, հասկանու՞մ եք: Իսկ ես այն չեմ բացահայտի, քանի դեռ չեմ ստանա հավաստիացում, որ այլևս պատերազմներ չեն լինի: Խնդրում եմ, փոխանցեք նրանց, որ սա իմ անվերապահ պայմանն է: Ես լուրջ եմ խոսում: Ոչ ոք՝ ինձնից բացի, չգիտի դեղի բաղադրությունը: Ասեք նրանց, որ իրենք արդեն ծեր են: Բոլորը, ովքեր ղեկավարում են աշխարհը: Ասեք, որ նրանք ողջ-ողջ կքայքայվեն, ինչպես տասներկուերորդ պալատի հիվանդները: Ասեք, որ նման ճակատագիր է սպասում բոլոր մարդկանց, ողջ մարդկությանը:
Լրագրող -Եվ դուք թույլ կտաք, որ մարդիկ մեռնե՞ն:
Գալեն -Իսկ դուք կարող եք հնարավոր համարել, որ նրանց սպանե՞ն: Եթե մարդիկ կարող են միմյանց սպանել արճիճով, գազով, էլ ինչու՞ ենք մենք՝ բժիշկներս, փրկում նրանց մահից: Եթե դուք իմանայիք՝ ինչ աննկարարելի չարչարանք է փրկել, օրինակ, հիվանդ երեխային կամ բուժել ողնաշարաբորբը: Բժշկի անմիջական պարտականությունն է կանխարգելել պատերազմը: Թող աշխարհը հրաժարվի պատերազմից ու բռնությունից, ու ես դրա դիմաց կտամ սպիտակ հիվանդությունը բուժող իմ դեղը:
Լրագրող-Բացառվում է: Դրան հիմա չի գնա և ոչ մի պետություն:
Գալեն -Չի՞ գնա: Թույլ կտա, որ իր բնակչությունը մահանա այս սարսափելի համաճարակի՞ց: Այդքան մարդ պիտի զուր տանջվի՞: Ու մարդիկ կհաշտվե՞ն դրա հետ: Կարծում եք՝ նրանք չե՞ն ընդվզի: Ու կառավարիչներն էլ ողջ-ողջ կսկսեն քայքայվել: Ասում եմ ձեզ, նրանք կվախենան: Բոլո՜րը կվախենան: Դուք փոխանցեք մարդկանց՝ մի վախեցեք, սպիտակ հիվանդությունից բուժվելու դեղամիջոց կա՜: Ստիպեք միայն ձեր կառավարություններին՝ մշտական խաղաղության դաշինք կնքել: Եվ սպիտակ հիվանդության վերջը կգա:
Լրագրող -Իսկ եթե ոչ մի պետություն չհամաձայնի՞:
Գալեն -Ես իմ դեղը չեմ տա:
Լրագրող -Եվ ի՞նչ կանեք:
Գալեն -Կշարունակեմ բուժել իմ աղքատներին:
Լրագրող -Իսկ հարուստներին կմերժե՞ք բուժել:
Գալեն -Չե՜մ բուժի նրանց: Հարուստներն ավելի ազդեցիկ են: Եթե հզորներն ու հարուստներն իրոք խաղաղություն ուզեն, նրանք կարող են: Եթե միայն հիվանդանոցների վրա ծախսվեր այնքան, որքան տանկերի…
Արագորեն ներս է մտնում Սիգելիուսը:
Սիգելիուս -Լրագրողներին խնդրում եմ հեռանալ կլինիկայից: Բժիշկ Գալենը նյարդային խանգարում ունի:
Լրագրողներ -Բայց մենք ցանկանում էինք նաև իմանալ…
Սիգելիուս -Պարոնայք, այստեղ, հարևանությամբ վարակիչ հիվանդներ են: Ձեր իսկ շահերից է հեռանալը: (Լրագրողները հեռանում են): Գալե՜ն, Դուք խելքներդ թռցրե՞լ եք: Իմ կլինիկայի պատերի ներսում նման վնասակար ելույթներ չեմ հանդուրժի: Այն էլ այսպիսի օրով: Ես պիտի անմիջապես, տեղում, Ձեզ հանձնեի իշխանություններին՝ էքստրեմիզմի համար, հասկացա՞ք: Բայց գիտեմ, որ գերհոգնած եք: Գնանք ինձ մոտ: Դուք կհայտնեք ինձ Ձեր դեղի քիմիական բաղադրությունն ու ընդունման ճշգրիտ սխեման, հետո կգնաք հանգստանալու: Ձեզ անհրաժեշտ է հանգիսը:
