Loading...

Articles

«Չորս պատուհաս եկավ մեր վրա. սուրը, սովը, ահը և մահտարաժամը»

22:16, Wednesday, 25 March, 2020
«Չորս պատուհաս եկավ մեր վրա. սուրը, սովը, ահը և մահտարաժամը»

1578 թվականին օսմանյան զորքերը, մի քանի անգամ ջախջախելով պարսկական զորքերին, գրավում են Վրաստանը, Շաքին, Շիրվանը և Դերբենդը: Բայց այդքանով պատերազմը չվերջացավ: Պարսիկները կարողացան թուրքերից ետ խլել Շիրվանը և այդտեղի օսմանյան զորքերի հրամանատար Օսման Յուզդեմիր փաշային ստիպում են նահանջել: Պատերազմը երկու հզոր հարևանների միջը տևում է շուրջ 12 տարի: Ընդհարումները տեղի են ունեցել Անդրկովկասի զանազան կողմերում, և Արարատյան դաշտը, Ղարաբաղը և մյուս հայաբնակ վայրերը պատերազմական բեմ են դարձել:

Վերոնշյալ տարիների ընթացքում հայերի կրած դաժան տառապանքների մասին ժամանակի հիշատակարաններից մեկն ասում է. «Մեր ծովացյալ մեղքերի պատճառով Աստված դառնացավ, և ութ տարի բարկություն եղավ մեր աշխարհի վրա: Չորս պատուհաս եկավ մեր վրա. սուրը, սովը, ահը և մահտարաժամը ու նաև մյուս ցավը՝ գայլը, որը մեռածներին գերեզմաններից հանում էր և ուտում…Օսմանցիների հրամանատար Մուստաֆան Երևանից և Արարատյան երկրից գերի տարավ 60 հազար մարդ»:

Վերոհիշյալ Օսման Յուզդեմիրն էլ իր հերթին է նոր արշավանքներ կազմակերպել. նվաճելով Դաղստանը՝ նա Հյուսիսային Կովկասի վրայով հաղորդակցություն է հաստատել Ղրիմի հետ, որի թաթար խանի օժանդակությամբ շարունակել է կռվել Պարսկաստանի դեմ: Արշավանքներից մեկը Ղրիմի թաթարներն են կատարել: Նրանք ավերել են ամբողջ Շիրվանի նահանգը և տասնյակ հազարավոր գերիներ են այդտեղից տարել, այդ թվում շատ հայեր: Պատմիչը գրում է, թե նրանց բոլորին քշում են Եգիպտոս և վաճառվում են «հավի պես»:

1579 թվականն աղետաբեր է լինում հատկապես Գանձակի և Ղարաբաղի համար: Սկսվում է ժանտախտ, որի զոհ են դառնում հազարավորները: Նույն թվականին այս պատուհասին գումարվում է նաև թուրքական արշավանքը, որը գլխավորել է Օսման Յուզդեմիրը: Կողոպտվում են Գանձակը, Խաչենը, Ջրաբերդը, Վարանդան, Դիզակը: Այս երկու արհավիրքը բավական չէր, պակասը լրացնում է սովը: Քանի որ Օսմանի զորքերն ամեն ինչ ավերել էին, ժողովուրդը պատսպարվելու տեղ անգամ չի ունեցել: Տարեգիրն ասում է. «Եվ եթե մի որևէ անկյունում դեռ շինություն էր մնացել, այնտեղ տնանկներն ու մերկերն էին զետեղվում: Մնացած բնակչությունը ոտի վրա էր, անընդհատ ման էր գալիս, թափառում էր մի կտոր ուտեստ գտնելու համար: Ուժ ունեցողները դեռ կարողանում էին մի կերպ իրենց գլխի ճարը տեսնել: Նրանք թաքուն մտնում էին ոչխարների փարախները և կովերի գոմերը, և որովհետև ոչ մեկը սուր գործիք չուներ, որ մորթի անասուններին, ուստի հարձակվում էին կաթնակեր հորթերի և ուլերի վրա, պատռում էին նրանց կուրծքն ու փորը և տեղն ու տեղը հում-հում ուտում: Իսկ ուժասպառները թափառում էին անասունների ու ձիերի աղբանոցներում, քչփորում էին թրիքակույտերը և դրանց մեջ գարու հատիկներ գտնելով՝ ուտում էին: Կամ էլ փողոցներում թափված ոսկորները դնում էին քարի վրա, մեկ ուրիշ քարով մանրում, լցնում էին իրենց բերանը և մռնչում: Կաշվից պատրաստված հնացած փոկեր ու տրեխներ այլևս չմնացին. դրանք էլ եփում էին և ուտում: Սովը կատաղության գագաթնակետին հասավ ձմեռվա վերջին: Եկավ գարունը, և դժբախտ սովատանջները վազեցին կանաչ արածելու: Դաշտերում սփռված նրանց բազմությունը վայրի բանջար էր ուտում, բայց չէր կշտանում: Համաճարակն է՛լ ավելի է սաստկանում ՝անխնա կոտորելով մարդկանց: Դաշտերում արածողների գլուխներն ուռչում էին, և մարդիկ մեռնում էին արոտներում: Տուն վերադարձողներից շատերը գյուղամիջում, ավերակ տների պատերի տակ էին մեռնում: Եթե գտնվում էին մարդիկ, որոնք համաձայնում էին թաղել դիակները, ապա փոս էին փորում և տասնյակ դիակներ լցնում էին այդ փոսը: Ե՛վ մեծատունները, և՛ անտունները նույն վիճակում էին: Հաճախ լուր էր հասնում, թե այսինչ հարուստի որդին մեռած ընկած է այսինչ տեղում: Դիակին տերություն անող չէր լինում, և գազանները հոշոտում էին այն: Վայրենացած շները գյուղերից դուրս եկան մարդկանց հոշոտել են: Գայլերը գյուղեր են մտել և կերել են քնած մարդկանց»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1543 | 0 | 0
Facebook
COMMENT.am