Loading...

Articles

Սոցիալական Հեռավորություն

18:13, Sunday, 29 March, 2020
Սոցիալական Հեռավորություն
    
    
    

Կնոջս ծննդյան օրն էր, ես էլ աշխատավարձ ստացած, իր սիրած ծաղիկները գնած աշխատանքից վերադարձա տուն:

Կլիներ մոտ 19.00-19.08 չարաբաստիկ ժամը:

Դռան զանգը սեղմեցի ու դեմքիս մինչև ականջներս ձգված ժպիտով սպասում եմ:

Կինս դուռը բացեց ու… (բախտ քո հերն եմ անիծել) ես փռշտացի:

Մինչ այդ երբեք չէի մտածել թե ի՞նչ տեսք ունի կնոջ ՍԱՌԱԾ դեմքը:

- Այ մա՞րդ, չմոտենա՛ս, չհամբուրե՛ս, է՜դ էր պակաս, վարչապետն ասել է սոցիալական հեռավորություն ու հայդա՜ քո սոցիալական բալկոնը ու կքնես ռասկլադուշկին:

- Օֆելյա ջան, ի՞նչ վարչապետ, ի՞նչ բան, ի՞նչ բալկոն, ի՞նչ ռասկլադուշկա, ի՞նչ սոցիալական, վարչապետ է՜, ասե՜լ է էլի, ամեն ասածի հո՞ չեն հավատա:

Փորձեցի ներս մտնել, կինս փախավ ննջարան ու դուռը փակեց:

Ի՞նչ արած, ծաղիկները գցեցի ազբարկղը, գնացի իմ սոցիալական տարածք՝ բալկոն:

Գրպաններս էի դատարկում ու մտքովս մի բան անցավ:

- Օֆիկ ջան, լսո՞ւմ ես, բան եմ ասում:

Ննջարանից կինս պատասխանեց:

- Ասա՛, լսո՜ւմ եմ, բայց երեսդ շուռ տուր դեպի պատուհան, թե չէ չե՛մ լսի:

- Օֆիկ ջան, ես պառկում եմ, կողքիս դրած աթոռին էլ բանկիս VISA քարտն է աշխատավարձով, կարծեմ հազացել եմ վրան, հանկարծ չմոտենաս, դե գիտես էլի՜ սոցիալական դիստանցիա կա:

Անցավ մոտ երկու րոպե…լսեցի թե ինչպես է ճռռալով բացվում ննջարանի դուռը ու կնոջս հուշիկ քայլերի ձայնը դեպի իմ սոցիալական տարածք:

Բալկոնի դռնից երևաց Օիկի ժպտացող կիսադեմը:

- Ասո՞ւմ ես վարչապե՜տ է, ասե՜լ է էլի, ամեն ասածի հո՞ չեն հավատա, աչքիս ոնց որ թե դու ճիշտ ես Սամսոն ջան, էս ցրտին բալկոնում ի՞նչ ես անում այ մարդ, կմրսես կհիվանդանաս, գնա տեղերդ հանգիստ պառկի, հիմա տաք թեյ կբերեմ…


    

Վերջաբան


    

Մինչ կինս թեյ էր պատրաստում, պառկած մտածում եմ, թե այ Վարչապետ, եթե սոցիալական հեռավորությունը ընդամենը 6.5 սմ է (բանկային քարտի երկարության չափ) բա դրանից կարճը ի՞նչ հեռավորություն է, միգուցե՞ կենցաղային…օ՜ֆ, չգիտե՜մ, ես ի՞նչ իմանամ, վարչապետն ի՛նքն է, թող ի՜նքն էլ մտածի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4272 | 0 | 0
Facebook