Գալեն -Ես իմ պայմաններն արդեն հայտնել եմ: Առանց դրանց՝ չեմ կարող հայտնել իմ դեղի բաղադրությունը:
Սիգելիուս -Դուք կամ խելագար եք, կա՜մ պետական դավաճան: Վերջին անգամ եմ ասում՝ պահեք Ձեզ բժշկի նման: Ձեր պարտքն է՝ օգնել հիվանդներին, մնացածի հետ գործ չունեք:
Գալեն -Բայց ես բժիշկ եմ և չեմ ուզում, որ մարդիկ սպանեն իրար:
Սիգելիուս -Իսկ ես իմ կլինիկայի պատերից ներս արգելում եմ նման ելույթները: Մենք ծառայում ենք ոչ թե ինչ-որ հումանիզմի, այլ գիտությանն ու մեր ազգին: Մի մոռացեք, որ սա պետակա՜ն կլինիկա է: Դուք օտար ծագում ունեք: Հասկանալի է, որ այդ պատճառով էլ չունեք հստակ գիտակցում՝ որն է մեր ազգի պատմական առաքելությունն ու ապագան: Վերջին անգամ եմ առաջարկում՝ հայտնել ինձ Ձեր դեղի բանաձևը:
Գալեն -Ցավում եմ:
Սիգելիուս -Ձեր ոտքը չտեսնեմ իմ կլինիկայում: Թող ավելի լավ է ողջ մարդկությունը մահանա սպիտակ հիվանդությունից, քան ես մի րոպե էլ հանդուրժեմ Ձեր այդ խաղաղասիրական վարակը:
Գալեն -Դուք՝ որպես բժիշկ, չպիտի այդպես խոսեիք:
Սիգելիուս -Ես միայն բժիշկ չեմ: Փառք Տիրոջը, ես դեռ պետության ծառան եմ:
Ընտանիքը՝ երեկոյան, սեղանի շուրջ:
Հայր (թերթ է կարդում) -Տեսնու՞մ ես, մա՜յր, արդեն կա սպիտակ հիվանդության դեմ դեղը:
Մայր -Փառք Աստծո:
Հայր -Ասում էի, չէ՞: Քաղաքակրթության ներկա հաջողությունների պայմաններում անհնար է, որ այսքան մարդ մեռնի: Անկեղծ, ինձ զգում եմ այնպես, կարծես նորից եմ ծնվել: Ամեն դեպքում, վախենալու էր: Մեզ մոտ սպիտակ հիվանդությունը գերեզման իջեցրեց երեսունից ավելի աշխատողների: Բոլորը հիսուն էլ չկային:
Մայր -Խեղճ մարդիկ:
Հայր -Այսօր ինձ կանչեց անձամբ բարոն Կրյուգն ու ասում է. «Գլխավոր հաշվապահի մահվան կապակցությամբ Դուք կընդունեք ողջ հաշվապահության ղեկավարությունը»: Այնպիսի՛ երջանիկ օր է:
Մայր -Շատ ուրախ եմ քեզ համար:
Հայր -Իսկ քեզ համա՞ր: Պատկերացրու, դա լրացուցիչ տասներկու հազար է՝ տարեկան: Այն շշի մեջ դեռ բան մնացե՞լ է, որ նվիրել էի քեզ ծնունդիդ: (Թերթ է կարդում) «…Կործանարար, քան միջնադարյան ժանտախտը»: Բայց հիմա արդեն միջնադար չէ: (Շարունակում է կարդալ): Դե, պարզ է. մեր Մարշալը հերոս է… (Վայր է դնում թերթը): Այսպիսով՝ գլխավոր հաշվապահ: (Մայրը բերում է շիշն ու բաժակ): Ինչու՞ մեկ բաժակ: Դու ինձ հետ, ի՞նչ է, չե՞ս խմի:
Մայր -Չէ:
Հայր -Դե, ուրեմն, քո առողջության համար, մայրի՛կ: (Խմում է): Կհամբուրե՞ս ինձ:
Մայր -Չէ՜, կներես, ինձ հանգիստ թող:
