Loading...

Articles

Ինչո՞ւ են «կարանտին» սահմանում

22:34, Thursday, 26 March, 2020
Ինչո՞ւ են «կարանտին» սահմանում

Մի քանի օր առաջ Լեզվի կոմիտեն հրապարակել էր մի տեղեկանք «կարանտին» եզրույթի ծագման մասին:

«1300-ական թվականներին, - գրված է տեղեկանքում, - Եվրոպայում մահացու ժանտախտի համավարակ է բռնկվում: Հիվանդության տարածման առաջն առնելու համար մարդկանց արգելվում է իջնել Վենետիկ հասած նավերից: Նավերը քառասուն օր պետք է մնային նավահանգստում: Իտալերեն quarantina «քառասնօրյակ» բառից էլ առաջացել է կարանտինը:

Ի տարբերություն կարանտինի՝ մեկուսացման մեջ պահում են վարակիչ կամ հպավարակիչ հիվանդություններով վարակված մարդկանց: Վերջերս խոսում են նաև ինքնամեկուսացում երևույթի մասին, երբ հավանական հիվանդը ինքնակամ որոշում է մնալ տանը՝ մեկուսանալով ուրիշներից»:

Քանի որ այս ստուգաբանությունը մասամբ սխալ է ու էականորեն թերի, ներկայացնում եմ տվյալ եզրույթի ծագման ճշգրիտ ու առավել ընդգրկուն ստուգաբանությունը:

Երբ հիվանդներ, կենդանիներ կամ սննդամթերք են մեկուսացնում, որպեսզի վարկիչ հիվանդությունն ուրիշներին չփոխանցվի, այդ մեկուսացումը, ինչպես գիտեք, «կարանտին» են անվանում:

Այս եզրույթը ծնունդ է առել այն ժամանակ, երբ Եվրոպան դիմակայում էր «սև մահ» անունը ստացած ժանտախտի սարսափելի համաճարակին:

Իր բնակիչներին վարակից պաշտպանելու համար 1377 թվականին Ռագուզե (Խորվաթիայի ներկայիս Դուբրովնիկը) քաղաքն ստիպված է լինում պահանջել, որ նավերով քաղաքին մոտեցող հիվանդները մեկ ամիս մնան նավում կամ քաղաքի մերձակա կղզում «որպեսզի մաքրվեն»: Ամբողջ Եվրոպայում առաջին անգամ հենց Խորվաթիայի այս քաղաքն է վարակակիրներին տևական ժամանակով հարկադրել ինքնամեկուսանալ:

Համաճարակից պաշտպանվելու այս դրակոնյան եղանակն արդյունավետ է եղել, և ավելի ուշ, մի քանի տասնամյակ անց, այն կրկնօրինակել են այլ քաղաքներ, մասնավորապես Վենետիկը, որը որոշել է մեկուսացման ժամանակաշրջանը երկարաձգել՝ հասցնելով 40 օրվա:

Իտալերեն «quaranta» բառը «քառասուն» թիվ է նշանակում, որի հենքի վրա դեռևս 1180 թվականին գոյացել է ֆրանսերեն «quarantaine» -ը, որ նշանակում է քառասունօրյակ և 14-րդ դարից գործածվել է որպես սանիտարական չափորոշիչ: Եվ այս «կարանտին» -ի բարոյական հիմնավորումը կատարվել է Հին կտակարանի Ղևտացվոց գրքի օգնությամբ:

«15 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2 «Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու ասա՛ նրանց. «Եթէ որեւէ այր մարդու մարմնից սերմի ծորում լինի, նրա այդ ծորումը անմաքուր է։ 3Մարմնից սերմ ծորող եւ սերմի ծորումից մարմինը հիւծուող մարդու մաքրուելու կարգը այս է. իր մարմնից ծորում լինելու եւ ծորումից մարմինը հիւծուելու բոլոր օրերը անմաքրութեան շրջան թող համարուեն իր համար։ Դա մարմնի անմաքրութիւն է։ 4Ամէն անկողին, որի մէջ սերմի ծորում ունեցողն է քնում, անմաքուր թող համարուի. այն ամէնը, որի վրայ նա կը նստի, թող անմաքուր համարուի։ 5Ով որ դիպչի նրա անկողնին, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 6Ով որ նստի սերմի ծորում ունեցողի նստած առարկայի վրայ, պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 7Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի մարմնին, նա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 8Եթէ սերմի ծորում ունեցողի թուքը դիպչի մաքուր մարդու, սա պէտք է լուանայ իր զգեստները, իսկ ինքը լուացուի ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 9Էշի թամբը, որի վրայ նստած է եղել սերմի ծորում ունեցողը, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 10Ով որ դիպչի սերմի ծորում ունեցողի տակ գտնուող որեւէ իրի, անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 11Եթէ սերմի ծորում ունեցողը առանց ձեռքերը լուանալու դիպչի որեւէ մէկին, սա պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով։ Նա անմաքուր է համարւում մինչեւ երեկոյ։ 12Խեցէ որեւէ անօթ, որին կը դիպչի սերմի ծորում ունեցողը, պէտք է ջարդուի, իսկ փայտէ բոլոր ամանները պէտք է լուացուեն ջրով, որպէսզի մաքուր լինեն։ 13Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պէտք է եօթն օր յատկացնի իր մաքրութեան համար. լուանայ իր զգեստները, մարմինը լուայ հոսող ջրով, որից յետոյ մաքուր կը համարուի։ 14Ութերորդ օրը պէտք է առնի երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ, բերի Տիրոջ առաջ, վկայութեան խորան եւ տայ քահանային։ 15Քահանան դրանցից մէկը պէտք է զոհի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը զոհի իբրեւ ողջակէզ։ Քահանան այդ ձեւով Տիրոջ առաջ պէտք է քաւութիւն տայ նրան իր ծորումի համար» ։

Այս հանձնարարականը մեկնաբանվել է որպես «սուսանակ» («գոնորեա») հիվանդության նկարագրություն ու այդ վարակն ունեցողներին մեկուսացնելու ուղեցույց, իսկ հրեական բժշկությունն այս տեքստը մաշկային հիվանդության նկարագրություն է համարել ու առաջարկել է այդ հիվանդներին ժամանակավորապես մեկուսացնել:

Իսկ քառասուն օրը որպես վարակիչ հիվանդության դրսևորման ժամանակաշրջան սահմանել է Հիպոկրատեսը, որը նշել է, թե սուր հիվանդությունը ի հայտ է գալիս է 40 օրվա ընթացում: Հիպոկրատեսի սահմանած 40 օրը քրիստոնյաները հարմարեցրել են իրենց գրություններին (Հիսուսի 40-օրյա ծոմն անապատում):

Նկարում՝ Վենետիկյան լազարեթը կարանտինային մեկուսացման համար:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1692 | 0 | 0
Facebook
COMMENT.am