Loading...
Today:  FriAM+04E_March+0400RMarAM+04_1+040054_81

Articles

Հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագի երախտագիտության խոսքը Երկրին

23:16, Saturday, 28 March, 2020
Հռոմեացի պատմիչ Պլինիոս Ավագի երախտագիտության խոսքը Երկրին

Հիմա անդրադառնանք Երկրին՝ բնության մասերից միակին, որին իր պարգևների համար խոնարհվում ենք՝ որպես մորն են խոնարհվում ու «մայր» ենք նրան անվանում: Ինչպես երկինքն Աստծունն է, այնպես էլ Երկիրը մարդկանց է պատկանում: Այն մեզ ընդունում է, երբ աշխարհ ենք գալիս, իսկ ծնվածներին էլ կերակրում է: Մենք մեկ անգամ ենք ծնվում, իսկ նա մեզ աջակցում է միշտ: Իսկ վերջին ժամին, երբ ամբողջ բնությունը մեզանից հրաժարվում է, նա մեզ իր մայրական գիրկն է առնում: Նրա ոչ մի բարի գործն իրեն այնքան չի սրբագործում, որքան հատկապես այն, որ նա մեզ էլ է սուրբ դարձնում՝ թեկուզ և իր վրա կրելով մեր տապանաքարերն իրենց գրություններով՝ հավերժացնելով մեր անունները և մեր հիշատակը տանելով մեր կարճ դարի սահմաններից դուրս: Օ՜ վերջին ժամի աստվածություն, մի՞թե զայրույթի պահին մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկի վրա դու ծանր լինես (և չենք ասում՝ թող հողը թեթև լինի քեզ վրա) ՝ կարծես չգիտենք, որ Երկիրը միակն է, որ երբեք չի զայրանում մարդու վրա:

Ջուրը բարձրանում երկինք, անձրև է դառնում, կարծրանում է կարկուտի մեջ, փոթորկվում է ալիքների տեսքով, ալեկոծվում է հեղեղներում, օդը խտանում՝ ամպ է դառնում, մոլեգնում է փոթորիկներում, բայց Երկիրը բարեհոգի է, մեղմ է, զիջողամիտ է, միշտ ծառայում է մահկանացուներին իրենց ամենօրյա կյանքում, որքա՜ն շատ բաներ է նա ծնում, երբ մենք նրան ստիպում ենք, որքա՜ն շատ բան է նա առատորեն ծնում ինքնաբուխ կերպով, որքա՜ն բարիքներ է ծնում հոտառության, համի, շոշափելու համար, ինչպիսի՜ հյութեր, ներկեր, ինչպիսի՜ ազնվությամբ նա կպատմի իրեն ի պահ տրված գաղտնիքների մասին, որքա՜ն առավել է նա վերադադարձնում, բերքի տեսքով, այն, որն իրեն է վստահվել: Հանուն մեզ ինչքա՜ն կենդանիներ ու բույսեր է կերակրում: Այն, որ կենդանիները կարող են վնասակար լինել, մեղավորն օդն է, որը ծնել է նրանց, իսկ Երկիրը ստիպված է ընդունել նրանց սերմերը և խնամել, երբ նրանք ծնվում են: Մարդու սպանած թունավոր օձին նա իր հյուրընկալ գիրկը չի ընդունում և պատժում է հանցագործներին՝ նույնիսկ հանուն նրանց, ովքեր շատ թույլ են, որպեսզի վրեժ պահանջեն: Երկիրն առատորեն աճեցնում է բուժիչ խոտեր ու միշտ ինչ-որ մի բան է արտադրում մարդու բարիքի համար:

Չէ՞ որ նույնիսկ թույները, կարելի է հավատալ, նա արտադրել է մեր նկատմամբ կարեկցությունից մղված, որպեսզի երբ մենք կորցնենք կյանքի նկատմամբ սերը, օրինակ, սովի պատճառով (չէ՞ որ սովամահությունն ամենաօտարոտին է Երկրի շռայլությանը) ՝ որպեսզի այդ ժամանակ մեզ չպատուհասի հյուծվելու հետևանքով դանդաղ մահը. որպեսզի մենք անդունդը չնետվենք՝ կտոր-կտոր անելով մեր՝ առանց այն էլ բզկտված մարմինները, որպեսզի այնպիսի այլասերված պատիժը, ինչպիսին է խեղդող օղակը, մեզ չհասնի՝ թույլ չտալով, որ մենք շնչենք, երբ մեզ հենց շնչել է հարկավոր լինելու, որպեսզի մենք մեր մահը ջրերի խորքում չփնտրենք, որտեղ մեր գերեզմանը սնունդ կտա ձկներին, և որպեսզի երկաթով կտտանքը չբզկտի մեր մարմինը: Խղճահարությունից է Երկիրը ծնել այդ խմիչքը (թույնը) . խմելով այն, ինչպես ծարավ մարդիկ ջուրն են խմում, մենք չենք վնասի մեր մարմնի ձևը և արյուն չենք կորցնի, բայց մեր դիակին չեն մոտենա ո՛չ թռչունները, ո՛չ գազանները…

…Բայց մի՞թե նաև երկաթը, առանց որի մենք չենք կարող ապրել, նույն կերպ չի օգտագործվում: Ի դեպ, եթե Երկիրը նույնիսկ թույները ծնել է վնասելու համար, մենք բողոքելու իրավունք չպիտի ունենանք: Աշխարհի բոլոր տարերքներից միայն Երկրի նկատմամբ մենք երախտագիտություն չենք զգում: Մարդը որքա՜ն է նրան վնասում հանուն իր ավելորդությունների, մարդը որքա՜ն է վիրավորում նրան: Նրան ծովն են նետում կամ մասնատում են ջրանցքներ կառուցելու համար, նրան շարունակ տանջում են ջրով, երկաթով, կրակով, քարերով, բույսերի արմատներով, ընդ որում հիմնականում հանուն սեփական հաճույքների, քան՝ սնունդ ստանալու: Եվ թող չթվա, թե Երկիրը միայն իր մաշկի արտաքին շերտերում է տառապանք կրում: Ոչ, մենք ներթափանցում ենք նրա խորքը, փորում-հանում ենք ոսկի, արծաթ, պղինձ ու արճիճ, հանում ենք թանկարժեք քարեր, խորը փոսեր ենք փորում, հանում ենք նրա փորոտիքը, պարզապես նրա համար, որ մեր մատը զարդարենք: Եթե Երկրի խորքում ապրում են մահացածների հոգիները, ապա, իհարկե, վաղ, թե ուշ ագահությունը գոհացում տալու համար փորված հանքահորերը կհասնեն այդ հոգիներին: Եվ մենք դեռ զարմանո՜ւմ ենք, որ Երկիրը նաև վնասակար բան է ծնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3275 | 0 | 0
Facebook