Հայր (իրեն էլի է լցնում) . Կրյուգի կոնցերնի գլխավոր հաշվապահ: Վատ կարիերա չի, մա՛յր: Գիտե՞ս, այդ տեղի համար մի հինգ հոգի էլ պտտվում էր: Բայց բոլորն էլ մեռան: Բոլորն էլ սպիտակ հիվանդությունից…Եվ մեր աղջիկն էլ կամուսնանա, որովհետև փեսացուն գործ գտավ, մեր տղան էլ ծառայության կանցնի: Անկեղծ կասեմ. փառք Աստծո, որ հայտնվեց այս սպիտակ հիվանդությունը:
Մայր -Աստվա՛ծ իմ, ինչպե՞ս կարող ես:
Հայր -Բայց դա այդպես է: Միայն մտածիր. այն օգնեց և մեզ, և՛ շատ ուրիշների: Պետք է շնորհակալություն հայտնենք ճակատագրին, մամոչկա: Չլիներ սպիտակ հիվանդությունը, չգիտեմ էլ՝ կկարողանայի՞նք ապրել այնպես, ինչպես հիմա: Իսկ հիմա դրա դեմ դեղ էլ կա, այնպես որ, այն մեզ համար այլևս սարսափելի էլ չէ: Բայց ես դեռ չհասցրեցի մինչև վերջ կարդալ: (Վերցնում է թերթը): Պրոֆեսոր Սիգելիուս՝ պայծառ գլուխ: Այս դեղը ստացել են նրա՛ կլինիկայում: Ինքը՝ Մարշալն է անձամբ այնտեղ գնացել: Գրում են, որ դա անմոռանալի պահ էր: Հավատում եմ: Մարշալին մեկ անգամ եմ միայն տեսել, մի վայրկյանով: Մեքենայում էր: Հզոր մարդ է, մա՛յր: Մեծագու՛յն հրամանատար:
Մայր -Պատերազմ լինելու՞ է:
Հայր -Ինքդ էլ հասկանում ես. լինելու՛ է: Մեղք կլիներ չպատերազմելը, երբ այսպիսի փայլուն հրամանատար ունենք: Կրյուգի գործարաններում երեք հերթափոխով են աշխատում՝ ռազմական պատվերներ են: Այստեղ-այնտեղ չասես. հիմա մեզ մոտ նոր թունավորող գազ են ստանում: Մի ընտիր բան: Կառուցում ենք վեց նոր ֆաբրիկա: Լինել Կրյուգի մոտ գլխավոր հաշվապահ հիմա՝ բարձր վստահություն է: Ես չէի էլ ստանձնի այդ աշխատանքը, եթե չգիտակցեի բարձր քաղաքացիական պարտականությունս:
Մայր -Միայն թե մեր տղան ստիպված չլինի պատերազմ գնալ:
Հայր -Մի՜ անհանգստացիր. պատերազմը մեկ շաբաթ էլ չի տևի: Հակառակորդը կջախջախվի՝ մինչև կհասցնի հասկանալ, որ այն սկսվել է: Ահա թե ինչպես է դա արվում մեր օրերում, մամոչկա: Իսկ հիմա թույլ տուր ավարտեմ հոդվածը: (Դադար): Ախ, սրիկա՛: Ինչպե՜ս են դա հանդուրժում: Ու դեռ թերթերում էլ գրում են նրա մասին: Ես առանց այստեղ-այնտեղ նայելու՝ կհրամայեի այդ տիպին գնդակահարել: Դա, ախր, դավաճան է:
Մայր -Ո՞վ:
Հայր -Այստեղ ասված է, որ դեղը հայտնագործել է ինչ-որ Գալեն: Եվ նա, իբր, չի բացի իր գաղտնիքը ոչ մի պետության, քանի դեռ որևէ մեկը չի ստիպել մյուսներին կնքել մշտական խաղաղության պայմանագիր:
Մայր -Ի՞նչ վատ բան կա այդտեղ:
Հայր -Հիմար հարց: Դրան չի գնա աշխարհի ոչ մի պետություն: Զու՞ր ենք ծախսել այդքան միլիարդներ՝ զինվելու համար: Մշտական խաղաղությու՛ն: Սա ուղղակի հանցագործություն է: Քո կարծիքով, փակե՞ն Կրյուգի ձեռնարկությունները: Երկու հարյուր հազար մարդ շպրտեն փողո՞ց: Այդ տիպին պիտի բա՛նտ ուղարկեն: Խոսել այսօր խաղաղության մասին՝ նշանակում է խռովություն հրահրել:
Մայր -Բայց եթե նա հայտնագործել է դեղը…
Հայր -Դա դեռ հարց է: Կարծում եմ, այդ անասունը անգամ բժիշկ էլ չէ, այլ գաղտնի գործակալ ու էքստրեմիստ՝ ծախված ինչ-որ օտար պետության: Նստացնե՛լ նրան՝ առանց խոսքուզրույցի:
Մայր -Իսկ եթե դեղն իրո՞ք ու ազդում է:
Հայր -Ավելի՛ վատ: Այդ դեպքում, կսեղմեի նրա մատներն աքցաններով: Կխոսե՜ր: Հիմա կան միջոցներ՝ ստիպել, որ մարդիկ խոսեն: Թե՞ պիտի թողնեն, որ այդ սրիկան մեզ սպանի սպիտակ հիվանդությամբ՝ խաղաղության պես մի հիմար ուտոպիայի համար: Այ քեզ հումանիզմ:
Մայր (թերթին նայելով) -Այդ բժիշկն ընդամենն ասում է, որ ուզում է դադարեցնել սպանությունները:
Հայր -Տակա՛նք: Իսկ ազգի փառքը նրա համար ոչնչ է, հա՞: Ով սպանությունների դեմ է, նա մեր հիմնարար շահերին դեմ է, հասկացա՞ր:
Մայր -Ես կուզեի, որ խաղաղություն լիներ բոլորիս համար:
Հայր -Դե հիմա ուղիղ ասեմ. եթե ստիպված լինեի ընտրել սպիտակ հիվանդության ու մշտական խաղաղության միջև, կընտրեի սպիտակ հիվանդությունը: Էդպես էլ իմացի՛ր:
Մայր -Դու՛ գիտես:
Հայր -Ի՞նչ է պատահել քեզ այսօր: Ինչու՞ է վիզդ թաշկինակով կապված: Մրսու՞մ ես:
Մայր -Չէ՛:
Հայր -Դե հանիր: Այստե՛ղ տուր: (Պոկում է նրա վրայից թաշկինակը: Մայրը լուռ վեր է կենում): Աստված իմ: Պարանոցիդ վրա սպիտակ բիծ կա:
* * *
Շուտով հիվանդանում է նաև ռազմական արդյունաբերության բոսը՝ բարոն Կրյուգը: Ու սկսում է այլ աչքով նայել պատերազմի ու խաղաղության հարցին, քանի որ սեղանին արդեն իր սեփական կյանքն է: Ահա, նա էլ է գալիս պրոֆեսոր Սիգելիուսի մոտ:
Բարոն Կրյուգ -Ինչպե՞ս են գործերը:
Սիգելիուս -Ավաղ, վարակը տարածվում է: Բարեբախտաբար, ժողովուրդն առավել կենտրոնացած է սպասվելիք պատերազմի վրա, քան սպիտակ հիվանդության: Տրամադրությունն առույգ է: Բացարձակ վստահություն…
Կրյուգ -…Որ կհաջողվի հաղթահարե՞լ հիվանդությունը:
Սիգելիուս -Ոչ, որ մենք կհաղթենք պատերազմը: Ողջ ազգը հավատում է Մարշալին, Ձեզ և ձեր հրաշալի բանակին: Դեռ երբեք նման բարեհաջող պահ չենք ունեցել:
Կրյուգ -Իսկ սպիտակ հիվանդության բուժումը դեռ գտնված չէ՞:
Սիգելիուս -Դեռևս ոչ՝ բացի նրանից, ինչ ունի Գալենը: Այդ ծալապակասի մեթոդն արդյունքներ է տալիս:
Կրյուգ -Վստահելի՞:
Սիգելիուս -Ցավոք, հաջող ՝ գրեթե հարյուր տոկոսով: Այդ խելագարը կարծում էր, որ շանտաժի միջոցով կարող է մեզ փաթաթել իր անմիտ ուտոպիան:
Կրյուգ -Եվ բժիշկ Գալենը սկզբունքորե՞ն չի բուժում հարուստներին:
Սիգելիուս -Այո: Ֆանատիկոս է: Շարունակում է երազել հավերժական խաղաղության մասին: Որպես բժիշկ՝ կարող եմ ասել, որ ճիշտ կլիներ նրան հոգեբուժարանում տեղավորել:
Կրյուգ -Ուրեմն, սպիտակ հիվանդության դեմ ոչ մի միջոց չկա՞:
Սիգելիուս -Փառք Աստծո, կա: Վերջին օրերին երջանկությոն ունեցա հասնել ուղղակի փայլուն հաջողության: Դեռևս դա խիստ գաղտնի է, բայց, հասկանալի է, ոչ Ձեզնից: Առաջիկայում օրենք կընդունվի՝ բռնի մեկուսացնել սպիտակ հիվանդություն ունեցողներին: Ի՛մ գաղափարն է, բարո՛ն: Անձամբ Մարշալն է խոստացել աջակցել ինձ: Սա մեծագույն հաջողություն կլինի համաճարակի դեմ պայքարում:
Կրյուգ -Իրոք, հրաշալի արդյունք է; Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեկուսացումը:
Սիգելիուս -Ճամբարներում, բարո՛ն: Յուրաքանչյուրը, ում մոտ կհայտնաբերվի սպիտակ բիծ, կուղարկվի խիստ պահպանվող ճամբար:
Կրյուգ -Եվ այնտեղ նրանք բոլորն աստիճանաբար կմեռնե՞ն:
Սիգելիուս -Այո, բայց բժիշկների հսկողության տակ: Սպիտակ հիվանդությունը վարակիչ է, և ամեն հիվանդ տարածում է վարակը: Պետք է պաշտպանել նրանից մյուսներին: Մեզ բոլորիս, սիրելի բարո՛ն: Այս գործում սենտիմենտալությունը հանցանք է: Հիվանդներին, որոնք կփորձեն փախչել ճամբարից, կգնդակահարեն: Վարակի տարածման դեմն առնել է պետք բռնի միջոցներով, այլ ճանապարհ չունենք: Վաղուց ժամանակն է պահել այդ հիվանդներին փշալարերի ետևում՝ առանց գեթ մեկ բացառության:
Կրյուգ -Այո, կարևորը՝ ոչ մի բացառություն:
Սիգելիուս -Ձեզ ի՞նչ պատահեց:
Կրյուգ (կտրուկ շարժումով բացելով վերնաշապիկը) -Գուցե նայեք այստե՞ղ:
Սիգելիուս (դադարից հետո) . Կարող եք կոճկվել, բարո՛ն:
Կրյուգ -Ի՞նքն է:
Սիգելիուս -Դեռևս դժվար է ասել:
Կրյուգ -Երախտապարտ եմ: Ձեռքս պե՞տք է… Ձեզ պարզեմ:
Սիգելիուս -Ոչ մեկին, բարո՜ն, այլևս մի՛ պարզեք Ձեր ձեռքը:
Կրյուգ -Ուրեմն ասում եք, որ մեկուսացնելու մասին օրենքը շուտով ընդունվելու՞ է: Ուրեմն պետք է հոգ տանեմ, որ իմ գործարաններն ավելի շատ փշալար արտադրեն:
    
     …Հետո հիվանդանում է պետության ղեկավարը՝ Մարշալը: Այդ մասին նա իմանում է ամենաանհարմար պահին, երբ արտասանոմ էր իր հզոր պատմական ելույթը՝ պատերազմի անհրաժեշտության մասին: Մարշալի մարմնին հայտնվել էր սպիտակ բիծը՝ մարմարի պես սառը:
     Մարշալի կյանքը կարևոր է, քանի որ նրա մահը երկրում քաոս կստեղծի՝ իշխանությունը, բանակը, ժողովուրդը բացառապես նրա անձի շուրջ են միավորված: Անհրաժեշտ է րոպե առաջ պալատ հրավիրել Գալենին: Մարշալը պատրաստ է ընդունել Գալենի՝ խաղաղություն կնքելու առաջարկը՝ վստահ, որ դա Տիրոջ կամքն է ու իր ժողովրդի պատմական առաքելությունը: Սրվակները բժշական պայուսակում՝ Գալենը շտապում է պալատ: Սակայն պատերազմ տենչացող ամբոխը նրան ոտնատակ է տալիս: Ամբոխի ոտքերի տակ փշուր-փշուր են լինում Գալենի պայուսակից թափված տարօրինակ սրվակները…
Source: Հետք
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2944 | 0 | 0
Facebook